VERELQ-ը ներկայացնում է հայաստնյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանը, ի տարբերություն դրան նախորդած քննարկումներին, անցավ ընդգծված սիրո եւ համերաշխության մթնոլորտում։ Երբեմնի ագրեսիվ, ամեն առիթով ընդդիմության վրա մատ թափ տվող Նիկոլ Փաշինյանը երեկ փափուկ տրամադրություն ուներ, ընդդիմադիրների հարցերին պատասխանում էր աննախադեպ հարգանքով ու գորովանքով։ Նա մի քանի անգամ հատուկ շեշտեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների, հատկապես Էդմոն Մարուքյանի հարցերի կարեւորությունը՝ նշելով, որ շատ կարեւոր հարցեր են բարձրացնում, շնորհակալություն հայտնեց նրանց, անգամ խնդրանքով դիմեց։ Վարչապետի ձայնի մեջ հանդարտություն էր նկատվում, ձայնը չէր դողում, ոչ մեկի վրա չէր բղավում, ոչ ոքի չէր ծեփում ասֆալտին։ Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ այնպես էր հարձակվել նույն Էդմոն Մարուքյանի վրա, որ թվում էր՝ կխեղդի նրան հենց ամբիոնի մոտ։ Սա, թերեւս, կորոնավիրուսի «զորությանն» արժե վերագրել, երբ ճգնաժամի մեջ հայտնված վարչապետը վերջապես գիտակցել է, որ ընդդիմության հետ պետք է ոչ թե թշնամանալ ու անընդհատ քարկոծել՝ իրենց քննադատելու համար, այլ բարեկամանալ՝ գոնե առերեւույթ եւ գոնե այս ճգնաժամային շրջանում, երբ միայն համախմբված պայքարը մեզ դուրս կբերի ստեղծված ծանր իրավիճակից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր` ԱԺ հերթական նիստին զուգահեռ, ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը կլսի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Նիստի հետ կապված արարողակարգային ի՞նչ խնդիրներ են լուծվել` հարցրինք Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին։ «Նախագահի պահպանության ծառայության աշխատակիցները եկել են ԱԺ, ԱԺ պահպանության ծառայության աշխատակիցների հետ քննարկել են անհրաժեշտ հարցերը, բոլոր խնդիրները լուծված են»: Ո՞ր մուտքից են «նախկինները» մտնելու շենք։ «ԱԺ նախագահի մուտքով»: Ավտոմեքենաներին թույլ տրվելո՞ւ է մտնել ԱԺ տարածք։ «Այո»: ԱԺ նախագահն ընդունելո՞ւ է երրորդ նախագահին։ «Որեւէ պայմանավորվածություն չկա այդ մասով»: Դիմավորելո՞ւ եք իրեն։ «Այո, հանձնաժողովի ներկայացուցիչը»: Սերժ Սարգսյանը պատրաստվում է նիստից առաջ հարցազրույց տալ լրագրողներին, դա ինչպե՞ս եք կանոնակարգել։ «Մենք այդ մասով որեւէ կազմակերպչական աշխատանք չենք կատարել, որեւէ խնդրանք՝ այդ հարցի հետ կապված էլ, չի եղել»: Լրագրողների հետ կապված` սոցիալական հեռավորության մասը նկատի ունեի։ «Ենթադրվում է` անվտանգության ծառայությունը կկարգավորի այդ հարցը»: Քննիչ հանձնաժողովի նախագահն ասել էր, որ խնդիր չի տեսնում, նիստից մեկ օր առաջ հանձնաժողովի անդամները կանցնեն կորոնավիրուսի թեստ՝ անցե՞լ են։ «Հանձնաժողովի անդամներից որեւէ մեկի մոտ որեւէ առողջական գանգատ չկար, հետեւաբար, թեստավորման որեւէ կարիք հանձնաժողովում չեն տեսել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե նախկինում Հանրապետականը թատերականացված հարցուպատասխան էր բեմադրում՝ պատգամավորները նախապես սերտած հարցեր էին տալիս կառավարության անդամներին, որ նրանք իրենց ուզած տեղեկատվությունը տարածեն ԱԺ ամբիոնից, այժմ էլ այդ ավանդույթը չի վերացել։ Ուղղակի առաջ ավելի սահուն էին արտասանում տեքստերը, իսկ նախարարներն առանց «շպարգալկայի» էին խոսում: Երեկ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ խոստովանեց, որ նախապես տեղյակ է եղել, թե ինչ հարց է իրեն ուղղվելու, եւ պատրաստված է ներկայացել, ու հրապարակեց իր հին ելույթի ձայնագրությունը: «Շպարգալկայով» էր ներկայացել նաեւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա, ի պատասխան Տաթեւիկ Հայրապետյանի՝ Արցախի ընտրությունների եւ միջազգային արձագանքի մասին հարցին, առանց աչքը թղթից կտրելու, մի շնչով կարդաց իր առջեւ դրված տեքստը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարություն էր տարածել` ի թիվս այլ մտահոգությունների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հորդոր անելով, որին պատասխանեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը: Նա հիշեցրեց, որ կաշառքի օժանդակություն կատարելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին բուժման նպատակով Հայաստանից թույլատրվել էր դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին, որի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ յուրաքանչյուրը վճարելով 15-ական մլն դրամ։ Սակայն Մայրապետյանը գնաց ու այլեւս չվերադարձավ: Այսինքն` Կառավարությունը հիշեցրել էր վատ նախադեպը` հասկացնելով, որ չարժե անգամ մտածել Քոչարյանին ազատ արձակելու հեռանկարի մասին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել Կաթողիկոսի դիրքորոշումը` ինչ է արվելու հաջորդիվ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը որեւէ կերպ չմեկնաբանեց: Հետաքրքրվեցինք` արդյոք փոշմանել է երաշխավորության համար, նա նշեց, թե այդ մասով այս պահին մեկնաբանություն անել չի ցանկանում»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ապրիլի 2-ին Երեւանի Մարգարյան փողոցում ծեծի էր ենթարկվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանը։ Ըստ մամուլի հրապարակումների, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ նրան իջեցրել է մեքենայից, ապա վիճաբանել ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, վնասել նրա մեքենայի կողային հայելին և պատճառել վնասվածքներ, ու հեռացել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանն այս դեպքից հետո դիմել է ոստիկանություն, որպեսզի իր անվտանգությունն ապահովեն եւ ոստիկանությունը նրան երկու աշխատակից է կցել: Իսկ ինչ վերաբերվում է միջադեպին, ապա «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այն եղել է մեքենաները չզիջելու հարցի շուրջ եւ գործով կա ձերբակալված մեկ անձ: Նա, ըստ մեզ հասած լուրերի, ընդամենը միջադեպի ականատես է եղել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 14-ին ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը համացանցում հայտարարություն տեղադրեց, որ «իրականացնում ենք սոցիալական աջակցություն` մոտ 1100 անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջևանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ»: Պարզվում է` դպրոցի այդ սննդամթերքը գրավել է ՀՀ ՊՆ աշխատակիցների ուշադրությունը, որոնք գիշերով որոշել են թալանել աղքատների համար նախատեսված պարկերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ապրիլի 14-ի գիշերը Իջեւան քաղաքի 4-րդ դպրոցի պահակ Կարեն Մկրտումյանը ահազանգել է ոստիկաններին` հայտնելով, որ դպրոցում օգնության պաշարներ կան եւ ինչ որ մարդիկ հարձակվել են իր վրա և հանել ապրանքի մի մասը շենքից: Ավելի ուշ պարզվել է, որ ՊՆ ծառայող Գեղամ Սարուխանյանը եւ Գարիկ Պետրոսյանը և եւս մեկ ՊՆ ծառայող Էրիկ Մելիքսեթյանն են եղել գողության հեղինակները, որոնք բերման են ենթարկվել»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության չորս պատգամավորներ՝ Արթուր Գրիգորյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Դալլաքյանը, Հրանտ Մադաթյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով լրացում կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում և արգելել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի եզրից մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող շենքերում կամ շինություններում սգո սրահների շահագործումը: Այս առաջարկը թերևս կարելի էր լուրջ ընդունել և քննարկել, եթե պատգամավորները հանդես գային անվտանգության և քաղաքաշինական նորմերը խախտող գազալցակայանների գործունեությունը արգելելու առաջարկով: Բայց նրանք նման բան չեն անի, քանի որ դեռ այդպիսի նախաձեռնություն չներկայացրած՝ կզրկվեն պատգամավորական մանդատից: Իսկ համաձայնվեք, որ սգո սրահներն անհամեմատ ավելի անվտանգ են, քան գազալցակայանները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսպիսով, Արցախն ունի նոր ընտրված նախագահ։ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ կուսակցությունների դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների մոտ 88 տոկոսը։ Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցել է 47165 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 45%-ը, Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5728 ընտրող կամ 12%-ը, Արայիկ Հարությունյանի օգտին` 39860 ընտրող կամ 88%-ը։ Իսկ երբ է Արայիկ Հարությունյանը ստանձնելու իր պարտականությունները։ Արցախի Սահմանադրության 91-րդ հոդվածը սահմանում է․ «Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության եւ ի բարօրություն Արցախի ժողովրդի»: Իսկ Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մինչեւ մայիսի 19-ը երկու կառույցներն էլ՝ խորհրդարանն էլ, նախագահական ինստիտուտն էլ գործելու են եւ ԱԺ հատուկ նիստն ու հետեւաբար լիազորությունների ստանձնումը տեղի կունենա մայիսի 20-ից։ Իսկ ինչ կադրային քաղաքականություն է վարելու նորընտիր նախագահը․ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա ներկայացրեց այն չափանիշները, որոնցով առաջնորդվելու է, սակայն մեր տեղեկություններով, այս պահին դեռ վերջնական որոշում առկա չէ՝ ովքեր կգնան կամ կմնան, դա պարզ կլինի առաջիկայում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Միայն Հայաստանում է հնարավոր դիտորդական առաքելություն չիրականացնել, բայց ընտրություններից հետո հայտարարել, որ չեն ճանաչում դրանց արդյունքները, քանի որ դրանք «տեղի են ունեցել համակարգային բնույթի զանգվածային խախտումներով»։ Հայաստանյան 3 քաղաքական ուժ եւ 3 քաղաքական գործիչ երեկ հանդես եկան նման հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ «համաճարակից հետո Ստեփանակերտի մաֆիային տապալելը եւ Արցախը ՀՀ-ին դե յուրե միացնելու խոչընդոտները վերացնելը դառնում են ազգային հրամայական»։ Հայտարարությունը ստորագրել են «Սասնա ծռերը», Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքը», Հայաստանի եվրոպական կուսակցությունը, նաեւ Արա Պապյանը, Ալբերտ Բաղդասարյանն ու Արկադի Վարդանյանը: Պետրոս Մակեյանը մեզ խոստովանեց, որ իրենց կուսակցությունը չի դիտարկել Արցախի ընտրությունները. «Մենք գործընկերների ինֆորմացիայի հիման վրա ենք այդ կարծիքը ձեւավորել, ինչպես նաեւ քաղաքական վերլուծություն արել»։ Թե որ գործընկերների՝ Մակեյանը չհստակեցրեց, բայց վստահեցրեց՝ ոչ սորոսականների. «Իրենք ուրիշ խաղ են խաղում… Իրենք կարծես դարձել են այս իշխանության պոլիտբյուրոն, ամեն տեղ Դանիել Իոաննիսյանը կա: Տեղին է հիշել նախկինի խոսքը, որ մի օր խիարը թարս է բուսնելու»: Իսկ գուցե սխալ ինֆորմացիա՞ են տվել։ Մակեյանն ասաց. «Մենք 20 տարի ապրել ենք մի ռեժիմի մեջ, որի հայելային պատկերը եղել է Արցախում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների առաջին փուլում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ստացել էր 36 հազարից մի փոքր ավելի քվե, որը ավելի շատ էր, քան ընտրության մասնակից մյուս 13 թեկնածուների ձայները միասին: Առաջին փուլում հաղթելու համար Հարությունյանին պակասում էր ընդամենը 320 ձայն: Ապրիլի 14-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլում Հարությունյանը ստացել է 39 860 քվե կամ գրեթե 4 հազարով ավելի, քան առաջին փուլում: Եվ սա այն դեպքում, երբ ընտրությունների երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուն՝ Մասիս Մայիլյանը, և էլի այլ թեկնածուներ հայտարարում էին ընտրությունները բոյկոտելու մասին և այդ ուղղությամբ ակտիվ քարոզչություն էին իրականացնում: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Արայիկ Հարությունյանը ունի կայուն ընտրազանգված, իսկ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը ոչ մի դեպքում չի կարող կասկածի առարկա դառնալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր օրինաչափությամբ, ամեն ինչին վայրկյանների արագությամբ արձագանքող, բոլորին իրենց «տեղը ցույց տվող», աջուձախ հերքումներ տարածող իշխանություններն ու նրանց «սատելիտները» քար լռություն պահպանեցին նախորդ օրը հրապարակված մեր լուրի առնչությամբ։ Խոսքը կառավարական ամառանոցում եւ Նիկոլ Փաշինյանի տանը խոհարար աշխատած անձի՝ Խաչատուր Բարսեղյանի մասին է, որը վարակված է եղել կորոնավիրուսով։ Նա Մարմարիկ գյուղում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ, որին մասնակցել է մոտ 300 հոգի, եղել է միակ վարակակիրը, սակայն հայտնի չէ, թե որտեղից է վարակվել, մինչ այդ ինչ շրջանակների հետ է շփվել: Մեր հարցմանն ի պատասխան, թե Խաչատուր Բարսեղյանի երկրորդ թեստի պատասխանը եկե՞լ է, մեր աղբյուրներն ասացին` այո, երեկ եկել է, եղել է բացասական, նա արդեն դուրս է գրվել: Հիվանդանոցից ո՞ւր է գնացել. նա կարո՞ղ է շարունակել աշխատել։ «Հարցի հասցեատերը մենք չենք. հիվանդությունից հետո թուղթը նրան տրվել է ըստ բնակության վայրի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Որոշ շրջանակներ փորձում են դատավորների շրջանում պուտչ հասունացնել: Նրանք առաջարկում են դատավորներին ստորագրել մի հայտարարության տակ, ըստ որի՝ իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները իրենց ճնշում և պարտադրում են վարույթ ընդունել և վերևից թելադրված վճիռներ կայացնել բավարար ապացույցներից զուրկ և քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով: Ըստ մեր աղբյուրի՝ այս հայտարարությունը կտարածվի, եթե դրան միանալու պատրաստակամություն հայտնեն մեծ թվով դատավորներ, որպեսզի այն առավել ազդեցիկ հնչի»:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքում առանցքային փոփոխություններ իրականացնել, և այդ ուղղությամբ տևական ժամանակ է լուրջ բովանդակային քայլեր են կատարվում։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում թեմայի հետ կապված ավելի ինտենսիվ գործընթացներ են սկսվելու. ներկայումս խոսվում է հանրային լայն քննարկումների փուլի մեկնարկի մասին։ Տեղեկություն կա նաև այն մասին, որ հարցի վերաբերյալ կնախաձեռնվեն խորհրդարանական լսումներ, որոնց հրավիրված կլինի քաղաքական դաշտի հնարավորինս լայն սեգմենտ, ինչպես նաև փորձագետներ կհրավիրվեն արտասահմանից։ Մեր ունեցած տեղեկություններով, ներկայումս ակտիվորեն քննարկվում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հարցը, որի մասին բավականին շատ առաջարկներ են եղել։ Իշխանական մեր աղբյուրի հաղորդմամբ, այդ ընտրակարգը իշխանավորների զգալի մասի համար ընդունելի չէ, թեպետ ընդհանուր առմամբ, միակարծություն չկա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ հեղափոխական դաշնակցությունն այս տարի ավանդական ջահերով երթ չի իրականացնի ապրիլի 23-ին՝ պայմանավորված առողջապահական ռիսկերով։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի կոչ են արել ջահերով երթ չանել, բայց միջոցառում, այնուամենայնիվ, անելու են. «Միջոցառում անելու ենք կանոնները պահելով և փոքրաթիվ քանակությամբ»,- ասաց նա։ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և մեր պահանջատիրության»։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Գյուղատնտեսությանը վերաբերող պաշտոնական տեղեկությունն այս անգամ մի կողմ կթողնենք, քանզի պետության կողմից գյուղոլորտում ձեռնարկվող ու ձեռնարկվելիք քայլերը պարբերաբար մանրամասնում ենք, եւ դիտարկում կանենք, թե հիմա ինչ են անում մեր գյուղերը, ինչքանով են սկսել գյուղատնտեսական աշխատանքները համավարակի այս օրերին, ինչքանով են պատրաստ սեզոնի մեկնարկին: Ճշտելու համար զանգեցի բոլոր իմ ծանոթներին, ովքեր ուղղակիորեն զբաղված են գյուղատնտեսությամբ: Սկսեմ իմ պապերի մարզից՝ Գեղարքունիքից: Ծովինար գյուղում գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են: Վերջին օրերին տեղացած ձյունը լրիվ հալվել է, այնպես որ աշխատանքները չեն ուշանա: Հողը փորել, փխրեցրել են, կարտոֆիլը (մեր զարդը, որի մասին նույնիսկ երգեր կան գրված) ցանելու ժամանակն է: Ջրի խնդիր այս պահի դրությամբ չկա: Ծնողները միայն ծիծաղելով բողոքում են (իմ բարեկամները, համենայնդեպս), որ ստիպված ավելի շատ են աշխատում, քանզի երեխաները չեն հասցնում ձեռք բռնել: Իսկ չեն հասցնում, որովհետեւ հեռավար դպրոցը սովորական դպրոցից ավելի շատ ժամանակ է խլում: Հարցնում եմ՝ իսկ այդտեղ հեռավարի հնարավորություն ունե՞ք: Կատակում են՝ խոպանչիները հետ են եկել, տներում համակարգիչ ու մի քանի հեռախոս կա… Հա, մի մտավախությունից էլ խոսեցին. խոպանչիները եթե այս տարի Ռուսաստան չգնան ու բոլորը սկսեն իրենց հողերը մշակել, կարտոֆիլը սեզոնին գուցե շատ էժանանա: Իսկ այդ պարագայում չեն կարողանալու տարեկան ծախսերը հոգալ…»:
«Փաստ» թերթը գրում է. «Մինչեւ տարեվերջ ԵԱՏՄ-ում հնարավոր է տեղի ունենան որոշակի կառուցվածքային եւ բովանդակային փոփոխություններ, ինչի մասին վերջին հանդիպման ժամանակ փակ ձեւաչափով քննարկել են միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։ Մասնավորաբար, տվյալ պարագայում խոսքը կառույցի ստրատեգիական կարգավիճակում առանցքային փոփոխություններ եւ նոր կարգավորումներ կատարելու մասին է։ Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ-ն ձեւավորվել է որպես կառույց՝ իր մեջ ունենալով առաջին հերթին զուտ տնտեսական բաղադրիչ (սկզբնական տարբերակով՝ Մաքսային միություն)։ Այսպիսով, «Փաստ» թերթի տեղեկությունների համաձայն, նախատեսվում է կառուցին որոշակի քաղաքական բաղադրիչ հաղորդել, որն իր հերթին միությանը կտա առավել բարձր աշխարհաքաղաքական կարգավիճակ, որպեսզի հետագայում, միության ընդլայնմանը զուգահեռ, հստակ մշակվի աշխարհաքաղաքական ռազմավարություն եւ մարտավարություն։ Մեր տեղեկություններով, այս հարցի վերաբերյալ միության անդամ երկրները ներքին շրջանակներում լուրջ քննարկումներ են անցկացնում եւ փորձում հասկանալ, թե ինչ կարգավորումներ եւ գործիքակազմ ներկայացնեն, որպեսզի ԵԱՏՄ-ն իր նոր «տեսքով» չզիջի հիմնական «մրցակցին»՝ ԵՄ-ին։ Մեզ հասած տեղեկության համաձայն, հայաստանյան իշխանությունները, չնայած երկրում տիրող արտակարգ դրության պայմաններին, այս հարցը չեն անտեսել եւ բավականին ակտիվ քննարկումների փուլում են»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աղբամաններում նետված բժշկական թափոնները՝ մասնավորապես դիմակներն ու ձեռնոցները, ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի, կարող են հետագայում վտանգ ներկայացնել եւ COVID-19-ի տարածման պատճառ դառնալ։ «ՀԺ»-ի հետ զրույցում նա նշեց, որ աղբամաններում, որտեղ մարդիկ նետում են այդ իրերը, կան մեծ քանակությամբ առնետներ եւ թռչուններ են լինում, որոնք էլ կարող են դառնալ հիվանդության տարածողներ։ Բնապահպանի խոսքով՝ այս խնդրին պետք է հետեւողականորեն մոտենալ եւ գոնե մինչ այս իրավիճակի ավարտը շարունակ ախտահանել աղբամանները։ Մեկ այլ խնդիր է, երբ մարդիկ այդ պարագաները գետնին են գցում։ Նա կարեւոր համարեց հեռուստատեսությամբ եւ ռադիոյով իրազեկման աշխատանքներ տանելը, որպեսզի քաղաքացիները հասկանան, որ օգտագործված դիմակն ու ձեռնոցը գետնին գցելով՝ կարող են տարածել վարակը։ Ընդգծենք, որ դեռեւս մարտի 29-ին Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով ախտահանում են Երեւանում գտնվող աղբամանները, ինչպես նաեւ կանգառները եւ այլ հանրային վայրեր: ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մինչ օրս աշխարհում նման դեպք չի գրանցվել, չկա նման հետազոտություն, որ թռչուններն ու առնետները տարածեն այս վիրուսը։ Ինչ վերաբերում է օգտագործված պարագաները գետնին գցելուն, օրեր առաջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը եւս կոչ էր արել օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում եւ չաղտոտել շրջակա միջավայրը։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Թուրքական սուլթանները միշտ եւ ամենուրեք չափազանց բիրտ ու դաժան քաղաքականություն էին վարում իրենց լծի տակ գտնվող ժողովուրդների, այդ թվում եւ հայերի նկատմամբ։ XIX դարի երկրորդ կեսին, հատկապես Հայկական հարցի արծարծման եւ հայ ազատագրական պայքարի վերելքի շրջանում, սուլթանական կառավարության ճնշումներն ու հալածանքներն ավելի ուժեղացան։ Սուլթան Աբդուլ Համիդը, որը գահ էր բարձրացել 1876 թ., ծրագրել էր հայերի զանգվածային կոտորածներ կազմակերպել եւ լկտիաբար հայտարարել, թե Հայկական հարցը պետք է լուծել հայերին կոտորելով։ Սուլթանի նպատակը նախ եւ առաջ ազատագրական պայքարի կենտրոնները՝ Սասունը, Զեյթունն ու Վանը, թուլացնելն էր։ Հնչակյաններն առաջինն էին, որ պայքարը մղեցին կազմակերչական հուն։ Այդ մասին լրտեսների միջոցով տեղեկանում է օսմանյան կառավարությունը, եւ հնչակյան գործիչները ձերբակալվում են՝ Կ. Պոլիս ժամանելուն պես։ Մինչեւ տարեվերջ ձերբակալվում է ընդհանուր առմամբ 140 հնչակյան։ Երկու տարի բանտում անցկացնելուց ու բազմաթիվ փորձությունների ենթարկվելուց հետո 20 ղեկավար հնչակյաններ դատապարտվում են կախաղանի։ 1915 թ. հունիսի 15-ին նրանք կախաղան են բարձրացվում Կ. Պոլսի կենտրոնական՝ Սուլթան Բայազիտ հրապարակում։ Կախաղան բարձրացված 20 հնչակյանների մեջ էր եւ գրող, ուսուցիչ, քաղաքական գործիչ Փարամազը՝ Մատթեոս Սարգիսյան (ծնվել է Մեղրիում՝ 1863-ին, սպանվել Կոստանդնուպոլսում՝ 15 հունիսի 1915 թ.)։ Կախաղան բարձրանալուց առաջ նրա վերջին խոսքերն էին. «Դուք կարող եք կախել միայն մեր մարմինները, իսկ մեր գաղափարը՝ ոչ...»։