Օսիպյանի գործը և ատելության խոսքը. ՄԻՊ-ը մատնանշում է արդարադատության խնդիրները
Լուսանկարը` parliament.am
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է հնչեղություն ստացած գործերին, այդ թվում՝ Արցախից տեղահանված Արթուր Օսիպյանի կալանավորմանը՝ մտահոգություն հայտնելով երկրում ատելության խոսքի տարածման ու ընտրովի արդարադատության խնդիրների վերաբերյալ։
Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների պաշտպանության հարցը գտնվում է ՄԻՊ աշխատակազմի անմիջական վերահսկողության ներքո։ Անահիտ Մանասյանի փոխանցմամբ՝ Արթուր Օսիպյանի հետ կապված միջադեպից անմիջապես հետո իր ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն վերջինս սկզբնական շրջանում հրաժարվել է առանձնազրույցից։ Կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում ՄԻՊ-ը շարունակում է մշտադիտարկել հացադուլ հայտարարած բոլոր անձանց վիճակը։
Մանասյանն ընդգծել է, որ հացադուլը դիտարկվում է որպես անձի իրավունք, և դրան միջամտելը հնարավոր է միայն բացառիկ դեպքերում, սակայն պետությունը պարտավոր է ապահովել պատշաճ բժշկական հսկողություն։ Միևնույն ժամանակ հստակեցվել է, որ հացադուլավորների քաղաքական պահանջների բավարարումը դուրս է ՄԻՊ-ի լիազորությունների շրջանակից։
Ճեպազրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հանրային տիրույթում ագրեսիվ հռետորաբանության խնդրին։ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ տարբեր քաղաքական ուժերի աջակիցների կողմից վիրավորանքների և ատելության խոսքի կիրառումը համատարած բնույթ է կրում։
Մանասյանը զգուշացրել է իրավապահ համակարգին երկակի ստանդարտների կիրառման անթույլատրելիության մասին՝ նշելով, որ համանման վարքագիծը պետք է հանգեցնի նույնանման իրավական հետևանքների՝ անկախ անձի քաղաքական հայացքներից։ Նա շեշտել է, որ քրեական պատասխանատվության պետք է հանգեցնեն բացառապես խոսքի հանրորեն ամենավտանգավոր տեսակները։
Անդրադառնալով ընդդիմության աջակիցների նկատմամբ բռնության վերջին դեպքերին՝ Օմբուդսմենը նշել է, որ այդ փաստերով արդեն իսկ նախաձեռնվել են վարույթներ, որոնց ընթացքը վերահսկվում է։ Մանասյանը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ անթույլատրելի է որևէ մեկին անհիմն կերպով զրկել ազատությունից։
Եզրափակելով խոսքը՝ նա ընդունել է, որ հանրության շրջանում ձևավորվել է ընտրովի արդարադատության տպավորություն, որպես համակարգային խնդրի վառ օրինակ մատնանշելով հունիսի 12-ի դեպքերի քննությունը, որի արդյունավետությունն ու ձգձգումներն արդեն իսկ արժանացել են ՄԻՊ-ի խիստ քննադատությանը։