VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի սկզբին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ բաց մրցույթ է հայտարարել 500 նոր վերելակներ ձեռք բերելու համար, որին կարող են մասնակցել բոլորը, այդ թվում՝ անհատ անձինք: Մեր տեղեկություններով, սակայն, վերելակների համար սահմանված տեխնիկական բնութագրիչները այնպիսին են, որ արդյունքում հաղթելու է հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը: Ալեքսանյանը վերելակները ներկրելու է Թուրքիայից, որոնք, ըստ մասնագետների, անհամեմատ անորակ են: Մասնագետները կարծում են, որ գին-որակ հարաբերակցության մեջ նախապատվությունը պետք է տրվի բելառուսականին, որոնց հավաքումը կարելի է կազմակերպել Հայաստանում՝ ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք գնահատում համավարակի դեմ կառավարության քայլերը՝ հարցրինք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ «Կառավարությունն ընդամենը գնում է իրադարձությունների հետեւից եւ կանխարգելման գործընթացներ չի իրականացնում, էլ չենք ասում, թե սկզբնական շրջանում որքան անլուրջ էր մոտեցումն այս արհավիրքին»: Ի՞նչն է պատճառը` կառավարելու հմտության պակա՞սը, թե՞ ֆինանսների դեֆիցիտը։ «Ոչ փորձառու, ոչ կոմպետենտ մարդիկ են շատ հաճախ զբաղեցնում պատասխանատու պաշտոնները, որոնք ինքնասիրահարվածի բարդույթ ունեն եւ խորը մեծամտություն են դրսեւորում»: Ո՞ւմ նկատի ունեք՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, պարետ Տիգրան Ավինյանի՞ն։ «Բոլոր այն պատասխանատուներին, ովքեր իրենց գործը չեն կարողանում պատշաճ կատարել, նաեւ չեն հետեւում այլոց խորհուրդներին»: Դե, ՀՅԴ-ն բավականին ծեր եւ տարիքն առած է, ի՞նչ հետեւեն, տեսեք`իրենք որքան դինամիկ ու արագ են պարգեւավճարների հարցում։ «Էդ մասին թող ՀՀ քաղաքացիները դատեն»: Իսկ վերջին` գազի ու էլեկտրաէներգիայի օժանդակության ծրագիրն ինչպե՞ս եք գնահատում։ «Գիտեք` տպավորություն է, որ 100 փաստի տրամաբանությամբ ինչ-որ գործողություն է, ընդամենը թվեր հնչեցնելու համար` 220 հազար ընտանիք, 600 հազար մարդ, բայց հարցի լուծման էֆեկտիվություն ու արդյունավետություն չկա, այն երկրորդ պլանում է, իրենց համար կարեւորը մեծ-մեծ թվեր հնչեցնելն է, ինչն էլ, անշուշտ, ադեկվատ որոշում չէ»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի՝ կառավարության աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ուրբաթ երեկոյան իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել՝ պահանջելով վերաբացել վարույթներում գտնվող բոլոր այն քրեական գործերը, որոնց միջոցով հնարավոր է փող բերել կառավարություն: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հրահանգել է տարբեր ճանապարհներով փող ապահովել պետբյուջե, քանի որ կորոնավիրուսային ճգնաժամը լուրջ հարված է հասցրել բյուջեին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ օրերս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ջանքեր էր գործադրում ԱԺ-ում, որպեսզի կառավարությանը հնարավորություն տրվեր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ անձանց տեղորոշելու, ժամանակավոր հաշվառելու քաղաքացիների շարժը՝ օգտագործելով բջջային օպերատորների մոտ առկա նրանց անձնական տվյալների բազան, պարզվում է Սեդրակ Քոչարյան-Սամվել Մայրապետյան զույգը վաղուց իրենք իրենց շնորհել են նմանատիպ իրավունք։ Մասնավորապես՝ նրանց պատկանող «Տոյոտա Երևան» ընկերության կայքում նշված է, որ իրենք կարող են հավաքագրել և կիրառել օգտատերերի անձնական տեղեկատվությունը, և որպես հիմնավորում նշվում է իբրև թե հաճախորդների սպասարկման կատարելագործումը, կայքի բարելավումը և կայքի այցելությունների վիճակագրություն վարելը։ Իսկ թե քաղաքացիների անձնական տվյալների հետ այդ ընկերությունը իրականում ինչպես է վարվում, ոչ ոք չի կարող ասել»։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկրում ստեղծված իրավիճակի հնարավոր ծանր հետեւանքները չեզոքացնելու նպատակով կառավարությունը միջոցառումների մի քանի փաթեթ է մշակել, որոնց շնորհիվ փորձում է մեղմել տնտեսվարողներին ու բնակչությանը հասցվող վնասները։ Սակայն ընդունված փաթեթներն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ ամեն ինչ, մեղմ ասած, այնքան էլ պարզ ու միանշանակ չէ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, որոշ ծրագրերի կնքահայրն առաջին հերթին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, որը փորձում է ամեն գնով աջակցել բանկային համակարգին այս ոլորտում ամեն կերպ գումարներ ներարկելու միջոցով: Ըստ այդմ, Գրիգորյանի ջանքերն ամբողջովին ուղղված են վարկային փաթեթներով տնտեսության անկումը կանխելուն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս քայլերն ու մշակած մարտավարական հնարքներն այդքան էլ դուր չեն եկել կառավարության տնտեսական բլոկի այլ ներկայացուցիչներին։ Մասնավորաբար, ըստ տեղեկությունների, այս առիթով Նիկոլ Փաշինյանի մոտ իր դժգոհությունն է հայտնել նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ հորդորելով որոշակի վերանայումներ անել տնտեսական կոլապսից խուսափելու համար։
Ի դեպ, հավելենք, որ մասնագետների բնորոշմամբ, այդ փաթեթներից տնտեսվարողները չեն կարողանում լիարժեք օգտվել, քանի որ քչերն են համապատասխանում կառավարության սահմանած չափանիշներին։ Թերթին տեղեկություններ են հասել նաեւ, որ կան ոլորտի որոշ պրոֆեսիոնալներ, ովքեր տեղյակ են համաշխարհային փորձից, գործիքակազմից եւ փորձում են օգնել կառավարությանը, աջակցել: Սակայն, չնայած հայտարարություններին, թե իշխանությունները պատրաստ են լսել բոլոր կարծիքները, կառավարությունը, կարծես թե, այդքան էլ հակված չէ քննարկումների մեջ մտնել, որոնք կարող են հավելյալ քայլերի պատճառ դառնալ։ Մեզ տեղեկություններ են հասել, որ այս գործում հատկապես ակտիվ են նախկին իշխանությունների տնտեսական «գիգանտները». թերթի աղբյուրը փաստում է, որ կառավարությունում նրանց հանդեպ լուրջ վերապահումներ կան։ Գործող կառավարության առանցքային դեմքերից մեկն էլ, ըստ մեր աղբյուրի, օրերս ԱԺ-ում մի նեղ քննարկման ժամանակ վրդովվել է՝ ասելով. «Ախր, ո՞նց կարան նախկինները մեզ ճիշտ խորհուրդներ տալ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում բուռն քննարկումներ են ընթացել արտակարգ դրությունը եւս 30 օր երկարաձգելու շուրջ: Վարչապետն ու ֆինանսական բլոկի պատասխանատուներն ի սկզբանե դեմ են եղել երկարաձգմանը՝ փաստարկելով տնտեսության կաթվածահար վիճակը, երկար քննարկումներից հետո նրանց համոզել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ վստահեցնելով, որ չեղարկումն աղետալի հետեւանքների կհանգեցնի: Նա պնդել է իր կանխատեսումները՝ ասելով, որ դրանք իրականություն են դառնալու, եւ ապրիլի վերջին 3 հազար եւ ավելի վարակակիր ենք ունենալու: Ի վերջո, ընտրել են ոսկե միջինը՝ արտակարգ դրությունը շարունակել, բայց սահմանափակումները թուլացնել փուլ առ փուլ, սկզբից թույլ տալ շինարարական աշխատանքները, հետո՝ արդյունաբերությունը եւ այլն»:
«Իրատես» թերթը գրում է. «Կորոնավիրուսը, ի թիվս առողջապահական եւ տնտեսական բազում խնդիրների, այլ ոլորտների բացթողումները եւս ի ցույց դրեց։ Այս օրերին ամենապահանջվածը պիտի լիներ ու ամենաշատը պետք է հնչեր վարակաբանների, հոգեբանների խոսքը, որոնք կառավարության համապատասխան օղակների հետ կաշխատեին եւ տեղեկությունն առանց խուճապի ու հնարավորինս մասնագիտորեն կներկայացնեին հասարակությանը։ Այս կարեւոր օղակի աշխատանքը բացակայում է։ Մինչդեռ ի՞նչ ունենք այսօր. բժիշկներն ու հոգեբանները լռում են, խոսում են միայն պաշտոնյաները, որոնց հայտարարությունները, մեղմ ասած, հակասում են իրար։ Երբ վիրուսի վերաբերյալ առողջապահության նախարարն է շտապում տեղեկություն տրամադրել, հասկանալի է, բայց երբ վարչապետն է բոլորից առաջ ընկնում ու ամեն հարցում ցանկանում առաջին «սուրհանդակը» լինել, արդեն ծիծաղելի էլ չէ։ Երբ եւս մեկ ամսով էլ է արտակարգ դրությունը երկարաձգվում, անհանգստացնող է մարդկանց ոչ միայն տնտեսական, այլեւ հոգեբանական վիճակը։ Ի վերջո, բոլորը չէ, որ նույն կերպ են արձագանքում վիրուսի վերաբերյալ տեղեկություններին։ Մի մասի վրա վարակակիրների օր օրի ավելացող թիվը հոգեբանական մեծ ճնշում է առաջացնում, երբ դրան էլ գումարվում է առողջապահության նախարարի այն հայտարարությունը, թե վիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է եկել, պատկերացնու՞մ եք, թե ինչ է լինելու մեկուսացած, հոգեբանորեն վատ վիճակի մեջ հայտնված մարդկանց հետ։ Մինչդեռ մեկ ամիս էլ պիտի դիմանալ, իսկ վարակվածների թիվն ավելի է մեծանալու։
Այս իրավիճակում պետք է հոգեբանները խոսեն ու մարդկանց բացատրեն իրավիճակը, խորհուրդներ տան, վարակաբանները ներկայացնեն հիվանդության մասին ստույգ ու արդեն հայտնի փաստեր, վտանգների մասին նախազգուշացնեն, փարատեն հանրության շրջանում պտտվող միֆերը։ Բայց հասարակությունն այսօր մնացել է վարչապետի ու առողջապահության նախարարի մատուցած լրահոսի հույսին, որոնցից մեկն ասում է, թե շուտով բնականոն կյանքին կանցնենք, իսկ մյուսն էլ, թե վիրուսը վերահսկողությունից դուրս է եկել, 1-2 տարի հնարավոր չի լինելու վերադարձ նախկին կյանքին։ Վիրուսի վերաբերյալ մասնագիտորեն ոչ կոմպետենտ վարչապետը, ինչպես ինքն է ասում, չափից շատ խուճապը կանխում, այն է՝ վտանգի զգացողությունը բթացնում է, իսկ առողջապահության նախարարն էլ իր հայտարարություններով սրտաճաք է անում նյարդերից թույլ մարդկանց։ Ի վերջո, այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը պետք է վայր դնի վարակաբանի իր «դափնիներն» ու թողնի, որ մասնագետները հանրության հետ խոսեն, բացատրեն իրավիճակը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` «կառավարական դաչաների», այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար աշխատած Խաչատուր Բարսեղյանը կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում։ Նրա առաջին թեստը, որը վերցվել է մոտ մեկ ամիս առաջ, դրական է եղել, այժմ նա արդեն սիմպտոմներ չունի, եւ սպասում են, որ թեստն արդեն բացասական կլինի։ «Սրանից մոտ 20 օր առաջ մասնակցել է Հրազդանում հարսանիքի, որը վարակի օջախներից մեկն է եղել, սակայն իր մոտ ամեն ինչ արդեն նորմալ է»,- ասաց իշխանական աղբյուրը: Ի՞նքն է վիրուսը տարածել։ «Ոչ-ոչ, ի՞նչ եք ասում. հարսանիքին մասնակցել է 300 մարդ, Մարմարիկ գյուղում է եղել, ինքը հրավիրված է եղել»: Ի՞նքն է հարսանիքի խոհարարը եղել։ «Ոչ, արդեն ասացի` եղել է հրավիրյալների թվում, դեպքից հետո Մարմարիկ գյուղում բոլորին տնային մեկուսացում են տվել»: 300 հոգանոց հարսանիք է եղել, իշխանությունների, պարետատան վրա խաբար չի՞ եղել։ «Դա եղել է շատ վաղուց` մարտի 20-ի մերձակայքում` Մարմարիկ գյուղում, դե, ո՞նց կարող էին իմանալ»: Երեկ ողջ օրը մենք զանգահարում էինք առողջապահության նախարարի, վարչապետի մամուլի ծառայություններին` ճշտումներ կատարելու համար, նրանք չպատասխանեցին զանգերին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էմին Ավետիսյանն ազատվեց առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ավետիսյանը չի ընդունում որոշումը. այն բողոքարկել է դատարանում։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էմին Ավետիսյանին ազատել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված էր որոշման մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի կայացրած որոշումից 10 օր անց Էմին Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով առոչինչ ճանաչել ՀՀ վարչապետի 2020թ.մարտի 31-ի թիվ 406-Ա որոշումը եւ իրեն վերականգնել զբաղեցրած պաշտոնին: Բացի այդ, հայցվորը պահանջում է դատարանից պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով գումար հաշվարկեն եւ վճարելուն պարտավորեցնել: Որպես ածանցյալ պահանջ՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտներից զատ այդ գումարի համար տոկոսադրույք սահմանել՝ մինչեւ դատական ակտի փաստացի կատարումը, հաշվարկել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո երկրորդ փուլ չանցած թեկնածուներից որևէ մեկը չհայտարարեց Արայիկ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու մասին. Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ չի մասնակցում ընտրություններին: Մեր տեղեկություններով՝ մի քանի թեկնածուներ հանդիպել են Հարությունյանի հետ և առաջարկել «պաշտպանիչ» հայտարարություններ, սակայն Հարությունյանը մերժել է նրանց: Ըստ էության, նրան այդ պաշտպանությունը պետք չէ, քանի որ նա երկրորդ փուլին մասնակցում է միայնակ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը եւս մեկ անգամ աշխատանքային նիստ է արել ու քննարկել, թե ինչ սցենարով է ընթանալու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները: Հիշեցնենք․ նիստը նախատեսված է ապրիլի 16-ին: Հանձնաժողովի իմքայլական անդամները եկել են ընդհանուր հայտարարի, որ Սերժ Սարգսյանին ամենաճակատային հարցերը պետք է ուղղի Քրիստինե Պողոսյանը։ Նա այն պատգամավորն է, ով Նիկոլ Փաշինյանի բերած բյուջեի մասին ասաց՝ եթե Դուք բերեիք մեկ նախադասություն անգամ, ես կողմ կքվեարկեի: Նրան կողքից «դամ կքաշեն» սյունեցի Տիգրան Կարապետյանն ու Անդրանիկ Քոչարյանը, իսկ նախկինների ժամանակ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանին ցուցված է լռել: Սցենարը համաձայնեցված կամ կազմված է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ ընդդիմադիր պատգամավորներն ազատ են լինելու իրենց հարցադրումներում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյան հագեցած է՝ օրակարգում մոտ 3 տասնյակ հարց է ընդգրկված, թեպետ մոտ կեսը երկրորդ ընթերցման են: Ավելին․ հինգշաբթի օրը խորհրդարանը կընտրի նաեւ ԿԲ նախագահ, «Իմ քայլը», ինչպես հայտնի է, ներկայացրել է Բաբկեն Արարքցյանի փեսա Մարտին Գալստյանի թեկնածությունը: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը լրանում է հունիսի 1-ին»:
«Փաստ» թերթը գրում է. «Համաճարակի այս օրերին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առանձնահատուկ ջերմությամբ եւ երախտագիտությամբ են արտահայտվում բուժաշխատողների հասցեին: Եվ դա լիովին արդարացված է: Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ «առաջին գծում» աշխատող այլ ոլորտների ներկայացուցիչներ եւս կան, որոնք գուցե ոչ բժիշկների չափ, սակայն դարձյալ վտանգում են իրենց առողջությունը: Նրանց թվում են նաեւ ոստիկանները, որոնք այս օրերին ապահովում են անվտանգությունն ու արտակարգ դրության ռեժիմի պահանջների կատարումը: «Փաստ» թերթի տեղեկություններով, դեռեւս մեկ ամիս առաջ, երբ հայտարարվեց արտակարգ դրություն, ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանապետ Արման Սարգսյանն առանձնահատուկ շեշտել է ոստիկանների՝ քաղաքացիների հետ շփման մշակույթի հարցը: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր լրագրողները Երեւանի փողոցներում եւ Երեւան մտնող «պոստերի» մոտ փորձել են մեր քաղաքացիներից ճշտել, թե ինչ խնդիրներ կան այս առումով: Ուշագրավ է, որ մշտապես ոստիկանությունից դժգոհելու սովորություն ունեցող մեր հասարակության զգալի մասը, ավելի ստույգ՝ մեր զրուցակիցների գերակշիռ մեծամասնությունը հատկապես ընդգծում էր ոստիկանների բարեկիրթ վերաբերմունքի մասին: Մեր լրագրողներն էլ մի քանի անգամ ականատես եղան, որ նույնիսկ այն դեպքում, երբ որեւէ քաղաքացի ագրեսիվ պահվածք էր ցուցաբերում օրենքի սահմաններում տուգանվելու կամ տուն վերադառնալու կոչի պատճառով, ոստիկանները պահպանում էին սառնասրտությունն ու քաղաքավարությունը: Սա կարեւորվում է հատկապես այն տեսակետից, որ այս օրերին, երբ շատերի նյարդերն են պրկված, ոստիկանների զսպվածությունը մեծ նշանակություն է ստանում»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե աշխատակիցների հետ դռան հետեւից է «հաղորդակցվում» Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ի տարբերություն Թբիլիսիի ու Մոսկվայի քաղապետերի` Կալաձեի եւ Սոբյանինի, որոնք կորոնավիրուսի տարածման այս դաժան պայմաններում աշխատում են 24-ժամյա ռեժիմով, ոտքով շրջում իրենց քաղաքներում` իրավիճակին տեղում ծանոթանալու-լուծումներ գտնելու համար, Մարությանը զբաղված է աշխատանքի պատրանք ստեղծելով։ Օրերս նա հայտարարել է, թե շուտով տեղի կունենա Երեւանի տրանսպորտի բարելավման 100 ավտոբուսների մրցույթը... Նախ մրցույթը պետք է հայտարարված լիներ փետրվարի վերջին։ Իսկ հիմա հայտարարված «մրցույթն» ընդամենը «բլեֆ» է, որովհետեւ կառավարությունը մերժել է ոչ միայն ավտոբուսների վարկի երաշխավորությունը, այլեւ այդ նախագծի ֆինանսավորումն ընդհանրապես: Մարությանը ժամանակ է շահում, որպեսզի չզբաղվի մայրաքաղաքի «կորոնավիրուսային» խնդիրներով, ինչի արդյունքում Երեւանի փողոցներում ու բակերում «կորոնավիրուսն ում շունն է» վիճակ է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժնի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը, բաժնի օպերլիազորը եւ եւս մեկ անձ կալանավորվել են: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության աշխատակիցները մուտք էին գործել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ քննչական գործողություններ էին կատարել: Գործն այն աստիճան լուրջ էր, որ քննության ընթացքում ԱԱԾ-ն ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թուլյ չէր տվել դուրս գալ անգամ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանին, նրա տեղակալ Արայիկ Ղազարյանին: Ավելի ուշ ԱԱԾ-ի եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանը, պետի տեղակալը, օպերլիազորն, ինչպես նաեւ հետաքննիչը տեղափոխվել էին Ազգային անվտանգության ծառայություն:
Իսկ ի՞նչն էր այդ հատուկ օպերացիայի պատճառը: «Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ-ի գործողություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Դավիթաշենի բաժնի աշխատակիցները վերջերս մի անձի են բերման ենթարկում` գողություն կատարելու կասկածանքով: Եվ ահա իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ենթադրյալ գողություն կատարած անձը ոստիկաններին պատմում է, որ գողությունը ինքն է կատարել, անգամ տանում է, ցույց է տալիս դեպքի վայրը եւ պատմում դեպքի մանրամասները, թե ինչը որտեղից է վերցրել: Ասել է թե` տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ահա այստեղից էլ առաջացել է Դավիթաշենի ոստիկանապետին կալանավորելու անհրաժեշտությունը: Բանն այն է, որ Դավիթաշենի ոստիկանության կողմից բացահայտված եւ վերադասին զեկուցված ենթադրյալ գողության դեպքը սարքած գործ է եւ գողություն կատարողը սուտ ցուցմունք է տվել ու ոստիկաաններն էլ կասկածելի հանգամանքներում այն հալած յուղի պես ընդունել են: ՀՀ ԱԱԾ-ն էլ գաղտնալսումների միջոցով կարողացել է իրականությունը ջրի երես հանել եւ զինված փաստերով ապրիլի 9-ին մտել է ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նշված օրը` Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքում խուզարկություն կատարելու ժամանակ պահարաններից մեկի միջից ԱԱԾ-ն հայտնաբերել է հաշիշ տեսակի թմրանյութ: Թե ինչ ծագում ունի այս թմրանյութը, ինչ հանգամանքներում է հայտնվել ոստիկանության շենքում` ոչնչանալու կամ հատուկ պահման վայրում լինելու փոխարեն, դեռ քննությունը կպարզի: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ենթադրյալ գողը, որի համար այսօր ընդհուպ մինչեւ ոստիկապետ կա կալանավորված, նախկինում դատապարտված է եղել: Արդյոք նա հավաքագրված է եղել ԱԱԾ-ի կողմից նախապես, թե հետո է ԱԱԾ-ն հետքի վրա ընկել, դժվար է ասել, բայց փաստ է, որ մեր երկրում տեղի է ունեցել բացառիկ բան. ուժային մի կառույցը կալանավորել է մեկ այլ կառույցի ոչ շարքային աշխատակիցների: Ավելին, մեզ հասած տեղեությունների համաձայն, ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել այդ առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով ՝պաշտոնական լիազորությունների չարաշահում: Վերը նկարագրված տեղեկությունների իսկությունը պարզելու համար «Ժողովուրդ օրաթերթը» դիմեց ԱԱԾ լրատվական բաժնին, որտեղից միայն հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ եւ այլ տեղեկություններ հայտնել չեն կարող»:
«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին, երբ մարդիկ չեն աշխատում, ապրելու միջոցներ չկան, որոշ գործատուներ չեն խորշում մարդկանց անօրինական եղանակներով գործից ազատելուց։ Մեզ են դիմել քաղաքացիներ, որոնք աշխատել են Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում (համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն), որը համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման եւ ոլորտին առնչվող մյուս գործառույթները: Հանրության շրջանում հայտնի «թաղման բյուրոն», ըստ աշխատակիցների, բազում խախտումներով է աշխատում։ Հիշեցնենք, որ 2019-ի հունվարին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հայտարարած մրցույթի արդյունքում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Իսկանդարյանը: Նախկին աշխատակիցներից մեկը պատմում է, որ գերեզմանատների վարիչների եւ հսկիչների վրա «նալոգ» են դնում, որպեսզի ամեն ամիս գերեզմանատեղ վաճառեն եւ «մուծվեն» ղեկավարությանը։
Իսկ այս աշխատանքը «բարեխղճորեն» համակարգում է տնօրենի տեղակալ Ստեփան Պետրոսյանը՝ ամեն անգամ զանգելով եւ իրենց հասանելիքը պահանջելով։ ՀՈԱԿ-ի աշխատակիցները պատմում են նաեւ, որ եթե հրաժարվում են այս մեթոդով աշխատելուց, անհիմն ու անհեթեթ պատճառներով ազատվում են աշխատանքից։ Ավելին, ոմանց դեպքում անգամ աշխատանքի ընդունվելիս նախապես ազատման դիմումներ են գրել տալիս, որպեսզի իրենց հարմար պահի գործից ազատեն՝ առանց լուրջ հիմնավորումների։ Ստեփան Պետրոսյանն անգամ սպառնացել է հսկիչներին, որ իրենց առաջարկած տարբերակով չաշխատելու դեպքում պետք է դիմում գրեն ու ազատվեն աշխատանքից։ ՀՈԱԿ-ի ղեկավարությունը նաեւ սեփական մարդկանց է տեղավորում աշխատանքի, որոնք գոհացնում են տնօրենին եւ նրա տեղակալին։ Աշխատանքային մեկ տարին նոր բոլորած տնօրենը սեփական բարեկամներին եւս աշխատանքով է ապահովել։ ՀՈԱԿ-ում աշխատանքի է անցել Իսկանդարյանի աներձագը, տեղակալն էլ հետ չի մնում, նրա ընկերը եւս աշխատանքի է անցել այստեղ։ Հիմնարկում տիրող վախի մթնոլորտը բոլոր աշխատակիցներին է լարված պահում, նրանք խնդիրներից չեն խոսում, որովհետեւ աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ են կանգնելու, իսկ այս օրերին բավական խնդրահարույց է նոր աշխատանք գտնելը»։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Լինելով թանկ ռեսուրս՝ հողերի սեփականաշնորհման եւ վարձակալության գործընթացները երկար տարիներ եղել են կոռուպցիոն բարձր ռիսկայնության ներքո: Վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից կատարված բացահայտումների եւ քննության առարկա դարձած գործերի զգալի մասն առնչվում են այս ոլորտի հետ: Հողի հետ կատարվող գործարքների ժամանակ ծագած խնդիրները մեծապես պայմանավարված էին նաեւ ոլորտը կարգավորող իրավական դաշտով: Այդ հարաբերությոնները սահմանող նորմերում առկա էին չարաշահումներին նպաստող բազմաթիվ բացեր եւ սողանցքեր: Վերջիններս հնարավորություն էին տալիս հողատարածքներ ձեռք բերել դրանց իրական արժեքներից անհամեմատ ցածր գներով: Խնդրին կառավարությունն անդրադարձել էր դեռեւս 2016 թ. կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստում, սակայն կարգավորման ուղղությամբ քայլերն դանդաղ էին ընթանում: Կառավարությունն այս հիմնահարցի լուծման նպատակով մշակել է «Հայաստանի հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը հավանության արժանացավ վերջին նիստում: ԱԺ-ի հաստատմանը ներկայացվող այս օրինագծով կտրվի եւս մեկ կարգավորում, որը թույլ կտա արդյունավետ եւ օրինական հիմքերով կառավարել հանրապետության կարեւոր ռեսուրսներից մեկը՝ հողը, զուգահեռ բարենպաստ պայմաններ ստեղծելով ագրոարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտում փոքր ու միջին ձեռներեցության զարգացման համար»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն դատի է տվել լրագրող, դերասանուհի Արուս Տիգրանյանին՝ պահանջելով հերքել՝ գործարար համբավն արատավորող եւ իրականությանը չհամապասխանող տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է ապրիլի 10-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։ Հայցվորի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ «Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում «Ռիո» մոլում, հեռախոսների աքսեսուարների վաճառքով է զբաղվում։ «Ինչքանով տեղյակ եմ Արուս Տիգրանյանի ընկերուհին, որի դեմ եւս հայց ենք ներկայացրել, այնտեղից գնում է կատարել եւ դժգոհ է մնացել։ Իսկ Տիգրանյանն իր «Ինստագրամ»-ի էջի միջոցով ասել է՝ մի հաճախեք այդ խանութ, վատ են սպասարկում եւ այլն»։ Թորոսյանի խոսքով՝ մինչ այդ պահանջել են հերքել հրապարակումը, սակայն Տիգրանյանը հերքումը ստացել եւ չէր հրապարակել, դրա համար հայց են ներկայացրել։ Փաստաբանն ասաց, որ դրամային փոխհատուցում չեն պահանջում»։