23.11.2024
Ո՞ր պահին Լենա Նազարյանը հասկացավ, որ «նվիրյալներ չեն»
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հովիկ Աբրահամյանը և Սամվել Մայրապետյանը հրաժարվել են տրամադրել հյուրանոցները

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կորոնովիրուսային ճգնաժամի ընթացքում շատ քիչ հյուրանոցների սեփականատերեր են հրաժարվել իրենց հյուրանոցները տրամադրել հիվանդության կասկածանքով մեկուսացվողներին բնակեցնելու համար: Նրանց թվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հրաժարվել է տրամադրել իր «Նացիոնալ» հյուրանոցը, ինչպես նաև Սամվել Մայրապետյանը, ով իրեն պատկանող «Իբիս» հյուրանոցը չտրամադրելը պատճառաբանել է այն հանգամանքով, որ դրան իբրև թե դեմ են «Իբիս» հյուրանոցային ցանցի կառավարիչները, ինչը խիստ կասկածելի է, եթե նկատի ունենանք, որ նույն «Մարիոթում» արդեն տևական ժամանակ բնակվում են մեկուսացման մեջ գտնվող անձինք: Մի քանի օր առաջ էլ կառավարությանը այդ նպատակով տրամադրվել է «Միկմետալի» սեփականատեր Միխայիլ Հարությունյանին պատկանող «Փարիզ» հյուրանոցը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի, ժամը 1-ին ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը եւս մեկ անգամ կհավաքվի` քննարկելու, թե ինչ «մոդելով» է ընթանալու երրորդ նախագահի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ասել է` տրվող հարցերը թող համաձայնեցնեն քեզ հետ: Ի դեպ, մինչ այդ նման բան չի եղել, որ հարցերը նախօրոք ներկայացնեն Անդրանիկ Քոչարյանին։ Նիստի ժամանակ Քոչարյանն ունեցել է իր հարցաշարը` ամեն հրավիրյալի համար առանձին, ապա հանձնաժողովի անդամներն են իրենց հետաքրքրող հարցերը բանավոր տվել: Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին հարցրինք՝ պատրաստվո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ԱԺ այցին։ «Դեռ չենք քննարկել, անվտանգության ծառայությունը պետք է հասկանա` ինչպես է նա մտնելու շենք, եւ նման հարցեր»: Կհանդիպի՞ Արարատ Միրզոյանը երրորդ նախագահի հետ։ «Դե, տեղյակ եք, նախորդ անգամ հանդիպման նախաձեռնությունը նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն էր»: Հնարավո՞ր է այս անգամ Արարատ Միրզոյանը նախաձեռնություն հանդես բերի։ «Նման հարց մենք դեռեւս չենք քննարկել»: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 16-ի նիստից առաջ Սերժ Սարգսյանը պատասխանելու է լրագրողների հարցերին, ինքը հատկապես նախընտրել է, որ արտակարգ դրության չեղարկումից հետո մասնակցի քննիչ հանձնաժողովի փակ նիստին, որպեսզի պատասխանի նաեւ ԶԼՄ-ների հարցերին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, պետական համակարգի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար հնչող հայտարարությունները, թե «համակարգը բոյկոտում եւ սաբոտաժ է անում», լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել: Ավելին, փաստացի այդ գնահատականն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ուղղակի «Փաշինյանը լիարժեք չի ընկալում համակարգը, իսկ համակարգը չի հասկանում վարչապետին»։ Թերթի հետ զրույցում վարչապետի աշխատակազմի հնաբնակ աշխատակիցներից մեկը, չցանկանալով հրապարակել իր անունը, նշել է, որ Փաշինյանի հետ բավական բարդ է աշխատել, ապա նաեւ հավելել, թե Նիկոլ Փաշինյանը խոսում է հակահամակարգի լեզվով, որտեղ առաջնային տեղում տարերայնությունն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ի ժամը 17:00-ն ներառյալ հայտարարված է արտակարգ դրություն: Համաձայն արտակարգ դրության մասին օրենքի 5-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը»: Սա նշանակում, է որ արտակարգ դրությունը երկարաձգելու պարագայում այն լոկալ՝ տեղային բնույթ է կրելու: Որոշ տեղեկություններով, քննարկվում է ռեժիմը մայրաքաղաքում եւս 30 օր շարունակելու հարցը: Եվ քանի որ արտակարգ դրության ժամկետը լրանում է ապրիլի 14-ին, ժամը 17:00-ին, ապա սպասվում է, որ դրա երկարացման կամ դադարեցնելու մասին հայտարարությունը պետք է տարածեն ամենաուշը ապրիլի 13-ի երեկոյան։ Եթե երկարացնեն, նախագիծը պետք է ընդունվի ԱԺ-ում։ Ի դեպ, ապրիլի 14-ին մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Եկող շաբաթը ծանր է լինելու իշխանությունների համար: Կառավարությունը երկուշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել, իսկ երեքշաբթի օրվանից՝ ապրիլի 14-ից կսկսվի ԱԺ հերթական նստաշրջանը, որի ընթացքում պետք է որոշում կայացվի՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել, թե ավարտել: «Ժողովուրդ» օրաթերթը իշխանական աղբյուրներից փորձեց պարզել, թե ինչ գիտեն ԱԺ պատգամավորները ՀՀ-ում արտակարգ իրավիճակը երկարաձգելու կամ ընդհատելու վերաբերյալ: Պարզվեց, որ իշխանական թիմում էլ դեռ տեղյակ չեն, թե ինչ է սպասվում: Մի շարք հաշվարկներ կան դեռ անելու, որպեսզի հասկանան` կորանվիրուսի տարածումն արդեն վերահսկելի է, թե պետք է երկարացնել սահմանափակումները: Թեեւ գերակշռող տեսակետն այն է, որ պետք է որոշ ոլորտների սահմանափակումները հանել, եթե արտակարգ դրությունն, այնուամենայնիվ, շարունակվի։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից պարզել՝ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, թե ոչ։ Ի պատասխան մեր հարցին՝ նա նշեց. «Դեռ որեւէ որոշում չկա։ Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը՝ մինչ սահմանված ժամկետի ավարտը, նոր որոշում կլինի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը չէր սխալվում, երբ իր վերջին լայվում հերթական անգամ պնդում էր, թե այս խորհրդարանն իր որակով գերազանցում է նախորդ գումարման խորհրդարաններին: Իսկապես որ՝ այս խորհրդարանն իր «որակով» էապես գերազանցում է նախորդներին, եւ դա ամեն օր ապացուցում են իրենք՝ պատգամավորները:  Երեկ հերթն Արթուր Դավթյանինն էր․ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում թիմակիցները, նրա հարցից անակնկալի եկած, նախ իրար նայեցին, ապա քրքջացին: Արթուր Դավթյանը նախագծի հեղինակ Տարոն Սիմոնյանից հետաքրքրվում էր. «Անչափահասի ծնող ասելով երեխայի հորն ու մո՞րը նկատի ունեք»։ Անակնկալի եկած Տարոն Սիմոնյանը պատասխանեց, թե այլ ծնող ինքը չգիտի։ Դավթյանը մինչ փորձում էր շտկել իրավիճակը ինչ-որ պարզաբանումներով, թիմակիցները չէին կարողանում զսպել իրենց ծիծաղը»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը իր հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ Քոչարյանները սկսել են իրենց աջակիցներին տեղավորել սեփական ամենատարբեր բիզնեսներում, նշել էինք մի քանի նման օրինակներ։ Վերջերս էլ նկատեցինք, որ հակաիշխանական դիրքերից հանդես եկող, 5-րդ ալիքի, «Երևան թդեյ» կայքի եթերից մշտապես ելույթ ունեցող Արեն Ապիկյանը հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լևոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում։ Նա այդտեղ զբաղեցնում է խորհրդի անդամի պաշտոն։ Փաստորեն, Քոչարյաններն իրենց աջակիցներին ոչ միայն փողով են հավաքագրում, այլև՝ պաշտոններ առաջարկելով և խոստանալով»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանը գալի՞ս է աշխատանքի, դուք ե՞ւս դռան հետեւից եք թղթերը տալիս իրեն՝ հարցրինք ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին։ «Ես իրեն չեմ տեսել, սակայն ասում են` գալիս է, բայց աշխատասենյակից դուրս չի գալիս»: Իսկ կորոնավիրուսի դեմ քաղաքապետարանի աշխատանքները բավարա՞ր են։ «Քաղաքապետարանն ընդունել է խիստ կրավորական մոտեցում, շատ ցցուն էր պարետատան նախորդ նիստի ժամանակ Մարությանի բացակայությունն սկզբում․ նրա աթոռը դատարկ էր, սակայն, ըստ ամենայնի, զանգել-կանչել էին, կեսից նստած էր։ Բոլոր դեպքերում, այս կարեւորագույն ժամանակահատվածում նա նվազագույն ակտիվություն է ցուցաբերում, երբ պետք է ճիշտ հակառակը լիներ»: Ի՞նչ պիտի անի, որ չի անում, պետք է փողոցները մաքրեր՝ անձրեւն իր փոխարեն մաքրում է։ «Օրինակ` կարող էր այս ընթացքում սկսել բազմաթիվ շենքերի կառուցապատման աշխատանքները»: Բա կորոնավիրո՞ւսը։ «Բացօթյա տարածքում շինաշխատանքները նվազագույն ռիսկեր են պարունակում, մինչդեռ դրանով կմեղմեին սոցիալական դրությունը, էլ չասեմ, որ վեճ է հասունանում համայնքապատկան կրթական հաստատություններում․ նրանք, որոնք հաստիքագրված չեն, ասենք` երաժշտական դպրոցներում, բայց վճարվում էին քաղաքապետարանի կողմից` աշակերտների վարձավճարներից, զրկվել են եկամտի աղբյուրից։ Քաղաքապետարանը պատճառաբանում է, որ հնարավորություն չունի նրանց ֆինանսավորելու, սակայն այս հարցում եւս քաղաքապետը պետք է լուծումներ գտներ, սոցիալական աջակցություն ցուցաբերեր»:


«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ գարունը հազիվ բացված` անցած տարի իրականացված «աննախադեպ ասֆալտապատման» հետեւանքներն արդեն ակնհայտ էին: Համատարած փոսեր, իսկ փողոցային գծանշումների մասին խոսք անգամ չկա: «Իրավունքը» Երեւանի քաղաքապետարանից փորձեց հետաքրքրվել` ե՞րբ են մայրաքաղաքում սկսելու գոնե «կարկատել» այս «աննախադեպ» խայտառակ ճանապարհները` հաշվի առնելով, որ քաղաքացիների բողոքների վերջը չի երեւում: Այդ թվում, որ կան փողոցներ, որոնք այնպես են շարքից դուրս եկել, որ դարձել են «վթարի բույն»: Ընդ որում, քաղաքապետարանին հիշեցրինք, որ դեռեւս հունվարի վերջին մեզ ուղղված գրավոր հարցման մեջ նշել էին, որ մարտ-ապրիլ ամիսներին մեծ թափով սկսվելու են փողոցների փոսալցման եւ բարեկարգման աշխատանքները: Ի՞նչ եղավ, թե՞ էլի կորոնավիրուսն է մեղավոր: Բնականաբար, այս պարզ հարցին եւս միանգամից պատասխանելու կարողություն քաղաքապետարանում չունեցան. խոստացան գրավոր ֆորմատով պատասխանել»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ոչ սննդային մի քանի օբյեկտներից աշխատողներին չվարձատրվող արձակուրդի է ուղարկել: Նույն աղբյուրների փոխանցմամբ` նախորդ ամիս վերոնշյալ օբյեկտների աշխատողները ստացել են կես ամսվա աշխատավարձ ու ամսի 16-ից մնացել անգործ: Մինչդեռ այս օրերին  Ծառուկյանը բարեգործական ակտիվ աշխատանքներ է իրականացնում` մոռանալով բարեգութ գտնվել նախ սեփական աշխատողների նկատմամբ: Թեպետ սրանով պարոն Ծառուկյանը փաստեց, որ իսկապես իր խոսքը գործ է: Չէ որ նա խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Բայց ես խի՞ պետք է վճարեմ, պետությունը թող տա»: Արդյունքում ո՛չ նա տվեց, ո՛չ պետությունը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Միխայիլ Բաղդասարովը, որը ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը եւ մեր երկրի ազգային ավիափոխադրողը, սնանկ է ճանաչվել։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 10-ից: Ի դեպ, ՀՀ սնանկության դատարանի որոշմամբ Միխաիլ Բաղդասարովի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Նարեկ Նազարյանը: Նշենք, որ Միխաիլ Բաղդասարովին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել Վահե Խաչատրյան անունով քաղաքացի։ Պարզվում է՝ Բաղդասարովին քաղաքացին դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին տրամադրել է 70 մլն դրամ գումար։ Բաղդասարովն այն խոստացել է հետ վերադարձնել հոկտեմբերի 31-ին, սակայն չի կատարել ստանձնած պարտավորությունը։ Վահե Խաչատրյանը դիմել է դատարան եւ խնդրել Բաղադսարովին ճանաչել սնանկ։ Ի դեպ, Բաղդասարովը փետրվարի 17-ին ստացել է դիմումի պատճենը եւ սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը: Հիշեցնենք, որ 2012 թվականին էլ սնանկացել էր Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ընկերությունը։ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Երեւանի քաղաքապետարանը: Դրանից տարիներ առաջ Միխայիլ Բաղդասարովը Հայաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում էր եւ ԱՊՀ երկրների գործարար վերնախավի ամենաազդեցիկ ներկայացուցիչների երեք տասնյակում: Իսկ հետագայում Բաղդասարովին պատկանող ընկերությունները, իրար հերթ չտալով, սնանկացել են»։


«Փաստ» թերթը գրում է. «Որոշ ուժեր շարունակում են շահարկումները Արցախում կայացած ընտրությունների, ինչպես նաեւ ընդհանրապես Արցախի կարգավիճակի շուրջ: Մասնավորաբար երեկ հերթական հայտարարությունն է արել «Սասնա ծռերը»՝ առաջարկելով «Հայաստանի Հանրապետությանը Արցախի դե յուրե միացման խոչընդոտները վերացնելու Ճանապարհային քարտեզում նախատեսված հիմնական քայլեր»: Դրանցից մեկով առաջարկվում է ձեւավորել ժամանակավոր կառավարություն: «Փաստ» թերթի տեղեկություններով, «ծռերի» հերթական «նախաձեռնությունը» բավականին վատ է ընդունվել Արցախում. այստեղ գտնում են, որ գործ ունենք հերթական մանիպուլյացիայի ու ապակայունացման միտումների հետ: Ի դեպ, արցախյան մեր աղբյուրները նշում են, որ շատ վատ է ընդունվում նաեւ արեւմտյան ֆինանսավորմամբ հայտնի որոշ կազմակերպությունների ու անհատների՝ ընտրական ու հետընտրական շրջանում ունեցած պահվածքը, որոնք առիթն օգտագործում են շարունակելու վարկաբեկել պատերազմի հերոսներին, գեներալներին (հասկանալի պատճառներով՝ հիմա նաեւ՝ Սամվել Բաբայանին, որը նախընտրական փուլում նրանց «աչքի լույսն» էր), ինչպես նաեւ սեւացնել ընտրական գործընթացը: Այսպես կոչված, սորոսականներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ փաստացի Մասիս Մայիլյանը հրաժարվել է երկրորդ փուլին մասնակցելուց, ու Արայիկ Հարությունյանին կարելի է համարել ԱՀ նախագահ, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Արցախում տեղի ունեցած ընտրությունները գնահատել է որպես «բարձր որակի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. « Երեկ՝ ապրիլի 9-ին, տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այցելել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործընկերների հետ քննչական գործողություններ են կատարել, ինչի արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թույլ չեն տվել, որպեսզի դուրս գան բաժանմունքի պետը, բաժանմունքի պետի տեղակալը, քրեական հետախուզության խմբի օպերլիազորը: Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի μաժանմունքում: Մանրամասները՝ առաջիկայում»: Եվ, ահա, ըստ իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության խուզարկությունը Դավիթաշենի բաժնում կապված է եղել թմրանյութերի պատմության հետ, իսկ թե բաժնի պաշտոնատար անձինք ինչ կապ ունեն, ցույց կտա քննությունը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում վերջին շրջանում մի քանի ապրանքատեսակների գնաճ է գրանցվել, եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ ապրիլի 3-ին՝ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տված խորհուրդը, հնարավոր է, չօգնի: «Եթե տեսնում ենք, որ որոշ ապրանքների գներ բարձրանում են, օրինակ` ոսպինն ու հնդկաձավարինը, ապա, որպես սպառողներ, մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները, որոնք առկա են ու հասանելի են»,- ասել էր նախարարը: Նշենք, որ վերջին շրջանում գների բարձրացումն այնքան էլ կապ չունի կորոնավիրուսի վարակի տարածման, փակ սահմանների ու տնտեսական դժվարությունների հետ։ Դրանք նախատեսված էին շատ վաղուց՝ ԵԱՏՄ պայմանների թելադրմամբ։ Մասնավորապես, 2020թ. հունվարի 1-ից շուրջ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերը բարձրացել են, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են:


Եվ թերեւս ստեղծված իրավիճակն էր պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ին հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բացատրեց իրավիճակը։ Եվ արդեն դրանից հետո պարզ դարձավ, որ ԵԱՏՄ շրջանակներում բանակցությունների միջոցով հնարավոր է եղել հասնել նրան, որ 600 ապրանքների մաքսատուրքերը, որոնք բարձրացել էին այս տարվա հունվարի 1-ից, վերադառնան նախկին մակարդակին՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։ Համապատասխան որոշումը երեկ կառավարության նիստում ընդունվելուց հետո ուղարկվեց խորհրդարանին՝ արագ վավերացնելու համար, եւ այն կսկսի գործել հենց պաշտոնական հրապարակման օրվանից։ Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս գործողությունները որոշակիորեն կմեղմեն գնաճը։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ից մաքսատուրքերի բարձրացումը հանգեցրել էր գնաճի հետեւյալ ապրանքների շուկայում՝ մսամթերք՝ 15-25 տոկոսով, ձեթ, կարագ` 15, դեղորայք` մինչեւ 6.5 տոկոս, կաթնամթերք՝ 15 տոկոս, ցորեն , գարի, եգիպտացորեն՝ 5 տոկոս, լոբի, բրինձ՝ 6 տոկոս, եւ այլն։ Եվ այս որոշման արդյունքում ստացվում է՝ հակառակ երեւույթը պետք է տեղի ունենա, եւ այս ապրանքախմբերի գինը վերադառնա նախկինին, որն առկա էր մինչեւ հունվարի 1-ը»։


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Երբ երկիրը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում է, այդ ժամանակը պետք է առավելագույն արդյունավետությամբ օգտագործվի ցանկացած հնարավոր զարգացումներին նախապատրաստվելու, համապատասխան նյութատեխնիկական միջոցների ձեռք բերման, ռազմական դրությունների ժամանակ պետական եւ այլ մարմինների փոխգործակցության կանոնակարգման հարցերի լուծման համար: Ռազմական իրավիճակում հստակ կանոնակարգված գործողություններն են նպաստում հաղթանակներին, ինչպես նաեւ մարդկային կորուստների նվազեցմանը: Խաղաղության ժամանակահատվածում փոքր դետալ համարվող հարցն անգամ պատերազմի ժամանակ կարող է վերածվել կարեւոր եւ շատ դեպքերում վճռորոշ գործոնի: Ներկայում առողջապահության նախարարությունը մշակել է օրենքի պահանջ հանդիսացող կարգ, որը մինչ օրս չկար: Նոր նախագծով սահմանվելու է ռազմական դրության ժամանակ կարեւոր ոլորտի՝ բուժօգնության կանոնակարգման խնդիրը»: