15.04.2025
Մամուլ. Սերժ Սարգսյանի անակնկալ որոշումը
prev Նախորդ նորություն

Իսկ մենք ի՞նչ անենք, մեռնե՞նք. հարցադրումներ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից

ՀՀ կառավարությունը ներկայացրել է սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր, որոնք բնակչության որոշ խմբերի են տրամադրվելու կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու քաղաքականության շրջանակում: Բայց այդ օգնությունը ոչ բոլորին է հասնելու և ոչ բոլորի յարան է բուժելու:

Այդպես, 26500 դրամի չափով միանվագ աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնք մինչև 18 տարեկան երեխաներ ունեն և որոնցում ծնողները 2020թ-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ը գրանցված աշխատանք չեն ունեցել, նպաստառու չեն եղել, չեն ունեցել ԱՁ: Մեկ այլ ծրագրով 100,000 դրամ աջակցություն կստանան մինչև 14 տարեկան այն երեխաներ ունեցող ծնողները (կամ ծնողը), որոնք եղել են գրանցված աշխատողներ և ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 25-ը ընկած ժամանակահատվածում և չեն անցել այլ աշխատանքի: Պետությունը չի մոեռացել նաև մասնավոր սեկտորում գրանցված աշխատողներին, որոնք ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։ Աջակցություն կստանան նաև հղի կանայք՝ ըստ սահմանված չափորոշիչների:

Կառավարության այդ որոշումից հետո VERELQ-ը ստացավ ու շարունակում է ստանալ բազմաթիվ նամակներ, որից պարզ է դառնում, որ շատ քաղաքացիներ դուրս են մնում այս ծրագրերից: Անշուշտ, կառավարության քաղաքականությունը, ուղղված մեղմելու այս բարդ ժամանակաշրջանի հետևանքները, շատ ողջունելի է և շատ մարդկանց հոգսը փոքր-ինչ կթեթևացնի: Բայց բնակչության մեծ մասի համար այս ծրագրերը հասանելի չեն սահմանված չափորոշիչների պատճառով: Քանզի Հայաստանը դեռևս այն երկրների շարքին է դասվում, որտեղ ոչ բոլոր փաստացի աշխատանքային հարաբերություններն են ֆիքսված օրենքով ու ազատումը տեղի է ունենում հրամանով: Իհարկե, որքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե «ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի», իրականությունը այլ է, որին այս օրերին բախվում են նաև այդ գոյություն չունեցող խավի ներկայացուցիչները՝ սպասք լվացողները, մատնահարդարները, դայակները, մաքրուհիները, շինարարներն ու բանվորները, այգեպանները և այլն: Ներկայացնում ենք որոշ հարցեր, որ ծաղկաքաղ ենք արել նամակներից, որոնց պատասխանները գուցեև հնչեցնի կառավարությունը:

«Մեր ընտանիքը բաղկացած է 8 հոգուց, ես 58 տարեկան եմ, գրանցված աշխատանք չունեմ, մանկավարժ եմ: Աշխատել եմ դայակ, տներ եմ մաքրել և այլն, սկեսուրս 84 տարեկան է, թոշակառու բազմաթիվ հիվանդություններ ունի, վիրահատված է, բայց կարգ ստանալու համար նյարդեր ու առողջություն չունի: Նախկին ամուսինս մեր հետ չի ապրում, տղաս 36 տարեկան է, գրանցված աշխատող չի, հիմա արտակարգ դրության պատճառով չի աշխատում, նույնը նաև հարսս: Ունեն երկու անչափահաս երեխա՝ 11 և 8 տարեկան: Իմ հետ է ապրում աղջիկս, 30 տարեկան, ամուսնալուծված է, ունի 6 տարեկան երեխա, աշխատում է բանկում սպասարկող: Չգիտեմ ինչ է լինելու վաղը, երեխեքը միայն փլավ են ուտում, շուտով դա էլ չի լինի: Մենք ապրում ենք կենտրոնում, բայց տունը սարքած չի, տանիքը կաթում է անձրևի ժամանակ, տունը խոնավ է: Ի՞նչ օգնություն կարող ենք ստանալ մեր բարի պետությունից, թե՞ մեռնենք»:

«Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, որ մեր նման մարդիկ կան Հայաստանում: Ես ինքս չեմ աշխատում, ամուսինս արտագնա աշխատանքի է, բայց չի աշխատում: Այս ամենին գումարած բնակվում եմ Գյումրիում վարձով տնակում, ունեմ երկու անչափահաս երեխաներ: Մենք պետությունից ոչ մի տեսակի օգնություն չենք ստանում, մեր խնդիրը միշտ մերն է եղել ու մենք առանց որևէ մեկի օգնության ապրել ենք, բայց հիմա անհնար է… որ պետական աշխատող չենք մեռնե՞նք»:

«Ես ունեմ երեք երեխա, մեծս 7 տարեկան է, միջնեկս 1.5 տարեկան, իսկ փոքրս 5 ամսական: Ապրում ենք մեկ սենյականոց բնակարանում Րաֆֆի 111 հանրակացարանում, սարսափելի պայմաններում… ամուսինս չի աշխատում այս ճգնաժամի պատճառով: Երկու երեխաներս արհեստական կեր են ուտում, հնարավորություն չունեմ անգամ հաց գնելու, ոչ մի օգնություն ու օգնող չունենք»:

«Ես միայնակ մայր եմ, ապրում ենք ծայրահեղ վատ պայմաններում Ջրվեժում: Ես աման լվացող եմ, բայց հիմա տանն եմ, չեմ աշխատում, երեխաս էլ փոքր է: Վերջին օրերին միայն թեյ է խմել բալիկս, որովհետև ոչինչ չունեմ, ոչ էլ օգնող: Ինչո՞ւ մեր նման մարդիկ չեն օգտվում պետության տրամադրվող օգնությունից, մենք էլ ենք ապրել ուզում»:

«Ես ունեմ երկու անչափահաս երեխա, 10 և 4տարեկան: Ես չեմ աշխատում և երբևէ չեմ աշխատել, ամուսինս աշխատում է ոչ պետական հիմնարկում, սեփական տանը վերանորոգման աշխատանքներ է կատարում, բայց դեպքերից ելնելով հիմա չի աշխատում»:

«Ես միայնակ մայր եմ, ամուսինս մահացել է 8 տարի առաջ: Ունեմ հասուն երեք երեխաներ, մարտին փոքրս դարձավ 18 տարեկան, նպաստը և թոշակը կտրեցին: Աշխատում էին օրավարձով՝ տղաս դաջվածք է անում, աղջիկս մատնահարդար է: Շատ լավ է, որ պետությունն օգնում է, բայց ինչո՞ւ ոչ բոլորին, մենք ուտել չե՞նք ուզում, թող այնպես անեին, որ բոլորին քիչ, բայց հասներ: Ես այս հարցը նաև վարչապետին ու իր տիկնոջն եմ ուղղել՝ ոչ մի արձագանք»:

Սա նամակների մի մասն է միայն, որոնք ընդհանուր առմամբ նույն տրամաբանությունն ունեն՝ հազարավոր քաղաքացիներ աշխատել են ոչ պետական հատվածում, առանց հրամանի, օրավարձով կամ արտագնա աշխատանքից ստիպված վերադարձել են հայրենիք ու բախվել դառը իրականությանը: Սա այն մարդիկ են, որ չունեն խնայողություններ, քանի որ ապրել են օրվա «առած- օրվա կերած» սկզբունքով, նրանց մեծ մասը սեփականություն չունի և բնակվում է վարձով և դա ևս խնդիր է՝ վճարել տան վարձը կամ հայտնվել դրսում: Ստացվում է, հարցադրում են անում նրանք, որ միայն պետական աշխատողները կամ որոշակի խմբի մարդիկ կարող են օգտվել պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունից, իսկ մնացածը ուղղակի սովամահ լինեն: Եվ այդ մնացածը մեծամասնություն են կազմում:

VERELQ-ի խմբագրակազմը բարերարների ու անհատների շնորհիվ այս օրերին փորձում է որոշ ընտանիքների օգնության ձեռք մեկնել սննդի տեսքով, որոշ դեպքերում դիմել ենք նաև կազմակերպություններին, որոնք կարող են օգնություն տրամադրել (օրինակ, արհեստական կաթ և մանկական կեր): Շնորհակալություն ենք հայտնում բոլորին աջակցության համար: Բայց հասկանալի է, որ այս սոցիալական աղետը, որը հատկապես սոսկալի է մարզերում, գլոբալ լուծումներ է պահանջում: Կրկնում ենք՝ ողջունելով այն, որ պետությունը սոցիալական աջակցության ծրագրեր է մշակել և կյանքի կոչում դրանք, հորդորում ենք կառավարությանը ուշադրություն դարձնել նաև այս և հազարավոր նման իրավիճակում հայտնված ընտանիքներին ևս: Իրավիճակը իսկապես խայտառակ վատ է, հազարավոր երեխաներ ուղղակի սոված են քնում, ու լույս թունելի վերջում նրանց համար չի երևում:

Լիա Խոջոյան


 

Մամուլ. Գագիկ Ծառուկյանը հրադադար է հայտարարել
Հաջորդ նորություն next