23.11.2024
Մամուլ. Գլխավոր դատախազի սանիկներն աղմկահարույց գործերի «առաջնագծում»
prev Նախորդ նորություն

Մամուլ. ԱԺ աշխատակազմը վրդովված ու վիրավորված է Արարատ Միրզոյանից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը վրդովված ու վիրավորված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի արհամարհանքից: Բանն այն է, որ ԱԺ խոսնակն առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու է որոշել ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները եւ ԱԺ շուրջ 700 աշխատակիցների ու պատգամավորների պարգեւատրման ողջ ֆոնդը, ինչպես նաեւ ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների եւ այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցները հետ ուղարկել պետական բյուջե՝ կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման նպատակին: Միրզոյանի այս միանձնյա որոշումը հատկապես ծանր են տարել ԱԺ աշխատակազմի շարքային աշխատակիցները, որոնք ստանում են 120-140 հազար դրամ՝ գումարած աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգեւավճարը: ԱԺ մեր աղբյուրը չբացառեց, որ կադրերի արտահոսք կլինի, քանզի նրանց պետական ապարատում ներգրավելու նպատակով, բյուջեով ամրագրեցին 30 տոկոսանոց ամենամսյա պարգեւատրումները»:


«Իրատես» թերթը գրում է. «Ի  տարբերություն պատգամավորների, որ միաբերան որոշել են՝ նախորդ ամսվա պարգեւատրումներից հրաժարվել ու դրանք ուղղել ֆինանսների նախարարությունում կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին, գործադիրի ներկայացուցիչները նման զոհողության չեն գնա: Խոսքն իհարկե ոչ բոլոր նախարարություններին կամ գերատեսչություններին է վերաբերում, բայց արդարադատության կամ ֆինանսների նախարարությունները, օրինակ, հաստատել են՝ աշխատակիցներին չեն նեղացնելու: Թե ինչ պատկեր կլինի մյուս նախարարություններում կամ մարզպետարաններում, պարզ չէ, լրատվամիջոցների հարցումներին այդ օղակները ոչինչ չասող պատասխան են տալիս: Ըստ երեւույթին՝ զորավոր պարգեւատրումներից գեթ մեկ ամիս հրաժարվելը դրա քաղցրությունը զգացածների համար բարդ է անչափ: Գործադիրի ներկայացուցիչները երեւի թե պարգեւատրվելու են այն որոշման համար, ըստ որի՝ անչափահաս երեխա ունեցող, նպաստառուների ցուցակում չգրանցված ու չաշխատող մարդիկ պետությունից 26 հազար դրամ միանվագ օգնություն են ստանալու:


Չգիտեմ՝ նրանք ինչ վիճակագրություն ու թվաբանություն են կիրառել, որ օգնության նման թիվ են որոշել, բայց որ դա առնվազն ծաղր է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացու նկատմամբ, կասկածից վեր է: 26 հազար դրամով ի՞նչ է անելու անչափահաս երեխա ունեցողը՝ բանա՞ն , թե կրկնակի թանկացած հնդկաձավար է գնելու, կոմունալ վճարնե՞րն է մուծելու, թե՞ բանկային պարտավորություններն է կատարելու: Իշխանավորները հարցի պատասխանը իհարկե չեն կարող տալ, որովհետեւ նրանք դրա հետ երբեւէ չեն առնչվել, 26 հազար դրամն էլ, գուցե, մի օրվա ընդմիջման գումար է իրենց համար: Նախորդ ամսվա ընթացքում, ի տարբերություն գիշեր-ցերեկ աշխատող ու կյանքը վտանգող բուժաշխատողների, տիտանական ի՞նչ աշխատանք են կատարել նրանք, որ պարգեւավճար են ստանալու: Ի՞նչ զգացումով են գլուխները բարձին դնելու, երբ ընտանիքի հետ երկար անցկացնելու բերկրանքի մասին երազող բժիշկը չգիտի՝ երբ վերջապես կկարողանա տեսնել նորածին զավակին: «Հուսով եմ՝ բոլոր նախարարներն ու փոխնախարարները մի մարդու նման առաջիկա ու նախորդ երեք ամիսների պարգեւավճարից կհրաժարվեն ու այն անձամբ, (կուզեք՝ անգամ ծրարով) կորոնավիրուսի ու շատ այլ վտանգավոր հիվանդությունների դեմ կռիվ տվող բուժաշխատողներին կտան»,- դեռ օրեր առաջ էի այս մասին գրել: Ցավոք, հույսերս զուր էին»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հատկապես սահմանամերձ Տավուշի մարզը: Հիմնադրամի աշխատակիցներն օրեր շարունակ շրջել են Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջանի համայնքներով, առաջնային անհրաժեշտության սննդամթերք հասցրել սոցիալապես անապահով ընտանիքներին եւ տարեցներին: Սակայն պարզվում է, որ բարեգործ Ծառուկյանը, որոշ բարեգործություններ անում է իր իսկ աշխատակիցների աշխատավարձերի հաշվին: Մեր աղբյուրը, ով աշխատում է Կոտայքի մարզում գտնվող Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում, հավաստիցանում է, որ ինքն այսուհետ ստանալու է 60.000 դրամ աշխատավարձ, նախկին 250.000-ի փոխարեն: Վերջինս նշում է, որ գազալցակայանի աշխատակիցներն ընդամենը օրեր առաջ են տեղեկացել, որ նման որոշում է կայացվել: «Գոնե պարոն Ծառուկյանն այս օրերին մեզ խղճար ու նման որոշում չկայացներ»,- նշում է մեր աղբյուրն ու շեշտում, որ աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում: Հարց է առաջանում, ինչո՞ւ է «բարեգործ» Ծառուկյանն իր աշխատակիցների աշխատավարձերի հաշվին հանրապետության տարածքում բարեգործական ծրագրեր իրականացնում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսը ստիպել է ՀՀ կառավարությանը ապագայի համար որոշ փոփոխություններ անել կառավարման ձեւի մեջ: ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է մի փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա կառավարության եւ նախարարական կոմիտեների նիստերն անցկացնել հեռավար՝ առցանց հարթակի միջոցով։ Նկատենք, որ սա առաջին նմանատիպ նախագիծը չէ. օրինակ՝ Փաստաբանների պալատում, բանկային համակարգում նման հնարավորության ներդրման մասին նախագծեր էին ներկայացրել նաեւ պատգամավորները։ Այժմ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքին եւ կառավարության աշխատակարգին համապատասխան՝ ներկայումս կառավարության նիստերը, կոմիտեների նիստերը եւ նախանիստը իրականացվում են կառավարության վարչական շենքում: Այս նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրությամբ պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժման եւ շփումների հնարավորությունը կրճատելու հանգամանքով՝ միեւնույն ժամանակ հնարավորինս ապահովելով աշխատանքի բնականոն ընթացքը էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով: Սակայն նաեւ ընդգծում են, որ բացի ներկայիս իրավիճակից, իրատեսական պետք է համարել նաեւ այն հանգամանքը, որ այլ դեպքեր նույնպես կարող են լինել, երբ վերը թվարկված նիստերը առցանց անցկացնելը անհրաժեշտություն կդառնա»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, փետրվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում էր ստորագրել, ըստ որի՝ ստեղծվում էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Հայտարարվեց մրցույթ, ընտրվեց կազմ, որը բավականին ինտենսիվ աշխատանքային գործունեություն էր ծավալում՝ կարճաժամկետ հատվածում Սահմանադրության բովանդակային ու խորքային փոփոխություններ իրականացնելու նպատակով։ Իշխանությունների կողմից հստակ հաստատվել էր հանձնաժողովի աշխատակարգը. նախատեսվում էր մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել եւ ներկայացնել սահմանադրական փոփոխությունների փաթեթը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ հանձնաժողովի աշխատանքները որոշակի դանդաղել են, քանի որ հանձնախմբի անդամներն աշխատում են տնից։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ժամկետների հետ կապված, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան փոփոխություններ, որոնք ի սկզբանե չէին մտնում իշխանությունների ծրագրերի մեջ։ Օրերս, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանին զեկուցվել է այս փաստի մասին, որը նախ դժգոհել է, ապա հորդորել, որ սեպտեմբերի փոխարեն հանձնաժողովը փոփոխությունների փաթեթը պատրաստի գոնե մինչեւ տարեվերջ, որպեսզի արդեն 2021-ի ընթացքում համապատասխան քննարկումների ու ֆոկուս-խմբերի ձեւաչափով թեման «առաջ տանեն»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Արմեն Հայկյանցին ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը խորը պատմություն ունի։ Բանն այն է, որ ՀՀ նախագահի համար ԲԴԽ անդամի ԺՊ նշանակելը բավականին բարդ է եղել, անգամ բանը հասել է այնտեղ, որ Սահմանադրական դատարանը նախագահին բավականին կոպիտ պատասխան է տվել: Ինչպես հայտնի է, դեռեւս 2019 թվականից ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ է, եւ բանը հասավ այնտեղ, որ 2019 թվականի նոյեմբերին 4-ին «Իմ քայլը» խմբակցությունը գրություն ուղարկեց նախագահական` խնդրելով ԲԴԽ անդամի ժամականավոր պաշտոնակատար նշանակել որեւէ մեկին: Եվ, ահա, այստեղ էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնվել է բարդ իրավիճակում: Բանն այն է, որ ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցով «Դատական օրենսգրքում» բաց կա, եւ չկան չափորոշիչներ, թե ինչքան ժամանակով կարող է թեկնածուն ժամանակավոր անդամի դեր կատարել, եւ, ամենակարեւորը, ով կարող է լինել ԲԴԽ անդամ. արդյոք, օրինակ, ՀՀ նախագահի վարորդն է՞լ կարող էր նշանակվել ԲԴԽ ժամանակավոր անդամ: Ահա այս բացերը հաշվի առնելով՝ Արմեն Սարգսյանը դիմել Է ՍԴ։ Սակայն երկրի թիվ մեկ դատարանը նախագահին բավականին կոշտ եզրահանգումներ է հղել` հորդորելով գնալ եւ կատարել նախագահի պարտականությունները: Եւ, ահա, Արմեն Սարգսյանն էլ, այլ ելք չունենալով, որոշում է կայացրել եւ Արմեն Հայկյանցին նշանակել է ԲԴԽ ժամանակավոր անդամ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իրավիճակը լիցքաթափվել է: 2 օր առաջ գրել էինք, որ հիվանդանոցը կորոնավիրուսով հիվանդներին տրամադրելու պարետի որոշումից հետո դժգոհություններ են ծագել բուժանձնակազմում: Նրանց մի մասին կես հաստիք են դարձնում կամ առաջարկում են արձակուրդ գնալ, պլանային բոլոր վիրահատությունները հետաձգվել են, բուժանձնակազմը չգիտի, թե իրեն ինչ է սպասվում։ Ավելին՝ այս թեմայով հրավիրված ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել: Պատճառն այն է, ըստ տնօրեն Հովակիմյանի, որ որոշ բժիշկներ չեն համաձայնում արտակարգ ռեժիմում աշխատել՝ ինքնամեկուսացում, տուն չգնալ, գիշերել հյուրանոցում եւ այլն։ Երեկ տեղեկացանք, որ կրքերը կարծես հանդարտվել են. որոշ բուժաշխատողներ, որոնք համաձայն չեն եղել վտանգավոր պայմաններում աշխատել եւ արձակուրդի դիմում էին գրել, եկել, հետ են վերցրել դիմումները․ մոտ 40-45 հոգի։ Արձակուրդ գնացել է 30-35 հոգի, որոնք տանն իրենց խնամքին ծնողներ կամ զավակներ ունեն եւ չեն կարող օրեր շարունակ բացակայել: ԲԿ-ն արձակուրդ է ուղարկել նաեւ 60+ աշխատակիցներին եւ քրոնիկ հիվանդություն ունեցողներին։ ԲԿ-ում երեկվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդ 46 մարդ կար: «Բոլորը շնչում են ինքնուրույն, չկա մարդ, որ արհեստական շնչառությամբ լինի կամ անգիտակից, կամ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասաց խոսնակը: Բուժսպասարկումն իրականացվում է հիվանդանոցի ուժերով։ «Մեր նախաձեռնությամբ միայն Նորքից մեկ ինֆեկցիոնիստ ենք հրավիրել, ով եկել, խորհրդատվություն է տվել այսօր օրվա առաջին կեսին ու գնացել»:


«Իրատես» թերթը գրում է. «Արցախյան ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը պատերազմի «էպիկենտրոն» համարվող պետությունում հղի է վտանգավոր զարգացումներով։Նախագահի թեկնածուներից երկրորդ տեղը զբաղեցնող Մասիս Մայիլյանն ու իր կողմնակիցները Արցախում ցանկանում են կրկնել 2018-ին հայաստանյան զարգացումների սցենարը, ինչը շատ վաղուց մտմտում էին նաեւ հայաստանյան այսօրվա իշխանությունները։ Ընդհանրապես այս թեկնածուն դիդակտիկ նյութ է, բայց իրադրությունը դիտարկենք սկզբից։ Մայիլյանի շուրջ համախմբվեցին, այսպես կոչված, սորոսականները, անգամ Հայաստանից հատուկ «դեսանտ» ուղարկվեց այնտեղ, եւ Սամվել Բաբայանը։ Վերջինիս առանձին դիտարկենք։ Հիշենք, թե Սամվել Բաբայանը տարիներ առաջ մեկ էլ որ դաշինքին «հանկարծ» միացավ ու ինչպես այնտեղ արագ կազմաքանդում տեղի ունեցավ։ 2017-ին, երբ Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Վարդան Օսկանյան եռյակը միավորվեց ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց, անգամ այս դաշինքի անդամների համար խիստ անակնկալ մի օր հայտնվեց Բաբայանը եւ դարձավ ՕՐՕ դաշինքի շտաբի պետը։ Ի դեպ, նրա ձեռքի տակով էին անցնում այդ դաշինքի «տակ» ներդրված բոլոր ֆինանսական հոսքերը։ Ժամանակին խոսակցություն կար անգամ, որ այդ շրջանում Սեյրան Օհանյանը փակում էր Բաբայանի կուտակած ահռելի պարտքերը։ Ընտրություններից հետո այդ դաշինքը, չանցնելով խորհրդարան, փլուզվեց։


Այս անգամ էլ Սամվել Բաբայանը Արցախում որոշեց նույն ձեռագրով սատարել Մասիս Մայիլյանին, բայց կրկին տապալում։ Հիմա հարց է, թե Արցախի «հեղափոխականներին» Բաբայանն ինչքանո՞վ կօգնի։ Եթերներից խուսափող Մասիս Մայիլյանը հայտարարեց, թե չի մասնակցի երկրորդ փուլին, բայց նաեւ իրավիճակն անկայունացնող տոնայնությամբ հայտարարություն արեց։ Նրան սատարող «հեղափոխականներն» այսօր փորձում են այլ իրավիճակ ստեղծել Արցախում, ու եթե նրանց քայլերը շարունակություն ունենան, ակնհայտ է, չէ՞, թե դա ինչի կարող է հանգեցնել փաստացի պատերազմի մեջ գտնվող Արցախի համար։ Սակայն այսօրվա քաոսի սերմերը վաղուց են ցանվել։ Հայաստանի «հեղափոխականները» եւ նրանց թիկունքում կանգնած ուժերը նոր չէ, որ հայտարարում էին հեղափոխությունն Արցախ տեղափոխելու մասին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն էլ ուղիղ ձեւով սպառնաց ժամանակին, թե մի հեղափոխություն էլ Արցախում կլինի, երբ անընդհատ դավադիրների էր փնտրում այնտեղ։ Այնպես որ, իրավիճակն Արցախում նախանձելի չէ, եթե արցախցիների սթափությունը չհաղթի։ Դժվար չէ հասկանալ, որ Արցախը հայկական, այսպես ասած, «պոլիգոնն» է ու ցանկացած խժդժությունից թշնամին կարող է արագ օգտվել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից միայն հինգ օր անց պարզ դարձավ, որ երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանը որոշել է դուրս գալ պայքարից: Սակայն հետաքրքիր է, որ նա իր հայտարարությունից մեկ օր առաջ եղել է Երեւանում. թե ում հետ է հանդիպել նախագահի թեկնածուն, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ ինչ-ինչ ճշտումներ կատարելուց հետո նոր դիրքորոշում հայտնեց: Դա, սակայն, արեց ուշացումով, եւ հիմա քվեաթերթիկում, միեւնույնն է, երկու անուն է լինելու՝ Մասիս Մայիլյան, Արայիկ Հարությունյան: Բանն այն է, որ, Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթե նա քվեարկության օրվանից ոչ ու,շ քան 10 օր առաջ` մինչեւ ժամը 18:00-նմ դիմում է ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԿԸՀ-ից տեղեկացավ, որ նրա կողմից որեւէ դիմում ներկայացված չէ: Ստացվում է՝ նա, լինելով նախագահի թեկնածու, փաստորեն տեղյակ չի եղել ու բաց է թողել թեկնածություն հանելու ժամկետը: Ու հիմա տպավորություն է, որ իր դեմքով իրականում ընդամենը 3505 ձայն ստացած նախագահի թեկնածուն մինչեւ հիմա չի կողմնորոշվում՝ ինչ անել: Մի կողմից՝ նա ասում է, որ ընտրությունները նոր Արցախին համապատասխան չէին, եւ մի քանի կողմնակիցների «գործուղում է» բողոքի ակցիաների, մյուս կողմից էլ՝ նրա գլխավորած ԱԳՆ-ն ընտրությունները ողջունեց հենց հաջորդ օրը: Այսքանից հետո մեզ մնում է սպասել մինչեւ ապրիլի 14-ը, որից հետո նոր կերեւա՝ Մայիլյանը կգնա գործարքի՝ ինչ-որ պաշտոն վերցնելով Արայիկ Հարությունյանից եւ հնազանդվելով, թե արցախցու թասիբը ի հայտ կգա, ու նա արտախորհրդարանական ընդդիմադիրի կարգավիճակում կմնա, ինչպես հիմա է»:


«Փաստ» թերթը գրում է. «Արցախում նախօրեին բողոքի ակցիա է կազմակերպվել, որին մասնակցել են ընտրություններում պարտված որոշ թեկնածուների եւ քաղաքական ուժերի կողմնակիցները՝ թվով 200 մարդ: Ճիշտ է՝ երկրորդ փուլ դուրս եկած Մասիս Մայիլյանը կոչ է արել իր ընտրողներին՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ընտրատեղամասեր չգնալ ու, ըստ էության, ընդունել ընտրությունների առաջին փուլի արդյունքները, սակայն նրան միացած որոշ խմբեր մասնակցել են ակցիային: Արցախի հեղափոխական կուսակցության անդամներից բացի, ակցիային որոշակի մասնակցություն են ունեցել «Սասնա ծռերի» «արցախյան թեւը», նվազագույն ձայներ հավաքած նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանի թիմի որոշ անդամներ եւ անհատ քաղաքացիներ, որոնք զուտ ականատեսի կարգավիճակում են եղել, որովհետեւ հավաքը Ստեփանակերտի բանուկ հատվածում է կազմակերպված եղել: Ակցիայի մասնակիցները խոսել են ընտրական պրոցեսների՝ ոչ պատշաճ ձեւով կազմակերպման, երկրում կորոնավիրուսի վարակի դեմ կատարվող ոչ բավարար աշխատանքների մասին: Հետաքրքրական է, որ «կարանտինի» անհրաժեշտության մասին խոսող ակցիայի կազմակերպիչները հենց իրենք վարակի տարածման կանխման կանոնները չեն պահպանել եւ 200-ին մոտ մարդկանց հավաք են կազմակերպել: Ի դեպ, պետք է նշել, որ սա փաստացի հետընտրական փուլի միակ ակցիան է եղել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս Արցախից Երևան է եկել և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Արայիկ Հարությունյանը: Իսկ ուրբաթ Երևանում էր ընտրությունների երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուն՝ Մասիս Մայիլյանը: Մայիլյանը հայտնվել է բավական ծանր կացության մեջ, քանի որ ընտրությունների առաջին փուլում նրան աջակցած Սամվել Բաբայանի հետ առաջացել են խնդիրներ, իսկ առանց նրա աջակցության՝ Մայիլյանը ոչ մի կերպ չի կարող մասնակցել երկրորդ փուլին: Մնում է ձևակերպել այն հիմնավորումը, որով նա չի մասնակցի երկրորդ փուլին»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանում ու ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսի առաջացրած խուճապն այնպիսի մեծ ազդեցություն է գործել մնացյալ տնտեսական ու քաղաքական գործընթացների վրա, որ մի շարք կարեւորագույն իրադարձություններ կա՛մ հանրային ուշադրությունից դուրս են մնում, կա՛մ մասամբ մղվում երկրորդ պլան: Այդպիսի մի իրադարձություն էլ Արցախի ընտրություններն էին, որոնք թեեւ մի քանի օրերի ընթացքում ձեւավորեցին հանրային քննարկման օրակարգ, բայց, այդուհանդերձ, ամբողջովին ու բոլոր շերտերով չընկալվեցին հասարակության լայն խավերի կողմից: Արցախում այս ընտրությունները մի քանի հատկանիշներով տարբերվում էին նախորդ բոլոր ընտրություններից, ինչպես նաեւ ունեին մի քանի կարեւոր նշանակություն: Ամենաառաջին կարեւոր կողմն այն էր, որ ընտրություններում չկար ընդգծված առաջատար՝ ֆավորիտ թեկնածու կամ քաղաքական ուժ, որի մասին կարելի կլիներ միանշանակ ասել, որ հաղթանակը կասկած չի հարուցում: Կային բարձր շանսեր ունեցող մի քանի թեկնածուներ, բայց նրանցից որեւէ մեկը մյուսների նկատմամբ շոշափելի առավելություն չուներ: Նախագահի թեկնածուներից թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ Մասիս Մայիլյանը, թե՛ Վիտալի Բալասանյանը Արցախում հեղինակություն վայելող գործիչներ են, նախկին եւ ներկա պաշտոնյաներ: Այս իրավիճակը խոսում է նախապես գծված սցենարների բացակայության, ինչն էլ իր հերթին՝ մրցակցային հավասար պայմանների մասին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահական ընտրությունների առաջին փուլում մարդկային կուտակումներ կային, ի՞նչ վիճակ է հիմա ձեզ մոտ․ հարցրինք Արցախի՝ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համակարգող հանձնաժողովի տեղեկատվական շտաբի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։ «Օպերատիվ շտաբը մինչ ընտրությունները եւ հետո էլ համալիր միջոցառումներ է իրականացնում` մի քանի ուղղություններով։ Կորոնավիրուսի դեպքեր այսօր էլ չունենք, վերջին 10 օրվա ընթացքում եղել են կասկածելի ախտանիշներով մարդիկ, սակայն չի հաստատվել»: Հոսպիտալնե՞ր եք ստեղծում, հյուրանոցներ վերապրոֆիլավորո՞ւմ։ «Առաջին հերթին լրակահավորում ենք բուժհաստատությունները, նաեւ` շրջաններում։ Ինֆեկցիոն բաժանմունքներ ենք ձեւավորում, աշխատում ենք նաեւ մասնավոր հատվածի` հյուրանոցների սեփականատերերի հետ․․․ ցանկ ունենք` անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելու համար»:


«Փաստ» թերթը գրում է. «Որոշ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ ունեցող անձինք իրենց հասանելիք անվճար դեղամիջոցները որոշակի պարբերականությամբ ստանում են այն պոլիկլինիկաներից կամ հիվանդանոցներից, որտեղ գրանցված են: Այս օրերին մենք զանգեր ենք ստանում տարբեր քաղաքացիներից, որոնք խնդրում են համապատասխան կառույցներից ճշտել՝ արդյոք որեւէ կարգ գործո՞ւմ է կարանտինի օրերին դեղերն առաքելու կամ այլ տարբերակով դրանք ստանալու համար, քանզի իրենք գտնվում են ռիսկային գոտում, առավել եւս, որ նրանց մեջ քիչ չեն տարեցները: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար, պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գեւորգյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Արտակարգ դրության սկսվելու օրվանից ի վեր պարետատունն ամենաշատը մտածում է ավելի տարիքով մարդկանց առողջ ու լավ լինելու մասին: Նրանք շարունակում են ստանալ իրենց բուժումը, դեղորայքը: Ինչ վերաբերում է հիվանդանոց կամ պոլիկլինիկա գնալուն, ապա նրանք, ովքեր պետք է գնան հիվանդանոց, քանի որ այլ պայմաններում հնարավոր չէ, գնում են հիվանդանոց, նրանք, որոնց հնարավոր է դա տուն հասցնել, դա էլ է արվում: Գիտեմ, որ շատերն իրենց ընտանիքի անդամների միջոցով են ստանում եւ փոխանցում դեղերը: Այդ մասին բազմիցս հայտարարվել է: Ի սկզբանե, երբ սահմանափակումներ էին դրվում, այդ մասով սահմանափակումները հանվել են, որ ընտանիքի անդամները կարողանան դեղորայք կամ խիստ անհրաժեշտ այլ բաները՝ սննդից սկսած, հասցնել իրենց ավելի տարեց հարազատներին: Ամեն օրվա կտրվածքով այս պահին ամենաշատն ուշադրության կենտրոնում տարեցների թիրախային խումբն է, որպեսզի այնպես արվի, որ նրանց տեղաշարժը մինիմալ լինի եւ իրենց հասցնեն այն, ինչ իրենց անհրաժեշտ է»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ում ուշագրավ գործելաոճ կա, երբ աշխատակիցները, որոնցից շատերը անարգել և հրապարակային բիզնես ունեն, գործունեություն են ծավալում, կուտակում են չվճարված հարկեր, և որպեսզի առհասարակ չվճարեն այդ հարկերը, սնանկ են ճանաչվում։ Վերջերս Դատալեքս տեղեկատվական համակարգում մի ուշագրավ գործի հանդիպեցինք, երբ ՊԵԿ պաշտոնատար անձը հարկերի վճարումից խուսափելու համար իր ՍՊԸ-ն տարել է սնանկացման, և գործը վերջնականապես փակվում է զավեշտալի հիմնավորմամբ՝ իբրև թե ՍՊԸ-ի տնօրենը չի հայտնաբերվել։ Թերևս Դավիթ Անանյանը ՊԵԿ աշխատակցին պատկանող «Նոլիջ սոլյուշնս» ՍՊԸ-ի սնանկացման գործի շրջանակում պաշտոնական գրությամբ հավաստել է, որ ամեն օր աշխատանքի հաճախող և պարգևավճար-աշխատավարձ ստացող անձի գտնվելու վայրը ՊԵԿ-ին հայտնի չէ»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի հանրապետության իշխանությունների կողմից շարունակվում է տարբեր քրեակատարողական հիմնարկներում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: Սակայն ուսումնասիրելով իրավապահների բացահատումները՝ արձանագրում ենք, որ քրեական ենթամշակույթ կրող անձանց արտոնություն տալիս են բանտերի պաշտոնատար անձինք: Ասել է թե՝ ձուկը գլխից է հոտած: Իսկ հիմա խոսենք փաստերով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2020 թվականի ապրիլի 3-ին իրավապահները բացահայտում են իրականացրել «Վանաձոր» ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասով: Մասնավորապես, մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպանության փորձի եւ ապօրինի զենք պահելու համար 9 տարվա ազտազրկման դատապարտված «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Դավիթ Հակոբյանը, խուլիգանության համար կալանավորված Զորայր Շահվերդյանը, ավազակության համար մեղադրվող Մարտուն Ալեւորյանը եւ սպանության փորձի եւ ապօրինի զենք պահելու մեջ մաղադրվող «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Սամվել Դավթյանը բանտում ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում:


Եվ, ահա, ստացվում է, որ նրանց արտոնյալ գործողություններին աջակից են եղել բանտի պաշտոնատար անձինք: Ի՞նչ է եղել ապրիլի 3-ին: Հայաստանի հանրապետության ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ, արդարադատության կապիտան Գառնիկ Թաթոյանը, որը համակարգում է 2005 թվականից, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ապրիլի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, կարգադրել է «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հովսեփ Դեմիրճյանին բացել բանտի թիվ 23 խցի դուռը եւ կալանավորված անձ Զորայր Շահվերդյանին ուղեկցել թիվ 21 խուց, որտեղ գտնվել է դատապարտյալ Դավիթ Հակոբյանը: Այնուհետեւ բանտի պաշտոնատար անձ Գառնիկ Թաթոյանի կարգադրությամբ՝ «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ՝ Վարդան Հովսեփյանը բացել է բուժմասի թիվ 2 խցի դուռը եւ կալանավորված անձ Մարտուն Ալեւորյանին եւս ուղարկել է թիվ 21 խուց, որտեղ էլ դատապարտյալ Դավիթ Հակոբյանի, Զորայր Շահվերդյանի, Մարտուն Ալեւորյանի եւ թիվ 21 խցում տեղաբաշխված դատապարտյալ Սամվել Դավթյանի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում վերջիններս տվել են անհասցե հայհոյանքներ ու բղավել են միմյանց վրա: Ստացվում է, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք ստեղծել են պայմաններ, որ «Վանաձոր» ՔԿՀ արտոնյալ կալանավորները հանդիպեն եւ միմյանց հետ հաշիվներ մաքրեն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները անցնելու մասով հարուցվել է քրեական գործ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել խաղասրահ մուտք գործելու և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին ֆինանսների նախարարի հրամանի նախագիծը։ Այս նախագծով նախատեսվում է, որ ֆիզիկական անձը խաղասրահ մուտք գործելիս կամ ինտերնետային բուքմեյքերային կայքում գրանցվելու համար պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, որը կհավաստի նրա 18 տարին լրանալու փաստը, բուքմեյքերային կայքում գրանցվելու դեպքում 21 տարին լրանալու փաստը: Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններն ի սկզբանե ցանկացել են արգելել բոլոր տեսակի խաղատների ու բուքմեյքերային գրասենյակների գործունեությունը, սակայն դրան դեմ են հանդես եկել ՊԵԿ-ը և ֆիննախը՝ պետբյուջեի եկամտի կայուն աղբյուր լինելու հիմնավորմամբ: Սակայն այս մոտեցումը ևս խնդրահարույց է, հատկապես օտարերկրացիների դեպքում, որոնց համար ընդունելի չէ խաղատուն մտնելիս անձի ինքնության հաստատումը»: