VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվեց ներկայանալ ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի կանչով, եւ օրենքը որեւէ պարտադրանք չի ենթադրում, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը որոշել է ներկայանալ եւ բացատրություններ տալ։ Նա նամակ է հղել հանձնաժողովին․ «Թեեւ տարակուսելի է, որ համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակում ԱԺ հանձնաժողովը որոշել է նիստ անցկացնել, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում կայացնելու դեպքում անգամ ՀՀ երրորդ նախագահը պատրաստ է ս.թ. ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին այցելել հանձնաժողով»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի համար անակնկալ է եղել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ հանձնաժողով ներկայանալու մասին։ Հենց նրա հայտարարությունից հետո երեկ հանձնաժողովի անդամները որոշել են հավաքվել: Մասնավորապես, նրանք այսօր հարցեր ու պլան են մշակել Սարգսյանին քննելու համար: Նշենք, որ Սերժ Սարգսյանի գնալ-չգնալու մասին անգամ իր թիմի անդամները տեղյակ չեն, ու երեկ բոլորի համար անակնկալ է եղել նրա որոշումը: Մենք տեղեկացանք, որ հանձնաժողովը քննարկում է այն տարբերակը, որ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, ներկայանա հանձնաժողով ու իրեն ուղղվելիք բոլոր հարցերին ոչ թե պատասխանի, այլ հղում տա Յուրի Խաչատուրովին՝ հայտարարելով, թե մանրամասներին տիրապետում է միայն Խաչատուրովը: Քննիչ հանձնաժողովին չի հաջողվել Խաչատուրովից մինչ օրս որեւէ բան պարզել, եւ որոշել են իրենց հարցերը գրավոր ուղարկել՝ խնդրելով այդ տարբերակով գոնե պատասխանել։ Կպատասխանի Խաչատուրովը, թե ոչ, ժամանակը ցույց կտա, քանի որ նախկին պաշտոնյան պարտավորություն չունի ԱԺ ներկայանալու եւ հարցերին պատասխանելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսին դիմակայելու համար քաղաքացիների տեղաշարժը վերահսկող օրենքների ընդունումից հետո կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից, ԱԺ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներից մինչեւ արտախորհրդարանական գործիչներ սկսել են օգտվել «Սիգնալ» եւ «Տելեգրամ» կապի միջոցներից: Սա նշանակում է, որ ոչ միայն ընդդիմադիրներն են մտահոգված նման վերահսկողությունից, այլեւ իրենք՝ իշխանականները։ Այսինքն, միայն քաղաքական հակառակորդներին չեն հետեւում, այլեւ սեփական թիմակիցներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախօրեի ասուլիսը փոթորկել է պատգամավորների անդորրը: Նրանք հասկացել են, որ, ի տարբերություն իրենց, նախարարները ստանալու են իրենց ամսական պարգեւավճարները՝ մեկ աշխատավարձի չափով։ Նման եզրակացության են եկել, քանի որ Փաշինյանը միայն 1 ամսվա մասին խոսեց՝ ասելով, որ մարտի պարգեւավճարներն իր որոշմամբ կփոխանցվեն կորոնավիրուսի ֆոնդին: Մինչդեռ օրերս ԱԺ նախագահը որոշեց, որ երկրորդ եռամսյակի պարգեւատրումների ֆոնդն ուղղվելու է նշված ֆոնդին։ Ընդ որում՝ ոչ միայն պատգամավորների, այլեւ աշխատակազմի պարգեւատրումները: Հիշեցնենք, որ նախարարները 750 հազար դրամ աշխատավարձ են ստանում եւ ավելի քան մեկ տարի՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ամսական նույնքան էլ պարգեւավճար»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն առաջիկայում պատրաստվում են ձեւավորել տնտեսագետներից ու սոցիոլոգներից կազմված մի հանձնախումբ, որը կուսումնասիրի, կհաշվարկի ու հստակ գնահատականներ կներկայացնի, թե ինչ վնասներ է հասցրել ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսությանը։ Կառավարությունում օրերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ կոնկրետ ֆիքսվել է, որ տնտեսության վերականգնման հնարավորությունները հասկանալու համար անհրաժեշտ է, որ լիարժեք գնահատվեն այն կորուստներն ու հետեւանքները, որ պանդեմիան կթողնի մեր տնտեսական համակարգի, ինչպես նաեւ դրան առնչվող սոցիալական ոլորտի վրա։ Տնտեսագետների կարծիքով, այս իրավիճակը միանշանակ ազդում է տնտեսության վրա գրեթե բոլոր ուղղություններով եւ իր բացասական հետեւանքներն է բերում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին տնտեսական հարաբերությունների առումով: Ըստ էության, ՀՀ-ն ներկայումս ունի արտաքին բացասական էֆեկտներ, որոնք կապված են փաստացի այնպիսի ոլորտների հետ, որոնք ՀՀ տնտեսության ողնաշարն են. դրանցից զբոսաշրջությունը ներկայումս կաթվածահար վիճակում է, իսկ արտաքին առեւտուրը, որը նույնպես շատ առանցքային է մեզ համար՝ հատկապես գյուղմթերքի արտահանման ուղղությամբ, դարձյալ գտնվում է լուրջ վտանգի առաջ: Ի դեպ, երեկ մեզ տեղեկություններ հասան, որ այս օրերին կառավարություն են հրավիրել մի քանի ոլորտների մասնագետների, նույնիսկ նրանց, որոնք աչքի են ընկնում իշխանությունների հանդեպ սուր քննադատություններով, եւ որոնց կարծիքը անցած երկու տարիներին իշխանությունները հետեւողականորեն շրջանցել են»:
«Իրավունք» թերթը գրում է. «Այս օրերին ԲՀԿ-ն տարբեր մարզերում սոցիալական՝ պարենի տեսքով փոքրիկ օգնություններ է բաժանում կարիքավոր ընտանիքներին օգնելու անվան տակ: Սակայն, խմբագրություն են զանգահարում տարբեր մարզերի իրապես սոցիալապես անապահով ընտանիքներ, այդ թվում հանրակացարանում կամ ժամանակավոր կացարանում բնակվողներ եւ իրենց բողոքն արտահայտում: «Ծառուկյանի պատգամավորներն օգնություններն էլ են բաժանում իրենց ծանոթներին: Իրական անապահով ընտանիքներին անտեսում են: Օրինակ, Արագածոտնի մարզում պատգամավոր Նորա Առուստամյանի սուրհանդակներն են բաժանում: Բայց բաժանում են նրանց, ովքեր այդքան էլ այդ տոպրակի կարիքը չունեն: Օգնությունն ինչ է, դա էլ պետք է ծանոթ ունենաս, որ ստանաս»,- վրդովված նկատեց Թալին քաղաքի բնակչուհի Աննա Ղազարյանը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ: Ապա վարչապետը հայտնել էր, որ մի շարք նախկին պաշտոնյաների գործունեության հետ կապված ոչ միայն պաշտոնանկություններ են եղել, այլեւ հիմա քրեական գործ է հարուցված, քանի որ նրանց հանցավոր անփութությամբ է այդ ամենը տեղի ունեցել: Պարզվում է՝ այս փաստերը Քաղավիացիայի արդեն նախկին պաշտոնյաները ենթադրյալ կոռուպցիոն դրդապատճառներով թաքցրել են կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանից ու կառավարությունից: Երեկ վարչապետի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց քաղավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանի հետ, սակայն վերջինս, լսելով հարցը, հրաժարվեց մեկնաբանել: Իսկ, ահա, քաղավիացիայի նախկին պետ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Սերգեյ Ավետիսյանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Ինքը որեւէ առնչություն չունի այդ դեպքերի հետ»: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ «Տարոն Ավիա» ընկերությունը գրասենյակ է ունեցել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում, նաեւ օդային բեռնափոխադրումներ է իրականացրել Աֆրիկայում ԱՆ-12 եւ ԻԼ-76 ինքնաթիռներով: Արդյոք վարչապետը, խոսելով զենքի վաճառքի մասին, նկատի է ունեցել «Տարոն Ավիա» ընկերությա՞նը. Կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց. «Հաստատ մեզ նկատի չի ունեցել, կան նաեւ այլ ավիաընկերություններ, որոնք աշխատում են Աֆրիկայում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Քաղավիացիայի կոմիտեի շուրջ տեղի ունեցող գործընթացներից։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ ՔԱԿ-ն իրականում Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության կողմից աուդիտ չի անցել։ Իսկ աուդիտը ներառում է ամեն ինչ` սկսած ինքնաթիռի անիվների մաշվածությունից, վերջացրած՝ օդաչուների պատրաստվածության մակարդակով։ Մեզ հայտնի դարձավ, որ EASA-ի մասնագետները կոմիտեում փետրվարին աուդիտ են իրականացրել, ինչի արդյունքում մի շարք թերություններ են հայտնաբերել, որոնք գերազանցում են 50 էջը։ Եւ քանի որ կոմիտեն աուդիտ չի անցել, մեր հայկական ավիաընկերությունները, որոնք առանձին աուդիտ էին անցել` Եվրոպա ուղեւորափոխադրում իրականացնելու համար, այդ ուղեւորափոխադրումները չեն իրականացնելու։ Եվս մեկ կարեւոր հանգամանք. պարզվում է՝ EASA-ի հսկողության տակ հայկական ավիացիայի հայտնվելու միակ պատճառը «Տարոն Ավիան»-է, երբ ավիաընկերությունն անցյալ տարի չվերթ իրականացրեց դեպի Բուլղարիա։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանի հետ։ «Արձանագրել են որոշակի թերություններ, որոնց մի մասի հետ մենք համաձայն չենք: Ընթացակարգն այդպիսին է, իրենք գրում են մեզ, որ սրանք ձեր թերություններն են։ Հիմա մենք այդ մի մասի հետ համաձայն չենք, մենք կարձանագրենք ու կուղարկենք իրենց: Իհարկե ՔԱԿ-ը սեւ ցուցակում չէ», – հավաստիացրեց վարչության պետ Գյուրջյանը»։
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանի՝ նախօրեի երեքժամանոց ֆեյսբուքյան լայվը ծանր տպավորություն թողեց: Ու թեպետ նույն այդ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը վստահություն էր հայտնում, որ հասարակության մեծ մասը դեռ աջակցում է «քայլողներին», երեկ օրվա ընթացքում արձագանքներն ապացուցեցին բացարձակ հակառակը: Շատերն են արձանագրում, որ երեք ժամվա ընթացքում Փաշինյանը փաստացի ոչ մի նոր բան չասաց, հարցերի մեծ մասը կա՛մ կազմակերպված էր, կա՛մ արհեստական «լայքախեղդ» էր արված, առավել էական, առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցերին Փաշինյանը փաստացի պատասխան չտվեց՝ ուղղակի «լղոզելով», մի քանի թեմաների պատասխանները, մեղմ ասած, խոր կասկածներ են ծնում, այդ թվում՝ պետական համակարգում պարգեւավճարների (թեկուզ միայն բարձրաստիճաններին առանձնացնելու մասով) գումարի ու թոշակների հնարավոր ավելացման «մաթեմատիկայի» առումով, իսկ ընդհանուր առմամբ առկա էին բազմաթիվ հակասություններ: Սրան գումարած՝ նույնիսկ առկա վիճակում, երբ ամբողջ աշխարհն է զբաղված ճգնաժամը հաղթահարելու հոգսով, վարչապետի «ցավը» էլի նախկիններն են, ընդդիմությունը եւ ԶԼՄ-ները: Ու ամենակարեւորը, որ առավել հստակ դարձավ այս «լայվից», հետեւյալն է. այս իշխանությունները նույնիսկ ճգնաժամից, նույնիսկ բարդ կացությունից դասեր չեն քաղում, «ոչ ոք անսխալական չէ» թեզի ներքո շարունակում են իրենց անսխալական համարել, շարունակում են «թշնամիներ» փնտրել ու գտնել, շարունակում են վարկաբեկել այն ամենը, ինչը կապված չէ «քայլելու հետ»: Ավելին, պարզվեց՝ կորոնավիրուսին «ծեփել են պատերին», «փռել են ասֆալտին», հընթացս «վարժություններ» են անում ու թույլ տալիս հեգնել մարդկանց, որոնք իրական արժեք ստեղծող են, մարդկանց մատից փուշ հանող են, անցած ճանապարհ ունեն ու, ամենակարեւորը, օրումեջ միտք չեն փոխում: Դժվար է ասել՝ այս տխուր պատկերն ինչի արդյունք է, շատերի կարծիքով՝ արդեն գործ ունենք քաղաքական ցայտնոտի հետ: Դա առավել հստակ կերեւա հետկորոնավիրուսային շրջանում»:
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած առկա վիճակին, իշխանավորների մտքից դուրս չի գալիս իրենց «բյուրեղյա երազանքը», եւ նրանք, մեր տեղեկություններով, շատ ծանր ապրումներ ունեն այն մտքից, որ ապրիլի 5-ն անցավ, իսկ ՍԴ դատավորները շարունակում են պաշտոնավարել: Ավելին, նույնիսկ մշուշոտ հայտնի չէ, թե երբ կավարտվի այս ամենը, որ կարողանան 60 օրում հանրաքվե կազմակերպել: Ու թեպետ հանրաքվեն ամեն գնով անցկացնելու սցենարը առժամանակ փակուղում է, «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, ՍԴ 7 դատավորներին պաշտոնանկ անելու խնդիրը շարունակում է մնալ իշխանությունների քաղաքական օրակարգում։ Նույնիսկ ավելի առաջնային տեղում, քան ներկայիս ու սպասվելիք ճգնաժամերի հաղթահարումն է: Մասնավորաբար, նախատեսվում է այդ ուղղությամբ իրավիճակից բխող որոշումներ ընդունել՝ օգտագործելով Սահմանադրության չարգելող գործիքակազմերը։ Թերթի տեղեկություններով, ներկայումս քննարկվում է հարցի կարգավորման ամենանախնական տարբերակը, այն է՝ հարցը խորհրդարանում քվեարկության միջոցով լուծելը, որովհետեւ պարզ չէ, թե այս վիճակը ինչքան կշարունակվի։ Ի դեպ, արդեն իսկ աստիճանաբար փորձ է արվում հրապարակ նետել այն թեզը, թե «իշխող ուժին ժողովուրդը տվել է մանդատ», եւ իշխանական խմբակցությունը իբր պարտավոր է հարցը շատ արագ կերպով լուծել խորհրդարանում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում հնարավոր էին հետընտրական որոշակի զարգացումներ՝ նոր կոալիցիայի ձեւավորում կամ իշխանության նոր դասավորություն, սակայն ՀՀ իշխանությունը շարունակում է միջամտել Արցախի ներքին գործերին։ Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել երեք դերակատարների՝ Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի հետ ու որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, հրահանգներ իջեցրել։ Իսկ նրա այն հայտարարությունը, որ Արցախի պառլամենտում երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրել են կոշտ ընդդիմադիր ուժերը, Արցախում ընկալել են որպես ապագա իշխանության բանաձեւ։ Այսինքն՝ Սամվել Բաբայանը եւ Վիտալի Բալասանյանը պետք է ընդդիմության դաշտը զբաղեցնեն, իսկ իշխանական կոալիցիան կարող է լինել «Ազատ հայրենիք-Դաշնակցություն-ԱԺԿ» կոնֆիգուրացիայով, որը 21 մանդատ է ընդգրկում։ Ըստ այդմ՝ Սամվել Բաբայանին այս փուլում որեւէ պաշտոն չի առաջարկվի։ Մասիս Մայիլյանի ապագան էլ կախված է սորոսականների պահանջներից ու ճնշումներից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Անկախ Մասիս Մայիլյանի Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլը բոյկոտելու և դրան չմասնակցելու որոշումից, նրա անուն-ազգանունը լինելու է ընտրական քվեաթերթիկում: Արցախի Հանրապետության Սահմանադրությունը չի նախատեսում երկրորդ փուլ անցած նախագահի թեկնածուի ինքնաբացարկի հնարավորություն: Հնարավոր է՝ այս իրավիճակը պատճառ դառնա հետագայում սահմանադրական փոփոխություն կատարելու համար»:
«Իրավունք» թերթը գրում է. «Աշխարհում իրարանցում առաջացրած կորոնավիրուսը, կարծես, որոշ համայնքների բուժհաստատություններում ոչ միայն իրարանցում չի առաջացրել, այլ` օրինակ Իջեւան քաղաքի միակ պոլիկլինիկայում հիվանդներին ստիպում են մնալ տանը եւ չդիմել բժշկի` մինչեւ դանակը չհասնի ոսկորին: Առաջին հայացքից այս ամենը աբսուրդի ժանրից է թվում, սակայն Հայաստանում, առավել եւս հիմա, որեւէ բանից զարմանալ պետք չէ: Մեր աղբյուրը, ով բնակվում է Իջեւան քաղաքում, մեզ հետ զրույցում նշում է, որ օրեր շարունակ ունեցել է կորոնավիրուսի բոլոր ախտանշանները, բարձր ջերմություն, դժվար շնչառություն, հազ, սակայն որեւէ կերպ Իջեւան քաղաքում գտնվող պոլիկլինիկայում օգնություն չեն ցուցաբերել: Մեր զրուցակիցը մեզ փոխանցեց, որ Իջեւանի պոլիկլինիկայում, բժիշկներն անտանելի կոպիտ են հիվանդներին վերաբերվում, «մուննաթ» են գալիս բոլոր այն հիվանդների վրա, ովքեր դիմում են իրենց»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մասնավոր հատվածի բազմաթիվ ընկերություններ աշխատանքից ազատում են իրենց աշխատակիցներին: Սա ունի երկու նպատակ, նախ՝ այդ ընկերությունները չեն վճարի չաշխատող աշխատակիցների պետական հարկերը, բացի այդ՝ աշխատակիցները կկարողանան պետական աջակցություն ստանալ՝ որպես համաճարակի հետևանքով աշխատանքը կորցրածներ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլի 4-ին ՊԲ զորամասերից մեկում սպանված ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանին կյանքից դիտավորությամբ զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը: Օրաթերթին զինվորի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել. Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչ Գարեգին Բաբակեխյանին սպանելը նրա վրա նռնակ են նետել ապրիլի 4-ին ՊԲ զորամասում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են եղել, որ դիրքում նռնակ է պայթել: Ըստ նախնական վարկածի՝ Գարեգին Բաբակեխյանի մահվան գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը դիրքում հերթապահության ժամանակ մի ակնթարթ քնել է, որից հետո արթնացել է եւ տեսնելով զինվորին՝ մտածել է, թե հակառակորդն է, ու նռնակը նետել է նրա ուղղությամբ: Այդ զինվորը եղել է Գարեգին Բաբակեխյանը: Ավելի ուշ, տեսնելով, որ նռնակի պայթելուց վիրավորվել է իր ծառայակից ընկերը, մտածել է, որ նրան վիրավորելու համար իրեն են մեղադրելու, որոշել է հետքերը թաքցնելու համար կրակել նրա կզակից` այդպիսով տպավորություն ստեղծելով, թե, իբր, Գարեգին Բաբակեխյանը ինքնասպան է եղել: Այժմ ձերբակալված ժամկետային զինծառայողը ասում է, թե նման բան չի եղել, սակայն դիրքում եղել են զինվորներ, որոնք, ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի, գործով կարեւոր վկաներ են եւ հարուցված քրեական գործով իրարամերժ ցուցմունքներ են տվել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած բանկերն աշխատում են, բայց մատուցում են խիստ սահմանափակ ծառայություններ: Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում ամենաակտիվ ներգրավվածություն ունեցող «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկն իր աշխատակիցների մի զգալի մասին ուղարկել է մեկամսյա արձակուրդի: Նրանք հիմնականում վարկային բաժնի աշխատակիցներն են, քանի որ առնվազն մինչև արտակարգ դրության ավարտը բանկը հրաժարվում է քննարկել որևէ վարկ ստանալու դիմում: Բանկը հրաժարվում է ֆինանսավորել նույնիսկ հաստատված վարկային համաձայնագրերը»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Աշխատատեղերի ստեղծումն ուղղակիորեն կապված է երկրի տնտեսության աճի հետ: Այն ապահովում է ընտանիքների կայուն և երկարաժամկետ եկամտի աղբյուրը: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները յուրաքանչյուր պետության առաջնահերթություններից են: Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության հարցի լուծումը նույնպես կառավարության գործողությունների թիրախում է: Այդ ուղղությամբ իրականացվող քայլերն առանձնակի նշանակություն են ստանում, երբ ունենում են երկակի ազդեցություն՝ լուծելով տարբեր նշանակության առաջնային խնդիրներ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցելով շրջակա միջավայրի նախարարության հետ, մշակել և հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտ, որը լուծում է երկու հիմնական խնդիր՝ սոցիալական և բնապահպանական: Գերատեսչությունները նախաձեռնել են փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» թիվ 534-Ն որոշման մեջ: Մասնավորապես՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի վարձատրվող հասարակական աշխատանքների ոլորտների ցանկը համալրվել է ևս երեքով՝ անտառների վերականգնման, անտառապատման և խնամքի իրականացման աշխատանքներով»: