17.09.2026
ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական բենզինը զսպել է գնաճը Հայաստանում. էկոնոմիկայի նախարար

Լուսանկարը` Social media of Gevorg Papoyan
Լուսանկարը` Social media of Gevorg Papoyan

Համաշխարհային շուկայում վառելիքի ռեկորդային թանկացման ֆոնին Հայաստանին հաջողվել է խուսափել գների շեշտակի աճից՝ ներկրման այլընտրանքային աղբյուրների, այդ թվում՝ ադրբեջանական բենզինի ներգրավման շնորհիվ:


ՀՀ կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ առանց մատակարարման նոր ուղիների տեղական շուկայում պատկերը լիովին այլ կլիներ:


«Եթե չլիներ այս այլընտրանքը, Հայաստանում բենզինը երևի մի քանի հարյուր դրամ ավելի կարժենար»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ միջազգային շուկաների համեմատ Հայաստանը վառելիքի ամենաքիչ թանկացած երկրներից մեկն է: Մինչդեռ աշխարհում բենզինի գներն աճել են մի քանի անգամ, տեղական շուկայում արձանագրվել է միայն տոկոսային աճ:


Պապոյանի խոսքով՝ բենզինի գլոբալ գնաճը պայմանավորված է նավթի ռեկորդային գներով և լոգիստիկ բարդություններով, մասնավորապես՝ Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներում առկա ճգնաժամերով, որոնք անմիջականորեն հարվածում են ապրանքի ինքնարժեքին: Այս պայմաններում պետության ռազմավարությունը մատակարարումների դիվերսիֆիկացիան է:


«Լուծումը ո՞րն է. հնարավորինս շատ աղբյուրներ ունենալ, որպեսզի ցանկացած դրական արդյունք հնարավորինս մեծ ազդեցություն ունենա, ցանկացած բացասական արդյունք՝ հնարավորինս փոքր»,- պարզաբանել է նախարարը:


Էներգակիրների գլոբալ գնաճային ճնշումները մեղմելու նույն քաղաքականությունը կիրառվում է նաև հեղուկ գազի շուկայում: Հիշեցնենք, որ Հայաստանը հարևան Ադրբեջանից Վրաստանի տարածքով վառելիք է ներկրում 2025 թվականի դեկտեմբերից, ինչը զգալիորեն փոխել է շուկայի դինամիկան։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` b24.am
17.09.2026
Մոսկվայի հետ շարունակվում են բանակցությունները հայկական երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ