11.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
prev Նախորդ նորություն

Երևան հայտարարում է գազի ներկրման դիվերսիֆիկացիայի մասին ՌԴ-ի նախազգուշացումների ֆոնին

Լուսանկարը` ՌԲԿ
Լուսանկարը` ՌԲԿ

Հայաստանի կառավարությունն արագացնում է էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացումը՝ ի պատասխան էներգակիրների արտոնյալ սակագների հնարավոր վերանայման վերաբերյալ Մոսկվայի պաշտոնական նախազգուշացումների։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ նոր մատակարարների որոնումը շարունակվելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում։


Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի փոփոխման մասին սկսեցին ակտրվորեն խոսել այս տարվա մայիսին` Մոսկվայից պաշտոնական Երևանին հղած նամակից հետո: ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը այնուհետև հայտնել էր, որ Մոսկվան զգուշացրել է հայ գործընկերներին գազի և նավթամթերքի ներկայիս ցածր գների պահպանման անհնարինության մասին, եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից և մերձենա Եվրամիությանը։


ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է փաստաթղթի ստացումը՝ նշելով, որ այն փոխանցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արձագանքելու նպատակով։


Կառավարության նիստից հետո ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում մեկնաբանելով իրավիճակը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի ներսում ռուսական գազի գնագոյացման գործընթացը հարցեր է առաջացնում. այլ երկրների համեմատ՝ սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին ամենամեծ հավելաճն է արձանագրվում, ինչի հաշվին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հույթներ է ստանում:


Կառավարության ղեկավարը նշել է, որ Երևանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման՝ չբացառելով պատասխան ֆինանսական քայլերը. «Եթե նման իրավիճակ լինի թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանալ»։


Հայաստանի իշխանությունների ռազմավարական առաջնահերթությունն այլընտրանքային մատակարարման ուղիների որոնումն է՝ անկախ արտաքին ճնշումներից: «Թանկանա-չթանկանա, ինչ էլ լինի, դիվերսիֆիկացնելու ենք։ Եթե կա հնարավորություն երկրորդ, երրորդ կամ չորրորդ տեղից բերելու, գնալու ենք այդ ճանապարհով», - հայտարարել է Փաշինյանը։


Նա նաև հավելել է, որ դիտարկվում է Հայաստանով գազամուղի տարանցման հնարավորությունը, որը թույլ կտա երկրին լրացուցիչ տրանզիտային վճարներ ստանալ։


Գազի հիմնական ծավալը (տարեկան մոտ 86%-ը) մատակարարվում է ՌԴ-ից՝ Վրաստանի տարածքով՝ երկարաժամկետ պայմանագրերի համաձայն: Ներմուծումն ու բաշխումը մենաշնորհային իրավունքով վերահսկվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկության) կողմից: Մատակարարումներ են իրականացվում նաև Իրան-Հայաստան գազամուղով՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» երկարաժամկետ բարտերային ծրագրի շրջանակներում (որը երկարաձգվել է մինչև 2030 թվականը):


Հայաստանն Իրանից տարեկան ստանում է շուրջ 476 մլն խորանարդ մետր գազ՝ դրա դիմաց վճարելով էլեկտրաէներգիայով (1 խորանարդ մետր վառելիքի դիմաց՝ 3 կՎտ·ժ հաշվարկով): Ստացված գազը հիմնականում օգտագործվում է ջերմակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության համար, որն այնուհետև վերադարձվում է Իրան:

 Լուսանկարը` ՌԲԿ
11.09.2026
Երևան հայտարարում է գազի ներկրման դիվերսիֆիկացիայի մասին ՌԴ-ի նախազգուշացումների ֆոնին