22.11.2024
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՀՀԿ-ականի խորհուրդը՝ ստեղծել ֆեյքեր ու վարկաբեկել իշխանությանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները շարունակում են պնդել, որ իշխանափոխության ժամանակը դեռ չի հասունացել, իսկ իրենք դեմ են «ֆալշ ստարտին» և պետք է սպասել մինչև ընտրություններ: Մասնավորապես՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերջերս մի հանդիպման ժամանակ ասել է, որ պետք է սպասել մինչև հաջորդ տարվա ապրիլ: Բաղդասարյանը իր հետ հանդիպած ՀՀԿ-ականներին խորհուրդ է տվել ֆեյքեր ստեղծել ու վարկաբեկել իշխանությանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում երեկ սկսվեց ու հետաձգվեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը։ Փաստաբանները պատճառաբանեցին, որ պատշաճ չեն ծանուցվել։ Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին։ Ծառուկյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դատավորին ինքնաբացարկ ներկայացնել․ ասում են, որ դրա համար բազում հիմքեր ունեն, եւ գլխավոր հիմքն այն է, որ այս նիստը կարող էր առնվազն մեկ շաբաթ առաջ տեղի ունենալ, սակայն նախաքննության մարմինն ամեն ինչ արել է, որ սանկցիայի քննությունը համընկնի Մնացական Մարտիրոսյանի հերթապահությանը։ Մեր աղբյուրներն ասում են, որ բոլոր իշխանությունների հավատարիմ դատավոր Մացոյի հետ անձամբ ԱԱԾ պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն է աշխատում։ Իսկ երեկ մի արտառոց փաստ էլ է գրանցվել․ Գագիկ Ծառուկյանի՝ 25-ի նիստին մասնակցելու ծանուցագիրը ոչ թե ոստիկանությունն է տեղ հասցրել, այլ՝ ԱԱԾ աշխատակիցները, որոնք Ծառուկյանին առձեռն են հանձնել՝ Առինջում։ Ստացվում է՝ նիստերն ապահովելու հարցն անթաքույց իրականացվում է նախաքննության մարմնի կողմից։ Ծառուկյանի մերձավոր շրջապատից, սակայն, վստահեցնում են, որ ԲՀԿ առաջնորդը չի վախենում կալանքից, միայն թե դա լինի որդու հարսանիքից՝ հոկտեմբերի 3-ից հետո։ Երեկ, մինչ դատարանը քննել է Ծառուկյանի կալանքի հարցը, վերջինս այցելել է Գեղարդ, ու երբ թիմակիցները զանգել տեղեկացրել են, որ նիստը հետաձգվել է, ասել է, որ երազում էր տեսել, որ պիտի գնա Գեղարդ՝ մոմ վառի։ Ի դեպ, եթե կալանքի սանկցիան տան, հարսանիքը, ըստ ամենայնի, կհետաձգվի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին դուր չեն գալիս կամային, ինքնուրույն, այսպես կոչված՝ «անհնազանդ» անձինք, բայց վարչապետն առավել անհանդուրժող է այն անձանց նկատմամբ, որոնք հանդգնում են իշխանության ներքին խոհանոցից ինֆորմացիա դուրս հանել։ Մեզ ասացին, որ պարբերաբար «չիստկա» է անցկացնում, ԱԱԾ-ին հրահանգում՝ հայտնաբերել արտահոսքի հեղինակներին, նրանց անգամ մի քանի օր տանում պահում են ԱԱԾ «պադվալներում», իսկ ովքեր դաս չեն քաղում դրանից, խիստ պատժի են արժանանում։ Տեղեկացանք, որ վերջերս նման մի քանի կուսակցականի են «հայտնաբերել», ապա քավարանով անցկացրել։ Բայց Փաշինյանի «զապրետը» խախտածները չեն ներվել՝ նրանց մեկուսացրել են տարբեր մասնակցություններից, ներքին չաթերից են հեռացրել։ Մի խոսքով՝ ավելի լավ է կաշառք վերցնեն, բյուջեից փող ուտեն, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվեն, քան ինֆորմացիա հանեն ներսից։ Նման պատժամիջոցներ անգամ իր գաղտնի, փակ գործելաոճով հայտնի Դաշնակցությունը չի կիրառում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի հեռանալուց հետո կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտնվել է բարդ խնդրի առջեւ եւ չի կարողանում ազատվել Արտակ Դավթյանի կադրերից: Բանն այն է, որ Դավթյանը, նշանակվելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, համակարգ էր վերադարձրել կոռուպցիոն սկանդալի հետեւանքով 2013 թվականին ՊՆ-ից հեռացած զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության նախկին պետ Սուրեն Հարությունյանին, որը եղել է Դավթյանի ընկերը, եւ ավելին՝ նշանակել էր իրեն օգնական: Եվ, ահա, նրա հեռանալուց հետո Սուրեն Հարությունյանը շարունակում է մնալ ԶՈՒ գլխավոր շտաբում՝ որպես Օնիկ Գասպարյանի օգնական, ուստի ՊՆ-ում չեն ուզում ասել՝ դիմում գրիր, ազատվիր, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Օնիկ Գասպարյանն ազատվում է Արտակ Դավթյանի կադրերից: Ավելին, Զինված ուժերի գլխավոր շտաբում աշխատակիցները կարծիք են հայտնել, որ Օնիկ Գասպարյանի նշանակումից հետո երանելի իրավիճակում են, քանի որ ականատես չեն լինում ՊՆ եւ ԳՇ ղեկավարների վեճին, տարբեր որոշումներ ամեն օր ներքեւից վերեւ չեն տանում, հետ բերում: Ասել է թե՝ արշալույսները խաղաղ են երկու գերատեսչությունների միջեւ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի՝ Հատուկ քննչական ծառայության դեմ բերված բողոքը։ Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով, որի հիմքն այն էր, որ ՀՀ կառավարության կողմից մարտի 16-ի որոշման մեջ պանդեմիայի օրը մարտի 11-ի փոխարեն գրվել էր մարտի 13-ը։ ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը։ Առաջին հայացքից վրիպակ հիշեցնող այս կեղծիքը ունի շատ խորը քաղաքական նշանակություն, քանի որ ԱՀԿ կողմից համաշխարհային պանդեմիա հայտարարելուց հետո երկու օր Փաշինյանը շարունակում էր իր նախընտրական քարոզարշավը՝ կազմակերպելով մարդկանց զանգվածային կուտակումներ։ Այս հանգամանքը թաքցնելու նպատակով, ըստ Ղազինյանի ներկայացրած հաղորդման, ՀՀ կառավարության որոշման մեջ դիտավորյալ կեղծվել էր պանդեմիա հայտարարելու օրը։ Ըստ էության, դատարանի որոշման հիմքով քրեական գործ կհարուցվի Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով: Քրեական գործի շրջանակներում արդեն պարզ կդառնա, թե, բացի Նիկոլ Փաշինյանից, էլ ովքեր են ներգրավվելու այս գործում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ամբողջ կառույցը լցրել է իր ծանոթ-բարեկամներով։ Մասնավորապես՝ իր վաղեմի սանիկ Հայկ Ավագյանին նշանակել է Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավար, եղբորը՝ Սամվել Յոլյանին, նշանակել է Հաշվեքննիչ պալատի 9-րդ վարչության պետ, մանկության ընկերոջը՝ շախմատիստ Արմեն Գևորգյանին, նշանակել է Հաշվեքննիչ պալատի անդամ և այլն: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատում շարունակում են գործել հին քավոր-սանիկական մաղարիչային բարքերը, ինչը պետք է որ հարիր չլիներ Նոր Հայաստանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած քաղաքական ուղուն: Հատկանշական է, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին Հաշվեքննիչ պալատում միայն Լևոն Յոլյանի հարազատներն են օգտվում ծառայողական ավտոմեքենաներից, պարգևատրումներից և այլ արտոնություններից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2000 թվականին ԱՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել: Արցախի դատախազությունում, Բաբայանի դիմումի համաձայն, օգոստոսին քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ եւ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, որն ուղեկցվել է ծաղրուծանակով, խոշտանգմամբ։ Այսինքն, Բաբայանը փորձելու է ապացուցել, որ 20 տարի առաջ իր դեմ գործ են սարքել, իրեն ու վկաներին ճնշումներով պարտադրել են ցուցմունք տալ։ Մեր տեղեկություններով, Արկադի Ղուկասյանը խնամքով պահում է այն տեսագրությունը, որն արվել է Բաբայանի կալանքից անմիջապես հետո, եւ որտեղ նա գրեթե ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ չհրաժարվելով կատարվածի համար պատասխանատվությունից։ Փորձեցինք Ղուկասյանի մեկնաբանությունը լսել Բաբայանի դիմումի վերաբերյալ, սակայն ԱՀ նախկին նախագահն ասաց, թե հեռախոսով հարցազրույց չի տալիս։ Հնչեցրինք տեսանյութի մասին մեր հարցը, կրկնեց նույն ֆրազը, ապա ավելացրեց՝ երբ իրեն պետք լինի, կխոսի այս գործընթացի մասին։ Մեր տեղեկություններով, նա շատ ծանր է տանում Բաբայանի նշանակումն ու գործի վերաբացումը եւ դրանում մեղադրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Վերջինիս եւ նրա շրջապատի հետ Ղուկասյանը սկզբունքորեն չի շփվում»:


«Փաստ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում աճող լարվածության ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները որոշակի ակտիվություն են ցուցաբերում՝ կողմերին հորդորելով անցնել սուբստանտիվ բանակցությունների։ Փորձագետների համոզմամբ, խոսքը եղած փաստաթղթերի հիման վրա բանակցությունների մասին է, հակառակ դեպքում, ըստ նրանց, եթե օրակարգում փաստաթուղթ չլիներ, ապա կխոսվեր նոր փաստաթղթի շուրջ քննարկումների կամ բանակցությունների մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղակի կամ անուղղակի ձեւով միջնորդ երկրները վերջին ամիսներին խոսում են Մադրիդյան փաստաթղթի տարբեր փոփոխությունների մասին, ապա ենթադրելի է, որ բանակցությունների սեղանին այսօր էլ այդ փաստաթղթի որեւէ տարբերակ է։ Մինչ այս պահը դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք պատրաստ է Ադրբեջանը՝ բանակցություններին մասնակցել այդ փաստաթղթի շուրջ. Հայաստանն այն չի մերժել, Նիկոլ Փաշինյանը միայն խոսել է այն մասին, որ այդ փաստաթղթի որոշ դրույթներ ընկալելի չեն, եւ որ նա պարզաբանումների համար դիմել է միջնորդներին։ Համենայնդեպս, հասկանալով իրավիճակի լրջությունը, համանախագահները փորձում են բանակցությունները վերսկսել, իսկ թե որքանով դա կհաջողվի, դեռեւս դժվար է ասել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Սահմանադրական դատարանում աշխատանքային առաջին նիստը ավելի քան թեժ է անցել, սակայն առանց բովանդակային քննարկումների: Ինչպես հայտնի է, այդ նիստում պետք է կայանային Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ, սակայն, մեր տեղեկություններով, հարցը անգամ չի հասել թեկնածուներ առաջադրելու փուլին։ ՍԴ նախկին նախագահ, ՀՀԿ-ի սիրելի Հրայր Թովմասյանն ու «Իմ քայլի» կողմից ՍԴ գործուղված, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի սիրելի Վահե Գրիգորյանը, կարծես թե, կոալիցիա են կազմել եւ միահամուռ առաջ քաշել Արման Դիլանյանի թեկնածությունը՝ «Եթե հնի դեմ էիք պայքարում, ուրեմն պիտի ՍԴ նոր նախագահը նոր լինի, գոնե՝ Արման Դիլանյանը» հիմնավորմամբ։  «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ անգամ միմյանց վիրավորելու աստիճանի վիճել են կողմերը։ Մենք դեռ երեկ գրել էինք, որ ՍԴ անդամներից շատերն այնքան էլ կողմ չեն ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, եւ երեկ էլ, կարծես թե, միտումնավոր ձգձվել է հարցի քննարկումը։ Կհարցնեք՝ ինչ էին անում 5 ժամ փակ դռների հետեւում։ Պատասխանը հետեւյալն է՝ քննարկում էին խնդիրը՝ այդ նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ։ ՍԴ նորընտիր անդամներ Էդգար Շաթիրյանն ու Արթուր Վաղարշյանը ընդգծված չեզոքություն են պահպանել, այսինքն՝ երկրի քաղաքական ղեկավարության համար ցանկալի ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը միայնակ է մնացել ՍԴ-ում։ Բայց, չնայած այս իրավիճակին, անակնկալներ հնարավոր են։ Ամեն դեպքում, այսօր սպասվում է, որ հենց առավոտյան ՍԴ անդամները միանգամից պետք է անցնեն թեկնածուների ընտրության հարցին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա ամենաինտրիգային հարցը Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրության հարցն էր, որն այդպես էլ չհանգուցալուծվեց, որովհետեւ ողջ օրը ձգված նիստում դատարանը կարողացել էր միայն կազմակերպական հարցեր լուծել։ Մասնավորապես․ ժամեր շարունակ քննարկել էին՝ թույլ տա՞լ լրագրողներին, որ ներկա գտնվեն եւ լուսաբանեն ընտրությունները, թե՞ ոչ։ Ի վերջո՝ որոշել էին թույլ չտալ։ Հավանաբար, թեժ քննարկումներ են սպասվում, եւ վստահ չեն, որ լրատվամիջոցների ներկայությունը կարող է նպաստել ՍԴ հեղինակության բարձրացմանը։ Ամեն դեպքում, ընտրել են փակ դռների ետեւում, առանց վկաների ընտրելու տարբերակը»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսն ու դրա հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը, ինչպես նաեւ աշխարհում տիրող իրավիճակն իր բացասական ազդեցությունն է թողել Հայաստան մուտք գործող գումարների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ուղարկվող գումարները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել են 15.3 տոկոսով։ Այսպես, 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ուղարկվել 893 մլն 289 հազար դոլար, իսկ 2019 թվականի նույն ամիսներին՝ 1 մլն 55 հազար 256 դոլար։ Եվ ինչպես հայտնի է, Հայաստան ուղարկված գումարների առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» նոր օրինագիծ է քննարկվելու խորհրդարանում, քանի որ գործող օրենքը չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին: Օրերս 1or.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասել էր, որ դեռ նախագիծ չկա, պարզապես պատգամավորները օրենքի հետ կապված քննարկումներ են իրականացնում: «Խոսքը ոչ թե նոր օրենքի մասին է, այլ ընդունված օրենքում որոշակի փոփոխություններ իրականացնելու»,-ասել է Թունյանը՝ հավելելով, որ նախագիծը շրջանառության մեջ կդրվի մինչեւ այս տարեվերջ: «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ընդունված օրենքը, որը նաեւ Հայաստանում լուրջ դժգոհությունների առիթ դարձավ, տարակուսանքի տեղիք է տվել ԵԱՏՄ անդամ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղից Հայաստանի իշխանություններին հստակ ասել են, որ նման օրենքն այն տեսքով, ինչպես ընդունվել է, պարզապես անթույլատրելի է եւ հնարավորինս արագ պետք է փոխել: Նույն աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ-ում որոշել են նշյալ պահանջը կատարել «լուռումունջ», անաղմուկ, սակայն չի ստացվել: Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ այս իշխանությունները պարբերաբար կատարում են քայլեր, ընդունում են որոշումներ եւ օրենքներ՝ առանց նախօրոք հաշվի առնելու հետեւանքները, առանց լսելու մասնագիտական կարծիքները, ինչպես նաեւ գործընկեր երկրների տեսակետները, իսկ հետո ստիպված «հետողորմյա» են անում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը և Գևորգ Պապոյանը առաջարկում են փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում հիբրիդային և էլեկտրական շարժիչով մեքենաների համար կսահմանվի գույքահարկի 50 տոկոսանոց զեղչ: Սա արվում է հիբրիդային և էլեկտրական շարժիչով մեքենաների շահագործումը խթանելու համար: Բայց Հայաստանում հնարավոր չէ էլեկտրամոբիլների զանգվածային ներդրում, քանի դեռ չկա համապատասխան ենթակառուցվածք, այսինքն՝ մեքենաների լիցքավորման կայանների ցանց: Առանց այդ ցանցի ստեղծման՝ անհնար է պատկերացնել նման մեքենաների տարածումը»: