VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել եւ մասնավորապես այն մարդկանց, որոնք այս իշխանության մեջ են սողոսկել, բայց պորտալարով ընդմիշտ Տեր-Պետրոսյանի հետ են։ Նրանք դժգոհ են ոչ միայն տարբեր ոլորտների վերաբերյալ որոշումներից, քայլերից, այլեւ իրենց հանդեպ Փաշինյանի վերաբերմունքից։ Ասում են՝ վերջին շրջանում կոնգրեսի երբեմնի քարոզիչ, Տեր-Պետրոսյանի հոգեզավակի տիտղոս վաստակած Փաշինյանն ընդգծված իր բացասական վերաբերմունքն է հայտնում ՀԱԿ-ականների ու նրանց մերձ շրջանակների վերաբերյալ, ինչը բնականաբար անարձագանք չի մնում այդ կուսակցությունում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հոգեբանորեն պատրաստ է կալանավորմանը: Ըստ ԲՀԿ-ականների՝ նա արդեն հանձնարարականներ է տալիս թիմի անդամներին, թե ով ինչով պետք է զբաղվի իր կալանավորման ժամանակ: Ծառուկյանը համարում է, որ իր կալանավորումը չի կարող երկար տևել՝ առնվազն 2-4 ամիս»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված ընտրակաշառքի գործին զուգահեռ, իրավապահները շարունակում են փորփրել ԲՀԿ-ական բոլոր ներկա ու նախկին պատգամավորների անցյալը։ ԲՀԿ-ական գրեթե բոլոր մարզային գրասենյակները, ոմանց բնակարանները խուզարկել են, մինչ օրս էլ իրավապահները մարզերից ԲՀԿ-ի համակիրներին ու ընտրողներին են գտնում, կանչում հարցաքննության, որ մեղադրական եզրակացություն կազմեն եւ ուղարկեն դատարան։ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում կատակեց, թե երկու ամիս է՝ «քարտուղարուհի են աշխատում»՝ զբաղված են միայն իրենց ընտրողների զանգերին պատասխանելով։ Վերջիններս կապ են հաստատում եւ փոխանցում, որ իրավապահներն իրենց հարցերով քրքրում են, որպեսզի ցանկալի պատասխաններ ստանան։ Նախկին ԲՀԿ-ականներից, անգամ ԲՀԿ-ից հեռացածներից էլ ձեռք չեն քաշում։ Երեկ տեղեկացանք, որ Գլխավոր դատախազությունը Աբրահամ Մանուկյանի գործով վերաքննիչի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Իսկ վերաքննիչը հուլիսի 9-ին բեկանել էր նախկին պատգամավորին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը։ Աբրահամ Մանուկյանը նույնպես մեղադրվում է ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու մեջ:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանը 2020 թվականի մայիսի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը։ 2019-ի սկզբում ՀՔԾ պետի տեղակալը միանձնյա սեփականության իրավունքով ունեցել է 1 առանձնատուն եւ 1 հասարակական նշանակության շինություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ինչպես նաեւ համատեղ սեփականության իրավունքով հողամաս ՌԴ Ղրիմի Հանրապետության Սակի քաղաքում։ Տարեվերջում վերջինիս անշարժ գույքերը պահպանվել են։ Տարեսկզբում Ենոքյանն ունեցել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա, որը տարվա ընթացքում վաճառել է 500 հազար դրամով եւ արդյունքում տարեվերջում շարժական գույք չի ունեցել։ Նրա բանկային հաշիվներում տարեսկզբում եղել է՝ 102 հազար 30 դրամ, 99 դոլար եւ 1000 եվրո, իսկ տարեվերջում՝ 102 հազար 30 դրամ, 1132 դոլար եւ 20 հազար ռուբլի։ ՀՔԾ պետի տեղակալի կանխիկ միջոցները 2019-ի սկզբում եղել է՝ 90 հազար դոլար, 10 հազար եվրո եւ 2 մլն դրամ, որից տարեվերջում փոփոխության է ենթարկվել միայն դրամային միջոցները՝ դառնալով 3 մլն դրամ։ Նա 2019-ի ընթացքում 10 մլն 322 հազար 621 դրամի չափով եկամուտ է ստացել՝ ՀՔԾ-ից, որպես աշխատավարձ, ինչպես նաեւ 500 հազար դրամ ստացել է վաճառած ավտոմեքենայից։ Հովհաննես Ենոքյանի կինը՝ Մարիամ Գեւորգյանը 2019-ի սկզբում ունեցել է «HYUNDAI» մակնիշի ավտոմեքենա, որը տարվա ընթացքում վաճառել է 5 մլն 500 հազար դրամով։ Նրա բանկային հաշվին տարեսկզբում գումար չի եղել, փոխարենը տարեվերջում եղել է 5000 եվրո։ 2019-ի սկզբում ՀՔԾ պետի տեղակալի կինը կանխիկ ունեցել է 36 մլն 60 հազար դրամ, 10 հազար դոլար եւ 20 հազար եվրո, որը տարեվերջում դարձել է՝ 43 մլն դրամ, 10 հազար դոլար եւ 15 հազար եվրո։ Գեւորգյանը 2019-ին եկամուտ է ստացել իր ավտոմեքենայի վաճառքից՝ 5 մլն 500 հազար դրամ, ինչպես նաեւ «Մարիամ Գեւորգյան» ԱՁ-ից ստացված աշխատավարձից՝ 2 մլն 500 հազար դրամ…
«Իրատես» թերթը գրում է. «Կառավարական կաբինետում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նման հատուկ ձիրք ու տաղանդ ունեցող դժվար թե գտնվի: Իրար հետեւից այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք հետո անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստիպված լինում խմբագրել: Զարմանալին այն է, որ Փաշինյանը նախարարի որոշումների հետողորմյան անում է անտրտունջ, անխռով: Նոնսենս է՝ համաշխարհային մեծության արյունաբանին 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստան հրավիրելն ու երկու տարի անց նրան ցտեսություն ասելը: Թե ով է Սամվել Դանիելյանը, աշխարհը գիտի, թե ինչ ավանդ է ներդրել այս երկու տարվա ընթացքում, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ գեթ մեկ անգամ առնչված մարդիկ են փաստում: Իսկ թե ինչպես է առողջապահության նախարարի խելքին փչում Դանիելյանին էլեկտրոնային փոստով տեղեկացնել՝ աշխատանքից ազտված լինելու մասին, երեւի թե բրիտանացի գիտնականներին էլ չհաջողվի բացատրել: Դանիելյանի հետ նման կերպ վարվելու փաստը նույնիսկ իմքայլական պատգամավորների զայրույթն է շարժել: «Ախր ո՞նց, էլի, ո՞նց կարող էր այդպես վարվել: Մենք, իհարկե, հարցը տվեցինք վարչապետին, ու բարեբախտաբար պատասխանը եղավ այն, որ Դանիելյանը վերականգնվեց իր աշխատանքում: Մեզ թիմի ներսում հիմա կարող են դավաճան համարել, բայց մենք մեր խղճի առաջ հանգիստ չէինք լինի, որ լռել ենք»,- «Իրատեսի» հետ զրույցում ասացին «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսը:
Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց՝ այս անգամ համավարակի դեմ պայքարում ավանդ ներդրած եւ երախտիքի մեդալներ ստացած բուժաշխատողների ցանկում չներառելով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին: Պարգեւատրվածների մեծամասնությունը «Մխիթար Հերացի» մեդալ է ստացել, միայն մեկ անձի՝ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտավազ Վրույրի Վանյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է շնորհվել: Իհարկե, փառք ու պատիվ բոլոր բուժաշխատողներին, որ զօրուգիշեր, առանց տրտնջալու եւ կորոնավիրուսից անկախ գլուխները կախ իրենց ծառայությունն են մատուցում բոլորիս, բայց մեդալի արժանացած բուժաշխատողների ցանկում առաջինը Նորքի ինֆեկցիոնի մասնագետները պետք է լինեին, որ համավարակի առաջին իսկ օրվանից պայքարել են յուրաքանչյուր մարդու կյանքի համար: Ինֆեկցիոնի բուժանձնակազմի՝ վարչապետին ուղղված բաց նամակից հետո Փաշինյանը նորից թեւերը փռել է Թորոսյանի վրա ու խմբագրել նրան՝ առողջապահական ոլորտի թվով 100 ներկայացուցիչների, այդ թվում՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի, վարչապետի անվանական շնորհակալագերի արժանանցնելով: Ինչպես միշտ, այնպես էլ հիմա, նախարարը շարունակել ու շարունակելու է իրեն ոչ հաճո անձանց դեմ քեն պահելու քաղաքականությունը: Հետաքրքիր է, օրինակ, ի՞նչ արժանիքի համար է նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ շնորհել Արտավազ Վանյանին: Կա՞ այդ չափանիշը, հայտնի՞ է՝ ինչով է Վանյանը, որի ղեկավարած կառույցն անգամ մարզերում տիրող համաճարակային իրավիճակի մասին չի կարողանում ճշգրիտ ու համապարփակ տեղեկություններ տրամադրել, առավել մի քանի շաբաթ անընդմեջ ընտանիքի երես չտեսած, հանուն հիվանդի առողջության սեփական կյանքը վտանգած բժշկից: Թե որտեղ է թաքնված շան գլուխը, պարզից էլ պարզ է՝ քանի դեռ նախարար Թորոսյանն առաջնորդվում է սեփական ամբիցիաներով, առողջապահության ոլորտում միշտ էլ նմանօրինակ անտրամաբանական որոշումներ են լինելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի հոկտեմբերի 9-ին Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ «168 ժամ»-ը երեկ գրել էր, որ հավաքին հնարավոր է ներկա լինի նաեւ ՌԴ վարչապետ Միշուստինը, որը ցանկություն է հայտնել հանդիպել կալանավայրում գտնվող իր վաղեմի ընկեր Գագիկ Խաչատրյանի հետ, եւ դա դիտարկվել է որպես Միշուստինի ներկայության հիմնական նախապայման։ Մենք փորձեցինք պաշտոնական մեկնաբանություն ստանալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Նախ խոսեցինք փոխվարչապետի օգնական Արսեն Մանուկյանի հետ, որն ասաց, թե լիազորված չէ նման հարցերին պատասխանել, նաեւ՝ տեղակ չէ․ առաջարկեց հարցն ուղղել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանին։ Նա էլ հրաժարվեց պատասխանել՝ առաջարկելով դիմել «ԱԳՆ կամ պռատակոլ»։ Արարողակարգից ծառայության ղեկավար Վահե Հակոբյանն ասաց․ «Գրավոր հարցում արեք հասարակայնության հետ կապերի վարչությանը կամ ԱԳՆ»։ Կապվեցինք նաեւ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, որը միայն հայտնեց, որ սեպտեմբերի 9-ին ստացվել է պաշտոնական տեղեկատվություն առ այն, որ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները համաձայնեցրել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը ս.թ. հոկտեմբերի 8-9-ը Երեւանում անցկացնելու հայկական կողմի առաջարկը: Ինչ վերաբերում է Միշուստինի ներկայությանն ու Խաչատրյանին հանդիպելու ցանկությանը, ապա ԱԳՆ խոսնակն ասաց․ «Մենք նման տեղեկություն չունենք»։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում քննարկվող առաջնային թեմաներից մեկը, որ տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել, խորհրդարանական մեծամասնության կազմից արդեն հաստատված, ինչպես նաեւ սպասվող հրաժարականների հարցն է։ Մի կողմից՝ խոսքը մի քանի պատգամավորների՝ գործադիր տեղափոխվելու մասին է, մյուս կողմից՝ որոշ պատգամավորների «ինքնակամ» մանդատները վայր դնելու, թեպետ այս առումով դեռեւս հստակ որեւէ բան չկա: Սակայն քանի հրաժարական էլ լինի, ըստ այդմ, ինքնըստինքյան, այդ պատգամավորներին պետք է հաջորդեն նախընտրական ցուցակի հաջորդ համարները։ Խորհրդարանական մեր աղբյուրը փոխանցել է, որ այս թեման «իմքայլականների» շրջանում բավական բուռն քննարկումների առիթ է հանդիսացել։ «Փաստ» թերթին հասած տեղեկության համաձայն, գործող պատգամավորներից շատերի դժգոհությունները կապված են նրա հետ, որ ցուցակի ներքեւի համարներում ընդգրկված կադրերն, անգամ իրենց խմբակցության չափորոշիչներով, խնդրահարույց են, եւ հերթական քննադատության առիթն են ստեղծելու։ Այս մասին օրերս պատգամավորներից մի քանիսը, ըստ մեր աղբյուրների, ակնարկել են բաց տեքստով։ Ըստ մեր զրուցակցի, երբ իմքայլական պատգամավորներից մեկը դժգոհ դեմքով հայտնել է, թե «ախր, հեչ թեմայի մեջ չեն», ղեկավարությունը միանգամից հակադարձել է, թե «ինչի, ո՞ր մեկդ էիք քաղաքական մեծ վաստակի տեր կամ ճամփա անցած քաղաքական գործիչ, որ նրանք էլ բան չգիտեն, վերջացրեք էս դատարկ խոսակցությունները»։
«Փաստ» թերթը գրում է. «Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ գործող իշխանությունները գրեթե ամեն քայլում առաջնորդվում են բացառապես անձնական մոտեցումներով, անձնավորված հարաբերություններով: Ըստ այդմ, անցած երկու տարվա ընթացքում իշխանությունները մարդկանց «ասֆալտին են փռում» անձնական դրդապատճառներով, քրեական գործ են հարուցում կամ «նստեցնում» անձնական մոտիվներով, նույնիսկ պարգևավճար ու մեդալ են տալիս անձնական մոտիվներով: Էլ չենք խոսում կադրային քաղաքականության մասին, ուր ոչինչ ավելի կարևոր չէ, քան «պոլի փետի» գործոնը: Փաստացի, երբեմն այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք «խռովկան երեխայի» սինդրոմի հետ: Այսինքն, միանգամից «սև ցուցակում» են հայտնվում բոլոր նրանք, ովքեր ինչ-որ ժամանակ Նիկոլ Փաշինյանի կամ նրա որևէ թիմակցի «թանին թթու են ասել», կամ՝ մի թեթև ոտքները տրորել են, առավել ևս, եթե համարձակվում են հիմա քննադատել նրանց որևէ գործողություն: Սա վերաբերում է բոլորին՝ քաղաքական գործիչ, դատավոր, մտավորական, ուսուցիչ, բժիշկ... Փոխարենը արտոնյալ են նրանք, ովքեր փառաբանում են Փաշինյանին, ովքեր գոնե մեկ գրառում են արել սոցցանցերում նախկինների դեմ, ընդ որում՝ որքան վիրավորական ու հայհոյախառն, այնքան լավ: Արդյունքում արդեն իսկ շատ քչերն են մնացել «սև ցուցակներից» դուրս, որոնցից իշխանությունները «նեղացած» չեն, իսկ արդյունքում երբեմն տուժում են ոչ միայն առանձին անհատներ, անկախ իրենց մասնագիտական որակներից, անցած փորձից ու վաստակից, այլև ամբողջ կոլեկտիվներ ու նույնիսկ... ոլորտներ»:
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ավանդական կուսակցության՝ ՀՅԴ-ի, դրսի կառույցներից մեկում քաղաքական դիրքորոշումների առնչությամբ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Եթե Հայաստանի դաշնակցությունն ընդգծված հակաիշխանական մոտեցում ունի, պատրաստվում է իշխանափոխություն իրականացնել, ապա ԱՄՆ-ի ՀՅԴ կառույցում միանգամայն այլ իրողություններ են։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ կուսակցության ամերիկյան կառույցի անդամների գրեթե զգալի հատվածը Փաշինյանի իշխանության կողմնակիցներն են, նրանք անընդունելի են համարում հակաիշխանական հանրահավաքներն ու դրան միտված քաղաքական վարքագիծը։ Սակայն տեղի ՀՅԴ անդամներն անդրդվելի են, նրանք այս իշխանությունների հետ բոլոր հաշիվները փակել են և ընդդիմադիր դաշտում են աշխատում, ինչը ամերիկյան «ընկերներին» այնքան էլ հաճո չէ։ Այստեղ են ասել՝ եկեք Հայաստան, մեր «լոբով ճաշը» մեզ հետ կերեք, նոր մեր հալը կհասկանաք»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի ժամանակ քննարկելու է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է քննարկմանն ընդառաջ պարզել, թե ինչ իրավիճակում է այժմ գտնվում համաձայնագրի կիրառումը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ավարտին է մոտենում համաձայնագրի վավերացման գործընթացը: «Այս պահի դրությամբ մնացել է մեկ երկիր, որը դեռ չի վավերացրել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ երկիրը Պորտուգալիան է, սակայն համաձայնագիրն արդեն գտնվում է այդ երկրի խորհրդարանում, այն օրակարգում է, կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ վավերացումը տեղի կունենա», – նշեց Եղոյանը: Սակայն, դրան զուգահեռ, առկախված է մնում վիզաների ազատականացման հարցը, որի պատճառը նաեւ կորոնավիրուսային համավարակն է: «Անցյալ տարվա դրությամբ մենք ունեինք 1-2 գործընկեր երկրի կողմից անհամաձայնություն եւ այդ առումով աշխատում ենք՝ հաշվի առնելով ընդհանուր փոփոխությունը՝ համավարակի հետ կապված, որը, կարծում եմ, ընդհանուր ազդելու է միգրացիոն հոսքերի կառավարելիության վերաբերյալ քաղաքականության վրա: Բայց կարծում եմ՝ լավ նորություններ կունենանք համավարակն ավարտելուց հետո», – հավելեց պատգամավորը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանի թիմը, պարզվում է, աղքատությունը ոչ միայն սեփական գլուխներում է հաղթահարել, այլեւ՝ կենցաղում։ Երեւանի թանկ ռեստորաններից մեկի սեփականատերն օրերս մասնավոր զրույցում անկեղծացավ, թե մինչեւ 2018-ը ներկայիս իշխանավորներն իրենց մոտ այցելելիս մեկ գավաթ սուրճ էին պատվիրում, որի շուրջ ժամերով նստում էին։ «Հեղափոխությունից հետո առաջին ամիսներին սկսեցին բիզնես լանչի գալ՝ էժան ընդմիջում անելու։ Հիմա երեկոյան ամենապիկ ժամի պատվավոր հյուրերն են, մի քանի բլյուդ ու թանկ գինի են պատվիրում, մինիմում 150 հազարի հաշիվներ են փակում ու ճոխ չայեվոյներ տալիս»։ Իշխանականների կենսամակարդակի բարելավումը երեւում է նաեւ թանկ հագուկապից։ Իշխանական կանայք այլեւս անլվա մազերով ու «Ռոբերտո» խանութի հագուստով չեն շրջում՝ ավելի խնամված տեսք ունեն, թանկարժեք կոսմետիկա ու պարֆյում են օգտագործում, կոսմետոլոգների են այցելում, բրենդային խանութներից օգտվում։ Թանկ սննդից նաեւ մաշկն ու մազերի որակն է լավացել։ Իսկ վարչապետը շարունակում է քաղաքացիներին խորհուրդ տալ․ «Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ, էդ փողը վճարի բյուջե»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ավետիսյանի անակնկալ հրաժարականի պատճառը «Արտ Լանչը» ընկերության անբարեխիղճ աշխատանքն է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հիվանդանոցին մատակարարված սննդի ընդունումից հետո աղեստամոքսային խանգարում էր ստացել 54 անձ, այդ թվում՝ 2 հղի: Իհարկե, այս դեպքից հետո «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պայմանագիրը խզել է «Արտ Լանչ»-ի հետ, սակայն այդպես էլ ընկերության ղեկավար կազմը պատասխանատվության չի ենթարկվել 5 տասնյակից ավել մարդկանց փաստացի թունավորելու համար։ Փոխարենը կառավարական կուլիսներում «որոշում է կայացվել» «պատժել» ՍԱՏՄ ղեկավարին՝ ազատելով պաշտոնից։ Ավելին «Արտ Լանչը» կշարունակի բարգավաճել, մոնոպոլ դիրքեր գրավել պետական համակարգում, սնունդ մատակարարել ՀՀ ՊՆ զորամասերին։ Ու հիմա արդեն կասկածահարույց է, թե ինչ որակի սնունդ է հասնում զինվորներին։ Իսկ թե ինչու է այսքանից հետո «Արտ Լանչը» շարունակում արտոնյալ մնալ՝որեւէ տույժ չկրելով, դժվար է ասել։ Չի բացառվում, որ այս ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Բակուր Մելքոնյանի, հիմա էլ վայելում է գործող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հովանավորչությունը։ Ինչու ենք այդպես կարծում, որովհետեւ նախկինում էլ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հովանավորյալն էր։ Բայց հետաքրքիր զուգադիպությամբ, ընկերությունը պետական համակարգում արմատներ գցեց նաեւ թավշյա հեղափոխությունից հետո։ Ինչեւէ, դառնալով Գեորգի Ավետիսյանի հրաժարականին, հավելենք, որ Ավետիսյանի հրաժարականի մասին հայտնի դարձավ ՀՀ վարչապետին հաշվետվություն ներկայացնելուց ժամեր անց։ Եվ լուրեր կան, որ աշխատանքից հեռանալու մյուս պատճառներից մեկն էլ օղու թունավորման դեպքերն են, որից մարդիկ մահացան։ Իսկ թե ինչպես պետք է Ավետիսյանը հսկեր տանը օղի թորողներին, նա չի կարողացել պատկերացնել»:
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը դարձյալ ձգձգվում է: Այն փաստացի կներկայացվի հոկտեմբերի սկզբին: Իսկ ուշացման համար, ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, կան «խորքային» պատճառներ: Բանն այն է, որ առաջնային խնդիր է դրված առավելագույնս վարկաբեկել այդ օրերի իշխանություններին ու զինվորական ղեկավարությանը, իսկ համապատասխան շարադրանքն այնպես կազմել, որ հնարավորինս արժանահավատ լինի: Դրա համար ժամանակ է պետք: Մյուս կողմից, հարցը բարդանում է այն առումով, որ, ըստ նույն աղբյուրների, ողջ գործընթացն իր անմիջական վերահսկողության տակ է պահում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի զեկույցում հատկապես քաղաքական գնահատականները լինեն այնպես, ինչպես «պետք է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես և կանխատեսում էինք, ՍԴ նախագահին ընտրում են ոչ թե Սահմանադրական դատարանի անդամները, այլ նշանակում են իշխանությունները: ՍԴ դատավորները ընդամենը թատերական ներկայացում են բեմադրում՝ «ՍԴ նախագահի ընտրություն» վերնագրով: Դրա ամենացայտուն ապացույցն այն է, որ ի սկզբանե հայտնի էր, որ իշխանությունը ՍԴ նախագահ է նշանակելու Երվանդ Խունդկարյանին: Զավեշտալին այն է, որ հայտնի վերջաբանով ներկայացումը շարունակվում է արդեն երեք օր»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն երկու օր է՝ Սահմանադրական դատարանի անդամները չեն կարողանում նախագահ եւ փոխնախագահ ընտրել: Երեկ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվեց Երվանդ Խունդկարյանը, իսկ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ առաջադրեց Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն քվեարկություն այդպես էլ տեղի չունեցավ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, ընտրության ելքը կանխորոշվելու է երկրորդ փուլով: Բանն այն է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը: ՍԴ-ն ունի 9 անդամ, ստացվում է՝ այս կամ այն թեկնածուն պետք է ստանա 6 ձայն, որպեսզի դառնա կառույցի նախագահ, ինչն այնքան էլ իրատեսական չէ: Եվ այդ դեպքում, եթե ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որի ժամանակ նախագահ է դառնում այն անձը, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Եվ չնայած Աշոտ Խաչատրյանը հանեց իր թեկնածությունը, սակայն հարց է՝ ինչպես կդասավորվեն ձայները: Այստեղ ամեն ինչ կախված է Արայիկ Թունյանից եւ Աշոտ Խաչատրյանից, թե ինչպես կքվեարկեն նրանք: Ասել է թե՝ Խունդկարյանի ճակատագիրը կախված է այս երկու անձանց քվեարկությունից, իսկ, ահա, ՍԴ մեր աղբյուրները պնդում են, որ Թունյանը եւ Խաչատրյանը մշտապես անկանխատեսելի են եղել իրենց որոշումներում, ուստի պարզ չէ, թե այսօր ինչպես կքվեարկեն: Եվ չնայած Սահմանադրական դատարանի կազմն արդեն ամբողջական է, եւ կառույցը պետք է սկսի գործել, սակայն արդեն պարզ է, որ առաջիկայում նոր իրավիճակի եւ խնդիրների ենք բախվելու: Կանխատեսվում է, որ հետագայում եւս Սահմանադրական դատարանում քննվող յուրաքանչյուր հարցի ժամանակ լարվածություն է ստեղծվելու, եւ ներկաներից յուրաքանչյուրը փորձելու է ցույց տալ, թե ինքը պրոֆեսիոնալ է, միակ ճշմարիտը, եւ արդյունքում ականատես ենք լինելու հարցերի վերաբերյալ երկար-բարակ, անբովանդակ քննարկումների»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախապատրաստում է որոշման նախագիծ, որով կարգելի սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը Հայաստանից: Կառավարությունը համարում է, որ սև և գունավոր մետաղի ջարդոնը Հայաստանի համար ռազմավարական նշանակության հումք է, որը պետք է վերամշակվի տեղական արդյունաբերական ձեռնարկությունների կողմից: Սա շատ կարևոր նախաձեռնություն է և միանշանակ ողջունելի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Խաղողի մթերման հետ կապված դժգոհությունը շարունակվում է: Երեկ Արտաշատի գյուղացիները ստիպված խաղողը հանձնել են 105 դրամով, որը անհամեմատ ցածր է ինքնարժեքից: Նման քայլի են գնում այն գյուղացիները, ովքեր շտապ գումարի կարիք ունեն և չեն կարող սպասել: Մյուսները հույս ունեն, որ խաղողը կքաղցրանա, և մթերման գինը կբարձրանա, ինչը քիչ հավանական է: Այնպես որ, առաջիկայում սպասվում են բողոքի նոր ակցիաներ»: