«Թրամփի ուղին» խաղաղության գործիք է տարածաշրջանի և աշխարհի համար. Փաշինյան
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանով անցնող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագիծը տնտեսական և աշխարհաքաղաքական շոշափելի օգուտներ կբերի ոչ միայն տարածաշրջանի, այլև դրանից դուրս գտնվող բոլոր մասնակից պետություններին:
Սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ծրագրի հիմնական շահառուների թվում են ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետությունը: «ԹՐԻՓՓ-ը մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում ենք դիտարկում և մենք դա տեսնում ենք որպես խաղաղության և ոչ թե հակառակի գործիք: Պետք է օգտվել այդ հնարավորությունից»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։
Հայ-ամերիկյան ռազմավարական նշանակության այս նախագծի շրջանակային համաձայնագիրը Երևանն ու Վաշինգտոնը նախաստորագրել էին մայիսի 26-ին: Գործընթացը պաշտոնապես ավարտվել է հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։ Արդեն հուլիսին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին:
Մոսկվան, իր հերթին, հետևում է գործընթացին և առաջարկում է իր մասնակցությունը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է ուսումնասիրել ծրագրին միանալու տարբերակները՝ հատկապես հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության (РЖД) բացառիկ փորձագիտական ներուժը։
Այնուամենայնիվ, ռուսական կողմի ներգրավման և համագործակցության այս առաջարկին առայժմ ո՛չ Երևանից, ո՛չ Վաշինգտոնից դրական արձագանք չի հետևել: