Ներքին «սև-սպիտակ» պառակտումն արտահանվում է սփյուռք
Հետաքրքիր է, ընտրությանը մասնակցելու նպատակով Ռուսաստանից եկած հայրենակիցներին «հայտնաբերող» լրատվամիջոցները նույն նախանձախնդրությամբ փորձում ե՞ն հայտնաբերել նույն խորհրդարանի ընտրությանը մասնակցելու նպատակով օրինակ Եվրոպայից կամ ԱՄՆ-ից եկող ՀՀ քաղաքացիներին: Հարցս բնականաբար հռետորական է, որովհետեւ գործնականում պետք չէ հայտնաբերել ոչ մեկին, որովհետեւ նրանք մեր հայրենակիցներն են, ու թեեւ ապրում են Հայաստանի սահմանից դուրս, բայց նրանք արժեքավոր ռեսուրս են հենց Հայաստանի պետական կենսունակության համար:
Ու դրա մի վկայություն է այն, որ տարիներ շարունակ հենց այդ ռեսուրսն է նաեւ թիրախավորել Ադրբեջանը՝ ուղղակի եւ անուղղակի ճանապարհներով: Եվ չեմ բացառում, որ այդ «ճանապարհների» թվում է եղել նաեւ ազդեցությունը Հայաստանի քաղաքական իշխանության ու իշխանամերձ շրջանակների վրա՝ Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունը քայքայելու, ներքին սեւ-սպիտակը հերիք չէ՝ այն նաեւ սփյուռք արտահանելու համար:
Այն պարագայում, երբ Ադրբեջանն ինքը ըստ էության պետական ծրագրով զբաղված է տարբեր առանցքային երկրներում ադրբեջանական «սփյուռք» ձեւավորելու, լոբբիստական էֆեկտ ստանալու գործով: Քայքայել Հայաստան-սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի՝ Հայաստանի պետական քաղաքականության խթանմամբ, եւ զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ: Ինչ խոսք, Ադրբեջանը այստեղ էլ ցավալիորեն աշխատում է բավականին ռազմավարական պլանավորումով: Եվ կրկնակի, բազմակի ցավալիությամբ՝ կամա, թե ակամա Ադրբեջանի այդ պլանավորման մաս դառնում են հայաստանյան շրջանակներ:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան