22.11.2024
Մամուլ. ՀՀԿ-ականի խորհուրդը՝ ստեղծել ֆեյքեր ու վարկաբեկել իշխանությանը
prev Նախորդ նորություն

Խոդորկովսկին պայքարում է Պուտինի և Կրեմլի դեմ, և օգտագործում ցանկացած միջոց. Մանուկյան

Խոդորկովսկու հրապարակած այդ ամբողջ «դոսյեն» քննարկելու նպատակ ես չունեմ: Խոդորկովսկին հայտնի պատճառներով պայքարում է Պուտինի և Կրեմլի դեմ, և բնական է, որ օգտագործում է ցանկացած միջոց: Դա իր գործն է: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նապկին նախագահ Վազգեն Մանուկյանը:

Այդուհանդերձ, շարունակեց նա, այդ նյութի մեջ խոսք է գնում նաև «Լազարյան ակումբի» մասին, որտեղ նշվում է, թե ակումբը սերտորեն համագործացում է Կրեմլի հետ:

«Նախ ասեմ, որ ակումբում ընդգրկված են վաստակ ունեցող, անվանի տասնյակ մարդիկ, բայց տվյալ նյութում, որպես օրինակ, միայն մի քանի անուն է նշված, այդ թվում և իմ անունը (հասկանալի է, որպես հանրությանը հայտնի անուն է նշվել): Ակումբում ընդգրկված են հայ և ռուս մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, գործարարներ, և ակումբի նպատակը ոչ ֆորմալ կապերի հաստատումն է երկու երկրների տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև՝ գիտնականներ, մշակույթի գործիչներ, պետական , քաղաքական-հասարակական գործիչներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և այլն: Առհասարակ, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում կարևոր են ոչ միայն պետական-դիվանագիտական, խորհրդարանական կապերը, այլև հանրային տարբեր մակարդակներում գոյություն ունեցող շփումները: Օրինակ, ՀՀ Հանրային խորհուրդը, լինելով հանրային խորհուրդների միջազգային ասոցիացիայի անդամ, առանձին նաև երկկողմ համագործակցության հուշագրեր էր ստորագրել Չինաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Բրազիլիայի և այլ երկրների հետ ու ակտիվորեն աշխատում էր այդ երկրների հանրային խորհուրդների հետ»,- նշեց նա:

Մանուկյանը նշեց, որ որպես ՀԽ նախագահ՝ ժամանակին խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Հայաստանն ակտիվացնի համագործակցությունը «Լազարյան ակումբի» հետ և օգտվի այն հնարավորություններից, որ ընձեռում է ակումբը՝ քաղաքական, տնտեսական և Ռուսաստանի հասարակության վերնախավի հետ սերտ կապեր հաստատելու առումով:

«Ընդ որում, աշխարհաքաղաքական հարցերում «Լազարյան ակումբի» դիրքորոշումն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի ու Արցախի շահերին: Ավելին, ակումբի նախագահ Կոնստանտին Զատուլինն իր այդ գործունեության պատճառով անցանկալի անձ է Ադրբեջանում: Այնպես որ այդ ակումբը կարևոր դեր ունի և կարող է շատ ավելի մեծ դերակատարում ունենալ մեր երկրի շահերն առաջ տանելու տեսանկյունից: Այսինքն, պետական շփումներից դուրս, երկու երկրների հասարակությունների միջև որքան որ ազատ և ոչ ֆորմալ կապերն ամրապնդվեն ու զարգանան, այնքան դա իր դրական ազդեցությունը կթողնի այդ երկրների հարաբերությունների վրա թե՛ հասարակական, թե՛ պետական մակարդակով: Դա նաև կօգնի իշխանություններին որոշումներ կայացնելիս: Հետևաբար, նման ակումբների գոյությունը պետք է միայն ողջունել՝ ընդլայնելով աշխարհագրությունը և ստեղծելով նման կապեր նաև այլ երկրներիհ ետ, որոնց հետ մենք ունենք պատմական, ընդհանուր շահեր և հարաբերություններ»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը` հավելելով, որ դա շատ տարածված պրակտիկա է աշխարհում:


VERELQ-ը հիշեցնում է, որ «Դոսյե» կենտրոնի հետաքննության համաձայն՝ Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում, ինչպես նաև հասարակական կազմակերպություններում կան ռուսական գործակալներ։ Հետաքննության մեջ հիշատակվում են նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև ԱԱԾ նախկին ղեկավարների անունները։