Մամուլ. Գագիկ Ծառուկյանը հրադադար է հայտարարել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խիստ հրահանգել է թիմին` այս լարված իրավիճակում հնարավորինս խուսափել քաղաքական բանավեճերից եւ իշխանություններին քննադատելու հարցում հրադադար հայտարարել, չնայած կորոնավիրուսի տարածման առաջին օրերին պայքարի դրոշը, կարելի է ասել, անձամբ էր առաջ տանում: Թե ինչու՝ թիմին չի բացատրել, բայց նրանք ենթադրել են, որ իշխանությունը կրկին ՊԵԿ-ին «քսի» է տվել Ծառուկյանի բիզնեսների վրա: Այս օրերին ԲՀԿ-ական պատգամավորները տարբեր մարզերում եւ Երեւանի վարչական շրջաններում իրենց էլեկտորատին, կուսակից անապահով խավին սննդի տոպրակներ են բաժանում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի երեկվա նիստը, որտեղ քննարկվել է Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 16-ի նիստին ներկայանալու հարցը, շատ երկար չի տեւել: Ներկա չեն եղել Սիփան Փաշինյանն ու Արեն Մկրտչյանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարդացել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նամակը, ապա` իրենց պատասխանը նամակին, հարցրել է` համաձա՞յն եք այսպես պատասխանելուն, ասել են` «նորմալ է, բայց կարելի է գեղարվեստականությունը մի կողմ դնել»: «Գեղարվեստը» վերաբերել է ՀՀԿ-ից ստացված նամակի այն հատվածին, ուր նշվել է, որ «հրավերը մերժելու գրավոր հիմնավորումներ ներկայացնելու խնդրանքը չի բխում Սահմանադրությամբ եւ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակից, ուստի առաջարկվում է հիշյալ պաշտոնատար անձին (Անդրանիկ Քոչարյանին) այսուհետ գործել բացառապես իր լիազորությունների սահմաններում»:  Հանձնաժողովի նախագահը պատասխանել է այդ հատվածին երկար-բարակ ձեւակերպումներով, հանձնաժողովականներն առաջարկել են ավելի կարճ-կոնկրետ պատասխանել։ Գրել, որ համաձայն են նիստից առաջ անցնել կորոնավիրուսի թեստ եւ նիստի ձայնագրությունը տրամադրել երրորդ նախագահին: Ի դեպ, հանձնաժողովականներին ասվել է նաեւ` մտածեք, թե ինչ հարցեր եք տալու Սերժ Սարգսյանին, ներկայացրեք` տեսնենք: Իսկ հանձնաժողովի որոշ անդամներ մտմտում են` ներկա լինե՞լ նիստին, թե՞ ոչ: Մինչդեռ, ստանալով պատասխանը, ՀՀԿ-ում որոշել են, որ տարբեր ընթացակարգերին ու պսեւդո իրավական հիմքերին կատարված հղումները հող են պատրաստում, որ հետագայում մերժեն ձայնագրության տրամադրումը։ Նրանք պահանջում են հստակ ասել՝ այո կամ ոչ»:


«Ժողովուրդ» թերթը գրևում է․ «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ՝ Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, որպես վկա, հարցաքննվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Ինչպես հայտնի է, ըստ նախաքննական մարմնի՝ հիմնավորվել է Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը: Բանն այն է, որ այդ տարածքը վարձակալել է ԿԸՀ նախագահի կինը եւ այնտեղ նոտարական գործունեություն ծավալել: Եվ, ահա, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքները հայտնվել են «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքում նոտարական գործունեություն իրականացնելու համար Տիգրան Մուկուչյանի կնոջ դեպքում ավելի քիչ վարձավճար է սահմանվել, քան մյուսների համար։ Եվ, ահա, հարցաքննության ժամանակ քննիչը հետաքրքրվել է՝ ԿԸՀ նախագահն ինչով կպայմանավորի, որ իր կնոջ համար նույն տարածքում, մյուսների համեմատ, առավել ձեռնտու պայմաններով է տարածքը վարձակալությամբ տրամադրվել: Թե ինչ է պատասխանել այս հարցին ԿԸՀ նախագահը, եւ թե ինչ ցուցմունք է տվել, կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթում»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արտակարգ դրության եւ կորոնավիրուսի համաճարակի տարածման հանգամանքով պայմանավորված՝ փոփոխություններ են եղել նաեւ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներում։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման, հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ: Վարչապետի որոշմամբ հաստատվել էր նաեւ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը: Հանձնաժողովի գործունեությունը սկսելուց հետո՝ եռամսյա ժամկետում, պետք է մշակվեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովվեր դրա հանրային քննարկումը եւ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակվեր ու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Սակայն այս ընթացքում՝ հանձնաժողովի կազմավորումից ի վեր, երկու նիստ է անցկացվել։ Հիմնականում ձեւավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը, եւ հաստատվել է աշխատանքային պլանը։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ վերը թվարկված աշխատանքային ժամանակացույցի մեջ փոփոխություններ կլինեն, եւ առաջիկայում այդ մասին նաեւ պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Աշխատանքները կվերսկսվեն միայն արտակարգ դրության ավարտից հետո»։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնում, որը զբաղվում է աղբահանությամբ, կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել մեկ աշխատակցի մոտ։ Նրա հետ շփում ունեցած մի քանի այլ աշխատակիցներ մեկուսացվել են։ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ո՛չ կարող է հաստատել, ո՛չ հերքել տեղեկությունը, քանի որ տեղեկություն չունի վարակված աշխատակցի մասին։ Ինչ վերաբերում է աղբահանության աշխատանքներին, ասաց, որ նման դեպքերը որևէ կերպ չեն կարող անդրադառնալ քաղաքի աղբահանության աշխատանքների վրա»։


«Փաստ» թերթը գրում է. «Ընդունենք թե չընդունենք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն փաստ է, որ նա «հենց այնպես» որեւէ հայտարարությամբ հանդես չի գալիս: Թեպետ հանուն արդարության պետք է նշել, որ նախօրեի հոդված-հայտարարությունը փոքր ինչ տարբերվում է լեւոնտերպետրոսյանական ոճից եւ որոշակի շտապողականության նշաններ են երեւում: Ըստ այդմ, հայտարարության բովանդակության հետ մեկտեղ հետաքրքիր է նաեւ այդ հայտարարության պահը։ Առաջին նախագահը խոսում է համավարակի տարածմամբ պայմանավորված պատերազմական իրավիճակից բխող թելադրանքի մասին, սակայն բնական հարց է առաջանում, որ եթե առաջին նախագահն այդքան մտահոգ էր իրավիճակով, ապա ինչո՞ւ հայտարարությամբ հանդես չեկավ ավելի շուտ, երբ հարկավոր էր խորհուրդներ տալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության պահը թերեւս հասունացած էր քաղաքական անհրաժեշտությամբ։ Սովորաբար առաջին նախագահը մեծ թվով հայտարարություններ չի անում եւ տարվա կտրվածքով դրանք կարող ենք ընդամենը մատերի վրա հաշվել։ Իսկ վերջին երկու տարիների ընթացքում Տեր-Պետրոսյանի հայտարարությունների հիմնական ուղղությունը գործող իշխանություններին ինչ-որ կերպ աջակցելն է եւ իր առաջ քաշած այս կամ այն տեսլականի «իրավացիությունը» ապացուցելը։


Այս անգամ եւս առիթ ստեղծվեց, որպեսզի առաջին նախագահը իր հայտարարությամբ աջակցություն հայտնի գործող իշխանություններին։ Դժվար չէ ենթադրել, որ ներկայիս իշխանություններն այնքան ծանր իրավիճակում են հայտնվել, որ առաջին նախագահի միջամտության անհրաժեշտությունն է ծագել։ Եվ խոսքը միայն կորոնավիրուսի հետեւանքների հաղթահարման մասին չէ, այլ ընդհանրապես, իշխանության քաղաքական կացության: Նախ՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ եթերը չբավարարեց հանրության սպասելիքները, իսկ ներկայիս ֆորսմաժորային իրավիճակում հանրության ակնկալիքները կառավարությունից ավելին են, քան երբեւէ։ Եվ Փաշինյանն ուղղակի փորձեց բազմաթիվ հարցերի խուսանավող պատասխաններ տալ։ Իսկ եթե վերջինիս ֆեյսբուքյան էջում արված մեկնաբանություններից հանենք ֆեյքերի միջոցով գովերգումը, ապա պարզ կդառնա, որ իրականում դժգոհության ալիքն ահռելի է, իսկ երեքժամանոց «լայվը»՝ ձախողված։ Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի աշխատանքները մտնում են ավարտական փուլ, եւ վերջին զարգացումներից ելնելով, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի համար անակնկալ որոշել է ներկայանալ այդ հանձնաժողովի աշխատանքներին: Շատ մեծ է հավանականությունը, որ այս հանգամանքը խառնել է իշխանության հաշվարկները, իսկ հանձնաժողովի աշխատանքները չեն տալիս այն արդյունքը, ինչ ակնկալում էին։ Ոչ պակաս կարեւոր է այն հանգամանքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացահայտ ստանձնում է իշխանությունների փաստաբանի դերը եւ բացառապես հորդորում է սատարել իշխանություններին՝ անկախ նրանից, թե տվյալ պահին իշխանության ներկայացուցիչների քայլերը բխո՞ւմ են հանրության շահերից եւ իրավիճակից, թե՞ ոչ։


Տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ առաջին նախագահը ընդդիմությանը մեղադրում է իշխանության նկատմամբ թշնամանք եւ ատելություն քարոզելու մեջ։ Նախ՝ սխալ է առաջին նախագահի մեղադրանքի հասցեատերը, քանի որ հասարակության ներսում սպիտակի եւ սեւերի բաժանարար գծի հեղինակները գործող իշխանություններն են՝ առաջին նախագահի թիմի ակտիվ «քավորությամբ»։ Հենց նրանք են ատելության եւ թշնամանքի հիմնական մոդերատորները, նրանք են հասարակությանը բաժանել սեւերի ու սպիտակների, ամենուր թշնամիներ փնտրել, հասարակությանը պառակտել, կիրառել անթույլատրելի բառապաշար։ Ուրեմն, գոնե այս պարագայում Լեւոն Տեր-Պետրոսյանը օբյեկտիվ չէ: Ու սա միակ դեպքը չէ: Ընդհանրապես արտաքուստ դրական ուղերձներով այս հայտարարության մեջ օբյեկտիվությունը ձգտում է զրոյի: Էլ չենք խոսում այն մասին, որ առաջին նախագահը անթաքույց կոչ է անում՝ ինչ միջոցով էլ լինի, պայքարել իշխանություններին քննադատողների դեմ: Սա ոչ թե սուբյեկտիվ, այլ ծայրահեղ վտանգավոր պահ է՝ բնորոշ տերպետրոսյանական ժամանակներին:


Այնինչ, ընդդիմության քննադատությունները շատ հաճախ առավել օգտակար են հենց նույն իշխանությունների համար, քան կեղծ գովեստները, քանի որ քննադատությունների ազդեցության տակ իշխանությունները պահպանում են իրենց զգոնությունը։ Եթե առաջին նախագահն իսկապես անկեղծ է, ապա որպես տարիների քաղաքական փորձ ունեցող գործիչ, ստեղծված իրավիճակում ուղղակի պարտավոր էր անդրադառնալ հրատապ մի քանի հարցերի, որոնք պարզապես «դուրս են մնացել» հայտարարությունից։ Նախ՝ համավարակի տարածման հետ մեկտեղ տնտեսական ճգնաժամը դարձել է անխուսափելի, որի հետեւանքներն այս պահին գնահատելը շատ դժվար է։ Եվ գործող իշխանություններին հանրության աչքում բարձրացնող առաջին նախագահը ինչո՞ւ չի անդրադառնում կառավարության տնտեսական քաղաքականությանը եւ ելքեր ցույց տալիս։ Նորից ասենք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում պատահաբար ոչինչ լի լինում: Այդ թվում՝ այն հանգամանքը, որ նա փաստացի կոչ է անում նախահեղափոխական շրջանի էջերը փակել, այդ թվում՝ ապրիլյանի, որ նա ըստ էության խոսում է Նիկոլ Փաշինյանից հաշիվ պահանջելու մասին, բայց հիմա չէ, հետո, եւ վերջապես՝ որ նա իր ողջ հայտարարության մեջ ոչ մի անգամ չի հիշատակում Նիկոլ Փաշինյանի անունը, առավել եւս՝ «վարչապետ» բառը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթը «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներից ահազանգեր է ստացել, որ խնդիրներ ունեն աշխատավարձերի ստացման հետ կապված: Մասնավորապես՝ նրանք վարձատրվել են մարտ ամսվա աշխատած օրերի համար: 14 օր է, ինչ չեն աշխատում, սակայն վարձատրվել են միայն 4 օրվա համար: Նրանք գրանցված աշխատող են, ընկերության հետ կնքել են պայմանագրեր, աշխատավարձն էլ ստանում են բանկային քարտերի միջոցով: Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց «Ալեքս տեքստիլ» ընկերությանը, որտեղից մեզ ընդամենն ասացին, թե իրենց ընկերությունում բոլոր հարցերը կարգավորվելու են աշխատանքային օրենսդրության սահմաններում: Փաստացի, գործատուն պնդում է, որ իրենք առաջնորդվում են աշխատանքային օրենսդրությամբ՝ չմանրամասնելով, թե ինչ է սպասվում հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին, աշխատողները պնդում են, որ պարապուրդի մեջ գտնվող 14 (աշխատանքային 10) օրերի փոխարեն վարձատրվել են 4 օրվա համար: Ստեղծվում է յուրատեսակ փակուղի, որի առումով առավել հետեւողական պետք է լինեն պատկան մարմինները»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում եւ աշխարհում արտակարգ իրավիճակով պայմանավորված, մի շարք խնդիրների հետ մեկտեղ, առաջնային է նաեւ ազգաբնակչության բանկային վճարումների հարցը։ ՀՀ-ում տարբեր հաշվարկներով կա մոտ 1,5 մլն վարկառու: Իհարկե, սա չի նշանակում, որ հենց այդքան մարդ վարկառու է, խոսքն իրականում վարկային հաշիվների մասին է, բայց թիվն ինքնին բավականին խոսուն է: Ստեղծված իրավիճակով պայմանավորված, վարկառուների վճարումները բավականին պրոբլեմատիկ են դարձել, քանի որ մարդկանց մեծ մասը մեկուսացված է տներում, շատերն աշխատանքը կորցրել են կամ հարկադիր պարապուրդի մեջ են, շատ գործարարներ վնասներ են կրում եւ այլն։ Ճիշտ է, կառավարությունը մի շարք ծրագրեր է ներկայացրել, սակայն վարկերի մարման խնդիրը դրանով չի սահմանափակվում: Այս ամենը հաշվի առնելով՝ բանկերը որոշակի զիջողական քայլերի են գնացել՝ վճարումների հետաձգումների մասով: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են մանրամասն մոնիթորինգ անցկացնել, որպեսզի ուսումնասիրեն, թե ֆինանսական ինչ հարվածներ կարող են հասցվել բանկերին, փորձում են նաեւ գնահատել այդ ռիսկերը։ Ի դեպ, մտահոգություններից մեկը կապված է նրա հետ, որ մեր քաղաքացիները, անկախ իրենց այս պահի վճարունակությունից, զանգվածաբար չօգտվեն այս իրավիճակից։ Ի վերջո, այդ վճարումները վաղ թե ուշ կատարվելու են»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Բանկերը իրենց վարկառուներին վարկային արձակուրդ տրամադրելու փոխարեն, նրանց առաջարկում են վարկերի վերաձևակերպում: Ճիշտ է, վարկառուն որոշ ժամանակ ազատվում է վճարումներ կատարելու պարտավորությունից, բայց նման վերաձևակերպման արդյունքում էապես մեծանում է վարկառուի ֆինանսական պարտավորությունների և վարկային բեռի չափը: Շատերը համարելով, որ ուրիշ այլընտրանք չունեն՝ ստիպված համաձայնվում են նման վերավարկավորման պայմանագրերի կնքմանը»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ։ Առավել շատ ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայիլյանը, անցել են երկրորդ փուլ. նշենք, որ Հարությունյանը խորհրդարանում «Արցախի ժողովրդավարական կուսակցության» եւ «Հայ հեղափոխական դաշնակցության» հետ միասին ունի մեծամասնություն։ Արցախում ներկայումս բավականին բուռն հետընտրական զարգացումներ են տեղի ունենում, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 1 տոկոսից մի քիչ ավելի հավաքած «Արցախի հեղափոխական կուսակցությունը» Ստեփանակերտի փողոցներում օրերս փորձեց բողոքի ակցիա անցկացնել՝ արհեստականորեն իրավիճակը լարելով (նշենք, որ ակցիան այդքան էլ մարդաշատ չէր)։ «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այդ բողոքի ակցիան իրականացվում էր հայաստանյան իշխանության սորոսական թեւի հրահրմամբ, ինչն այդքան էլ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ: Թերթի տեղեկություններով, ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն կերպ սանձել իրադարձությունների զարգացումները, որպեսզի իրավիճակն էսկալացիայի չհասնի։ Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ Փաշինյանն ընդունում է Արցախում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, եւ դրա մասին նա քանիցս հայտարարել է, իսկ Արայիկ Հարությունյանի գրանցած արդյունքները նրան լիարժեք բավարարում են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նշել էիք, որ արցախյան ընտրությունների դիտորդների մասով ասելիք ունեք, որ նրանք ոչ միշտ են եղել անկողմնակալ, անկախ, ի՞նչ նկատի ունեիք եւ ո՞ւմ՝ հարցրինք Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանին։ «Սպասեք` ընտրական գործընթացներն ավարտվեն, նոր անուններ բարձրաձայնենք»: Ուշ չի՞ լինի։ «Ոչ, նախ որ ընտրական գործընթացը դեռ չի ավարտվել, եւ ապա՝ ընտրությունների դիտորդական առաքելության գնահատականներն իրավական առումով ընտրությունների վրա ազդելու հնարավորություն չունեն։ Դրանք լոկ խորհրդատվական են։ Ընտրական գործընթացը կավարտվի, անուներ կտամ՝ ես որեւէ խնդիր չեմ տեսնում»: Դիտորդական առաքելությունների «առյուծի բաժինը» կազմում են «Իրազեկ քաղաքացիների միավորումը» եւ «Թրանսփերենսի ինթերնեշնլը», այսպես ասած, սորոսական կազմակերպությունները, ընդ որում, հայտնի է, թե թեկնածուներից որ մեկի նկատմամբ են նրանք «անկողմնակալ» եղել, նրանց մասին է խոսքը: «Դուք հիմա ինձ մի այնպիսի հարթություն եք տանում, ուր ես չեմ գնա։ Ինչպես ինքս եմ հորդորոււմ մեր դիտորդներին` լինել անկողմնակալ, այնպես էլ ինքս եմ պարտավոր լինել: Ժամանակը կգա, ամեն ինչ կասեմ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացների միջեւ: Ըստ ոստիկանության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ քաղաքացիները չեն ունեցել պարետի որոշմամբ համապատասխան փաստաթուղթ, որի համար նրանց տարել են բաժին, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկեն: Սակայն ոստիկանության բաժնի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների ծանոթները՝ Հայկ Հակոբջանյանը, Արման Բաբայանը եւ Վիլիամ Պապիկյանը, հայհոյանքներ են տվել ոստիկանության ծառայողների հասցեին, որի ընթացքում հասարակական կարգի խախտումը խափանելու նպատակով նրանց դիտողություն կատարած ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Ջահանգիրյանին եւ ՀՈԲ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Սամսոն Ասրյանին ցուցաբերել են դիմադրություն, գործադրել բռնություն, մասնավորապես՝ բոլոր ոստիկանության ծառայողների հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ, քաշել նրանց հագուստներից եւ բռունցքներով մի քանի անգամ հարվածներ հասցրել նրանց: Պարզվում է՝ պարետի համապատասխան թուղթը չի ունեցել Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանը, որին էլ իրավապահները ծեծել են: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի՝ ծեծի ենթարկելու միջադեպերից մեկի կիզակետում կանգնած է Սիսիանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ եվրոպական հանձնաժողովը պատրաստել է մի զեկույց, որով հայկական ավիացիային, այսպես ասած, կարմիր քարտ է ցույց տվել։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամենը երկար նախապատմություն ունի։ Առաջին անգամ, պարզվում է, դեղին քարտ է ցույց տրվել 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել էր, որ կարող է հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում արգելվի, եւ կգան ուսումնասիրությունների։ Եվ, ահա, նրանք փետրվարին այցելել են Հայաստան, ուսումնասիրել, իրենց նախնական գնահատականներից չեն հրաժարվել ու արդեն մարտի 6-ին կարմիր քարտ են ցույց տվել։ Այսինքն՝ այս որոշումն ամենեւին էլ անակնկալ չի եղել, եւ Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման՝ մայիսին պլանավորված նիստում հնարավոր է պատժամիջոց կիրառվի, եւ Հայաստանը հայտնվի արգելքի տակ գտնվող երկրների ցանկում։ Իհարկե, երկու տեղական ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա թռիչքների իրավունքից զրկվելը ծանր հարված է, սակայն պատճառներն իրականում ավելի խորն են։ Եվրոպական հանձնաժողովի կողմից նման որոշմանն անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հայտարարել. «Երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ, զենքերի վաճառքի մեջ, եւ դա կապ է ունեցել հայաստանյան կոռումպացված շրջանակների հետ»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է Հայաստանի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգի նախագիծը: Այն վերաբերում է միջազգային, միջմարզային և ներմարզային ուղևորափոխադրումներին: Ըստ նոր կարգի՝ մրցույթի կարող են մասնակցել մինչև հինգ տարեկան ավտոբուսներ շահագործող ընկերությունները: Նոր կարգը կստիպի երթուղիները շահագործող ընկերություններին կատարել էական ֆինանսական ներդրումներ, քանի որ ներկայումս անգամ միջազգային ուղևորափոխադրումները կատարվում են անհամեմատ հին ավտոբուսներով, իսկ ներմարզային երթուղիներում օգտագործվում են խորհրդային արտադրության ավտոբուսներ»:


 


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հանրապետությունում առաջնային լուծում պահանջող խնդիրներից է կոշտ կենցաղային թափոնների կառավարումը: Նույն կարեւորությամբ այսօր ծառացած են նաեւ արտադրական թափոնների կառավարման խնդիրները: Սակավահող Հայաստանում 1.5 հազարի հասնող մեծ ու փոքր աղբավայրերի գոյությունը լրջագույն էկոլոգիական եւ առողջապահական խնդիրներ է առաջադրում: Այն լուծելու նպատակով անհրաժեշտ է առաջին հերթին ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ: Այս ուղղությամբ պետությունը իրականացնում է ծրագրային գործողություններ: Սակայն այս հիմնահարցը ունի մեկ այլ կողմ, որի լուծումը մեծապես կախված է հասարակության վարքագծից: Այսօր մեզանում դեռեւս գերակայում է այն համոզմունքը, որ աղբն այրելը նրանից ազատվելու ամենահեշտ եւ էժան տարբերակն է: Ընդորում, այդ քայլին նաճախ դիմում են եւ ֆիզիկական, եւ իրավաբանական անձինք: Քչերը գիտեն, որ այրման դեպքում անհամեմատ ավելի մեծ վնաս է հասցվում մարդու առողջությանը եւ շրջակա միջավայրին, քան դրանց հողածածկումը»:


 


 


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...