Սիմոնյան․ արդյունավետ երկխոսության համար պետք է հասկանալ Ադրբեջանի ընկալումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ արդյունավետ երկխոսություն ունենալու համար նախ անհրաժեշտ է հասկանալ մյուս կողմի մտածողությունն ու դիրքորոշումը։
Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ցանկանում են, որ հակամարտությունը վերջնականապես փակվի, և կողմերը հստակեցնեն ապագա հարաբերությունների հիմքերը։ «Ադրբեջանական կողմն ուզում է, որ առաջիկա տասնամյակներում որևէ երրորդ ուժ չկարողանա նորից բախում հրահրել երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև։ Դա է նրանց հիմնական մտադրությունը»,– նշեց Սիմոնյանը՝ անդրադառնալով Բաքվի հնչեցրած նախապայմաններին։
Սիմոնյանի խոսքով՝ ադրբեջանական ընկալմամբ Հայաստանը շուրջ 30 տարի վերահսկել է իրենց տարածքի մոտ 20 տոկոսը։ «Եթե ուզում ենք իրական երկխոսություն, պետք է տեսնենք, թե նրանք ինչպես են ընկալում պատմությունը։ Նրանց պատկերացմամբ՝ միջազգային բախումների ֆոնին Խորհրդային Միության փլուզումը դարձել է երկրորդական, իսկ հայկական ուժերը՝ ռուսական աջակցության շնորհիվ, գրավել են իրենց տարածքի մի մասը։ Մենք կարող ենք չհամաձայնել այդ պնդման հետ, բայց պետք է գիտակցենք՝ այդպես են նրանք տեսնում իրավիճակը։ Ես ներկայացնում եմ ոչ թե իմ գնահատականը, այլ այն ընկալումը, որը շրջանառվում է նրանց շրջանակներում»,– ասաց Սիմոնյանը։