23.11.2024
Մամուլ. Օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հերթական բիզնես հաղթանակը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Մանվել Գրիգորյանը մասնավոր ինքնաթիռով կտեղափոխվի Ֆրանսիա բուժման

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ընտանիքը ցանկանում է հասնել նրան, որ հնարավորություն տրվի նրան տեղափոխել Ֆրանսիա՝ բուժումը այնտեղ շարունակելու համար: Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն մեկ ամիս օդային հաղորդակցություն չկա, ինչը նկատի ունենալով՝ նրա ընտանիքի ներկայացուցիչները հետաքրքրվել են մասնավոր օդանավ վարձելու հնարավորությամբ: Ֆրանսիայից օդանավի Հայաստան գալ-գնալը կարժենա 10 հազար դոլար, որը, կարծում ենք, այնքան էլ մեծ գումար չէ Գրիգորյանի ընտանիքի համար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրություններում դիտորդություն անելու նպատակով ՀՀ ԱԺ-ից մեկնել էին չորս պատգամավոր՝ պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Նրանք են՝ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանն ու Արտյոմ Ծառուկյանը։ Նկատենք սակայն, որ մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրություններում Ազգային ժողովի ավելի մեծ թվով պատգամավորներ էին մեկնել դիտորդական առաքելություն իրականացնելու։ Մասնավորապես, այս անգամ Արցախ չեն մեկնել Անի Սամսոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արթուր Դալլաքյանը, Համազասպ Դանիելյանը, Ռուստամ Բաքոյանը։ Այս անգամ մեկնած պատգամավորները եւս կորոնավիրուսի թեստ էին հանձնել։ Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մեզ հետ զրույցում նշեց, թե այս անգամ Արցախ չմեկնելն իր անձնական որոշումն է եղել եւ միայն վերջին պահին է հրաժարվել մեկնել՝ սոցաջակցության ծրագրերի խորհրդատվական սշխատանքները համակարգելու պատճառով։ Հավելենք, որ մեր տեղեկություններով, ավելի փոքր թվով պատգամավորների Արցախ մեկնելը կապված է նաեւ կորոնավիրուսի ու Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի հետ։ Մեր տեղեկություններով, որոշում է կայացվել ռիսկի չդիմել եւ դիտորդությունն իրականացնել ավելի քիչ պատգամավորներով»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ դրության երկարաձգման որոշման ամենաուժգին հարվածը ստացել է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հերթական եւ անորոշ ժամկետով հետաձգվել է նրա միջնեկ որդու հարսանիքը, որը նշանակված էր ապրիլի 3-ին, սակայն մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել էր: «Փաստորեն, իշխանության երեսից Դուք էլ «քաշվեցիք»»,- երեկ կատակով հարցրել է մեր լրագրողը։ Պատգամավորն ասել է. «Մենակ հարսանիքով չէ, կա նաեւ ամուսնություն», եւ չի բացառել, որ եթե ներկայիս իրավիճակը երկար շարունակվի, ապա սուսուփուս ամուսնությունը կկազմակերպեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ մեր աղբյուրից հետաքրքրվեցինք` ի՞նչ ռեժիմով են այս օրերին աշխատում իրենք։ «Ինչպես բոլորը, երեքշաբթի ՍԴ նիստ ունենք, բոլորը ներկա կլինեն, մնացած օրերին ասել ենք` կարող են չգալ, աշխատել հեռակապով․ մենք ունենք տեխնիկական այդ հնարավորությունները»: Իսկ Վահե Գրիգորյանի հետ ինչպե՞ս եք աշխատում։ «Նախ` ինքը պետք է աշխատի մեզ հետ, որ մենք էլ որոշենք` ինչպես»: Գալի՞ս է գործի։ «Երբ ուզում է, գալիս է, երբ չի ուզում, չի գալիս. ինքը շատ վաղուցվանից էր «ինքնամեկուսացված»: Պատրաստվո՞ւմ եք հանրաքվեի։ «Եթե արտակարգ ռեժիմը երկարաձգվեց, անկախ ամեն ինչից` ընթացակարգը հստակ է` արտակարգ ռեժիմի ավարտից հետո, եռօրյա ժամկետում հանրապետության նախագահը պետք է նշանակի հանրաքվեի օր»: «Ապյած վ Սոչի` նա տրի նոչի՞». կրկին քարոզարշավ, բուկլետներ, հանրահավաքներ, մետրո` բուկլետի պատռում, իսկ այս ընթացքում, ասում են, մարզերի բնակչությունը բողոքում է սովից, նամակներով հեղեղում են ԱԺ պատգամավորներին: «Դա մեր հարթության քննարկելիք խնդիր չէ, հստակ է մեկ բան․ արտակարգ դրությունը երկարաձգելուց հետո հանրաքվեն կկայանա ամենաշուտը օգոստոսին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Չնայած Արցախում արտակարգ իրավիճակի հայտարարմանը, բոյկոտի կատաղի կոչերին եւ կորոնավիրուսի առաջին դեպքերի արձանագրմանը, մասնակցության բավականին բարձր ցուցանիշ գրանցվեց՝ մոտ 44 տոկոս: Ուշագրավ էր հատկապես Սամվել Բաբայանի քվեարկությունը․ ի հեճուկս առաջին փուլում իր դաշնակից Մասիս Մայիլյանի բոյկոտի կոչի, Բաբայանը երեկ գնացել էր ընտրատեղամաս եւ կատարել իր ընտրությունը: Իսկ լրագրողների համառ պնդումներին, թե ում է տվել իր ձայնը, ոչ հստակ ու հեգնական պատասխան էր տվել․ «Քվեարկել եմ Մասիս Մայիլյանի օգտին՝ տենց ձե՞ռ ա տալիս ձեզ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախի նախագահի ընտրությունները կայացան. Արայիկ Հարությունյանը, որ առաջին փուլում ստացել էր 49,26 տոկոս ձայն, երկրորդ փուլում ստացել է նախնական հաշվարկով մոտ 88 տոկոս քվե` ընտրվելով Արցախի հանրապետության նախագահ: Հիշեցնենք, որ թեեւ քվեաթերթիկում նշված էր թեկնածու Մասիս Մայիլյանի անունը, այնուամենայնիվ, նա անգամ երեկ քվեարկության չի մասնակցել, ավելի վաղ կոչ էր արել իր համակիրներին չմասնակցել ընտրություններին` խուսափելով կորոնավիրուսի տարածումից: Մինչդեռ եթե մի օր առաջ աներ հայտարարությունը, կարող էր ընդհանրապես ընտրություններից հրաժարվել` առավել մեծ օգուտ տալով Արցախին եւ չվտանգելով արցախցիների առողջությունը: Ինչեւէ, կոչի արդյունքում նա ստացել է կրկնակի պակաս ձայներ` հավաքելով մոտ 10 տոկոս քվե` նախնական հաշվարկով: Ուշագրավ է, որ ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը լուսացրել է Արցախում, իսկ Մասիս Մայիլյանն արդեն Երեւանում է, որտեղ կմնա մի քանի օր: Ըստ ամենայնի, հետագա իր գործունեության մասով որոշակի ճշգրտումներ անելու անհրաժեշտություն ունի: Իսկ Արայիկ Հարությունյանն արդեն հայտարարել է, որ Արցախում բոլորն իր բարեկամներն են եւ պատրաստ է համագործակցել բոլորի` այդ թվում եւ Մասիս Մայիլյանի եւ նրան նախորդ փուլում սատարած Սամվել Բաբայանի հետ»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության օրերին առանցքային դերակատարություն ունեին քաղհասարակության ներկայացուցիչները։ Նիկոլ Փաշինյանն իշխանություն ձեւավորելու ընթացքում լիարժեք օգտվեց քաղհասարակության «կադրային բանկից»՝ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններ ձեւավորելու հարցում, եւ ներկայումս, տարբեր հաշվարկներով, իշխանական թիմի 30-35 տոկոսը կազմում են քաղհասարակության կադրերը։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայումս քաղհասարակության սեգմենտն այդքան էլ գոհ չէ իշխանության մեջ գտնվող «իրենցականներից», քանի որ նրանց մեծամասնությունն արդեն կտրվել է իրականությունից՝ մոռանալով սեփական «արմատները», էապես վնասելով հասարակական սեկտորի համբավը։ Ներկայումս իշխանության մեջ գտնվում են մարդիկ, որոնք հենց քաղհասարակությունից են դուրս եկել, կրթվել, կայացել, մարդու իրավունքների, ժողովրդավարության ջատագով են եղել, սակայն ներկայումս ամեն ինչ մատնվել է մոռացության։ Նրանք առավելապես աչք են փակում իշխանությունների կողմից թույլ տրվող անօրինականությունների կամ կամայականությունների վրա, քանի որ հիմա իրենք են իշխանության մեջ: Թերթի հետ զրույցում քաղհասարակության ներկայացուցիչներից մեկը նշել է, թե իրականում քաղհասարակությունը նույնպես միատարր չէ, այստեղ էլ կան «էլիտար» խմբեր, որոնք տարբեր հարցերում, այդ թվում՝ ֆինանսավորման ու վճարման, տարբերակված մոտեցում են ցուցաբերում, մասնավորաբար «գերակա» համարելով նրանց, ովքեր, օրինակ՝ կրթություն են ստացել ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գլխավոր դատախազի մտերիմ, դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի թալանի գործը մտել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատախազի բնակարանի թալանի գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել 4 անձ: Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 11-ին Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում կատարված գողության ահազանգով դեպքի վայր շտապած ոստիկանները նկատել էին, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր տեղադրեցին ու դիմեցին փախուստի: Հետապնդել էին Mercedes-ին եւ կարողացել էին կանխել Mercedes-ի հետագա փախուստը եւ 4 անձի բերման էին ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բնակարանը, որը ցանկացել էին թալանել, պատկանել է այդ օրերին Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին: Սակայն ուշագրավ է, որ դատախազի մարզային կացարանում գողերի համար հարմար շատ իրեր չէին գտնվել:


Հիմա այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մտել է դատարան եւ մեղադրյալի աթոռին են հայտնվել 4 անձ ՝ Սամվել Հասանյանը, Գեւորգ Մանուկյանը, Անդրանիկ Առաքելյանը եւ Արմեն Հարությունյանը։ Նրանցից կալանքի տակ է գտվում միայն Սամվել Հասանյանը: Սա այն գործն է, որի քննությունից ամեն կերպ խուսափում էր դատախազ Արսեն Մարտիրոսյանը` լինելով «օրենքի մարդ»: Նա ՀՀ քննչական կոմիտեի կողմից ուղարկված հրավեր-ծանուցումներով հարցաքննության չէր ներկայանում եւ որեւէ պատճառաբանություն չէր էլ ներկայացնում: Ու այս գործով հիմա դատավոր Սուսաննա Գզոգյանը պետք է որոշում կայացնի: Հիշեցնենք, որ Արսեն Մարտիրոսյանն այն դատախազն է, որը այսպես ասած, սուրբ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ եւ 2019 թվականի օգոստոսի 22-ին ազատվեց Լոռու մարզի դատախազի պաշտոնից եւ նշանակվեց Գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ: Ավելին, ի նշան Արթուր Դավթյանի հավատարմության, Մարտիրոսյանը նշանակվեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ոստիկանները արդեն մեկ ամիս է՝ լարված և անքուն ծառայություն են իրականացնում՝ ապահովելով արտակարգ ռեժիմի պահպանումը, սակայն նրանք ևս զրկվել են մարտ ամսվա պարգևավճարներից: Սա ոստիկանության աշխատակիցների մոտ դժգոհություն է առաջացրել, որովհետև նրանք իսկապես արժանի էին պարգևատրման 24-ժամյա աշխատանքի համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երեւան-Էջմիածին մայրուղում: Ոստիկանները կանգնեցրել են գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր ավտոմեքենան, որն ուղեւորվելիս է եղել Երեւան: Հարցին, թե ուր է գնում, գեներալի դուստրը պատասխանել է՝ Երեւան, շան կեր գնելու: Ոստիկաններից մեկը զարմացել է՝ ինչ է, Էջմիածնում շան կեր չկա՞: Գեներալի դուստրն էլ պատասխանել է՝ իմ շունն Էջմիածնի կերը չի ուտում: Ի վերջո, ոստիկանները թույլ չեն տվել գուրման շան տիրոջը Երեւան գնալ, ու նա ստիպված վերադարձել է Էջմիածին: Թե դուստրերից որն է եղել՝ Այծեմնիկը, Արփենիկը, թե դատավոր Նաիրա Գրիգորյանը, լուրը մեզ փոխանցող քաղաքացին չգիտեր: «Դժվար դատավորը եղած լինի: Բայց կարամ ասեմ, որ ավտոն ջիպ էր»,- ասաց նա: Մանվել Գրիգորյանի մամուլի հետ կապն ապահովող, ԵԿՄ նախկին խոսնակ Վարդան Վարդանյանն էլ չգիտեր, թե եղե՞լ է արդյոք նման միջադեպ: «Պարոն Գրիգորյանը երեք աղջիկ ունի, բոլորն էլ շատ շներ ունեն, կփորձեմ պարզել»,- ասաց նա: Հետո էլ ասաց՝ չկարողացա պարզել: Ոստիկանության հասարակության եւ լրատվության վարչությունից պատասխանեցին, որ հազարավոր մարդիկ են գնում-գալիս Էջմիածնի ճանապարհով. «Ի՞նչ իմանանք, ով ում աղջիկն ա, ով ում տեգոր կինը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը նախատեսված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը չի կայացել. արտահոսքեր լինելու պատճառով որոշել են այլեւս չհավաքվել, որ մանրամասները մամուլում չհայտնվեն, խիստ կոնսպիրատիվ` յուրայիններով «մշակել» հարցերը: Նույն օրը «Իմ քայլի» հանձնաժողովականները քննարկում են արել՝ առանց ընդդիմադիրների։ «Ուտեչկայի» պատճառո՞վ տեղի չունեցավ նիստը՝ հարցրինք հանձնաժողովի անդամ Գեւորգ Գորգիսյանին։ «Ոչ, արտահերթի պատճառով՝ ոտքի վրա որոշակի քննարկում եղել է, մինչեւ ամսի 16-ը հնարավոր է նման աշխատանքային թեթեւ մի քննարկում էլ լինի»: Դիմակներո՞վ եք մասնակցելու 16-ի նիստին։ «Ես ԱԺ նիստերին էլ եմ մասկայով մասնակցում, հուսով եմ` բոլոր կանոնների պահպանմամբ կանցկացվի նիստը՝ սենյակը մեծ է, սոցիալական հեռավորության խնդիր լինել չի կարող»: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նիստից։ «Ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները, որոնք առաջացել են մնացած հրավիրյալներին լսելուց հետո»: Ի՞նչ է «հուզում» կոնկրետ Ձեզ։ «Ունեմ մի քանի հարցի պատասխանի ակնկալիք, որոնք բարձրաձայնելու հարկը չեմ տեսնում այս պահին»: Ապրիլյանը ձեզ համար հաղթակա՞ն պատերազմ էր, թե՞ պարտություն։ «Միանշանակ` հաղթական էր, դա մեր հերթական հերոսամարտն էր»: Այդ դեպքում քննիչ հանձնաժողովն ապրիլյանի օրերի գերագույն գլխավոր հրամանատարին ինչո՞ւ է «քննում»։ «Ցանկացած պրոցես չի կարող զերծ լինել թերություններից, կարեւոր է ամեն մի մարտահրավեր ուսումնասիրել` բացահայտել թերացումները, որպեսզի դրանք երբեւէ չկրկնվեն, բոլոր օղակները ներդաշնակ աշխատեն»: Հանձնաժողովը պահանջել էր` չգալու դեպքում հիմնավորել, ունի՞ նման լիազորություն հանձնաժողովը։ «Դա նամակի հիմնական կետերից չէր, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի անցած ուղին, նրա զբաղեցրած պաշտոնները, կարծում եմ՝ չգալու որեւէ պատճառ չպետք լիներ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսով հիվանդների, այսպես ասած` կադրային բանկը որտե՞ղ է պահվում՝ հարցրինք խնդրով զբաղվող իշխանական աղբյուրին։ «Առողջապահության նախարարության էլեկտրոնային համակարգում»: Շա՞տ են հիվանդները, մեկուսացվածները: «Եթե մեկուսացվածների մասով ասենք՝ Երեւանում կարանտինի մեջ է մոտ 1000 հոգի, 700-ին մոտ` Ծաղկաձոր-Աղավնաձորում, Տավուշում կան մեկուսացվածներ»: Բոլորին թեստեր արվե՞լ են։ «Իհարկե, սակայն մեծամասնության մոտ հիվանդության սեգմենտները բացակայում են, 150 հոգուց մոտ 10-12-ն են հաստատվում․ միջին ցուցանիշն այդքան է։ Ավելի նուրբ խնդիր կա, այսպես ասած` փոխհարաբերությունների մասով։ Մարդիկ կան, որ չեն ցանկանում մնալ կարանտինում, մեկուսացմանը չեն դիմանում՝ վիճում են, կոպտում, երբեմն անթույլատրելի վարքագիծ դրսեւորում, կա, որ փորձում են փախչել, թույլ չենք տալիս, անգամ բժիշկներից մեկի վրա փորձել էին դանակ հանել, որ թույլ տա դուրս գան․․․»: Նման դեպքերի համար կարծես քրեական պատասխանատվություն է նախատեսվում։ «Պատկերացրեք` կարանտինից այդքան խուսափողների նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանվի, ի՞նչ դուրս կգա»։ Մեկուսանալ չցանկացողները կոնտակտավորների ո՞ր տոկոսն են կազմում։ «Ամեն խմբում հինգ-վեց հոգի լինում են»: Բանը դիվանբաշուն չի՞ հասնում։ «Ոչ, իհարկե, ամեն կերպ փորձում ենք խնդիրը կարգավորել։ Վերջին դեպքն էր դժվար՝ կինը մահացել էր, ամուսինը Ռուսաստանից եկել էր, իրեն իզոլացրել էինք, առավոտյան պետք է ոստիկաններով, կամավորներով մասնակցեր թաղմանը, հոգեբանորեն դժվար վիճակում էր, ոչ ադեկվատ վարքագիծ էր դրսեւորում՝ չէր ենթարկվում, ինչն էլ մասամբ հասկանալի էր… էնպես որ` հեշտ չէ»:


«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ժողովրդով նստեց վարչապետ, հիմա ժողովրդին արհամարհում է»: Սա, ի տարբերություն իշխանավորների, պարգեւավճար չստացող, տեւական ժամանակ հարկադիր պարապուրդում գտնվող երթուղայինի վարորդի տեսակետն է: Երեկ երթուղայինների վարորդները բողոքի ակցիայի էին դուրս եկել՝ հայտարարելով, որ այլեւս ի վիճակի չեն ընտանիք պահել, իսկ իշխանություններն անտեսում են իրենց, նաեւ իրենց նման բազմահազար մեր համաքաղաքացիների: Հետեւելով վերջին շրջանի հասարակական արձագանքներին, դժվար չէ նկատել, որ նշյալ վարորդի գնահատականը յուրատեսակ ամփոփումն է «հպարտ քաղաքացիների» գերակշիռ մեծամասնության առկա վիճակի ու իշխանությունների հանդեպ վերաբերմունքի:


Եթե հաշվի առնենք արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումներն ու միեւնույն ժամանակ դժվարին այս փուլում կտրուկ գործողություններ կատարելու անթույլատրելիության եւ հնարավորինս անցնցում առկա կացությունից միասնաբար դուրս գալու անհրաժեշտության գիտակցումը, հասկանալի է, որ առկա դժգոհություններն առայժմ կուտակվում են եւ արտահայտվում միայն սոցցանցերում: Միայն գազի ու էլէներգիայի վարձավճարների հետ կապված հատվածական ու կիսատ-պռատ որոշման վերաբերյալ (ինչի մասին է խոսում նաեւ բուռն քննադատություններից հետո 30 տոկոս փոխհատուցման կոնյուկտուրային, բայց գովելի նոր որոշումը) տեղեկության արձագանքները չափազանց խոսուն են: Այնինչ, նախօրեին վարչապետը գրառում էր կատարել, թե «մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը»: Շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ գործ ունենք իրականությունից իսպառ կտրվելու կամ պարզապես իրականության աչքերին նայել չցանկանալու հետ: Ի դեպ, խոսքը միայն սոցիալական խնդիրներին չի վերաբերում, այլ ընդհանրապես տնտեսությանը: Մասնավորաբար, «Փաստի» հետ զրույցում Աուդիտորների նախագահ Նաիրի Սարգսյանը նշում է. «Որեւէ քայլ չկա՝ բացի պոպուլիզմից ու ականջահաճո հայտարարություններից: Այժմ ներկայացվել են կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման փաթեթներ, որոնք որեւէ տնտեսական ազդեցություն չեն թողնում եւ բիզնեսի համար որեւէ օգտակար նշանակություն չեն կարող ունենալ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սյունիքի մարզի Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի գործողությունների մասով քրեական գործ է հարուցվել: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 4-ին Սիսիան քաղաքում ոստիկանները կանգնեցրել էին ավագանու անդամներից մեկին, պահանջել տեղաշարժի թերթիկ։ Որոշ ժամանակ անց, Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանը և մի քանի ոստիկաններ գնացել էին քաղաքացու աշխատանքի վայրը և ծեծի ենթարկել նրան, հորը և բարեկամին, ով փորձել էր նկարահանել ոստիկանների անօրինական գործողությունները: Ավելին` նրանից խլել էին հեռախոսը և մինչ այս պահը չեն վերադարձրել։ Դրանից երկու օր անց` ապրիլի 6-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Գառնիկին բերման են ենթարկել ոստիկանության Սիսիանի բաժին գողության կասկածանքով: Ըստ քաղաքացու, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ իր աշխատասենյակում, ծեծի է ենթարկել իրեն` պահանջելով տալ խոստովանական ցուցմունք։ Եւ առաջին, եւ երկրորդ դեպքերով քաղաքացիները բողոք էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որտեղ, ինչպես փոխանցեցին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, բողոքների մասով քրեական գործ է հարուցվել։ Թե ինչ ընթացք ու ավարտ կունենա քննությունը, դեռ վաղ է ասել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի ապրիլի 10-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 365,5 մլրդ դրամ։ Այն կազմում է 2020 թվայանի առաջին կիսամյակի հաստատված ցուցանիշի 44․8 տոկոսը։ Ընդ որում, ապրիլի 10-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը, 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 13,4 տոկոսով կամ 43,2 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը 44,8 տոկոսով կամ 113,1 մլրդ դրամով։ Նկատենք, որ 2020 թվականի առաջին կիսամյակի հարկային եկամուտների մասին խորհրդարանում ապրիլի 2-ին խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ներկայացրել այդ ժամանակվա տվյալները։ «2019 թվականի բյուջերի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով: Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով», -նշել էր ՀՀ վարչապետը։ Այսինքն, թվերը մի փոքր տարբերվում են։ Միեւնույն ժամանակ Փաշինյանն ընդգծել էր կորոնավիրուսի հետեւանքով առաջացած անորոշությունները եւ հույս հայտնել, որ ճգնաժամային պայմաններում կարողանանքնույնքան արդյունավետ որոշումներ կայացնել»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարակը մոլեգնում է երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ գրեթե անգործ են և առանց եկամտի, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 1 միլիոն դոլարի պայմանագիր է կնքում «Արմոբիլ» պահնորդական ընկերության հետ՝ հարկայինի շենքի դռանը պահակություն անելու համար։ Գործարքը «հրատապ» գնումով է, և հրավերն ու գնումը տեղի է ունեցել կորոնավիրուսի պիկի օրերին՝ մարտի 20-ից ապրիլի 1-ը։ Զավեշտը նրանում է, որ ՊԵԿ-ը 25 տարուց ավելի ունի իր պահակները՝ ոստիկանների հետ համատեղ։ Նշենք, որ «Արմոբիլը» յուրային պահնորդական կազմակերպություն է, նախորդների օրոք դավանել է «ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես» սկզբունքը»։


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. ««Ժողովրդագրական բացասական ցուցանիշներն առաջին հերթին հարվածում են պետության անվտանգությանը, հարցն առանձնակի նշանակություն ունի մեր երկրի համար, երբ ունենք չավարտված պատերազմ արեւելյան սահմանին եւ 80 մլն բնակչություն ունեցող ոչ բարյացակամ վերաբերմուքն ունեցող հարեւան արեւմուտքում: Ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու համար կառավարությունը իրականացնում է նպատակային մի շարք սոցիալական ծրագրեր: Ծնելիության մակարդակը բարձրացնելու նպատակով սահմանված են երկրորդ եւ երրորդ երեխաների ծննդյան նպաստներ: Ամուսնությունները խթանելու համար պարբերաբար իրականացվում են երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրեր: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախորդ շաբաթ շրջանառության մեջ է դրել հերթական միջոցառումը` երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու 2020-23թթ. Պետական աջակցության ծրագիրը»։


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության իրականացրած եւ 2019 թ. հրապարակած վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում ալկոհոլի օգտագործման ծավալներն աստիճանաբար աճում են: 2010-ից հետո ալկոհոլի օգտագործման ցուցանիշն ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը: Ալկոհոլային խմիչքների աճի միտում կա նաեւ երիտասարդության շրջանում: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014 թթ. ազգային հետազոտության տվյալների համաձայն, ալկոհոլային խմիչք շաբաթը առնվազն մեկ անգամ օգտագործում են մինչեւ 11 տարեկան տղաների 7 տոկոսը, աղջիկների 2 տոկոսը: 2016 թ. տղամարդկանց շրջանում լյարդի բոլոր հիվանդությունների մեջ ցիռոզի մահվան դեպքերը կազմել են 69 տոկոս, որոնցից 4․8 տոկոսը պայմանավորված է ալկոհոլային ցիռոզով: Մտահոգիչ է նաեւ ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ «Օրենքը հնարավորություն կտա նվազեցնել ալկոհալային խմիչքների արտադրությամբ եւ/կամ վաճառքով զբաղվող ընկերությունների ազդեցությունը սպառողների վրա, ինչն իր հերթին կնվազեցնի նաեւ ալկոհոլի սպառումը բնակչության կողմից։ Ուրախ եմ, որ օրենքը գրվել է արտադրող եւ ներմուծող ընկերությունների հետ սերտ համագործակցության արդյունքում, եւ հույս ունեմ, որ ալկոհոլային խմիչքներով զբաղվող ընկերությունները եւս իրենց ներդրումը կունենան այս գործընթացում հանուն բնակչության առողջության»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասում է օրենքի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը»։