23.11.2024
Մամուլ. Կորոնավիրուսը հետաձգել է Վանեցյանի կուսակցության համագումարը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ինչո՞ւ չենք տեսնում Արսեն Թորոսյանի և Հայկ Մարությանի համագործակցությունը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ողջ աշխարհին համակած նոր կորոնավիրուսի համաճարակը մոբիլիզացրել է բոլոր ուժերին բոլոր երկրներում, եւ մարդիկ համախմբված պայքարում են վարակի տարածման դեմ: Միայն թերեւս Հայաստանում է նկատվում որոշ պաշտոնյաների կողմից ընդգծված պասիվ վերաբերմունք ու կազմակերպվածության ընդգծված պակաս: Աշխարհի գրեթե մի երկիր չկա, որտեղ բժիշկների կոմունիկացիան ապահովի այլ մարմին, քան համայնքը: Մեր դեպքում թեեւ Երեւանի քաղաքապետարանն ունի քաղաքապետ` ի դեմս Հայկ Մարությանի, քաղաքապետարանի առողջապահության վարչություն, որը պետք է Առողջապահության նախարարության հետ համագործակցված կազմակերպի պայքարի համակարգված աշխատանքը, սակայն բժիշկները մեր երկրում տեղափոխվում են ոչ համայնքային մեքենաներով, այն դեպքում, երբ նույնիսկ քաղաքային տրանսպորտի գործունեությունն էլ է դադարեցվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետ Հայկ Մարությանն, իհարկե, աշխատանքի գնում է, սակայն գրեթե որեւէ աշխատակցի չի ընդունում, հորդորում է առցանց աշխատել` ավելի խուսափելով շփումներից (իհարկե նախկինում էլ նա ակտիվ չէր աշխատակազմի հետ շփումներով): Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն` առարկայական, փաստերով: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, սակայն ապարդյուն»։


«Հրապարակ» թերթը գրում է. ««Հիվանդները շա՞տ են՝ հարցրինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։ «Այո, շատ են, աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով, հերթափոխով։ Բուժաշխատողները մի փոքր հանգստանում են, կրկին սկսում են իրենց աշխատանքը»: Բուժաշխատողների մեջ շա՞տ են վարակվածները։ «Ես նման ինֆորմացիա տալու իրավասություն չունեմ»: Ի դեպ, մի քանի օր առաջ ձեր մոտից տեղեկություն ստացանք, որ չնայած թե՛ պետական, թե՛ բարեգործական օժանդակություններին, բուժաշխատողները դեռ լրացուցիչ վարձատրություն չեն ստացել։ «Ոչ, արվել եւ արվում է, պլանավորում ենք անել ավելին»: Ի դեպ, կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ ծանրությունն իրենց վրա կրող բժիշկ-բուժքույրերի աշխատավարձը վերջին շրջանում բարձրացել է, կամավորները մի քանի հարյուր հազար դրամ են ստանում, նոր ուժեր են ներգրավվում, այդ թվում եւ մեկուսացածների խնամքի մասով, կամավորների դեֆիցիտ չկա, երիտասարդ բժիշկ-բուժքույրերն առանձնապես շատ ակտիվ չեն, իսկ առավել տարիքով բուժաշխատողները, մանավանդ՝ բուժքույրերը անձնազոհաբար աշխատում են եւ ուզում են աշխատել, սակայն տարիքային ցենզ է սահմանված` մինչեւ 50 տարեկան, 50-ից բարձրերին չեն ներգրավում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր իշխանությունն անշեղորեն նվազեցնում է դեմոկրատական ազատություններն ու իրավունքները մեր երկրում՝ օգտվելով համաճարակային իրավիճակից։ Մինչդեռ տարբեր միջազգային կառույցներից հորդորներ են հնչում՝ չնահանջել դեմոկրատիայից եւ չսահմանափակել քաղաքացիական իրավունքներն ու խոսքի ազատությունը։ Օրեր առաջ նման հորդորներ է հնչեցրել նաեւ ՄԱԿ-ը, որ «կորոնավիրուսի հակազդման ցանկացած արտակարգ միջոցառումները պետք է լինեն համաչափ, անհրաժեշտ եւ ոչ խտրական»։ Իսկ ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ Covid-19-ի բռնկմանն առնչվող արտակարգ դրության հայտարարությունները չպետք է լինեն հիմք՝ թիրախավորելու որոշակի խմբերի, փոքրամասնությունների կամ անհատների։ Այն չպետք է գործի՝ թաքցնելու համար առողջապահության անվան տակ կատարվող ռեպրեսիվ գործողությունները կամ ճնշելու իրավապաշտպանների աշխատանքը։ «Վիրուսին հակազդելու համար նշանակվող սահմանափակումները պետք է հիմնված լինեն հանրային առողջապահության իրավաչափ նպատակների վրա եւ չպետք է օգտագործվեն՝ պարզապես այլախոհությունը ճնշելու համար»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում և պետական տուրք սահմանել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար: Այն լինելու է բազային տուրքի տասնապատիկի չափով, այսինքն՝ 10 հազար դրամ: Ավելացնենք, որ սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքներ են համարվում կոսմետիկ ապրանքները, հիգիենայի պարագաները, հանքային ջուրը, գարեջուրը և այլ բազմաթիվ ապրանքներ»:


«Փաստ» թերթը գրում է. «Պետությունը պետք է անհրաժեշտ ներարկումներ կատարի այն ճյուղերում, որոնք մեծապես տուժել են շարունակվող ճգնաժամային իրավիճակից։ Եվ կոնկրետ քայլեր ձեռնարկելու հարցում մեր կառավարությունը կարող է համագործակցել այլ երկրների կառավարությունների հետ, նրանցից աջակցություն ստանալ կամ կիրառել նաեւ նրանց փորձը։ Իսկ այս պահին ի՞նչ ճանապարհով է առաջ շարժվում գործադիրը։ Վարչապետը կառավարության վերջին նիստին հայտարարեց, թե քանի որ ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ բիզնեսի որոշ ոլորտներ ֆինանսական բարդություններ են ունենալու, իրենք ճգնաժամային վարկային պորտֆելներ են առաջարկում բիզնեսին: Այս վարկային պորտֆելների էությունն այն է, որ ֆինանսավորման որոշակի տոկոսն իրականացնում են առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները, մնացյալը՝ 25-50 տոկոսը, ֆինանսավորում է կառավարությունը:


Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի տվածի տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը: Այսինքն՝ տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ: Առաջին հայացքից թվում է, թե անտոկոս վարկերը լուրջ աջակցություն են լինելու բիզնեսի համար, սակայն այդպես չէ, քանի որ տնտեսվարողները խնդիրներ են ունենալու այս վարկերի նույնիսկ մայր գումարները վերադարձնելու հարցում։ Եթե տնտեսվարողը շարունակում է վնասներ կրել, ապա արդյոք հնարավորություն կունենա՞ մարել վարկը։ Եվ բացառված չէ, որ բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ ուղղակի հրաժարվեն վարկ վերցնելուց՝ մտավախություն ունենալով, թե չեն կարող այնքան շահույթ ունենալ, որ մարեն վարկի գումարները։ Իսկ ամենահավանական տարբերակն այն է, որ նրանք օպտիմալացնեն բիզնեսը կամ փոխեն իրենց գործունեության ոլորտը, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ։ Օրինակ՝ մեծ թվով աշխատակիցներ կարող են կորցնել իրենց աշխատանքը, եւ երկրում սրվի սոցիալական լարվածությունը։ Ուստի այսպիսի իրավիճակում լավագույն լուծումը կարող է լինել միայն տնտեսվարողների վնասների փոխհատուցումը, որը հնարավորություն կտա նրանց զերծ մնալ կտրուկ եւ անցանկալի գործողություններից»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հանրապետության մարզերում գտնվող որոշ հիվանդանոցներ ևս դատարկվում և վերասարքավորվում են կորոնավիրուսով հիվանդներ ընդունելու համար: Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի հիվանդանոցի աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ իրենց ևս նման հանձնարարական է տրվել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չորս տարի է անցել 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից, երբ ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ: Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Իսկ արդեն Ժամը 12:00-ի դրությամբ հաստատվեց հրադադար, դադարեցվեցին ռազմական գործողությունները: Այդ գործողությունների հետեւանքով մենք` հայկական կողմը, կորցրեց 800 հա հողատարածք, որը վերադարձնելու համար անգամ փորձ չարվեց 4 տարի առաջ եւ հետո: Բայց միայն դա չէր ապրիլյան օրերի ցավալի լուրը. Հիշո՞ւմ եք Ապրիլյան քառօրյա պատերազմից 3 տարի անց՝ 2019-ի ապրիլի 2-ին` քառօրյա պատերազմի տարելիցի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում մեքենաներ էին թալանվել, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղայի մեքենան: Իհարկե, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, թե ավտոմեքենաներից գողություն կատարելու մեղադրանքով կան կասկածյալներ, սակայն մինչ օրս այդ գործը չի բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս քրգործը կասեցվել է, քանի որ իրավապահները չեն կարողանում բացահայտել գողության հեղինակներին: Համաձայնեք` սա իրավապահների ամոթն է»:


«Փաստ» թերթը գրում է. «Պետությունը պետք է անհրաժեշտ ներարկումներ կատարի այն ճյուղերում, որոնք մեծապես տուժել են շարունակվող ճգնաժամային իրավիճակից։ Եվ կոնկրետ քայլեր ձեռնարկելու հարցում մեր կառավարությունը կարող է համագործակցել այլ երկրների կառավարությունների հետ, նրանցից աջակցություն ստանալ կամ կիրառել նաեւ նրանց փորձը։ Իսկ այս պահին ի՞նչ ճանապարհով է առաջ շարժվում գործադիրը։ Վարչապետը կառավարության վերջին նիստին հայտարարեց, թե քանի որ ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ բիզնեսի որոշ ոլորտներ ֆինանսական բարդություններ են ունենալու, իրենք ճգնաժամային վարկային պորտֆելներ են առաջարկում բիզնեսին: Այս վարկային պորտֆելների էությունն այն է, որ ֆինանսավորման որոշակի տոկոսն իրականացնում են առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները, մնացյալը՝ 25-50 տոկոսը, ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի տվածի տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը: Այսինքն՝ տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ:


Առաջին հայացքից թվում է, թե անտոկոս վարկերը լուրջ աջակցություն են լինելու բիզնեսի համար, սակայն այդպես չէ, քանի որ տնտեսվարողները խնդիրներ են ունենալու այս վարկերի նույնիսկ մայր գումարները վերադարձնելու հարցում։ Եթե տնտեսվարողը շարունակում է վնասներ կրել, ապա արդյոք հնարավորություն կունենա՞ մարել վարկը։ Եվ բացառված չէ, որ բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ ուղղակի հրաժարվեն վարկ վերցնելուց՝ մտավախություն ունենալով, թե չեն կարող այնքան շահույթ ունենալ, որ մարեն վարկի գումարները։ Իսկ ամենահավանական տարբերակն այն է, որ նրանք օպտիմալացնեն բիզնեսը կամ փոխեն իրենց գործունեության ոլորտը, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ։ Օրինակ՝ մեծ թվով աշխատակիցներ կարող են կորցնել իրենց աշխատանքը, եւ երկրում սրվի սոցիալական լարվածությունը։ Ուստի այսպիսի իրավիճակում լավագույն լուծումը կարող է լինել միայն տնտեսվարողների վնասների փոխհատուցումը, որը հնարավորություն կտա նրանց զերծ մնալ կտրուկ եւ անցանկալի գործողություններից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ Արցախի Սահմանադրությունը նախագահին լիազորում է միանձնյա կառավարություն կազմել, սակայն ընտրություններից մեկ օր անց եւ նախագահական երկրորդ փուլին ընդառաջ՝ Արցախում արդեն խոսում են, որ բանակցություններ կսկսվեն մոտ 50 տոկոս ձայն ստացած Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի համար ձայներ ապահոված եւ խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժ դարձած Սամվել Բաբայանի միջեւ, որպեսզի երկրորդ փուլից հետո՝ Հարությունյանի հաղթանակի պարագայում, Բաբայանն առանցքային պաշտոն զբաղեցնի, խոսվում է ընդհուպ վարչապետի կամ ուժային կառույցի ղեկավարի պաշտոնի մասին: Եթե համաձայնության գան այս հարցում, եւ հայաստանյան իշխանությունները դեմ չլինեն այս սցենարին, Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ Բաբայանը նույն թափով չի աջակցի Մայիլյանին, ինչպես առաջին փուլում արեց։ Մի խանգարող պահ էլ կա․ քարոզարշավի ժամանակ երբ Մայիլյանին ինչ-որ մեկը հանդիմանել է, թե ինչու է Սամվել Բաբայանի հետ համագործակցում, ըստ մեր աղբյուրների, նա արդարացել է եւ ինչ-որ անզգույշ արտահայտություններ է արել Բաբայանի հասցեին, ինչը հասցրել են Կամանդույուշչիին, իսկ նման բաները վերջինս, որպես կանոն, չի ներում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս Մայիլյանին աջակցող, Արցախում սորոսականների համարում ունեցող «Նոր Արցախ» դաշինքը չի անցել պառլամենտ, ստացել է ընդամենը 2,6 տոկոս ձայն։ «Մասիսի համար երկրորդ փուլում պայքարելու մոտիվացիան այդ ուժի մոտ, փաստորեն, առանձնապես մեծ չի լինելու, Սամվել Բաբայանի կուսակցությունը մտավ պառլամենտ, իրենց դեպքում էլ մոտիվացիան մեծ չի լինելու, մանավանդ որ վերջին շրջանում խոսակցություններ կային, որ նրանց միջեւ «սեւ կատու է անցել»։ Այլ վիճակ է Արայիկ Հարությունյանի պարագայում։ Նրան պոտենցիալ սատարող երեք կուսակցությունն էլ` «Ազատ հայրենիք», ԱԺԿ, ՀՅԴ, անցել են պառլամենտ: Բաց է մնում Վիտոյի թեւի հարցը՝ ո՞ւմ է սատարելու։ «Իրենք դեռ որոշում չեն կայացրել։ Բոլոր դեպքերում, հասկանալի է, որ Վիտոյենք չեն պաշտպանելու Մասիսին, ինչը նշանակում է, որ ունենք նվազագույնը նեյտրալ Վիտո»,- ասաց արցախյան մեր աղբյուրը: Ցնցումների հավանականություն դեռ կա՞։ «Էս պահին ռեալ որեւէ նման բան չի երեւում. դրա շարժիչ ուժը Սյամոն էր, նա հայտնվել է պառլամենտում, իրեն հաստատ դա պետք չէ»: Սյամոն չէր, սորոսականներն էին։ «Չեմ կարծում. սորոսականները` «Նոր Արցախը», ձայն չի ստացել, հետեւաբար, նրանց հետեւից գնացողներ չեն լինի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսպիսով, Արցախի համապետական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն նախագահական ընտրությունների ելքը կորոշվի երկրորդ փուլով։ Ինչպես բազմիցս կանխատեսել էինք, մրցակցությունը երեք հիմնական թեկնածուների մեջ ընթացավ, եւ նախագահական ընտրություններն էլ երկրորդ փուլով կավարտվեն. «Ազատ հայրենիք»-ՔՄԴ կուսակցությունների դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը եւ ինքնաառաջադրված «Նոր Արցախ» դաշինքը գլխավորող Մասիս Մայիլյանը կպայքարեն Արցախի նախագահի աթոռի համար: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը ստացել էր 36,076 ձայն կամ 49,26 տոկոս, Մասիս Մայիլյանը՝ դրա գրեթե կեսը` 19, 360 ձայն կամ 26,4 տոկոս։ Իհարկե, թվերին նայելով՝ կարելի է կարծել, որ նույն օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղում պետք է լիներ Մասիս Մայիլյանի գլխավորած դաշինքը, այնինչ Մայիլյանն անգամ նվազագույն 7 տոկոս շեմը չի հաղթահարել եւ անգամ պատգամավորի մանդատ չի ստանա։ ԱԺ ընտրություններում երկրորդ տեղն է գրավել «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որի նախագահը Սամվել Բաբայանն է եւ ի սկզբանե հայտարարել էր Մայիլյանին աջակցելու մասին։ Հիմա խոսենք թվերի լեզվով. Բաբայանի գլխավորած ուժը ստացել է 17365 ձայն, Մայիլյանի գլխավորած դաշինքը՝ 3305 ձայն։ Եվ այս երկու թվերը միասին մի փոքր ավելի է ստացվում այն արդյունքից, որը հավաքել է Մայիլյանը՝ որպես նախագահի թեկնածու։ Ստացվում է՝ նա ունի ընդամենը 3305 կամ դրանից մի փոքր ավելի ձայներ, իսկ մնացած մասը նա ստացել է հենց Սամվել Բաբայանի շնորհիվ, թեեւ Մայիլյանն ինքը ասում է, թե դրանք երկուսի ձայներն են, այլ ոչ միայն Բաբայանի: Ամեն դեպքում, արդեն կանխատեսվում է, որ ապրիլի 14-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում Մայիլյանը ձախողելու է»:


«Փաստ» թերթը գրում է. «Քանի որ այս օրերին ավիացիոն թռիչքների քանակը հատկապես մեր տարածաշրջանում, մեղմ ասած, սակավաթիվ է, երեկ ընդհանուր «դատարկության» ֆոնին flightradar24 կայքում աչքի զարնեց Բաքվից Լյուքսեմբուրգ մեկնող օդանավը, որը ժամը 13.25-ի շրջանում անցնում էր Հայաստանի Հանրապետության օդային տարածքով: Ճշտելու համար՝ որքանո՞վ է նորմալ, որ Ադրբեջանից կամ դեպի Ադրբեջան մեկնող օդանավն անցնում է մեր տարածքով, «Փաստը» դիմեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե: «Միջազգային պայմանագրեր կան կնքված, որ քաղաքացիական օդանավերը մեր օդային տարածք մուտք գործելու իրավունք ունեն առանց հատուկ թույլտվության: Կրկնում ենք՝ եթե դրանք քաղաքացիական օդանավեր են, չեն տեղափոխում վտանգավոր բեռ եւ պետական այրեր»: Այդ դեպքում որքա՞ն հաճախ են դեպի Ադրբեջան կամ Ադրբեջանից մեկնող ինքնաթիռները հատում մեր օդային տարածքը, կա՞ վիճակագրություն, հարցրեցինք: «Նորից նշեմ, որ քաղաքացիական օդանավերը նման խնդիր չունեն: Իսկ հաճախականությունը չեմ կարող ասել, թե որքան հաճախ են հատում»,-ասաց քաղավիացիայի վարչության աշխատակիցը»:


«Փաստ» թերթը գրում է. «Սոցցանցերում, ցավոք, քիչ չեն նրանք, որոնք կեղտոտ բառապաշար են օգտագործում, որոնց բառամթերքը սկսում ու ավարտվում է հայհոյանքով: Ցանկացած դեպքում դա նողկալի ու անթույլատրելի է և ի ցույց է դնում տվյալ անձի իրական դեմքն ու մակարդակը, սակայն շատ ավելի վատ է, եթե այդպես վարվում են հանրային դեմքերը, առավել ևս... եկեղեցու սպասավորները: Վերջին շրջանում հաճախ են խմբագրությանը դիմում քաղաքացիներ, որ ոմն Ռոբերտ Աղազարյան, որը ներկայանում է որպես սարկավագ, և գլխավոր նկարն էլ հոգևորականի հագուստով է, պարբերաբար աչքի է ընկնում ընդդիմադիր տարբեր գործիչների ու օգտատերերի հասցեին հայհոյանքներով՝ սատարելով գործող իշխանություններին: «Փաստը» դիմեց Մայր աթոռ՝ հասկանալու, թե ինչպես է Հայ Առաքելական եկեղեցին հանդուրժում իր սպասավորի նման պահվածքը: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մեր հարցմանն ի պատասխան նշեց, որ այդ անձնավորությունն այլևս առնչություն չունի Հայ եկեղեցու հետ: «Հիշյալ անձը տարիներ առաջ թողել է իր ծառայությունը հայրենիքում և հեռացել: Հետագայում հայտնվել է Ժնևում, ապա Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, ուր, կրկին ուզում եմ հաստատել, որևէ առնչություն չի ունեցել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ և չի ծառայել: Հետևապես, պետք չէ դիտարկել նրան իբրև Հայոց եկեղեցու սպասավոր: Ինչ վերաբերում է նրա պահվածքին, ապա այդ անձը երբևէ ականջալուր չի եղել իրեն ուղղված հորդորներին և խրատներին: Կարծում եմ՝ ինքն իր գրառումներով փաստում է մարդկային իր որակների մասին»,-ասաց Վահրամ քահանա Մելիքյանը՝ հավելելով, որ Եկեղեցին փորձել է նրան հնարավորություն ընձեռել շտկվելու, սակայն՝ ապարդյուն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հեռավար ուսուցման համակարգը ավելի բացահայտ և սուր է դարձրել մարդկանց սոցիալական անհավասարության խնդիրը: Սոցիալապես անապահով երեխաների ծնողները ավելի հաճախ են դիմում ուսուցիչներին, որ իրենց երեխաները զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, քանի որ իրենք չունեն ո՛չ համակարգիչ, ո՛չ սմարթֆոն, և երեխաները չեն կարողանում մասնակցել առցանց դասընթացներին: Ուսուցիչները խոստանում են, որ այդ բացը կլրացվի դպրոցները բացվելուց հետո, բայց այդ պատասխանը այնքան էլ համոզիչ չէ»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Կորոնավիրուսի տարածման այս օրերին պարբերաբար տեղեկություն է շրջանառվում, որ «վարակը բարելավել է շրջակա միջավայրը» ամբողջ աշխարհում, որ վարակը «փրկարար ազդեցություն է թողել բնության վրա», որ «կորոնավիրուսը փրկում է բնությունը» եւ այլն: Ինչ կարգի բարելավման մասին է խոսքը եւ, արդյոք, այդպես է: Ինչպես գրում է «Ապոստրոֆը», Փարիզում 1980-ականների սկզբի օդն է «վերադարձել»: Վենետիկում ջրանցքների ջուրը մաքրվել է զբոսաշրջիկների հոսքի կրճատումից: Իսկ մերձքաղաքային ջրերում վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ վերադարձել են դելֆինները (ՌԲԿ-ն հետո նշեց, թե դելֆինների տվյալը ճիշտ չէ, բայց չհերքեց. այո, ջուրն այնքան է մաքրվել, որ նույնիսկ ջրի տակ երեւում են հայտնված ձկները): NASA-ի մասնագետներն ասում են, որ մթնոլորտի մաքրում մեկ էլ 2008 թ. տնտեսական ճգնաժամի ժամանակ են արձանագրել, բայց այն ժամանակ տեմպերն այսպես արագ չեն եղել: NASA-ին կից տիեզերական թռիչքների կենտրոնի օդի որակի հետազոտող Ֆեյ Լյուն ասում է. «Սա առաջին անգամ է, որ ես ինչ-որ հստակ դեպքից հետո այսքան մեծ տարածք ընդգրկող էական անկում եմ տեսել» (նկատի ունի ազոտի դիոքսիդի մակարդակի անկումը): Սկզբում օդը մաքրվեց չինական Ուհանի մերձակայքում, փետրվարի վերջին՝ արդեն ամբողջ երկրի տարածքում, իսկ ահա արդեն մարտի կեսերին այն նկատվեց համարյա ամբողջ երկրագնդով մեկ: ՌԲԿ-ն, BBC-ին հղում անելով՝ որոշակի թվեր է ներկայացնում. նախնական գնահատականներով նախորդ տարի այս օրերի համեմատ (փետրվար-մարտի առաջին տասնօրյակ) 50 տոկոսով կրճատվել է ածխաթթու գազի մակարդակը: Այլ կերպ՝ 1-1.5 ամսում եղավ այն, ինչ կլիմայագետները պահանջում էին վերջին տարիներին: Բայց այս ամենը կարճաժամկետ էֆեկտ կունենա, եթե չգա գիտակցված քայլերի ժամանակը»: