Սոցիալական ցանցի հայկական սեգմենտը առավոտվանից քննարկում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի մեկնաբանությունները, որոնք բուռն քննադատությունների ալիք են բարձրացրել անգամ ներկայիս իշխանությունների կողմնակիցների շրջանում:
Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի հետ քայլած ու, ըստ էության, սոցիալական բունտի շնորհիվ այդքան բարձր պաշտոնի արժանացած Նազարյանն այսօր արձագանքել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի հետևյալ գրառմանը. «Հիմա պատկերացրեք, երկու տարվա ընթացքում մեր երկրի որևէ պաշտոնյա պարգևավճար չստանար ու հատուկ ֆոնդ հիմնադրվեր /Urgent found/, որքան գումար կլիներ կարիքավորների, աշխատանքը կորցրածների, սոցիալական անելաներլի վիճակում հայտնվածների ու նման տարբեր խմբերի համար....»:
Ի պատասխան այս գրառման, Լենա Նազարյանը գրել է. «Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»: Եվ ավելացրել՝ ամսական 500 հազար դրամը նախարարի համար քիչ է:
Գրառումը գրավել է նաև իմքայլական պատգամավոր Արման Եղոյանի ուշադրությունը, ով ևս իր վրդովմունքն է արտահայտել, թե ինչպես կարելի էր նման բան գրել: Նաև ակնարկել, որ հասկանալի է, թե իրավապաշտպանը կոնկրետ որ պաշտոնյաներին նկատի ունի: Նազարյանն էլ շարունակել է. «Դե բնականաբար հո՞ իրենց չի անհանգստացնում նախարարության x բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»: Եվ հենց այս արտահայտությունը Նազարյանին, որ մինչ բարձրաստիճան պաշտոնյա դառնալը հասարակական սեկտորում զբաղվում էր մարդու իրավունքների պաշտպանությամբ, այսինքն հենց այն խավի, որն այսօր սոված չորս պատի մեջ է փակված, լիովին արդարացված քննադատության թիրախ դարձրեց:
Բայց, ինչպես ասում են, Նազարյանը այլևս չէր կարող կանգ առնել. մեկնաբանություններից մեկում, ինչպես հետո պարզվեց, մի մանկավարժ հետաքրքրվեց՝ իսկ այդ պարգևավճարները ինչո՞ւ պիտի միայն նախարարին, պատգամավորին ու այդ շրջանակի աշխատողներին վերաբերվի, առանց այդ էլ այն աշխատավարձը, որ ստանում են, արդեն իսկ լավ ապրելու համար բավական է: Ի պատասխան դրա ԱԺ փոխնախագահը, ում աշխատավարձը առանց ամենամսյա պարգևվավճարների կազմում 925 հազար 960 դրամ, հիշեցրեց մանկավարժին, որ վերջիններիս աշխատավարձը 10% բարձրացել է: Մեջբերենք մանկավարժի պատասխանը.
«Հարգելի Լենա եթե 10 %ը կարելի է բարեկեցիկ կյանքի անցնելու ճիշտ տարբերակ համարել, ուրեմն հիանալի է, իսկ գիտե՞ք թե որքան է այդ 10%ը կազմում, ասեմ ձեզ, կազմում է 15000 դրամ, կխնդրեմ նժարին դնել 90.000 ը և 900.000-ը, հարաբերակցությունը ճի՞շտ է արդյոք։ Բնավ դեմ չեմ բարձրաստիճան պաշտոնյաների բարձր վարձատրությանը, բայց եկեք պատասխանատվության ու մնացածի մասին լռենք, երբ մեր նման մարդիք առնվազն 200.000 աշխատավարձ կստանան, ոչ ոք չի առարկի, որ դուք ավելի բարձր վարձատրվեք, բայց քանի այս պատկերն է... պատկերացնու՞մ եք արդյոք ձեր կյանքը 90.000 -ի շրջանակում»։
Թերևս ավելացնելու ոչինչ չկա, բացի նրանից, որ Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախագահ։
Լենա Նազարյանին արձագանքեց նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը.
«ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ասում է՝ նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չեն, որ ցածր աշխատավարձի դիմաց տարիներով չարքաշ աշխատեն։
Էդ լուր՞ջ եք ասում, տիկին Նազարյան։
Ես՝ որպես տարիներ շարունակ ձեր ասած «չարքաշ աշխատանքը» կատարած մարդ, ասեմ, որ իմ կամ ԱԺ այն ժամանակվա ղեկավարության մտքով անգամ չի անցել, որ կարելի է 30 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող երկրի Ազգային ժողովում ընդամենը մեկ տարում շուրջ 1.5 միլիարդ դրամի պարգևավճար բաժանել։ Իսկ դուք արեցիք դա։ Նախկին թվերը ձեր ձեռքի տակ են, նայեք ու կտեսնեք, որ առնվազն եռապատակել եք ազգային ժողովի կողմից տրամադրվող պարգևավճարների գումարը։
Ոչ մեկի մտքով չէր ացնում, որ 30 տոկոս պաշտոնական աղքատության ունեցող երկրում կարելի է նախարարների աշխատավարձը 800 հազար դրամից դարձնել 1 միլիոն 500 հազար դրամ, փոխնախարարների աշխատավարձը՝ 562 հազարդրամից դարձնել 1 միլիոն 60 հազար դրամ կամ գլխավոր քարտուղարների աշխատավարձը 595 հազար դրամից դարձել է 870 հազար դրամ՝ այն էլ գաղտնի հրամանով։ Բայց դուք արեցիք դա։
Ու սա արեցիք ձեզ նվիրյալներ հռչակելով ու ժողովրդի կյանքը լավացնելու խոստումներով իշխանության գալուց անմիջապես հետո։
Եվ վերջում, տիկին Նազարյան, ո՞ր պահին հասկացաք, որ «նվիրյալներ չեք», որ ժողովրդին ծառայելու ձեր խոստումները կատարելու համար բարձր աշխատավարձեր պիտի ստանաք ու ինչքա՞ն դեռ պիտի բարձրացնեք ձեր աշխատավարձերը, որ «նվիրյալ դառնաք»»:
Զերծ մնալով նախկին իշխանության ներկայացուցչի գնահատականները գնահատելուց, առավել ևս դրանք կիսելուց, քանզի բոլորս լավ հիշում ենք, թե դեռ երեք տարի առաջ երկրում ինչ բարքեր էին ու կոռուպցիոն ինչպիսի մեխանիզմներ էին կյանքի կոչվում, առանց որոնց էլ ով պետք էր բարձր «պարգևավճարներ» ստանում էր, այդուհանդերձ նշենք, որ Լենա Նազարյանի վարքագիծը, մեղմ ասած, չի համապատասխանում թավշյա տրամաբանությանը: Իրականում այս ամենը՝ պարգևավճարների դեմ բողոքողներին քննադատելը, երեսով տալը, որ որոշ մասնագետների աշխատավարձերը 10%-ով բարձրացել են, խնամի-ծանոթ սկզբունքով յուղոտ պաշտոնները զբաղեցնելը, պարզվում է նաև նվիրյալ լինելու պահանջը քննադատելը և այլն գնալով ավելի է մոտեցնում նախկին ու ներկայիս իշխանություններին իրար: Ինչը շատ ցավալի կլինի: