Ինչ հարցեր են քննարկել ՀՀ-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչները
ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը Հունաստանում հանդիպել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի հետ:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության շրջանակում բարեկամական խմբերի համագործակցության ակտիվացմանը վերաբերող քայլեր: Երկուստեք կարեւորվել է միջպետական հարաբերությունները նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու տեսլականը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին:
Հանդիպման արդյունքներով հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամ Ջուլիետա Ազարյանը, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի մի շարք անդամներ: