4.06.2026
Արարատի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
prev Նախորդ նորություն

50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանին. Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ պատրաստվում է Հայաստանին տրամադրել ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ աջակցության փաթեթ՝ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների ֆոնին։


Այդ մասին նա հայտնել է վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։


«Այսօր ես զրուցեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս կիրառված սահմանափակումները։ Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է։ Երկարաձգելով հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները՝ Մոսկվան տնտեսական հարաբերություններն օգտագործում է որպես քաղաքական ճնշման գործիք։ Մենք չափազանց լավ գիտենք այս գործելաոճը։ Հենց այդ պատճառով էլ Եվրոպան հաստատակամորեն աջակցում է Հայաստանին։


Մենք պատրաստում ենք ԵՄ աջակցության միջոցառումների փաթեթ։ Այն ներառում է ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն։ Նախատեսվում են նաև առևտրի դյուրացման միջոցառումներ մի շարք հայկական ապրանքների, մասնավորապես՝ ագրոպարենային ոլորտի արտադրանքի համար»,-ասել է նա։


Ֆոն դեր Լայենը հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի ամրապնդել կապերը եվրոպական և հայկական բիզնեսների միջև՝ Երևանում վերջերս կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։


Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունների հետագա առաջխաղացումը կքննարկվի փոխկապակցվածության հարցերով հարթակի նախարարական հանդիպման ժամանակ, որը նախատեսված է հունիսի 23-ին։


«Այս բոլոր ուղղություններով արդյունավետ համակարգում ապահովելու համար մենք պայմանավորվել ենք ստեղծել ԵՄ–Հայաստան համատեղ աշխատանքային խումբ։ Այդ մարմինը կհետևի բոլոր այս նախաձեռնությունների, ինչպես նաև ապագայում նախատեսվող ցանկացած լրացուցիչ միջոցառումների իրականացմանը»,-հավելել է նա։

Պետությանը վերադարձվեց Երևանի կենտրոնում գտնվող 2 անշարժ գույք
Հաջորդ նորություն next