VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ-ում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործերը, արձանագրում է, որ աղմկահարույց այդ գործերով մեղադրող դատախազները հիմնականում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկներն են: ՀՀ երկրորդ նախագահ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, ըստ լուրերի, Արթուր Դավթյանի սանիկն է: Նրա հետ դատարանում մեղադրող դատախազներն են Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը եւ արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, որոնք եւս դատախազի սանիկներն են: Նույն Պետրոսյանը նաեւ Գեւորգ Կոստանյանի, Ալիկ Սարգսյանի եւ մյուսների գործերով դատախազն է: Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Հրայր Թովմասյանի գործերով դատախազը՝ Արսեն Մարգարյանը եւս գլխավոր դատախազի սանիկն է: Ու կարող է տրամաբանական հարց առաջանալ՝ ինչո՞ւ են այս գործերով մեղադրանքները դատարանում պաշտպանում հենց այս դատախազները: Որպեսզի խոշոր ձկների գործերը չտապալվեն, երկրի թիվ մեկ դատախազի աթոռը չերերա, Դավթյանն իր սանիկներին է «առաջնագիծ» բերել: Իհարկե, դատախազությունից հերքեցին լուրը»:
«Իրատես» թերթը գրում է. «Համաճարակային հիմքով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ հեռախոսազանգերով մարդկանց տեղայնացնելու օրենքի նախագիծն Ազգային ժողովը 2-րդ փորձից հետո միայն կարողացավ ընդունել: Իշխանությունների համար հույժ կարեւոր այս նախագիծը, որին ընդդիմադիրները գաղտնալսումն օրինականացնող բնութագրումը տվեցին, խորհրդարանի հավանությանն արժանացավ բացառապես մեծամասնության միջոցով: «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները թեեւ չմասնակցեցին քվեարկությանը, բոյկոտեցին, ու օրինագիծը չընդունվեց, բայց մեծամասնությունը, ըստ երեւույթին` պարետ Տիգրան Ավինյանի հրահանգով, երկրորդ անգամ օրակարգ բերեց այն: Իշխանական «Իմ քայլին», չգիտես ինչու, խստագույնս վրդովեցրել էր ընդդիմության միասնական գործելաոճն ու նախագծի տապալումը: Նույն օրվա ընթացքում մինչ երկրորդ անգամ արտահերթ նիստ կհրավիրվեր, «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվ քննարկումների մեջ էին միմյանց հետ: Նրանք խումբ-խումբ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի աշխատասենյակ էին գնում ու գալիս: «Ինչո՞ւ եք այսքան խառը, անտրամադիր»,- հարցրինք «Իմ քայլի» պատգամավորներից մեկին: «Դե ինչպես խառը չլինենք, երբ 88-հոգանոց ֆրակցիան մի նախագիծ չի կարողանում անցկացնել: Որոշ մարդիկ հավես չէին արել նիստին ներկա լինելու, ինչպե՞ս չջղայնանաս»,- պատասխանեց նա:
Թեթրի տեղեկություններով՝ իմքայլականների վերաբերմունքն օրենքի նկատմամբ միանշանակ չէ: Պատգամավորներ կան, որ ակնհայտորեն դեմ են արտահայտվել հենց ամբիոնի մոտից ու խուսափել են մասնակցել քվեարկությանը: Պետական-իրավական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կոստանյանը, օրինակ, օրինագծին ձեռնպահ է քվեարկել: Մեր տեղեկություններով՝ այս առնչությամբ անձամբ Տիգրան Ավինյանն է զրույց ունեցել «Իմ քայլի» իր գործընկերների հետ, ու տեսնելով, որ առաջին իսկ անգամից այն անցկացնել հնարավոր չեղավ, որոշել է ներկա լինել երկրորդ արտահերթ նիստին, որ գոնե իր ներկայությունից սաստվեն պատգամավորները: Մինչ երկրորդ անգամ արտահերթ գումարելը, երբ պատգամավորները մոտ 40 րոպե սպասում էին, որ քվորումի համար անհրաժեշտ 67 պատգամավոր գրանցվի, Ավինյանը հենց նիստերի դահլիճում թեժ խոսակցություն է ունեցել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Երկար-բարակ, վրդովված խոսել են, հետո փոխվարչապետը, ձեռքն օդում թափ տալով, հեռացել է: Պարետը, ըստ երեւույթին, դժգոհել է, որ նախագիծն անցկացնելու համար ինքն է անձամբ խորհրդարան եկել»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մարդկանց տեղորոշմանն առնչվող վերջին օրինագիծը, որի պատճառով մեկ օրվա մեջ երկու անգամ «Իմ քայլի» պատգամավորները «բերման ենթարկվեցին» խորհրդարան, ահավոր խոր հիասթափություն է առաջացրել առանց այն էլ ներսից ամեն ինչ տեսնող իմքայլականների մեծ մասի մոտ։ Նեղ շրջանակում նրանք ամենեւին էլ չեն թաքցնում, որ իշխանությունում ոչ միայն աջ ձեռքը բացարձակ չգիտե, թե ինչ է անում ձախը, այլեւ ահավոր «բարդակ» է, իսկ մուրճի ու սալի արանքում հայտնվում են հենց իրենք` դառնալով ոչ միայն շատ հեռուն գնացող օրենքների դակիչներ, այլեւ քավության նոխազներ: Վերջիններս շատ լավ հասկանում են, որ այդ օրինագիծն առաջին հերթին նաեւ իրենց դեմ է, որպեսզի իշխանությունում իմանան` ում հետ են իրենք շփվում, ինչ ինֆորմացիաներ են փոխանցում, այդ թվում եւ արտահոսքեր կազմակերպում: Դժգոհ են նաեւ սորոսականները, որովհետեւ նրանց զանգերը եւս հայտնվում են տեղորոշման «լույսին ներքո», ինչը ահավոր կախման մեջ է դնելու նիկոլական իշխանությունից»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկով: Այս առաջարկի նպատակն է, որպեսզի բանկերից վարկեր վերցրած և արտակարգ դրության ռեժիմի պատճառով դրանք մարել չկարողացող վարկառուներն իրավական հիմք ունենան իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար: Մասնավորապես ԼՀԿ-ն առաջարկում է օրենքում ավելացնել այսպիսի դրույթ. «Պայմանագրային պարտավորության խախտման համար անձը ենթակա չէ պատասխանատվության, եթե պարտավորությունը չկատարելը կամ անպատշաճ կատարելն անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) ազդեցության հետևանք է»… Ֆորս-մաժոր է համարվում համաճարակը և արտակարգ դրության ռեժիմի հայտարարումը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Արարատի մարզպետը «գույքագրում» է մարզի բնակիչներին, մարզում բարձր հեղինակություն ունեցող Ավշարի սեփականատեր Գրիգորյան եղբայրներն ինչով կարող են, օգնում են բնակիչներին։ Նրանք մոտ մեկ շաբաթ է՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մարզի բոլոր համայնքներում 90 տոկոսանոց սպիրտ են բաժանել՝ յուրաքանչյուր ընտանիքին մեկական լիտր, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին առաջին օգտագործման պարեն են տրամադրում, որ արտակարգ դրության հետեւանքները փոքր-ինչ մեղմեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո մարզպետներն արշավ էին սկսել համայնքապետերի եւ դպրոցի տնօրենների դեմ, ամեն գնով ուզում էին ազատվել նախկիններից եւ իրենց մարդկանց նշանակել: Եվ չնայած ոմանց հաջողվեց գործազուրկ դարձնել, բայց պարզվում է, մյուսները չեն հանձնվել եւ դատական կարգով վիճարկել են կատարված «ապօրինությունները»: Տեղեկացանք, որ Ստեփանավանի թիվ 3 դպրոցի նախկին տնօրեն Նառա Մկրտչյանը շուրջ մեկ տարվա պայքարից հետո շահել է դատը՝ անվավեր է ճանաչվել մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ աշխատանքային պայմանագիրը լուծարելու որոշումը: Ավելին, մարզպետարանից հօգուտ Ն․ Մկրտչյանի կբռնագանձվի հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի աշխատավարձը: Նա 2013-ից եղել է դպրոցի տնօրեն, 2019-ի մայիսին մարզպետի հրամանով ազատվել է: Ուշագրավ է, որ ազատվելուց հետո 2 անգամ մասնակցել է տնօրենի պաշտոնի համար մրցույթին, 2 անգամ էլ հաղթել, ու 2 օր անց մարզպետը կրկին ազատել է: Հետաքրքիր է՝ ի՞նչ է անելու հիմա, երբ դատարանն է որոշում կայացրել»:
«Փաստ» թերթը գրում է. «Պետական ապարատում կարեւոր գործընթացներից մեկը՝ պետական գնումների իրականացումը, գրեթե բոլոր իշխանությունների եւ կառավարությունների համար եղել են ու կան ռիսկային։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ գնումների վերահսկման համար ներդրվում են (նախկինում էլ ներդրվել են) բավականին լուրջ գործիքակազմեր, սակայն, ինչպես հայտնում են տարբեր աղբյուրներ, այդ գործընթացը հաճախ շարունակում է մնալ լիարժեք վերահսկողությունից դուրս։ «Փաստ» թերթի տեղեկություններով գործող կառավարության համար իսկական գլխացավանք է դարձել հատկապես մարզպետարաններում իրականացվող գնումների գործընթացը։ Բանն այն է, որ իշխանության կենտրոնական համակարգը չի կարողանում բացարձակ վերահսկողություն իրականացնել: Հիմնական խնդիրը կապված է մեկ անձից կատարվող գնումների հետ, որոնք շատ հաճախ իրականացվում են նույն անձանցից: Ասել, թե այդ բոլոր գնումներում կա կոռուպցիա, ճիշտ չի լինի, սակայն երեւույթն ինքնին բավական ռիսկային է»:
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում գազի գնի թեման այն հարցերից է, որի նկատմամբ հանրությունը չափից ավելի զգայուն է։ Խնդիրն այն է, որ գազի սակագինը լուրջ սոցիալական խնդիրների հետ է կապված, եւ դրա բարձրացումը կարող է պատճառ դառնալ, որ հանրապետությունում շղթայական թանկացումների ալիք սկսվի, իսկ թանկացումների արդյունքում ավելի է բարդանալու քաղաքացիների ֆինանսատնտեսական դրությունը։ Այդ է պատճառը, որ գազի գնի բարձրացման թեման դեռեւս անցյալ տարվանից բուռն քննարկումների առարկա է։ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ գազի գինը, սակայն այն չանդրադարձավ սպառողների վրա, եւ, ըստ էության, սակագինը մնաց նույնը, քանի որ բնակչության համար թանկացումը չեզոքացվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներքին ռեսուրսների հաշվին: Դրանից հետո իշխանությունները հանրությանը հավաստիացնում էին, թե գազի գինը մինչեւ 2020 թվականի գարուն չի թանկանա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ռուսական կողմի հետ այս հարցի շուրջ քննարկումների արդյունքում պայմանավորվել են, որ այնպիսի սակագին պետք է սահմանվի, որ չհարվածի Հայաստանի տնտեսությանը: Եվ ահա, պարզվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ մտադրություն հայտնել 2020թ. հուլիսի 1-ից փոփոխել գազի գինը:
Ընդհանուր առմամբ, թվում է՝ 3,5 դրամով սպառողների համար գազը էժանանում է: Սակայն ուշադրության է արժանի ՀԾԿՀ-ին ներկայացված հայտի այն հատվածը, որի համաձայն, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող 100 հազար դրամ սակագինն առաջարկվում է դարձնել 135 հազար 909,6 դրամ: Այսինքն, սոցիալապես անապահով խավի համար նախատեսված զեղչը վերանում է, ու գազը թանկանում է, այն էլ՝ 36 տոկոսով: Սա նշանակում է, որ գազի թանկացումը նախ եւ առաջ հարվածելու է սոցիալապես անապահով խավին, որը հիմնականում 600 խորանարդ մետրից քիչ գազ է սպառում։ Առանց այն էլ ներկայումս երկրում սոցիալտնտեսական դրությունը բարվոք չէ՝ կապված արտակարգ դրության, համավարակի տարածման եւ տնտեսության որոշ ճյուղերում գործունեության դադարեցման հետ, ու տեղի ունեցող գործընթացներն իրենց բացասական ազդեցությունը զգալ կտան նաեւ ամռան ամիսներին։ Եթե սոցիալ-տնտեսական դժվարությունների խնդրին էլ գումարում ենք ամռանը գազի թանկացումը, ապա կարելի է կանխատեսել, որ բնակչության ապրելակերպի կտրուկ վատացում է տեղի ունենալու, սոցիալական լարվածության աճ է նկատվելու։
Սակայն պետք է հաշվի առնենք մի նրբություն, որ համաշխարհային շուկայում էներգակիրների գները կտրուկ նվազել են։ Ավելին՝ նավթի գինը հիմնականում Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի տարաձայնությունների արդյունքում իջել է իր պատմական նվազագույնին։ Իսկ այս հանգամանքը չի կարող որեւէ ազդեցություն չունենալ Հայաստանի համար գազի գնագոյացման վրա։ Եվ բավական ուշագրավ էր, որ մարտի 31-ին ունեցած հեռախոսազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին եւ ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին: Եվ նույն օրը պարզ դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու մասին նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։ Սակայն այն, որ նոր բանակցություններ սկսելու փոխարեն «Գազպրոմ Արմենիան» գազի գնի թանկացման մասին հայտ է ներկայացրել ՀԾԿՀ, արդեն իսկ վկայում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան։ Խորքային խնդիրներ: Ինչպե՞ս է ստացվում, որ Բուլղարիայի համար «Գազպրոմը» գազի գինը միանգամից 40 տոկոսով իջեցնում է, իսկ ռազմավարական դաշնակից Հայաստանի առաջարկներին ընդառաջ չի գնում։ Այստեղ ՀՀ իշխանությունները մտածելու տեղ ունեն։ Հասարակությունը՝ եւս»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԼՂ նախագահի գրեթե հաղթած թեկնածու Արայիկ Հարությունյանը Երեւանում էր: Քաղաքական շրջանակներում պնդում կար, որ նա եկել է հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ: Դուք Երեւանո՞ւմ եք՝ երեկ կեսօրին հարցրինք Արայիկ Հարությունյանին, տեղեկություն ունենք, որ երկու օր Երեւանում եք լինելու։ «Արդեն ոչ` Երեւանում չեմ, վերադարձել եմ Արցախ»: Իսկ ինչո՞ւ էիք եկել։ «Հազար ու մի գործերով, ինչ է` իրավունք չունե՞մ գալ Երեւան»: Դե, ասում են` պետք է հանդիպեիք Նիկոլ Փաշինյանին։ «Ոչ, նման հանդիպում չի եղել»: Երեկ տեղեկություններ կային, որ Մասիս Մայիլյանը նույնպես Երեւան է եկած եղել, սակայն նա զանգերին չի պատասխանում: Երեկ նա շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին եւ հայտարարեց, որ իր որոշման մասին առաջիկայում կհայտնի, ինչը հաստատում են լուրերը, որ հնարավոր է հրաժարվի երկրորդ փուլին մասնակցելուց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախից լուրեր էինք ստանում, որ 2-րդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանը երկմտում է պայքարը շարունակելու հարցում: Բանն այն է, որ նրան աջակցած եւ ձայների 80 տոկոսն ապահոված Սամվել Բաբայանը հնարավոր է 2-րդ փուլում չաջակցի Մայիլյանին, քանզի նա հասել է իր նպատակին՝ եւ իր կուսակցությունը խորհրդարանում 2-րդ ուժն է: Ավելին՝ չի բացառվում, որ նա կոալիցիա կազմի Արայիկ Հարությունյանի հետ: Երեկ Մայիլյանը մեր զանգերին չպատասխանեց։ Թեեւ թիմից վստահեցնում էին, որ նման որոշում չկա, բայց Սամվել Բաբայանը հաստատեց, որ ինքն էլ ունի նման տեղեկություն, որ Մայիլյանը չի ուզում շարունակել, անգամ հայտարարություն չի արել այդ մասին: Մայիլյանի չմասնակցելու դեպքում սահմանադրական ճգնաժամի վտանգ է ստեղծվում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 31-ին տեղի ունեցած Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններից հետո երկրորդ փուլ անցած թեկնածուները նախապատրաստվում են նաև նոր կոալիցիաներ ձևավորելով: Ընտրությունների առաջին փուլի առաջատար Արայիկ Հարությունյանը հնարավոր է երկրորդ փուլ գնա Արցախի Ժողովրդավարական կուսակցության և ՀՅԴ տեղական կառույցի հետ դաշինքով: Արայիկ Հարությունյանին ընդամենը 320 ձայն չբավականացրեց առաջին փուլում հաղթելու համար»:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին տեղի ունեցան համապետական ընտրություններ: Արցախից «Փաստի» աղբյուրները նշում են, որ ի թիվս այլ կառույցների, դիտորդական առաքելություն իրականացնողների մեջ առանձնահատուկ տեղ են գրավել արեւմտյան ֆինանսավորում ունեցող կառույցները, որոնք ներգրավված են եղել բավականին ներկայացուցչական կազմով: Այնքան, որ, մեր տեղեկություններով, Արցախում իրենց համար խնդրահարույց եւ ընտրողների մեծ թիվ ունեցող բոլոր ընտրատեղամասերում ներկայացված են եղել։ Ընտրությունների վերջում նրանք առանձին կարծիք ու հատուկ զեկույցներ են ներկայացրել՝ հանգամանալից նկարագրելով ընտրական գործընթացների ժամանակ տեղի ունեցած ամեն մի դետալ։ Ի դեպ, ինչպես տեղեկացնում են Արցախի մեր աղբյուրները, բացի բուն ընտրություններից, արեւմտյան ֆինանսավորմամբ կառույցներն ու անհատները հայկական երկրորդ հանրապետությունում այլ «ծրագրեր» էլ ունեն: Խոսքը Հայաստանում տարվող ու սուր հակազդեցության հանդիպող իրենց «գաղափարների» ակտիվ տարածման մասին է: Մյուս կողմից, այդ ուժերը նպատակ ունեն Արցախում հակառուսական գիծն առաջ տանել։ Ի դեպ, մեր տեղեկություններով, թե՛ նախկինում, թե՛ այս օրերին այս անձանց ակտիվության փորձերը Արցախում հանդիպել են առայժմ լուռ, բայց համառ դիմադրության»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխանությունները մտադրություն ունեն Ընտրական օրենսգրքից հանել համայնքային ընտրությունների դեպքում նախատեսված մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության կողմից արդեն պաշտոնապես հաստատվել է նախագծերի փաթեթը, որը լուրջ փոփոխություններ է ենթադրում։ Բացի վերը նշված փոփոխությունից, առաջարկվում է անցկացվող մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս` գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս` գործող 8-ի փոխարեն։ Այս տոկոսային հարաբերակցությունը գործում է համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների պարագայում Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում։ Եվ եթե այս չափանիշներին համապատասխանում է երեքից քիչ ուժ, ապա մանդատների բաշխմանը կմասնակցեն առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները։ Անցողիկ շեմը նվազեցնելու եւ բոնուսային համակարգը հանելու որոշումները հետաքրքիր են նաեւ՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որ առաջացել էր Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո, որոնք անցկացվեցին 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությունից հետո։ Տեղական ինքնակառավարման մակարդակում առկա է «բոնուսային տեղի» մասին դրույթ, որը տեղերի մեծամասնությունը ինքնաբերաբար վերապահում է ամենախոշոր կուսակցությանը, եթե այն զբաղեցնում է տեղերի 40-50 տոկոսը։ Գյումրիում 6% շեմի կիրառումից հետո «Բալասանյան» դաշինքը կունենար 15 տեղ ընդհանուր 33-ից (ընդհանուրի 45.5%-ը)։ Բոնուսային համակարգի կիրառումը դաշինքի համար երաշխավորեց երկու լրացուցիչ տեղ (դրանք վերցվում են ընդդիմադիր կուսակցություններից) մեծամասնություն ապահովելու համար։ Ինչպես տեսնում ենք, դրույթն աշխատում է՝ հօգուտ իշխանությունների։ Նույն իրավիճակը եղավ նաեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, եւ «Իմ քայլը» դաշինքը քաղաքապետարանում ունեցավ հավելյալ մանդատներ՝ հենց բոնուսային համակարգի շնորհիվ։ Իսկ «Լույս» դաշինքն էլ երեք մանդատ ստացավ երեք ուժի պարտադիր լինելու արդյունքում, քանի որ ստացել էր 4,99 տոկոս ձայն։ Եվ, բացի այդ, «Իմ քայլ»-ի կողմից 50 տոկոսից ավելի ձայն ստանալը Հայկ Մարությանին հնարավորություն տվեց առանց քվեարկության դառնալ քաղաքապետ։ Բայց այլեւս չի լինի նման իրավիճակ, եթե իհարկե, այս օրինագիծն ընդունվի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: Դրանց ընդհանուր քանակը չորս հազար է: Այդ ցանկը բավական ընդգրկուն է և ներառում է ինչպես գյուղատնտեսությունը, արհեստագործությունը և արվեստը, այնպես էլ մեր կյանքի ու կենցաղի կազմակերպման բազմաբնույթ ոլորտներ, ինչպիսին են վարսահարդարումը, դիմահարդարումը կամ համակարգիչների շահագործումը: Եվս 200 տեղ հատկացված է «ոստիկանական գործ» մասնագիտության ուսուցանման համար»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների նպատակով կատարվող մի քանի աշխատանքները։ Ինչպես հայտնի է, նախորդ տարվանից սկսած, յուրաքանչյուր տարվա ապրիլի 26-ին պետք է նշվի «Քաղաքացու օրը»։ Եվ, ահա, փետրվարի 28-ին մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել էին գնման ընթացակարգեր՝ միջոցառումները կազմակերպելու համար։ Դրանցից էր, օրինակ, գրաֆիկական դիզայնի ծառայություններ, մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ։ Սակայն դրանք չեղյալ են համարվել, և կառավարությունը ներկայացրել է մի քանի հիմնավորում։ Նախ՝ որոշման մեջ ընդգծվում է, որ մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով հայտարարված է արտակարգ դրություն: Եվ հիմք ընդունելով այս փաստը ու նաև այն, որ, «Գնումների ընթացակարգի մասին» օրենքի համաձայն, ծառայությունների մատուցման ժամկետ պետք է սահմանվի առնվազն 20 օրացուցային օր՝ անհրաժեշտ է ընթացակարգերը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով, քանի որ միջոցառումների կազմակերպումը ժամկետի առումով հնարավոր չէ»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Այն դեպքում, երբ պետություններն ուժեղացնում են CO2-ի արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումները եւ ավտոմեքենաների չեզոքացուցիչների առկայությունը, վաղուց արդեն քննարկման ենթակա հարց չէ, մեր հանրապետությունում արձանագրվում է տրամագծորեն հակառակ գործընթաց: Այսօր մեքենաների չեզոքացուցիչների առքուվաճառքը դարձել է եկամտաբեր բիզնես, քանի որ դրանց արտադրության մեջ օգտագործվում են ոսկի, պլատին, պալադիում եւ ռոդիում թանկարժեք մետաղներ: Սոցիալական ցանցերի եւ կայքերի հայկական տիրույթներում բազմաթիվ են կատալիտիկ չեզոքացուցիչների գնման եւ հեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատների հայտարարությունները: Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել տարեկան 100-190 հազար ավտոմեքենա, որոնց մի մասն արտահանվել է ԱՊՀ երկրներ, իսկ զգալի մասը մնացել է հանրապետությունում: Այս ընթացքում որոշակի թվով մեքենաների վրայից հանված են չեզոքացուցիչները, եւ երեւույթը շարունակվում է նաեւ այսօր: Բացի այդ, չկա հստակ հաշվարկ, թե քանի մեքենա է ներմուծվել առանց չեզոքացուցչի, քանի որ 2019 թ. կեսերից մաքսակետերում դրանց առկայության հավաստագրումը դարձել էր ոչ պարտադիր, եւ մեքենաների մի մասը ներմուծվում էր առանց դրանց առկայության զննման: 2020 թ. հունվարի 1-ից այս պահանջը կրկին պարտադիր է դարձել՝ եվրասիական տնտեսական միության նոր կարգավորումների պահանջների շրջանակներում: Այլ կերպ ասած՝ ավտոմոբիլային շուկայում թափ հավաքող գործընթացը տրամագծորեն հակառակ էր կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ մարդկության գործադրած ջանքերին եւ դրա շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»: