23.11.2024
Մամուլ. «Ոչ մի բանից չվախենաք». Գագիկ Ծառուկյանը  «դուխ» է տվել թիմակիցներին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ինչ է ասել Ծառուկյանը Վանեցյանի մասին. հարաբերությունները լարվե՞լ են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Բավական սրված են ԲՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության հարաբերությունները: Պարզվում է՝ Արթուր Վանեցյանը ՀՅԴ-ի, «Մեկ հայրենիք» և այլ քաղաքական ուժերի հետ հարաբերվելիս հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը պաշտպանում է իր վարչապետական հավակնությունները և պատրաստ է հենց իրեն տեսնել, այսպես կոչված, «Ազգային համաձայնության» կառավարության ղեկավարի դերում: Սակայն Ծառուկյանը հերքել է նման տեղեկությունները՝ հայտարարելով, որ ինքը չի կարող աջակցել մի մարդու, ով դավաճանեց իրեն գեներալի ուսադիրների արժանացրած և քաղաքային ստորաբաժանման ղեկավարից ԱԱԾ տնօրեն դարձրած մարդուն, ով նույն հաջողությամբ կարող է դավաճանել նաև իրեն»:


«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդություններին։ Ավելի ստույգ, ոչ թե Ազգային ժողովը, այլ միայն Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը: Ու թեպետ արտաքուստ խմբակցությունը քվեարկել էր միաձայն, սակայն իրականում բավականին խորքային խնդիրներ են եղել: «Փաստ» թերթի տեղեկություններով, նիստից առաջ խնամքով «աշխատել են» պատգամավորների, հատկապես կասկածելիների հետ, որպեսզի «անակնկալներ չլինեն»: Մեր աղբյուրները պնդում են նաև, որ «Իմ քայլը» խմբակցության մեջ բավականին դժգոհություններ կան, ընդ որում, ոչ միայն այս վերջին օրերի իրադարձությունների հետ կապված: Մի շարք պատգամավորներ նույնիսկ նեղ շրջապատում քանիցս դժգոհել են, որ ստիպված են սոցցանցերում տարբեր ստատուսներ գրել, նյութեր տարածել, այս կամ այն, մեղմ ասած, տարօրինակ որոշումները հրապարակային պաշտպանել, ինչի համար պարզապես ամաչում են: Ի դեպ, նման դժգոհությունների մասին տեղեկություններ կան ոչ միայն օրենսդիր մարմնի անդամների, այլև գործադիրի մի շարք ներկայացուցիչների առումով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատի որոշ ներկայացուցիչներ նրան վստահեցրել էին, որ «Իմ քայլը» խմբակցությունը այն աստիճան պառակտված է, որ եթե իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը դրվի քվեարկության, ապա չի հավաքի անհրաժեշտ թվով ձայներ: Քվեարկությունից հետո այդ մարդիկ ուզում են Ծառուկյանին րոպե առաջ տեսնել կալանավայրում, քանի որ չգիտեն, թե ինչ պատասխան են տալու նրան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս իշխանություններն անգամ քրեական գործերը չեն կարողանում նորմալ կարել. Ծառուկյանին կալանավորելու համար ինչ շինծու գործ ասես կպցրել են։ Դատախազն ասել է, որ այդ հիմքերով հնարավոր չէ կալանավորել, Փաշինյանն ասել է՝ ես գործ չունեմ, ոնց ուզում եք, հիմնավորեք»,- ասաց ԲՀԿ աղբյուրը: Համենայնդեպս, ձեզնից որեւէ մեկը քննարկման ընթացքում այդպես էլ չտվեց Նիկոլի անունը, ընդհանուր ձեւակերպումներ էիք անում։ «Իսկ երբ ասում ենք` քաղաքական պատվեր, ո՞ւմ նկատի ունենք»: Բայց անուն չի հնչել, հնարավո՞ր է հույս ունեք, որ դրանով կմեղմեք տիրակալի զայրույթը, եւ Ծառուկյանի կալանավորման չի գնա, դրա համար անուն չէիք հնչեցնում։ «Բացարձակապես` ոչ, կալանավորման կարող են չգնալ զուտ մեկ պատճառով՝ գործի հիմքերը թույլ են։ Անգամ Սեդրակ Առուստամյանը չի հարցաքննվել, սակայն պարտավոր էին մինչեւ դատախազի՝ միջնորդությամբ հանդես գալն անել դա։ Պատկերացնո՞ւմ եք, որ հարցաքննվի ու ասի, որ այդ փողերն ինքն է տվել Պողոսյանին, ու Գագիկ Ծառուկյանը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ, ինչը կար Առուստամյանի դստեր ելույթի տրամաբանության մեջ»: Իսկ ինչո՞ւ չեն հարցաքննել։ «Եթե հարցաքննեին, ողջ կոնցեպտը ջարդվելու էր, գործն ընդհանրապես չլիներ»: Ի դեպ, Քրեական օրենսգրքի 154 հոդվածի առաջին մասով պատիժ է նախատեսվում նաեւ կաշառք վերցնողի համար` 1-3 տարի ազատազրկում. դրանք հազարավոր մարդիկ են` ժողովուրդը, որը մասնակցել է հեղափոխությանը։ Կարո՞ղ են նրանց նկատմամբ գործ հարուցել։ «Չեն կարող, պարտավոր են»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանքից հետո կուսակցության փաստացի ղեկավարումը կարող է իրականացնել Նաիրա Զոհրաբյանը: Կուսակցության կանոնադրությամբ Զոհրաբյանը կուսակցության նախագահից հետո դե յուրե երկրորդ մարդն է, նա կուսակցության գլխավոր քարտուղարն է: Ի տարբերություն 2015 թվականի, երբ Ծառուկյանը հրաժարական տվեց կուսակցության նախագահի պաշտոնից, այս անգամ նման բան տեղի չի ունենա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն չի պատրաստվում հանձնվել՝ իշխանության դեմ պայքարի տարբեր սցենարներ են քննարկվում, այդ թվում՝ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու նախագիծ են ներկայացնելու ԱԺ։ Այդ գործընթացը կանոնակարգվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքով, եւ նման իրավունք ունեն ԱԺ խմբակցությունները: Սակայն գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, այսինքն՝ 79 պատգամավորի քվեով։ ԲՀԿ-ում գիտեն, որ եթե անգամ ԼՀԿ-ն չմիանա դատախազին հեռացնելու օպերացիային, ապա դրանից իրենք շահած են դուրս գալու՝ բացահայտելով իշխանականների եւ հատկապես ընդդիմադիրների իրական դեմքը, որոնք պաշտպանում են Սերժ Սարգսյանի նշանակած դատախազին, որը համաձայնել է նաեւ Փաշինյանի ձեռքում գործիք դառնալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտվանից իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակներ եւ խուզարկություն իրականացրել: Նրանք, ըստ հավաստի տեղեկությունների, հրահանգ են ստացել՝ հավաքագրել ցանկացած մանրուք, որը կարող է Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործին օգուտ տալ։ Կիրակի օրն էլ, երբ ԱԱԾ-ն խուզարկում էր Ծառուկյանի առանձնատունը, համաժամանակյա խուզարկություններ են ընթացել նաեւ նրա երբեմնի եւ ներկա մերձավորների օբյեկտներում։ Հարցաքննության են կանչել ոչ միայն Իշխան Զաքարյանին, այլեւ Աբրահամ Մանուկյանին, ով գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացրած միջնորդության համաձայն, ընտրակաշառքներ բաժանելու կուրատորն է եղել՝ փող տվողը։ Երկուսն էլ, իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ, «սուխոյ ատկազ» են եկել՝ ասելով, թե տեղյակ չեն նման գործընթացից, փող չեն բաժանել, ընտրակաշառքի մասին տեղեկություններ չունեն։ Ի դեպ, ուշագրավ է, որ չեն հարցաքննել նաեւ կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանին, ում անունը նույնպես կար դատախազի ներկայացրած միջնորդագրում՝ որպես ընտրակաշառքի փողեր դուրս գրող։ Երեկ հորը չհարցաքննելու հետ կապված՝ ԱԺ ամբիոնից տարակուսանք հայտնեց նաեւ պատգամավոր դուստրը՝ Նորա Առուստամյանը։ Դատախազը հայտարարեց, որ կհարցաքննեն, բայց հասկացրեց, որ նրա ցուցմունքը ոչ մի դեր չի կարող խաղալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ չմասնակցեցիք երեկվա նիստին՝ հարցրինք Գեւորգ Պետրոսյանին։ «Վատառողջ եմ»։ Ասում են՝ Ձեր վրա կոմպրոմատ կա․ դա՞ է պատճառը։ «Ի՞նչ կոմպրոմատ»: ԲՀԿ նիստին Ծառուկյանը Ձեզ ու Բագրատյանին զգուշացրել էր` «լեւի քիչ գնացեք»։ «Դե, եթե լեւի գնալը կոմպրոմատ ա, թող հավաքեն։ Չէ, իսկապես, լավ չեմ՝ պառկած եմ, բայց հետեւում էի քննարկումներին, գնահատականս այն է, որ գլխավոր դատախազն ամեն ինչից խոսեց, բայց ապացույց չներկայացրեց»: 87 հոգի կողմ քվեարկեց։ «87 ձայնը նշանակում է քաղաքական պատվեր, անգամ պլյուրալիզմ չապահովեցին, իսկ միջնորդությունը որեւէ ապացույց չէր պարունակում ենթադրյալ կաշառքի հետ Ծառուկյանի կապի մասին․ իրենք պարզապես կատարել են Փաշինյանի հրահանգը, էն Փաշինյանի, որը հայտարարել էր, որ այնպիսի միջոցառումներ կանցկացնենք, որ ոչ մեկը ծպուտ չի հանի։ Արձանագրենք` այսօրվանից Հայաստանը բռնապետություն է, իսկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն քաղաքական մահակ են Փաշինյանի ձեռքին»:


«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ Գագիկ Ծառուկյանի հարցի կապակցությամբ խոսեց երկար ժամանակ չխոսկան դարձած Վարդան Ղուկասյանը, նույն ինքը` Վարդանիկը: Նա երկար-բարակ Ծառուկյանին գովելուց հետո սկսեց հիշեցնել նիկոլականներին, թե ինչպես էր աջակցում իրենց իշխանության գալու համար եւ ինչպես արագ մոռացավ, որ ընդամենը մի քանի տարի առաջ մոլի հանրապետական էր եւ Հանրապետականի կողմից տարել-դրվել էր Գյումրիի քաղաքապետի աթոռին: Բայց այժմ Վարդանիկը, հավանաբար, նիկոլականների զայրույթը չառաջացնելու նպատակով ցեխ էր շպրտում նախորդ իշխանությունների վրա, ընդ որում` ծպտուն անգամ չհանելով Նիկոլի հասցեին: Իր կարծիքով` խորամանկ Վարդանիկը համ նալին է խփել, համ` մեխին: Եվ հետո Վարդանիկի մեջ արթնացան իր վախերը, չէ՞ որ այսօր շատ է քչփորվում հինն ու անցյալը, բա որ հանկարծ քչփորեն Վարդանիկի` քաղաքապետ եղած ժամանակ հին թղթապանակները, կամ էլ Վարդանիկի հետ առնչվող հին քրեական գործերը, դրա համար Վարդանիկը սկսեց խոսել, որ ինքը բանտ նստելուց չի վախենում, եւ քիչ է, որ չի վախենում, այլ իրեն ոչ պակաս, ոչ ավել համեմատեց Լենինի եւ միաժամանակ Պողոս առաքյալի հետ: Հետաքրքիր է, եթե հանկարծ ինչ-ինչ հանգամանքներում Ծառուկյանը գա իշխանության, Վարդանիկին ի՞նչ պաշտոն կտան»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում պատգամավորները կողմ քվեարկեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը, որով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, եւ նրա նկատմամբ ազատությունից զրկելու թույլտվություն տրվեց: Երկու միջնորդությունների ժամանակ էլ քվեարկությանը մասնակցեցին եւ կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ու Արման Բաբաջանյանը, եւ ստացվեց 87 կողմ ձայն: Ծառուկյանն այդ ողջ ընթացքում ԱԱԾ-ում հարցաքննվում էր: ԱԺ որոշումից հետո շտապեցին հայտարարություններ տարածել արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը: Նախ հայտարարություն տարածեց Հանրապետական կուսակցությունը, ապա համատեղ հայտարարությամբ հանդես եկան «Հայրենիք», ՀՅԴ եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունները, որն ավելի շատ համախմբելու կոչ էր: «Պահանջում ենք գործող իշխանություններից դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիվ գործելաոճը եւ անհապաղ վերադարձնել գործընթացները քաղաքական հարթություն։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ քաղաքական եւ հասարակական ուժերին՝ համախմբվել ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային համախոհությամբ եւ ներուժով հաղթահարել մեր պետականությանն ուղղված մարտահրավերները», – ասված էր այս հայտարարության մեջ։ 


Այսպիսով, արտախորհրդարանական ուժերը «հուժկու» հայտարարությամբ ասում են, թե Գագիկ Ծառուկյանի կողքին են, սակայն իրականում նրանք բավարարվեցին միայն հայտարարություններ տարածելով, այլ ոչ թե անձամբ, ֆիզիկական ներկայությամբ նրան սատարելով: Տպավորություն է, որ իշխանության դեմ պայքարը նրանք պատկերացնում են հայտարարություններով կամ սոցիալական ցանցերում մեկնաբանություններ գրելով: Ընդ որում, նկատենք՝ ընդդիմադիրները, ոգեշնչված նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին տարած հաղթանակով, կարծում են, թե օնլայն պայքարով իրենք էլ իշխանության կգան, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը սկսեց հաղթել այն ժամանակից, երբ քայլ արեց եւ քաղաքացիներին էլ ստիպեց, որ ամեն մեկն իր քայլն անի: Ի՞նչ է կատարվում հիմա. Գագիկ Ծառուկյանին ԱԺ-ն համաձայնում է զրկել ազատությունից, սակայն ընդդիմությունը «քայլում է»՝ համացանցում հայտարարություններ տարածելով: Իրականում հասկանալի է, որ նրանք վախեր ունեն, իսկ վախկոտ ընդդիմությունը, բնականաբար, չի կարող հաջողություն ունենալ: Եվ արդեն վստահաբար կարելի է ասել՝ այն կոնսոլիդացիան, ինչի մասին խոսում են, չի կայանալու: Ու մի բան էլ. նկատենք, որ այն անձինք, որոնք ցանկանում են դերակատարում ունենալ քաղաքականության մեջ, պետք է անձամբ գնան զրկանքների եւ լինեն ամենասուր տեղերում: Եթե մարդիկ ուզում են, իրենց տանը նստած, քաղաքական հերոսներ հռչակվել, ապա պետք է հասկանան, որ ի սկզբանե ձախողված են»:


«Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանական մեքենաներ, ջրցան մեքենա, ոստիկանների հոծ բազմություն, մարզերից Երեւան բերող ճանապարհներին ոստիկանական ուժեղ հսկողություն, արտակարգ դրության քողի ներքո հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելու փաստեր, ընդ որում՝ շատ դեպքերում բիրտ ու անհամաչափ ուժ գործադրելով: Կարծում եք՝ սա նախկին իշխանության օրոք իրավիճակի նկարագրությո՞ւն է: Ամենեւին. սրանք Նիկոլ Փաշինյանի իշխանության երեկվա ու նախորդ օրվա գործողություններն են: Այն իշխանության, որն ամենօրյա ռեժիմով հայտարարում է, թե ունի ժողովրդի վստահությունը, սակայն ուժային մեթոդներով պաշտպանվում է նույն ժողովրդի բողոքից: Ընդ որում, այն պարագայում, երբ երկրում արտակարգ դրություն է, եւ առանձնապես շատ մեծաքանակ քաղաքացիներ փողոց դուրս չեն եկել: Ուստի պատահական չէ, որ սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, որ եթե այսօր է Փաշինյանը բռնի ուժ կիրառում ժողովրդի, այդ թվում՝ լրագրողների դեմ, դժվար չէ պատկերացնել, թե ինչերի կարող է դիմել, եթե արտակարգ դրություն չլինի ու մարդիկ հազարներով փողոց դուրս գան: «Փաստի» հետ զրույցում մի քանի քաղաքագետներ նշում էին, թե այդ ամենը վկայում է, որ իշխանությունները մեծապես անհանգստացած են իրենց դիրքերի սասանումից, առավել եւս, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործողությունները գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերն ու անհատ գործիչները գնահատել են որպես իրավական գործիքների ու բռնաճնշումների գործադրմամբ քաղաքական հաշվեհարդար: Ավելին, փորձագետները նաեւ կարծում են, որ հիմա գործ ունենք «ձնծաղիկների» հետ: Մասնավորաբար, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Փաստի» հետ զրույցում ասել է. «Առերեւույթ իշխանությունը մեկ խնդիր ունի՝ Նիկոլ Փաշինյանը պայքարում է իշխանությունը պահելու համար, եւ կյանքը ցույց է տալիս, որ դրա համար պատրաստ է ցանկացած քայլի գնալ: Հնարավոր է, որ այդ քայլերը գնալով ավելի բռնի դրսեւորումներ ունենան»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով Ազգային ժողովում որոշում կայացնելուց հետո իշխանություններն անցնելու են խորհրդարանում Սահմանադրական դատարանի հարցը կարգավորելուն: Ինչպես հայտնի է, դեռ մայիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստացվել է, եւ մոտ երկու շաբաթվա ընթացքում խորհրդարան կներկայացվի արդեն Սահմանադրական դատարանի մասով համապատասխան նախագիծը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ իշխանությունները մշակել են ՍԴ ճգնաժամի լուծման ուղիներից մեկը: Եվ, ըստ այդ տարբերակի, Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել: Եվ այս պարագայում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ դատարանի անդամ, իսկ երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, կդադարեն լինել ՍԴ անդամներ, քանի որ նրանք պաշտոնավարում են 12 տարուց ավելի: Այսինքն՝ վեթինգի օրինակով իշխանությունները որոշել են մաս-մաս լուծել Սահմանադրական դատարանի հարցը, ու առաջին փուլում այս երկու դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոնին»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանին: Սիմոնյանը պահանջում է պատվին և արժանապատվությանը հասցված վնասը հատուցել: Հայցը ներկայացվել է հունիսի 11-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին: Հավանաբար հայցի պատճառը Մանթաշյանի ապրիլի 29-ի գրառումն է, որում վերջինս Սիմոնյանի մասին նշել է, թե «օգտագործում է իր դիրքը որպես տղա կայանալու համար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի հունիսի 12-ին Սնանկության դատարան է դիմել «Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպությունը եւ հետախուզման մեջ գտնվող, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանին տանում է հարկադիր սնանկացման: Այս վարկային կազմակերպությունը Ուզունյանից 5 մլն դրամ գումար է պահանջում: Նկատենք, սակայն, որ սա առաջին դեպքը չէ, եւ նախկինում եւս ցանկացել են հարկադիր սնանկացման տանել, սակայն հարցը հետագայում կարգավորել են: Հիմա դատավորը հետախուզման մեջ է գտնվում, եւ հարկադիր սնանկացումն անխուսափելի է: Նշենք, որ կաշառակերության մեջ մեղադրվող դատավորը Հայաստանը լքել էր 2019 թվականի դեկտեմբերին: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ նա Հայաստանի սահմանը հատել է «Զվարթնոց» օդակայանով: Հավելենք՝ նախկին դատավոր Ուզունյանը մեղադրվում է շուրջ 51 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ։ Ըստ Դատախազության՝ Ուզունյանը 2007-ին, ապա եւ 2014-ին քաղաքացիներից պահանջել եւ տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ մի դեպքում՝ 13 հազար, մյուս դեպքում՝ 38 հազար դոլար»։