Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Վաղարշապատի նստավայրում, դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ, ընթանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ «քրեական գործով» նախնական դատալսումները։
Պաշտպան Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ ներկայացված մեղադրանքի համաձայն, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը։
Պաշտպանության կողմը գտնում է՝ մեղադրանքի ծավալուն նկարագրված փաստական հանգամանքներն իրենց բովանդակությամբ չեն կարող կազմել Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով նախատեսված հանցանք, քանի որ մեղսագրվող գործողությունը՝ եպիսկոպոսին կարգալույծ հռչակել հանդիսանում է եկեղեցու բացառապես ներքին հոգևոր կանոնական կյանքի ոլորտին վերաբերող գործողություն, որի բովանդակային իրավաչափությունը պետությունն իրավասու չէ գնահատելու կամ արգելելու։
Կաթողիկոսն ունի գործառութային անձեռնմխելիություն որպես եկեղեցու ինքնավարության անհրաժեշտ հետևանք»,- ասաց Զոհրաբյանը։
Նա ներկայացրեց Գարեգին Բ–ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու իրավական հիմքեր՝ մեղադրանքի մեջ նկարագրված արարքում ՔՕ-ով նախատեսված հանցագործության բացակայություն, Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ բացառիկ հոգևոր կանոնական գործառույթն իրականացնելիս գործառութային անձեռնմխելիություն։
Պաշտպանության կողմի պնդմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղասագրվող գործողությունն ինքնին հանցագործություն չէ, իրավաբանորեն չի կարող այդպիսին համարվել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն ներկայանա։ Նրանց շահերը ներկայացնում են պաշտպանները։
Հիշեցնենք, որ մեղադրյալների թվում են արքեպիսկոպոսներ Նաթան Հովհաննիսյանը, Հայկազուն Նաջարյանը, եպիսկոպոսներ Մուշեղ Բաբայանը, Հովնան Հակոբյանը, Մակար Հակոբյանը, Վահան Հովհաննիսյանը։
Ամենայն Հայոց կաթողիկոսին մեղադրում են այն բանում, որ նա, միաժամանակ լինելով նաև Բարձրագույն հոգևոր խորհրդի նախագահ, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, իբր խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած մեկ այլ դատական ակտի՝ Արմավիրի մարզի դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյան) «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ» որոշման կատարմանը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշումը՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին պաշտոնանկ արված եպիսկոպոս ճանաչելու մասին, գնահատվել է որպես նման խոչընդոտում։
Փաստաբանը ներկայացրեց հիմնավորումների հիմնական դրույթները, փաստեց Սահմանադրությամբ ամրագրված՝ Հայ Առաքելական եկեղեցու անկախությունը պետությունից, մեղադրանքները որակեց որպես միջամտություն եկեղեցու ներքին գործերին: Հանցակազմի ապացույցների բացակայության հիման վրա Զոհրաբյանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը և վարույթը, իսկ կասկածների դեպքում դիմել Սահմանադրական դատարան:
Այնուհետև կաթողիկոսի պաշտպանությունը ներկայացրել է նման բովանդակությամբ ևս 3 միջնորդություն։