VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տղեկություններ է ստացել այն մասին, որ իշխանությունները նպատակ ունեն պաշտոնանկ անել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որին պետք է փոխարինի նրա տեղակալ Մակար Ղամբարյանը: Ըստ նույն աղբյուրի՝ Մակար Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է, ու ամեն ինչ արվում է, որ հենց Ղաբարյանը նշանակվի ՀՀ ՊՆ պաշտոնում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանից, որը հայտարարեց. «Ես, ճիշտն ասած, չեմ ճանաչում մարդ, ով կարող է պարոն Տոնոյանին փոխարինել պաշտպանության նախարարի պաշտոնում, ես այդ տեղեկությունը անհեթեթություն եմ համարում»: Իսկ մեր դիտարկմանը, թե ինչ փոխհարաբերություններ ունի Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, քանի որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, հենց Միրզոյանն է միջնորդում իրեն ՊՆ նախարարի պաշտոնում նշանակվելու հարցում, փոխնախարարը նշեց. «Անլուրջ խոսակցություններ են»: Նկատենք, որ Տոնոյանի պաշտոնանկության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունից հետո: Ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի փոփոխությունից հետո չէր բացառվել, որ հաջորդը կարող է լինել հենց Տոնոյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այժմ գտնվում է ֆրանսիական Լիոնում: Ի սկզբանե Հայաստանից մեկնել էր Լոնդոն, սակայն առողջական խնդիրների պատճառով և հետագա բուժման նպատակով տեղափոխվել է Լիոն: Նշենք, որ Խաչատրյանը գտնվում է հետախուզման մեջ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական (ՀՅԴ, «Հայրենիք», «Մեկ Հայաստան», ԲՀԿ) ուժերի հանդիպմանը հրավիրված է եղել նաեւ ԼՀԿ-ն. ՀՅԴ-ն է հրավիրել, սակայն մեժել են։ Ինչո՞ւ, մտածում եք` Ծառուկյանի կալանքով դաշտը բացվե՞ց «դասականներիդ» համար, մնացիք Նիկոլի «ամենասիրելի» ընդդիմությո՞ւնը՝ հարցրինք ԼՀԿ -ականին։ «Նախ` մենք Փաշինյանի ամենաատելի ընդդիմությունն ենք, որովհետեւ, երբ նա ԱԺ ամբիոնից հանձնարարում է ստուգել մեր քրեական անցյալը, պարզվում է, որ հերյուրանքից բացի այլ բան մեր վրա իշխանությունը չունի։ Երկրորդ․ ընդդիմադիր չի կարող լինել մի ուժ, որին հնարավոր է կաշկանդել քրեական գործերով, եւ, այո՝ նորաստեղծ ալյանսից հրավեր ստացել ենք, սակայն օրակարգի շուրջ կոնսոլիդացիան մենք պատկերացնում ենք այլ կերպ»: «Քրեական» ասելով նկատի ունեք ԲՀԿ-ի՞ն։ «Այդ թվում եւ ԲՀԿ-ին, որովհետեւ այն մեղադրանքները, որոնք հնչում են նրանց հասցեին, որքան էլ մոտիվացված լինեն, գոյություն ունենալու իրավունք ունեն»: Իսկ հնարավո՞ր է ձեր նկատմամբ քրգործեր չկան, որովհետեւ դուք չեք պահանջում կառավարության 100 տոկոս հրաժարականը։ «Ճիշտ պահին կպահանջենք եւ կստանանք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ քրեական գործ է հարուցվել այն փաստի առթիվ, որ արտակարգ դրության պայմաններում ԱԺ-ի մոտ, ի պաշտպանություն Ծառուկյանի, հավաք էր հրավիրվել։ Եվ այդ հավաքը կազմակերպել են ԲՀԿ շրջանակները եւ «Առինջ մոլի» տնօրինությունը։ Այս մասին անգամ իշխանական մամուլում հրապարակումներ եղան։ Մենք կասկածներ ունեինք, որ այս գործի շրջանակներում անպայման կկանչեն «Առինջ մոլ»-ի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանին։ Երեկ կապվեցինք եւ պարզեցինք, որ այդպես էլ կա․ Արմեն Ներսիսյանին երեկ երեկոյան կանչել են կազմակերպիչների մասով ցուցմունք տալու, բայց նա հրաժարվել է։ «Ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց, որովհետեւ Քրեադատավարական օրենսգրքով իմ իրավունքն է, եւ իմ այդ սահմանադրական իրավունքից օգտվել եմ։ Բայց վերջում գրել եմ, որ ես քանի որ առաջին կարգի հաշմանդամ եմ, տեսողության լուրջ պրոբլեմ ունեմ, բացի դրանից էլ՝ ոչ լսել եմ՝ մեկը կազմակերպել է, մեկն էլ՝ հրահրել, ոչ էլ բան»,- ասաց Արմեն Ներսիսյանն ու ավելացրեց․
«Արաբկիրի ոստիկանությունից ինձ տարան վարչություն, եւ այնտեղ այդպիսի ցուցմունք եմ տվել։ Երեկ չկարողացա գնալ, որովհեւեւ վիճակս լավ չէր, առողջական լուրջ խնդիրներ էի ստացել»։ Իսկ նրա վիճակը վատ է եղել, որովհետեւ, ինչպես ինքը նկարագրեց, «գցեցին գետնին, լավ տրորեցին»։ Արմեն Ներսիսյանը պատմեց, որ երբ սկսվել է հրմշտոցը, փորձել է պաշտպանել լրագրողներին։ «Մի հատ փոքր-մոքր աղջիկ կա, վիդեոյի մեջ նայեք՝ կտեսնեք, հա, երեւի Անին ա, գցել էին գետնին, ձեռքս գցեցի, քաշեցի, էդ աղջկան հանեցի։ Ըտից եկան՝ «արա՛, այ տղա, մայ տղա», տենց սկսեցին ավել-պակաս բառեր խոսալ, ես էլ ասացի՝ տենց իրավունք չունեք իմ հետ խոսալու, արան էլ դու ես․․․ ըտեղից արդեն իրենք գոռացին, ես գոռացի, քաշեցին, տարան, պառկացրեցին գետնին ու սկսեցին «վրաերթ անել»։ Լաա՜վ տրորել են, լավ ջանս ջարդել են, բայց ոչինչ․ պինդ տղա եմ, ապարանցի տղուն ոչ մի վատ բան չի լինում»,- պատմեց Արմեն Ներսիսյանը։ Իսկ փորձե՞լ են հավաքի կազմակերպիչների անուններ կորզել՝ ուղղորդելով, թե այսինչն է ասել կամ այնինչը, որ գան։ Արմեն Ներսիսյանի խոսքով՝ ոչ, իրենից էին ուզում անուններ լսել։ Ինքն էլ ասել է, որ ոչ ոք ոչ մի բան չի կազմակերպել, ժողովուրդը զբոսնել է, հետո էլ մարդկանց նկատմամբ բիրտ ուժ են կիրառել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստորագրե՞լ է նախագահ Արմեն Սարգսյանն ԱԺ-ի ընդունած հանրաքվեի չեղարկման մասին օրենքը։ «Ոչ, դեռ չի ստորագրել. նախագահն ունի 21-օրյա ժամկետ՝ իր վերաբերմունքն արտահայտելու։ Ժամկետը դեռ չի լրացել, իրավաբաններն ուսումնասիրում են փաստաթուղթը»,- ասացին մեզ նախագահի` հասարակայնության հետ կապերի վարչությունից: Իրականում, Արմեն Սարգսյանն սպասում է Վենետիկի հանձնաժողովի պատասխանին: Այսօր Վենետիկի հանձնաժողովը կսկսի ուսումնասիրել ՍԴ-ի դիմումը` Քոչարյանին առնչվող գործով (300.1 հոդվածին վերաբերող), որի պատասխանը ՄԻԵԴ-ից արդեն եկել է, իսկ վաղը` հունիսի 19-ին, հանձնաժողովը կպատասխանի ՀՀ արդարադատության նախարարության՝ իրեն ուղղված հարցերին: Հիշեցնենք, որ նախարարությունը 3 հարցով էր դիմել Վենետիկին` հանրաքվեի չեղարկում (առանց սպասելու վերջինիս կարծիքին, արդեն իսկ օրենք է ընդունել), ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետ (12 տարին լրացած դատավորների պաշտոնանկության հարցը) եւ ՍԴ նախագահի լիազորությունների կասեցում, նորընտիր դատավորների կազմից ՍԴ նոր նախագահի ընտրություն: «Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուց եւ կալանավորելուց հետո իշխանությունների հաջորդ իդեա-ֆիքսը առաջիկա շաբաթ կդառնա ՍԴ-ն, Ծառուկյանի հարցով քվեարկությունն ապրոբացիա էր՝ իմանալու, թե որքան ձայն ունի իշխող մեծամասնությունը, դեզերտիրներ կա՞ն, թե՞ ոչ։ ՍԴ հարցի լուծման համար էլ է այդքան ձայն, այնպես որ, առաջիկա շաբաթվա ընթացքում իշխանությունը կտոնի իր հաջորդ հաղթանակը՝ ՍԴ-ի եւ Հրայր Թովմասյանի նկատմամբ»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովն այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանին կփրկի հերթական խայտառակությունից։ Հունիսի 3-ին ԱԺ-ն ընդունեց Հանրաքվեն չեղարկելու հնարավորության մասին նախագիծը, որը բազում իրավաբանների կողմից որակվեց որպես հակասահմանադրական։ Արդեն 15 օր է անցել, բայց նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այդ օրենքը ու թեպետ ունի 21-օրյա ժամկետ, սակայն, ըստ տեղեկությունների, սպասում էր Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։ Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները ՍԴ-ի «ճգնաժամը» լուծելու համար մի քանի հարցերի վերաբերյալ դիմում են գրել Վենետիկի հանձնաժողովին, դրանցից մեկն էլ հանրաքվեն ԱԺում չեղարկելու հնարավորության մասին է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովի կարծիքն այս հարցում դրական է, եւ այդ պատասխանը հիմնավորել են կորոնավիրուսի պանդեմիայով։ Այսինքն, Արմեն Սարգսյանն այս անգամ, ստորագրելիս, գոնե արդարանալու տեղ կունենա եւ հերթական անգամ ստիպված չի լինի Փաշինյանից պարտադրված որոշում կայացնել»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ պատրաստ է ՍԴ ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը։ Վենետիկի հանձնաժողովը մշտապես զգուշավոր դիրքորոշումներ է ներկայացրել դատավորների անկախության և անփոփոխելիության հետ կապված պետությունների նախաձեռնությունների դեպքերում։ Ավելին՝ սա այն մարմինն է, որը հենց ինքն է սահմանում և խրախուսում այդ չափանիշները։ Թերևս սա էր պատճառը, որ շատ իրավաբաններ, այդ թվում՝ նախկին և ներկա ՀՀԿ-ական «իրավական» շրջանակներ ու նրանց մանր ու մեծ խոսնակներ գուժում էին, թե բացառված է, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն տա ՍԴ ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ իշխանությունների առաջարկությանը։ Սակայն մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ այսօրվա նիստում Վենետիկի հանձնաժողովը հաստատելու է մի կարծիք, ըստ որի՝ հանձնաժողովն ընդունելի է համարում իշխանությունների՝ ՍԴ մոդելը կյանքի կոչելու առաջարկությունը և նշելու է, որ դա համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Ըստ այդմ՝ Վենետիկի հանձնաժողովն ընդունելի է համարել իշխանությունների առաջարկությունը, որի համաձայն՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն, պետք է ընտրվի ՍԴ նոր նախագահ, ինչպես դա սահմանված է Սահմանադրության 2015թ. փոփոխություններով»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, բոլոր ոլորտները «յուրայիններով» լցնելու միտման շրջանակներում իշխանության թիրախում է հայտնվել նաեւ Հաշվեքննիչ պալատը (նախկին Վերահսկիչ պալատ)։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ մտադրություն կա ամբողջապես փոխել Հաշվեքննիչ պալատի կազմը եւ առաջին հերթին՝ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին։ Ըստ տեղեկությունների, Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից հանելու հարցը իշխանության սեղանին էր դեռեւս մեկ տարի առաջ, սակայն տեղի ունեցող բուռն քաղաքական իրադարձությունների ու զարգացումների ֆոնին այն ձգձգվել է, սակայն այդ մասին իշխանական շրջանակները, բնականաբար, չեն մոռացել։ Ներկայումս այս հարցը նորից դարձել է առաջնային, եւ կա հանձնարարական՝ գտնել այդ հարցի լուծման տարբերակները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը երկու տարի անընդմեջ ուսումնասիրում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ և 2018-ին և 2019-ին պալատն ուսումնասիրել է ծառայության գործունեությունը: «ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան պալատի ուսումնասիրության արդյունքներից: Օրինակ, 2018-ին և 2019-ի առաջին կիսամյակում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հարուցված 8 մլն 739 հազար դրամի 1100 կատարողական վարույթներ ավարտվել են այն դեպքում, երբ, ըստ ՃՈ-ի կողմից ներկայացված տեղեկանքների, այդ ֆիզիկական անձն ունեցել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 11 ավտոմեքենա, որոնցից ոչ մեկի վրա հարկադիր կատարողները բռնագանձում չեն տարածել: Բացի այս, 2018-ին հարուցված և ավարտված 64 մլն դրամ բռնագանձման ենթակա գումարով 7205 վարույթներով 100-ից ավելի խախտում կատարած 34 պարտապան ֆիզիկական անձինք ևս ունեցել են սեփական ավտոմեքենաներ, սակայն բռնագանձում չի տարածվել: Իր հերթին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պալատին բացատրություն է ներկայացրել, ըստ որի` հարկադիր կատարողների կողմից ձեռնարկվել են կատարողական գործողություններ, ինչի արդյունքում չի հայտնաբերվել գույք կամ դրամական միջոց, որի վրա կարելի է բռնագանձում տարածել, մյուս դեպքում անհնար է եղել պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լուրջ խմորումներ են տեղի ունենում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների եւ զարգացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի շուրջ: Բանն այն է, որ վերոնշյալ պաշտոնը թափուր է, եւ կոնկրետ անձինք դիմում են վարչապետի աշխատակազմին այդ պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար, սակայն ոչ բոլորի դիմումներն են ընդունվում, ինչի արդյունքում էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանի դեմ հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունիսի 16-ին ՀՀ վարչակյան դատարան է դիմել էլինա Գյուրջյանը եւ դատի է տվել Էդուարդ Աղաջանյանին՝ պահանջելով, որ դատարանը ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների եւ զարգացման վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին իր մասնակցությունը թույլատրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնի: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար փորձեց դիմել Էդուարդ Աղաջանյանին, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ում Նիկոլ Փաշինյանն Արցախի, այսպես կոչված, վերակացու է կարգել, օրերս կրկին Արցախում էր։ Նա հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ։ Նաեւ մասնակցել է հետընտրական խնջույքին․ իշխանական էլիտայի 25-30 ներկայացուցչի հետ Արցախի «Ֆլորենս» ռեստորանում տոնել են հաղթանակը։ Մասնակցել են ե՛ւ Մասիս Մայիլյանը, ե՛ւ Սամվել Բաբայանը, ում ճանապարհներն ընտրությունների երկրորդ փուլից առաջ բաժանվեցին։ Արմեն Գրիգորյանը, թերեւս, հաշտության երեկո է կազմակերպել։ Արայիկ Հարությունյանի խոսնակն ասաց, որ Արցախի նախագահը չի մասնակցել։ Ուշագրավ է, որ պարետի որոշման համաձայն, 20 հոգուց ավելի անձի մասնակցությամբ միջոցառումներ չպետք է կազմակերպվեն»:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե վերլուծությունը ցույց է տալիս, որ «ամենամեծ վարակի օջախը բակերն են, բեսեդկաները եւ հարեւանությունը»: Այս հայտարարությանը ոչ միայն չհավատալու որեւէ հիմք չկա, այլեւ չափազանց տրամաբանական է, եթե հաշվի առնենք իրականում մեր բակերում եւ «բեսեդկաներում» տիրող վիճակը այս առումով: Սակայն այստեղ առկա է մի կարեւոր հանգամանք: Օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել առողջապահության նախարարություն՝ ճշտելու՝ արդյո՞ք իրականացվում է վերլուծություն կորոնավիրուսով վարակվածների վարակվածության ոլորտների հետ կապված, այսինքն՝ վարակվածներից քանիսն ինչպես է վարակվել (օրինակ՝ արտադրություն, տրանսպորտ, հուղարկավորություն, առեւտուր եւ այլն): Նախարարությունից պատասխանել էին, որ «ըստ ոլորտների վերլուծություն չի իրականացվում, քանի որ բոլոր ոլորտները դիտարկվում են ռիսկային եւ տեղերում իրականացվում են համապարփակ կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ»: Այս պատասխանը հրապարակել էինք հունիսի 9-ին: Իհարկե, ինքնին տարօրինակ է, որ նման վերլուծություն չի արվում, քանզի դա կարող էր էապես օգնել հակահամաճարակային գործողությունների պլանավորմանը: Մյուս կողմից՝ վարչապետը խոսում է կոնկրետ վարակվածության ոլորտի մասին, ինչից պետք է ենթադրել, որ նման վերլուծություն, այնուամենայնիվ, արվում է: Հակառակ դեպքում կստացվի, որ նման հայտարարություններն արվում են «աչքաչափով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո փոփոխություններ եղան տարբեր ոլորտներում, սակայն քաղաքաշինության համակարգում, ըստ էության, մնացել են հին բարքերը, ավելին՝ չեն փոխվել անգամ գործող հիմնական անձինք: Իսկ ովքե՞ր են նրանք, որոնք տարիներ շարունակ տնօրինել են Երեւան քաղաքի քաղաքաշինության ոլորտը. Արմեն Ղուլարյան. նա այժմ կատարում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները, քանի որ ղեկավար Վահագն Վերմիշյանը կալանավորված է կաշառք ստանալու մեղադրանքով: Ընդ որում, նա մինչ այդ զբաղեցնում էր Տավուշի մարզպետի պաշտոնը, սակայն համակարգում հնաբնակներից է եւ պաշտոններ է զբաղեցնում վաղուց՝ դեռ 90-ական թվականներից: Ընդ որում, Ղուլարյանը եղել է ամենաերկարակյաց մարզպետը եւ 15 տարի նույն մարզը ղեկավարելուց հետո նա լծվել է քաղաքաշինության համակարգը «բարեփոխելուն»: Հաջորդ պատասխանատուն Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն է:
Նրա նշանակումը սկզբնական շրջանում ողջունվեց, բայց վերջին շրջանում նա հաճախ է հայտնվում քննադատության թիրախում, իսկ մեծամասնությունն էլ նկատում է, որ քաղաքում եւ կատարվող աշխատանքների տրամաբանության մեջ ոչինչ չի փոխվել: Մյուս պատասխանատուն Երեւանի քաղաքապետարանի «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանն է, որն իր պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից: Նա ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի բաջանաղն է: Եվ, իհարկե, այս պատկերն ամբողջացնում է Քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանը: Եվ չնայած նա այժմ պաշտոն չի զբաղեցնում, սակայն տիրող իրավիճակի, Երեւանի այժմյան պատկերի գլխավոր պատասխանատուն հենց Նարեկ Սարգսյանն է: Սակայն նկատենք, որ հեղափոխությունը պետք է հասնի հենց քաղաքաշինության ոլորտ. այստեղ եւս հեղափոխություն է անհրաժեշտ, սակայն 2018 թվականից մինչ օրս որեւէ շարժ չենք տեսնում: Ի վերջո, ե՞րբ պետք է կարգավորվի ոլորտը, եւ ո՞վ պետք է պատասխան տա նախկին քայլերի համար»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը: Այս համաձայնագրերի վավերացման արդյունքում կառավարությանը հասանելի կլինեն ընդհանուր առմամբ 315 մլն դոլարի չափով վարկային միջոցներ՝ 208 մլն ծրագրի առաջին փուլում և ևս 35 մլն երկրորդ փուլում: Կառավարությունը այդ միջոցները մտադիր է օգտագործել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող բացասական հետևանքների մեղմելուն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորմանը»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում արտակարգ դրությունը շարունակվում է արդեն երեք ամսից ավելի, համավարակային վիճակը՝ ավելի երկար, ինչը, բնականաբար, ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն երկրի ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի, այլև առաջին հերթին տնտեսության վրա։ «Փաստ» թերթի հետ զրույցում մի քանի գործարարներ, մասնավորաբար ՓՄՁ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ նշել են, որ իրենց մատուցած ծառայություններն այլևս չեն արդարացնում իրենց, ավելին՝ իրենք գրեթե գտնվում են սնանկացման եզրին։ Ձեռներեցներն աշխատանքից չեն ազատել իրենց աշխատակիցներին՝ հասկանալով ստեղծված էքստրեմալ պայմանները, սակայն իրենց բիզնեսը գրեթե ամբողջովին հայտնվել է փակման եզրին, մարդիկ այսօր անգամ վարձակալության և հարկային պարտականություններն իրականացնելու խնդիր ունեն, իսկ հակաճգնաժամային միջոցառումները որևէ արդյունք չեն տալիս, որևէ նպատակայնություն չունեն։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Պետության կենսագործունեության կարևոր ոլորտները կարգավորող իրավական ակտերում նման շտկումների անհրաժեշտությունը ոչ միայն ոլորտի զարգացումից է կախված, այլև օրենքի կիրարկման ընթացքից: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նոր խմբագրված տարբերակն ուժի մեջ է մտել երեք տարի առաջ, բայց արդեն այսօր ոլորտի լիազոր մարմինը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է այն շտկելու և փոփոխությունների ենթարկելու օրենսդրական փաթեթ, որում ընդգրկված են երկու տասնյակը գերացանցող ուղղումներ ու լրացումներ: Փոփոխություններ են կատարվում նաև վերջինիս հետ առնչվող այլ օրենքներում: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնմանը զուգահեռ, առաջնային խնդիր են նաև դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ հատկապես համայնքի բնակիչների համար: Վերջին խնդիրները լուծելու համար ՏԻՄ-երի կողմից մշակվում են տարեկան աշխատանքային պլաններ, սակայն այդ գործընթացը մայր օրենքով չի կարգավորվում: Առաջարկվող նախագծով դրա համար սահմանվել է նոր հոդված, որում սահմանվում են տարեկան աշխատանքային պլանի հասկացությունը և դրա մշակման ու ընդունման հետ կապված ընթացակարգային դրույթները: Օրենսդրական փաթեթով ուժեղացվում է տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ բնույթը, բարձրացվում աշխատանքների արդյունավետությունը, հստակեցվում են ՏԻՄ-երին վերապահված մի շարք լիազորություններ: Այս ամենն իր ուղղակի դրական ազդեցությունը կունենա համայնքի բնակիչների ապրելակերպի որակի և սոցիալ-տնտեսական գործունեության վրա»: