VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Դեռեւս փետրվարի 5-ին տպագիր մամուլի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին: «Փաստ» թերթի տեղեկություններով, կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները փաստացի ավարտվել են, պատրաստ է ընդհանուր կառուցվածքը: Սակայն կուսակցության համագումարը հետաձգվել է՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի ու մեր երկրում հայտարարված արտակարգ դրության հետ: Այդուամենայնիվ, ըստ մեր աղբյուրների, Վանեցյանը շարունակում է ակտիվորեն զբաղվել կուսակցաշինության գործերով, եւ, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված վտանգները հաղթահարելուն պես կկայանա կուսակցության հիմնադիր համագումարը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ապրիլյան պատերազմի հարցերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հրավիրել էր ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ «հարցաքննության», սակայն նա մերժել էր՝ գրավոր պատասխան հղելով։ Հանձնաժողովը դեռ ուշքի չի եկել այդ մերժումից, եւ հատկապես այդ փաստը ծանր է տանում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Մեր աղբյուրը հաղորդեց, որ ծանուցագիր կուղարկվի նաեւ Սերժ Սարգսյանին՝ հերթը հասել է նրան: Ինչ վերաբերում է Խաչատուրովի նամակին, ապա մեզ ասացին, որ նա մոտավորապես հետեւյալ պատճառաբանությունն է ներկայացրել, թե դուք ով եք, որ մի հատ էլ գամ ձեզ բացատրություն տամ: Իհարկե, դա ավելի կոռեկտ է ձեւակերպված՝ հիշեցրել է, որ իրավական առումով ինքը չունի պարտավորություն՝ ներկայանալու այդ հանձնաժողովին, իր իրավունքն է՝ ներկայանալ կամ ոչ, ուստի որոշել է չներկայանալ: Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի հրապարակային սպառնալիքները, թե իրենք չներկայացողների հետ կապված քայլեր կձեռնարկեն, հանձնաժողովականները ծիծաղելի են որակում. «Հանձնաժողովը որեւէ այլ լիազորություն չունի, մանավանդ՝ մարդկանց բերման ենթարկելու»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունը թեեւ ցույց է տալիս, որ վերահսկում է իրավիճակը, իրականում մեծ խուճապ կա հենց իշխանության ներսում։ Ոմանք չեն բացառում, որ Փաշինյանի կառավարությունը չի կարողանալու համավարակի ստեղծած խնդիրների տակից դուրս գալ։ Իշխանամերձ շրջանակները փաստում են, որ կառավարությունում չկա նախկին ինքնավստահությունը, թե հանրությունը կարող է Փաշինյանի լայվերի ու հավաստումների խայծը կուլ տալ, որովհետեւ առողջապահական իրավիճակը հաղթահարելուց հետո ավելի մեծ ալիք է սպասվում։ Տնտեսական խնդիրների փունջն իսկական սպառնալիք է դառնում Փաշինյանի համար, քանի որ անապահով զանգվածի ըմբոստությունը կարող է Փաշինյանի իշխանության ավարտը գուժել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախ մեկնող ԱԺ պատվիրակության թեստավորումից հետո լուրեր էին տարածվել, որ իմքայլական երկու պատգամավորի մոտ թեստը դրական է եղել, եւ այդ լուրերը խուճապ էին առաջացրել պատգամավորների շրջանում: Դրանից հետո ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ շտապել էին «Նաիրի» ԲԿ՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու: Հիվանդանոցի ընդունարանում տեսել էին Շաքե Իսայանին, Նաիրա Զոհրաբյանին, Արթուր Գրիգորյանին, Կարինե Պողոսյանին։ Զոհրաբյանն ավելի ուշ Ֆեյսբուքում հրապարակեց իր թեստի պատասխանը։ Բոլորի թեստը բացասական էր եղել: Ինչ վերաբերում է 2 վարակակիրներին, ապա օրվա ընթացքում Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նրանք երկրորդ անգամ են թեստ հանձնել, արդյունքները բացասական են եղել: Ի դեպ, Արցախի ընտրություններում դիտարկում անելու մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակությունը ղեկավարել է ոչ թե Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, այլ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Իսկ 2 պատգամավորները, որոնց առաջին թեստը դրական է եղել, հանվել են պատվիրակության կազմից»:
«Փաստ» թերթը գրում է. «Այս իշխանությունների համար արդեն սովորական երեւույթ է դառնում կիսատ-պռատությունը բոլոր նախաձեռնությունների մեջ: Երեկ էլ հրավիրված արտահերթ նիստում կառավարությունը ներկայացրել էր իբր կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված երկու օրենսդրական նախագիծ, որոնք, ինչպես ցույց տվեցին քննարկումները, ուղղակի «ոտքի վրա» կազմված նախաձեռնություններ էին: Ու պատահական չէ, որ քննարկումների ժամանակ պարբերաբար բարձրացվում էր դրանց արդյունավետության և հիմնավորվածության հարցը: Ընդ որում, նաեւ «իմքայլական» որոշ պատգամավորների կողմից: Մասնավորաբար, անձնական տվյալներին միջամտելու հնարավորություն տվող փաթեթի քննարկման ժամանակ բարձրացվեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները, սակայն, այդպես էլ չտրվեցին արդարադատության նախարարի կողմից:
Ոլորտի տարբեր մասնագետներ քննարկումներին զուգահեռ սոցցանցերում ու ԶԼՄ-ներում բարձրաձայնում էին բազմաթիվ մտահոգիչ հարցերի մասին, այդ թվում՝ մշակված տվյալներին մուտք ունեցող մարմինների շրջանակի, տվյալների պահպանման ժամկետների, այդ տվյալների արտահոսքի բացառման երաշխիքների եւ այլ հարցերի մասին: Հիմնավորվածությունն ու անորոշությունն այնքան մեծ է, որ փորձագետների որոշակի շրջանակ հստակ արձանագրում էր, որ կառավարության այս նախաձեռնության արդյունավետությունը կարանտինի տեսանկյունից գրեթե զրոյական է, սակայն կարող է իշխանությունների համար հիանալի գործիք դառնալ քաղաքական վերահսկողության տեսանկյունից: Ճիշտ է, 57 կողմ ձայնով «Իմ քայլը» առաջին ընթերցմամբ մի կերպ անցկացրեց նախագիծը, բայց խնդիրն այն չէ, թե ի վերջո ինչ փոփոխություններ են կրում նման նախագծերը մինչեւ վերջնական ընդունումը, կամ ինչ ճակատագիր են ունենում, էականն այս պարագայում ավանդական դարձող գործելաոճն է ու, առավել եւս, այն հնարավոր մութ նպատակները, որոնք առկա են նման նախաձեռնությունների կոնտեքստում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում: Այլ կերպ ասած, հնարավոր է լինում տեղորոշել մարդկանց։ Նախ նշենք, որ խորհրդարանում բուռն քննարկումներից հետո «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երեկվա արտահերթ նիստում ստացավ 57 կողմ, 24 դեմ եւ 1 ձեռնպահ ձայն: Նկատենք, որ նախագիծը շրջանառության մեջ էր դրվել նիստի մեկնարկից ժամեր առաջ եւ հասցրեց քննադատության արժանանալ ինչպես ընդդիմադիր պատգամավորների, այնպես էլ իրավապաշտպանների կողմից։ Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այսպիսի կարգավորումներ մտցնելու հեղինակն ու կողմնակիցը եղել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, եւ «Իմ քայլը» խմբակցության մեջ եւս կան մարդիկ, որոնք դեմ են այս կարգավորումներին, այն սխալ են համարում։
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ պատգամավորներից մի քանիսը հանդիպել են ՀՀ փոխվարչապետին՝ նրա հետ այս նախագիծը քննարկելու համար։ Պատգամավորները զայրացած են եղել, քանի որ նախագծին եւ կարգավորումներին դեմ էին, սակայն չէին կարող այդ մասին բարձրաձայնել՝ որպեսզի տպավորություն չստեղծվել, թե թիմում պառակտում կա։ Իրականում գրեթե ոչ ոք չի ցանկանում, որ նախագիծը հենց այս կերպով անցնի նաեւ երկրորդ ընթերցում։ Դա երեւաց նաեւ քվեարկության ժամանակ. մեծ թիվ էին կազմում այն պատգամավորները, որոնք չմասնակցեցին նախագծի քվեարկությանը եւ այդպես ցույց տվեցին իրենց անհամաձայնությունը։ Նախագծի քվեարկությանը չեն մասնակցել նաեւ Լուսինե Բադալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը եւ Նազելի Բաղդասարյանը։ Բացի այդ, երեկ ԱԺ արտահերթ նիստում շատ էին նաեւ բացակաները»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի թիվը կարող է ավելանալ ևս 15-ով: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Վլադիմիր Վարդանյանը, Համազասպ Դանիելյանը, Արթուր Դավթյանը և ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին օրենքում» և ավելացնել այնպիսի հաստիքներ, ինչպիսին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդականն է և ԱԺ խմբակցության խորհրդականը: Նկատի ունենալով որ ԱԺ-ում կա 12 մշտական հանձնաժողով և երեք խմբակցություն, այս փոփոխության ընդունման դեպքում կունենանք 15 խորհրդականի նոր հաստիք: Սա իսկապես լուրջ ներդրում կլինի երկրում գործազրկության կրճատման գործում: Պատգամավորները ճիշտ կանեն, եթե մտածեն այդ խորհրդականներին գոնե երկու օգնական հատկացնելու հնարավորության մասին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից վեց ամիս անց Քննչական կոմիտեն որոշել է քրեական գործով նոր փորձաքննություններ նշանակել։ Եվ, մեր տեղեկություններով, նշանակվել են դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ: Իսկ ի՞նչն է այս փորձաքննությունների նշանակման պատճառը եղել: Ըստ ամենայնի, մարմինն այս օրերին Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով տարբեր անձանց է հրավիրել հարցաքննությունների, որոնք պատմել են, որ նա ընկճված է եղել, նեղսրտել է իր շուրջ կատարվող իրադարձություններից: Այս եւ այլ վկաների ցուցմունքները ձեռքի տակ ունենալով՝ նախաքննական մարմինը ողջ նյութերը ամբողջացնում է եւ, ինչպես կարգն է, ներկայացնում է փորձագետներին: Քննիչը հարց է ուղղել փորձագետին՝ արդյոք այս խնդիրները կարող էին Հայկ Հարությունյանին դրդել գնալ ինքնասպանության: Եվ չի բացառվում, որ փորձագետները, ուսումնասիրելով քննիչների կողմից ներկայացված ցուցմունքները, բացասական պատասխան են տվել: Եվ այժմ, նշանակելով այդ փորձաքննությունները, նախաքննական մարմինը փորձում է դուրս գալ փակուղուց։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե` ունեցած տեղեկությունները ճշտելու համար, որտեղից ի պատասխան՝ ՔԿ լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «Քրեական գործով նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը ապահովելու նպատակով նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն, եզրակացությունը դեռեւս չի ստացվել, նախաքննությունը շարունակվում է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Շատերը սպասում են, որ մարտի 31-ին տեղի ունենալիք Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր են հետընտրական ցնցումներ, քանի որ որոշ թեկնածուներ կարող են չընդունել ընտրությունների պաշտոնական արդյունքները և փորձեն փողոցում վիճարկել դրանց օրինականությունը: Սակայն, ըստ արցախյան մեր աղբյուրի, որևէ հետընտրական գործընթաց և ցնցում էլ տեղի չի ունենա, որովհետև Արցախի ԿԸՀ հայտարարությանը կհետևի հաղթած թեկնածուին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը, որից հետո բոլոր կրքերը կհանդարտվեն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթն այս օրերին ահազանգեր էր ստանում վարորդներից, թե հանրապետության հեղուկ գազի լցակայաններում հեղուկ գազ ուղղակի չկա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազ ներկրվում է ոչ միայն Իրաքից, այլեւ Ռուսաստանից եւ Իրանից: Սակայն ե՛ւ վարորդները, ե՛ւ ներկրողները պնդում են, որ իրանական հեղուկ գազը որակապես ցածր է. անգամ դեպքեր են գրանցվել, երբ մեքենաները այն օգտագործելու հետեւանքով խնդիրներ են ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգի հետքերով զրուցել է «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանի հետ, որը նկատեց, որ պատճառը կորոնավիրուսի տարածում թույլ չտալու նպատակով սահմանների փակ լինելն է: Մասնագետը վարորդներին խորհուրդ տվեց այս ընթացքում մեքենան շահագործել բենզինով. չէ՞ որ բենզինի գինն էլ աշխարհում ստեղծված իրավիճակի ֆոնին նվազում է։ Երեկվա դրությամբ որոշ բենզալցակայններում մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվել է 300 դրամով։ «Բենզինի հետ կապված ճգնաժամ չի լինի, պահեստավորած ունեն ներկրող ընկերությունները։ Իսկ հեղուկ գազի ոլորտը նոր է զարգանում, խոշոր բազաներ չկան կառուցված, որ մարդիկ ժամանակին պահեստավորեին, որ հիմա խնդիր չունենային», – նշեց նա։ Իսկ հեղուկ գազ ներկրող «Գազ Պրոպան» ընկերությունից մեզ հայտնեցին. «Այս պահին «Գազ Պրոպանի» բոլոր գազալցակայաններում հեղուկ գազ առկա է։ Մի քանի օր առաջ չի եղել, չենք ունեցել։ Այս պահին խնդիր չունենք»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում բենզինի գինը շարունակում է ռեկորդային անկում գրանցել՝ 310 դրամ մեկ լիտրի դիմաց, էժանանալով ևս 20 դրամով: Բենզինի նման գին Հայաստանում եղել է 1998-99 թվականներին: Բենզինի նման էժանացումը պայմանավորված է ոչ այնքան նավթի միջազգային գների անկմամբ, որքան եվրոպական շուկայում բենզինի պահանջարկի կտրուկ նվազմամբ, որը հանգեցրել է բենզինի մեծածախ գնի անկման: Այս պահին բենզինի մեծածախ գինը մոտ 220 դոլար է մեկ տոննայի դիմաց, կամ մոտ 80 դրամ լիտրի դիմաց: Անգամ նավթի խոշոր արդյունահանող երկիր Ռուսաստանը, որն ունի սեփական նավթավերամշակման արդյունաբերություն, այսօր կանգնած է եվրոպական տարբեր երկրներից էժան բենզինի ներմուծումը կասեցնելու խնդրի առաջ: Բնականաբար, Հայաստանը նման խնդիր չունի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է «Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության ծրագիրը»: Այս ծրագրի իրականացման առաջնահերթ խնդիրներից է ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիության խթանումը: Մասնավորապես ծրագրով նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու նպատակով միանվագ դրամական աջակցության տրամադրում: Այդ գումարի չափը կարող է լինել 1 մլն դրամից մինչև 2,6 մլն դրամ՝ կախված երիտասարդ ընտանիքի անդամների տարիքից և ընտանիքում երեխաների թվից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018թ. համեմատ՝ 2019թ. 95-ով կամ 4,7%-ով աճել է կոռուպցիոն բնույթի դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակը՝ կազմելով 2083, սակայն նույն՝ 4,7%-ով կամ 70-ով նվազել է հարուցված քրեական գործերի քանակը՝ կազմելով 1399: Կտրուկ աճ է արձանագրվել իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակում: 2019թ. այդ ցուցանիշը կազմել է 2625, ինչը 553-ով կամ 26,6%-ով ավելի է՝ 2018թ. համեմատ: 2019թ. ընթացքում դատարաններում քննվել եւ ավարտվել է կոռուպցիոն բնույթի 160 քրեական գործ՝ 286 անձի վերաբերյալ՝ 2018թ. արձանագրված 136 գործով 233 անձի դիմաց: Դատապարտվել է 197 անձ, այդ թվում 112-ը՝ ազատազրկման: Այսինքն, 2018թ. համեմատ, 17,6%-ով ավելացել է դատարանում քննված եւ ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, 22,7%-ով՝ նշված գործերով անցնող ամբաստանյալների եւ 119,6%-ով՝ կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած եւ ազատազրկման ձեւով պատժի դատապարտված անձանց թիվը: Աննխադեպ արդյունքներ են արձանագրվել հանցագործություններով պետությանը պատճառված վնասի բացահայտման եւ վերականգնման առումով: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործերն են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով (նկատի ունենալով, որ քննության ընթացքում գտնվող գործերով կարող է փոփոխվել) կազմել է շուրջ 105.7մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. արձանագրված շուրջ 85 մլրդ դրամի դիմաց: Վերականգնվել է 12.4 մլրդ ՀՀ դրամի վնաս»:
«Իրատես» օրաթերթը գրում է. «Երեկ արտահերթ նիստ էր ԱԺ-ում և կառավարությունում: Հակասական զգացումներ են առաջանում այդ արտահերթերից: Կառավարությունը մի ձեռքով ընդունում է հասարակության խոցելի խմբերի նվազագույն կենսապահովման որոշումներ, որոնց արդյունավետության մասին հնարավոր է դատել միայն կենսագործումից հետո: Մյուս ձեռքով կառավարությունն ԱԺ է ուղարկում օրինագծեր, որ, մեղմ ասած, տարակուսելի են: Թե անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության ու գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը, թե կորոնավիրուսից մահացածներին չդիահերձելու: Փաստացի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից սկսած՝ շատերը տարակույսներ ունեին, բայց ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերը։ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ էին: Քննարկման ընթացքում այդպես էլ հասկանալի չդարձավ օրինագծի ՕԳԳ-ն, իմա՝ այդքան ռեսուրսներ ներդնելով ի՞նչ անհետաձգելի հարց է լուծվում, որ այլընտրանք չունի:
Կորոնավիրուսակրի արեալը պետք է որոշվեր դեռ փետրվարին, փետրվարից օդանավակայանում պետք է թեստավորվեին Հայաստան մտնողները, կարանտինը այն ժամանակ պիտի հայտարարվեր: Այն ժամանակ Հայաստանը ապրում էր աշխարհի ժամանակից կտրված՝ իր ներքաղաքական ժամանակի մեջ, ու հիմա մեղքի զգացումից, թե ապաշխարելու ցանկությունից՝ արվում են քայլեր, որ ռեսուսների անարդյունավետ ծախս են: Փոխարենը՝ կառավարությունը պետք է մտածեր ու մտածի իր քայլերով սերմանած տագնապը ցրելու մասին, թեստերի ու թոքերի օդափոխման համակարգերի գնման, բուժսպասարկման որակի բարելավման: Եթե այդքան տխուր չլիներ, զավեշտ է, երբ նախարարը կոչով դիմում է քաղաքացիներին՝ ձեր նկուղում պատահաբար թոքերի օդափոխման փչացած սարքեր չունե՞ք: Եթե ունեք, հանձնեք, որ սարքենք, օգտագործենք: Դա ավելի էժան է ու հեշտ, քան նորը ձեռք բերելը: Շատ ավելի խելամիտ էր ժամանակին սարքին սարքեր ձեռք բերելը, կամ էլ՝ ինժեներական մտքի ու տեխնիկական հնարավորությունների համադրումով Հայաստանում արտադրություն ստեղծելը: Դա է ճգնաժամի չինական հիերոգլիֆի հնարավորության իմաստը, ոչ թե անգամ այս պայմաններում բնակչությանը գրանցված ու չգրանցված աշխատատեղեր ունեցողների բաժանելը: Ինչ հեշտ է «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը վերածվում հակաժողովրդավարության խառնարանի, որ վատնում է ունեցած միջոցները՝ չկարողանալով տեղին ծախսել:
Հ.Գ. Պարզվում է՝ Հայաստանը ոչ միայն գլխավոր վարակաբան չունի, այլև չունի դիահերձման անվտանգ պայմաններ: Առողջապահության նախարարը պարտավոր չէ՞ր կանխատեսել, որ կորոնավիրուսի տարածումը լետալ ելքեր է ունենալու, ի՞նչ է արվելու այդ դեպքում: Ելքը գտնվել է՝ երեկ ԱԺ-ն քննարկում էր «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, և առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը միանգամայն լուրջ հայտարարում էր, որ կորոնավիրուսից մահացած անձի հերձումը կարող է առաջացնել վարակի տարածման աննախադեպ հետևանքներ, ուստի պետք չէ դիահերձել: Այսինքն՝ մարդու իրավունքները ևս մեկ անգամ ծալում ու մի կողմ ենք դնում: Դիահերձումը պետք է ոչ միայն հարազատներին, այլև բժիշկներին, հասկանալու՝ ինչ սխալ են արել, որ ուրիշ հիվանդի դեպքում չանեն: Վերջապես տվյալների բազա է կուտակում վարակաբանների համար: Ստացվում է՝ բուժող բժիշկների կյանքը կարելի է վտանգել, դիահերձողին պետք է պաշտպանել: Ֆորս մաժորի պայմաններում պահանջվող դիահերձարան ստեղծեք, ոչ թե սմարթֆոն բաժանեք, որ իբր վարակակիր տեղորոշեք»: