21.09.2026
Եպիսկոպոսին կարգալույծ անելը Եկեղեցու ներքին գործն է, վարույթը պետք է կարճել
prev Նախորդ նորություն

Հայաստանը տոնում է Անկախության օրը

Լուսանկարը` AFP
Լուսանկարը` AFP

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է իր գլխավոր պետական տոնը՝ Անկախության օրը՝ հղում անելով 1991 թվականի պատմական հանրաքվեին, երբ հայաստանցիներն անշրջելիորեն ընտրեցին ինքնիշխան և ազատ զարգացման ուղին:


Ուղիղ 35 տարի առաջ այս օրը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթները, երկրի խորհրդարանը որոշում կայացրեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու նպատակով հանրապետության ողջ տարածքում համապետական հանրաքվե անցկացնելու մասին: Քվեարկության արդյունքներն աննախադեպ էին. ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94,39%-ը կամ ավելի քան 2 միլիոն 43 հազար մարդ, քվեաթերթիկներում վճռականորեն նշեց իր պատմական «Այո»-ն:


Այս համաժողովրդական կամարտահայտության հիման վրա արդեն սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Միջազգային հանրության արձագանքը ևս չուշացավ. միայն 1991 թվականի ընթացքում Հայաստանի ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչեց 48 պետություն, իսկ 1992 թվականի մարտի 2-ին երկիրը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ:


Անկախության հռչակմանը, սակայն, նախորդել էր քաղաքական բարդ ու լարված ժամանակաշրջան: Դեռևս 1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը կտրականապես մերժել էր մարտի 17-ին նախատեսված՝ ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ միութենական հանրաքվեի անցկացումը հանրապետության տարածքում։ Խորհրդարանը որոշում էր կայացրել վեց ամիս անց անցկացնել սեփական՝ անկախության հանրաքվեն:


Հատկանշական է, որ խորհրդային համակարգի պահպնման հանրաքվեն բոյկոտեցին նաև Վրաստանը, Մոլդովան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան: Ինքնիշխանության անշրջելի գործընթացի հիմքն արդեն իսկ դրվել էր Անկախության հռչակագրի ընդունմամբ և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելով: Իսկ հանրաքվեից անմիջապես առաջ Մոսկվայում տեղի ունեցած օգոստոսյան հեղաշրջման անհաջող փորձը միայն արագացրեց ԽՍՀՄ վերջնական փլուզումը և ՀՀ անկախության հաստատումը:

 Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
21.09.2026
Փաշինյանը չի բացառել Ռուսաստանի հետ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը