28.03.2024
Կրկեսն առանց կենդանիների. նախարարությունը դեմ չէ, իսկ կրկե՞սը. հարցազրույց
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. «Ոչ մի բանից չվախենաք». Գագիկ Ծառուկյանը «դուխ» է տվել թիմակիցներին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան ԲՀԿ-ն խմբակցության նիստ է արել, որն անձամբ վարել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը, ըստ մեր աղբյուրի, ունեցել է բարձր տրամադրություն եւ թիմին «դուխ» է տվել. «Ոչ մի բանից չվախենաք, գնալու ենք մինչեւ վերջ»: Ակնարկել է նաեւ, որ եթե իշխանությունը շարունակի ուժայինների միջոցով ռեպրեսիաները, ապա իրենք մարդկանց փողոց կհանեն: Ի դեպ, այս օրերին Ծառուկյանի հետ այրված կամուրջներն են վերականգնում նախկին ԲՀԿ-ականները: Կիրակի օրվա բողոքի ակցիային՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, մասնակցել են նաեւ Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի «երդվյալ ազատամարտիկները», Ռուստամ Գասպարյանի «Սեւ հովազի» տղաները: ԲՀԿ-ն բացահայտ անցնում է կոշտ մարտավարության․ երեկ պատգամավորները բոյկոտեցին կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մասնակցելո՞ւ եք Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցով քննարկումներին՝ հարցրինք «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչին։ «Այո, իհարկե, որովհետեւ միակ ընկալումն այն է, որ խնդիրը քաղաքական է։ Քանի որ իշխանություններն այդքան ժամանակ ունեցել են՝ դատախազի «բերելիք» այդ հիմքերը ներկայացնելու համար, հիմա, երբ Ծառուկյանը կառավարության մասին քաղաքական հայտարարություն է արել, մեյդան հանեցին»: Իսկ փակ, գաղտնի քվեարկությանն ինչպե՞ս եք մասնակցելու։ «Եթե «Բարգավաճը» մասնակցի, մենք եւս պետք է քննարկենք մասնակցության հարցը։ Գիտեք, «Իմ քայլն» ունի այնքան ձայն, որ խնդիրը «լուծման» տանի, այլ հարց է, որ նույն այդ քվեարկությամբ իմքայլականների տունը լուրջ կռիվ կընկնի»: Ինչո՞ւ, դուք ե՞ւս կարծում եք, որ իմքայլականների մի մասը չի մասնակցի կամ դեմ կքվեարկի, կամ անվավեր կդարձնի քվեաթերթիկը։ «Այո, իհարկե, եթե անգամ 5-10 նման պատգամավոր լինի, ապա արդեն իսկ թիմի ռասկոլ կարելի է արձանագրել»: Խոսակցություններ կան, որ դատախազը կգա, անձեռնմխելիությունից կզրկեն, սակայն, ինչպես Օսկանյանի դեպքում եղավ, խափանման միջոց կալանքի համաձայնությունը չեն տա։ «Չի բացառվում»: Ի դեպ, մեր տեղեկություններով, հնարավոր է, որ պառլամենտ հասած գլխավոր դատախազն ամբիոնին չհասնի՝ ԲՀԿ-ական պատգամավորները կարող են զբաղեցնել ամբիոնը եւ թույլ չտալ, որ հարցը ներկայացնի: Հիշենք․ նման մի դեպք եղավ 2002-ին` ՀԺԿ-ական ընդդիմադիր պատգամավորները գրավել էին ամբիոնը, եւ իշխանության ու ընդդիմադիրների մեջ «բլիժնի բոյ» գնաց»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունում թիվ մեկ մարտական դրություն է հայտարարված: Գագիկ Ծառուկյանին առնչվող մի քանի սցենարներ քննարկելուն զուգընթաց, քննարկվել է նաեւ դրանց կիրառման դեպքում իմքայալական պատգամավորների սպասվելիք վարքագիծը: Բացի նրանից, որ Փաշինյանը կանչել է Արարատ Միրզոյանին եւ զգուշացրել, որ գիտի` Ծառուկյանի հետ Միրզոյանն ու Ավինյանը խաղեր են տալիս, ինչի դիմաց Միրզոյանը, ժողովրդի բնորոշմամբ ասած, ստիպված է եղել «քֆուր» ուտել, առավել մտահոգիչ է խորհրդարանում գլխավոր դատախազի ներկայանալու, Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դեպքում փակ գաղտնի քվեարկության ժամանակ յուրային պատգամավորների դրսեւորումը։ Արդյոք նրանք դեմարշ չե՞ն անի: Այդպես էլ չեն կողմնորոշվել` ինչպես վերահսկեն քայլականների քվեարկությունը. հիշենք` ժամանակին պատգամավոր Փաշինյանը ՀԱԿ-ի կասկածները փարատելու համար գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ընտրության ժամանակ նկարել էր իր քվեաթերթիկը. չի բացառվում` նույն սխեման կիրառեն»:


«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքական պայքարը վերջնակետին հասցնելու Գագիկ Ծառուկյանի առանձնահատուկ «երդմամբ» ԲՀԿ-ն ազդարարեց ակտիվ պայքարի շրջանը։ Ծառուկյանի հայտարարությունը՝ «Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ», այս անգամ բավական խիստ ստացվեց այն պարզ պատճառով, որ եւ քաղաքական ուժերի, եւ քաղաքացիների շրջանում թերահավատություն կա, որ Գագիկ Ծառուկյանը կարող է կես ճանապարհից հետ կանգնել։ Իսկ դրա համար նրանք հիմք ունեն, քանի որ աչքի տակ կա նախկին փորձը։ Բայց այսօր կարծես հետքայլ չկա, որովհետեւ այսուհետ Ծառուկյանի փոխարեն աշխատելու է նրա տված «երաշխիքը»։ Մի կողմ թողնենք ԲՀԿ խմբակցության ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, անգամ քաղաքական պայքարի ինչ ձեւ կընտրի այս քաղաքական ուժը, հասկանանք, եթե ԲՀԿ-ն գնում է ակտիվ առճակատման եւ պահանջելու է Փաշինյանի հրաժարականը, ով է նրա քաղաքական դաշնակիցը։ Այսօր արտախորհրդարանական շատ ուժեր են Փաշինյանի հրաժարականը պահանջում, բայց նրանք կմիանա՞ն ԲՀԿ-ի գլխավորությամբ պայքարին։ Խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժի հետ ամեն ինչ պարզ է դեռ խորհրդարանական ընտրությունների մեկնարկից։ Հիշենք, կլասիկ որակված Էդմոն Մարուքյանին Ծառուկյանը հիշեցրեց, թե ում միջոցով ու ով է նրան պատգամավոր «կարգել», իսկ վերջինս էլ, թե գործարարն ինչ գործ ունի ԱԺ-ում։ Այսինքն, ի սկզբանե այս գործիչները միեւնույն հարթակում անհամատեղելի են։ Այս ամենին գումարած նաեւ այն, որ ԼՀԿ խմբակցությունը Փաշինյանի հրաժարականը չի էլ պահանջում, նա օրուգիշեր բողոքում է, ծեծվում խորհրդարանում, բայց չի ասում, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։


Արտախորհրդարանական ուժերի հետաքրքրությունը ԲՀԿ-ի հանդեպ երեւաց նախօրեին, երբ Ծառուկյանին ԱԱԾ-ում հարցաքննում էին, իսկ նրա կողմնակիցների հանդեպ ոստիկանությունը ուժ կիրառեց։ Ընդդիմադիրները բռնությունների առնչությամբ դատապարտող հայտարարություններ արեցին, սակայն ԱԱԾ-ի շենքի դիմաց նրանց չտեսանք (բացառությամբ կարճ ժամանակով ՀՅԴ մի քանի ներկայացուցչի)։ Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն ճանապարհ չունի, անցյալը չի մոռացվել։ Մյուս քաղաքական ուժերի հետ քննարկումներ հնարավոր են, անգամ ինչ-որ պահի աջակցություն, սակայն երկարատեւ պայքարի համար ԲՀԿ-ն մեծ հաշվով մենակ է։ Նրա կողքին կլինեն քաղաքական քիչ ռեսուրս ու կշիռ ունեցող նոր ուժեր, որոնց համար կրկին ԲՀԿ-ն պիտի քարշակի դերը ստանձի։ Բնական է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը ԲՀԿ-ի հետ գաղափարական միեւնույն հարթությունում չի կարող լինել, նրանց միայն մեկ օրակարգ կարող է միավորել՝ իշխանությունից օր առաջ հեռացնել Փաշինյանին։ Սակայն երբ ու ինչ ձեւով ԲՀԿ-ն այդ օրակարգի վստահելի, վճռական հանրություն կներկայացնի ու կստանա աջակցություն, առայժմ դժվար է ասել, իսկ փորձառու քաղաքական ուժերը հաստատ նախօրոք չեն մտնի մի գետ, որի ելքը լավ գիտեն»:


«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հստակ ակնարկեց, որ «Լուսավոր Հայաստանից» ԲՀԿ-ն աջակցություն չի ստանա: Այս մասին նա մասնավորապես նշեց. «Լուսավոր Հայաստանն» այն ուժն է եղել, որ հեղափոխությունից հետո ասել է` պահն է, որ օգտվենք հեղափոխության բերած արժեհամակարգի հնարավորություններից եւ բացառենք, որ բիզնեսը զբաղվի քաղաքականությամբ: Մենք այն ուժն ենք, որ ունեցել է ամենալարված հարաբերությունները ԲՀԿ-ի հետ: Բայց ի պատասխան դրա` մենք տեսանք, որ իշխանությունը քաղաքական հուշագիր կնքեց, գործընկեր դարձրեց իրեն, եւ այսօր, երբ այդ գործընկերը որոշել է, որ պետք է սրի իր հռետորաբանությունը, իրավական գործընթացներ է սկսել»: Հարցին, թե «Լուսավոր Հայաստանը» կհամագործակցի՞ ԲՀԿ-ի հետ եւ համատեղ պայքար կծավալի՞ իշխանության դեմ, պատգամավորը շեշտեց. «Մենք նման օրակարգ այս պահին չունենք»: Ի դեպ, երեկ, թեպետ ԼՀԿ-ն որոշում չուներ, թե ինչպես է վարվելու, եթե Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու հարցը բերվի Ազգային ժողով, սակայն, այդուհաներձ, «Իրավունքին» որոշ մանրամասներ է հայտնի դարձել: «Լուսավոր Հայաստանն» այսօր կրկին կընտրի երրորդ ճանապարհը` կքննադատի եւ իշխանությանը, եւ քաղաքականության մեջ բիզնեսով զբաղվելը, սակայն վերջում չի մասնակցի քվեարկությանը` մնալով ձեռնպահ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ խորհրդարանին դիմած Արթուր Դավթյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրահանգով դիմում է խորհրդարանին՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Չնայած ապացույցները շատ սուղ են, բայց դա չի խանգարի, որպեսզի Դավթյանը «պատվով» կատարի իրեն տրված հանձնարարությունը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցներն ու Գագիկ Ծառուկյանի համակիրները կհավաքվե՞ն Ազգային ժողովի շենքի մոտ՝ հետաքրքրվեցինք ԲՀԿ գործադիր քարտուղար Նաիրա Զոհրաբյանից։ «Տեղյակ չեմ, ես քաղաքացիների փոխարեն որոշում կայացնել չեմ կարող, որեւէ կոչով՝ հավաքվել ԱԺ-ի մոտ, մեր հայրենակիցներին չենք դիմելու։ Մնացածն իրենց գործն է»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 14-ի վաղ առավոտյան խուզարկություն էր կատարվել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի տանը, ապա նա հարցաքննվել էր Ազգային անվտանգության ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խուզարկության ժամանակ առգրավել են Զաքարյանի զենքերը եւ դրանց առնչվող փաստաթղթերը, քանի որ վերջինիս զենքերն օրինական են եղել, եւ առկա են դրանք հավաստող փաստաթղթերը: Իրավապահ կառույցներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տարել են այդ փաստաթղթերը՝ ուսումնասիրելու համար, իսկ Զաքարյանին հարցաքննելու պատճառն էլ այն է եղել, որ 2017 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա եղել է ԲՀԿ շտաբի պետը: Սակայն մեր տեղեկություններով՝ երբ հարցաքննության ժամանակ Զաքարյանից հետաքրքրվել են՝ ինչ գիտի ընտրակաշառքի դեպքերի մասին, Վերահսկիչ պալատի նախկին նախագահը ոչինչ չի հայտնել՝ ասելով, թե ինքը ընտրակաշառքի մեխանիզմի մասին որեւէ տեղեկություն չունի եւ որեւէ բան չի կարող հայտնել: Ասել է թե՝ Իշխան Զաքարյանն իրենց համար ցանկալի ցուցմունք չի տվել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԱԾ շենքի շրջակայքում Ծառուկյանի կողմնակիցների կազմակերպած հավաքին չեն մասնացել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Մեր տեղեկություններով՝ Քոչարյանի գրասենյակում այս հարցով քննարկում է եղել, նույնիսկ առաջարկ է եղել, որ իրենք էլ մասնակցեն հավաքին, քանի որ այն նաև հակակառավարական է, սակայն այս առաջարկը մերժվել է այն հիմնավորմամբ, որ Ծառուկյանն էլ արգելել էր իր թիմակիցներին մասնակցել ի պաշտպանություն Քոչարյանի կազմակերպվող հավաքներին, որպեսզի ինքը հանկարծ չասոցացվի Քոչարյանի աջակիցների հետ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած հինգ կուսակցությունների հավաքին կարող էր մասնակցել նաև ՀՀԿ-ն, սակայն որոշում է կայացվել, որ ՀՀԿ-ն այս ուժերին կաջակցի կողքից: Հավաքի մասնակիցները մտավախություն են ունեցել, որ ՀՀԿ-ի մասնակցության դեպքում հանրությունը վատ կվերաբերվի իրենց միավորմանը՝ համարելով, որ դա նախկինների կողմից ռևանշի հասնելու փորձ է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իրավապահ համակարգում դեռ շարունակվում են բուռն քննարկումները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներգրավումը նախատեսող քրեական գործի ճակատագրի մասով: Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողով՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Բանն այն է, որ եթե ԱԺ-ն 67 պատգամավորներով փակ գաղտնի քվեարկությամբ տվեց իր համաձայնությունը Ծառուկյանին մեղադրելու եւ կալանավորելու մասով, գործը մտնելու է նաեւ դատարան: Ու պարզ չէ` նրա նկատմամբ դատավորները խափանման ինչպիսի միջոց կընտրեն՝ կկալանավորեն երկու ամսով` նախնական, թե խափանման միջոց կընտրեն ստորագրությունը չհեռանալու մասին եւ այդպես կքննեն գործը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ դատավորներից շատերն այս օրերին դիմումներ են ներկայացնում ԲԴԽ տարբեր պատճառաբանություններով աշխատանքի չգնալու համար՝ մեկը կոնտակտավոր է, մյուսի սիրտն է ցավում, երրորդի ճնշումն է բարձրացել եւ այսպես շարունակ:


Այդպես դատավորներից շատերն արդեն իրենց «ապահովագրում են», որպեսզի Ծառուկյանի կալանքի հարցը իրենք չվճռեն: Դատավորները մտավախություն ունեն՝ եթե կալանքի որոշում չտան, կմեղադրվեն, թե վախեցան գործարարից, իսկ եթե կալանքի որոշում հրապարակեն, կմեղադրվեն օրվա իշխանությունների կամակատարը լինելու համար, դրա համար ամենաապահով տարբերակ է գտնվել «հիվանդանալը»: Նշենք, որ երեկ էլ նիստ է անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, եւ, բնականաբար, հիմնական թեման այսօր խորհրդարանում քննարկվելիք միջնորդություններն են եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խմբակցության նիստը վարել է ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանը: Իմքայլականները պայմանավորվել են այսօր հնարավորինս հանդարտ նիստ անցկացնել, չտրվել ԲՀԿ-ականների սադրանքներին, եթե անգամ նման բան լինի: Հիշեցնենք, որ ԱԺ-ում անձերին վերաբերող քվեարկությունները նախատեսվում են փակ-գաղտնի ռեժիմով եւ ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Այսինքն՝ եթե խորհրդարանն ունի 132 պատգամավոր, ապա այս որոշումն ընդունելու համար բավարար է 67 կողմ ձայնը: Եվ իշխող խմբակցությունը երեկվա նիստին արդեն որոշել է փակ գաղտնի քվերարկությամբ կողմ քվեարկել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը ու հարցը փակել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ծառուկյանը նիստին ներկա չի լինի: Հավելենք, որ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին առնչվող միանգամից երեք տարբեր քրեական գործեր է հարուցել։ Դրանցից մեկը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերին։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները, ինչը նշանակում է, որ չի բացառվում՝ մեղադրյալների շրջանակը մեծանա»:


«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ-ի վերաբերյալ այն հայտարարությունը, թե քաղաքական դաշտում կան «բացիլի հատկանիշ ունեցող» ուժեր, շատ է զայրացրել այս կուսակցության անդամներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, եթե նախկինում ՀՅԴ որոշ անդամներ լոյալություն էին ցուցաբերում այս իշխանության հանդեպ, հիմա դարձել են խիստ քննադատներ։ ՈՒ ամենևին պատահական չէր, որ այս օրերին հենց ՀՅԴ-ի նախաձեռնությամբ քաղաքական ուժերի հանդիպում տեղի ունեցավ նրանց գրասենյակում։ Նույն աղբյուրի պնդմամբ, դաշնակցությունն ակտիվ ներգրավված է նոր քաղաքական ալյանս ձևավորելու աշխատանքներին, «խմորման» դերակատարությունն է վերցրել իր ձեռքը։ Քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություն կա շարունակելու կոսուլտացիաները, ներկայացնելու իրավիճակից հնարավոր ելքերը, այլ խոսքով, գլուխ գլխի տալ ու այս իշխանության հեռացման իրատեսական տարբերակ գտնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 18-ին տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության հերթական հեռավար գագաթնաժողովը, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական շրջանակները հետեւում են, թե ներհայաստանյան վերջին իրադարձությունների ու զարգացումների ֆոնին ինչ է ասելու նա այսօրվա իրավիճակի մասին։ Չէ որ նա Հայաստանը որպես ժողովրդավարության բաստիոն է ներկայացնում։ «Երկրում այս օրերին բռնաճնշումներ են իրականացվում` իր իսկ գիտությամբ»,- ասաց եվրոպական ուղղություններին հետեւող մեր զրուցակիցը: Ի դեպ, հունիսի 17-ին էլ` մեկ օր առաջ, կրկին Բրյուսելում, տեղի է ունենալու ԵԺԿ գագաթնաժողովը, նույնպես՝ հեռավար, որին մասնակցելու է երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Նկատենք, որ սա արդեն որերորդ անգամն է (վերջինը` մարտին)․ մեկօրյա տարբերությամբ Նիկոլ Փաշինյանից հետո Սերժ Սարգսյանը եվրոպական վերնախավին է ներկայացնում իր տեսակետները Հայաստանի ներքին զարգացումների վերաբերյալ»:


«Իրատես» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, որ, կրթության ոլորտի հիմնախնդիրները թողած, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դարդն է քաշում, նախորդ տարվա բյուջեի կատարողականի մասին հաշվետվություն ներկայացնելիս բավական տխուր իրավիճակում է հայտնվել: Նախ` կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, ապա խորհրդարանում պատգամավորների հետ ունեցած հարցուպատասխանի ժամանակ խեղճացել է ուղղված հարցերից՝ որոշ դիտարկումներին չկարողանալով կոնկրետ պատասխաններ տալ: «Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները, Հարությունյանը նեղվել է հատկապես պատգամավորների ճշտող հարցադրումներից: Խորհրդարանականները հիմնականում հետաքրքրվել են, թե նախարարությանը հատկացված բյուջեի որ մասն ինչի վրա է ծախսվել: Ծախսերի մեծ մասի վերաբերյալ նախարարը կցկտուր պատասխաններ է տվել, ու Փաշինյանը, տեսնելով, որ նախարար Հարությունյանը շատ է նեղն ընկնում, «ցրել է թեման ու նրա «թասիբին» կանգնել»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը: Գրեթե նույն պատկերն է եղել նաև խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ, մեկ տարբերությամբ՝ պատգամավորները նախարարին «խնայել» են, հարցերը մեղմ են ձևակերպել: «Քանի որ խորհրդարանում բյուջեի կատարողականը բաց ռեժիմով է քննարկվում, իմքայլական պատգամավորները, ներքին էթիկայից ելնելով, որոշել են՝առավել քան կոռեկտ լինել ու հարցախեղդ չանել Հարությունյանին»,- նշեց մեր զրուցակիցը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` վերականգնվել են ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եւ գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի հարաբերությունները: Ականատեսները պնդում են, որ մի քանի անգամ տեսել են Սեյրան Սարոյանին` Մ. Գրիգորյանի առանձնատնից դուրս գալուց հետո: Իհարկե, բոլոր նրանք, ում «դուխը» հերիքում է, առիթը բաց չեն թողնում Ս.Սարոյանին կշտամբել նախկին պահվածքի համար, սակայն սա չի խանգարում Մ. Գրիգորյանին եւ Ս. Սարոյանին տեսնվել միմյանց հետ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում առանձին վարչություն է ստեղծվելու: Եւ ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու համար դատախազություը ստացել էր երեք հայտ՝ Սրբուհի Գալյան, Ավետիք Թովմասյան եւ Թաթուլ Ղուկասյան: Կին թեկնածուն ՀՀ արդարադատության փոխնախարարն է, մյուս երկուսը դատախազության համակարգից են: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ մինչեւ մրցույթը արդեն իսկ «քաղաքական որոշումը» կայացված է. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն էլ կզբաղեցնի այդ կարեւորագույն պաշտոնը, քանի որ այդպես է ուզում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա որոշումները, կարելի է ասել, համակարգում անբեկանելի են: Այսինքն՝ արդարադատության նախարարն արդեն որոշել է իր մարդուն «գործուղել» դատախազություն եւ անձամբ վերահսկել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը»:


«Փաստ» թերթը գրում է. «Եթե նախկինում ոստիկանական և ԱԻՆ շրջիկ մեքենաներից կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակ կրելու, ձեռքերն ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահելու մասին հայտնի հայտարարությունը հնչում էր ենթադրաբար ԱԻՆ աշխատակցի ձայնով, ապա շաբաթ օրը առավոտ կանուխ արդեն «խոսում էր» Նիկոլ Փաշինյանը։ Փաստացի, որոշվել էր ԱԺ նիստում վեցանգամյա փորձերից ավելի լավ ստացվածով զգաստացնել մարդկանց: Սակայն այդ նորամուծությունը, ինչպես ասում են, «թիթեռի կյանք» ունեցավ: Կիրակի շրջիկ մեքենաներից նորից հնչում էր «հին, բարի» ձայնը: «Փաստ» թերթի տեղեկություններով, դրա պատճառն այն է, որ Փաշինյանի ձայնով հայտարարությունը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել հանրության շրջանում: Ավելին, որոշ դեպքերում քաղաքացիներ են մոտեցել այդ մեքենաներին և խնդրել «էդ ձայնն անջատել», որովհետև ազդում է մարդկանց նյարդերի վրա: Մեր աղբյուրները պնդում են, որ այդ մասին զեկուցվել է վարչապետին՝ հուշելով, որ այս նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում և կարող է էապես ազդել Փաշինյանի՝ առանց այդ էլ փլուզվող վարկանիշի վրա: Ըստ այդմ էլ որոշվել է դադարեցնել նորամուծությունը: Հիշեցնենք, որ վարչապետը ԱԺ-ում հիշյալ կոչը հնչեցրել էր 6 անգամ՝ հավելելով. «Սիրելի հայրենակիցներ, այս իրավիճակից ելքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Եվ այսպես՝ 1+1+1+1... և հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիների ջանքերով, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները՝ առանց տուրք տալու էժան ապատեղեկատվությանը, առանց տուրք տալու ստահոդ լուրերին: Եվ մենք միասին կհաղթենք»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում: Այս փոփոխությամբ առաջարկվում է համայնքների տարածքում գտնվող պետական գույքի մասնավորեցման կամ օտարման գումարի 30 տոկոսի չափով մասնահանում կատարել համայնքային բյուջե: Այս փոփոխությունը կարևոր է այնքանով, որ այդ միջոցները կուղղվեն համայնքային նշանակության ծրագրերի իրականացմանը»:

Մամուլ. Ինչ է ասել Ծառուկյանը Վանեցյանի մասին. հարաբերությունները լարվե՞լ են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար