18.09.2025
Արցախի ինքնորոշման իրավունքը դե յուրե ճանաչված է. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընդդիմադիր շրջանակները հերթական սոցիոլոգիական հետազոտությունն են պատվիրել, սակայն արդյունքները չեն հրապարակում: Ասում են` ներքին օգտագործման համար է: Մեզ հաջողվեց որոշ ցուցանիշներ իմանալ: Ըստ այդ հարցման, Նիկոլ Փաշինյանն ունի կայուն 12 տոկոս, որը պատրաստ է նրան ընտրել անգամ այն պարագայում, եթե թուրքերը գրավեն Հայաստանը: Նիկոլ Փաշինյանին ոչ մի դեպքում չի ընտրի հարցվածների 60 տոկոսը:


Կառավարության աշխատանքից դժգոհ է 75 տոկոսը, որոնք կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում: Հաջորդ տեղում` ըստ անձնական ռեյտինգի Սամվել Կարապետյանն է` մոտ 10 տոկոս, սակայն երբ խոսքը գնում է Կարապետյանի ձեւավորած քաղաքական ուժի մասին, այդ թիվը նվազում է: Երրորդը Ռոբերտ Քոչարյանն է` իր կայուն 6 տոկոսով: Մյուս հայտնի կուսակցությունները, այդ թվում` ՀՀԿ-ն ու Բարգավաճ Հայաստանը, ունեն իրար շատ մոտ ռեյտինգ` 1-ից 1,5 տոկոսի շրջանակներում:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 20-ին կայանալիք Քաղպայմանագրի համագումարից հետո հնարավոր են կադրային փոփոխություններ կառավարության կազմում։ ՔՊ-ական շրջանակներում կարծում են, որ համագումարին ուրվագծվելու է ապագայի վերաբերյալ իրենց տեսլականը, այլ կերպ ասած՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկն է տրվելու եւ Փաշինյանի քայլերն էլ այդ տրամաբանության մեջ են լինելու։ Խոսակցություններ կան , որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարող է փոխվարչապետ նշանակվել: Թե` ում փոխարեն` Տիգրան Խաչատրյանի՞, թե՞ Մհեր Գրիգորյանի, դեռեւս հայտնի չէ: Ասում են՝ Հարությունյանն ամենօրյա ռեժիմով Փաշինյանին «կաթացնում» է, որ տնտեսական քաղաքականության պատասխանատուներից մեկը պետք է լինի յուրային, այսինքն` ՔՊ-ական լինի: Ինչպես հայտնի է՝ երկու փոխվարչապետերն էլ անկուսակցական են։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում ձեւավորված հակամարտությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ իշխող թիմի պատգամավոր Հայկ Սարգսյանի միջեւ դեռ երկար կձգվի։ Բայց արդեն այսօր ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվել է, եւ նրա կողմնորոշումը թեքված է դեպի Ալեն Սիմոնյանի կողմ։


Ոչինչ, որ Սիմոնյանը քաղաքացու վրա թքեց եւ միջադեպից հետո մնաց անպատիժ։ Ոչինչ, որ Ազգային ժողովի գնումները գրեթե բաց տեքստով կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։ Ոչինչ անգամ, որ Սիմոնյանը բյուջեի հաշվին իրեն թույլ է տալիս ձեռք բերել 2.5 միլիոն դրամանոց ոսկե թզբեհ (համրիչ), ոչինչ, որ ընկերների բուքմեյքերական շահերն է առաջ բրթել։ Քանի որ հակառակ կողմում կանգնած է «շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը, Փաշինյանի համար պատասխանը պարզ է. պետք է պաշտպանել «թքող ԱԺ նախագահ»-ին։ Սա նաեւ այն պատճառով, որ Հայկ Սարգսյանի կողմից բարձրաձայնված կոռուպցիոն մեղադրանքները ( https://armlur.am/1504513/ ) ինչ-որ չափով վերաբերելի են նաեւ իր աներորդի Հրաչյա Հակոբյանին, որովհետեւ վերջինս էլ նույնպիսի մտերմություն ունի բուքմեյքերական ընկերությունների գերհարուստ սեփականատերերի հետ (միասին Հունաստանում հանգստացել են եւ այլն):


Դառնալով Հայկ Սարգսյանին` նշենք, որ նա Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմ եւ մոտ մարդկանցից մեկն է, Փաշինյանի անբաժան շրջապատից, իսկ այսօր դառնում է անցանկալի։ Պատճառը պարզ է. Սարգսյանը սկսեց ցուցադրել ինքնուրույնություն, թիմի ներսում փորձել է լիդերության հայտ ներկայացնել, իսկ երբ անգամ հանդգնեց հակադրվել ՔՊ ակտիվի հավաքի ժամանակ սեփական քավոր Վահե Ղալումյանին եւ անգամ քաշքշեցին միմյանց Փաշինյանի ներկայությամբ, իրավիճակ փոխվեց։


Սակայն հետաքրքիր դիլեմա է ստացվել. Փաշինյանը կողմ է Սիմոնյանին, բայց շատ լավ գիտի, որ հենց Սիմոնյանն էլ անցանկալի է թիմի մեծամասնության համար։ Թքող, սկանդալային պատմություններով ու թիմակցի կողմից կոռուպցիայի համար մեղադրվող ԱԺ նախագահը քաղաքական ծանր բեռ է իշխող թիմի համար։ Արդյունքում, ՔՊ-ի ներսում ամեն ինչ վերածվել է ներպալատական ինտրիգների ու «ռազբորկաների», իսկ գլխավոր դիրիժորը Նիկոլ Փաշինյանն է, ով ստիպված է մի ձեռքով հեռու պահել «շիշ բռնողին», մյուսով՝ թիկունք կանգնել «թքող ԱԺ նախագահ»-ին»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը փոխել է եկեղեցու եւ վեհափառի դեմ պայքարի մարտավարությունը։ Բացահայտ արշավը, հոգեւորականներին վարկաբեկելն ու վիրավորելը արդյունք չտվեցին, վեհափառը հրաժարական չի տալիս, հիմա որոշել է Եկեղեցին ներսից «կազմաքանդել»։ Որոշ տեղեկություններով՝ հոգեւորականների շրջանում իշխանականները որս են սկսել, փորձում են «պեղել» Գարեգին Բ-ից դժգոհ հոգեւորականների, որ նրանց ձեռքով քանդեն Մայր աթոռը։ Մեզ ասացին, որ անգամ փորձում են շահագրգռել, դրամական աջակցություն են խոստանում բոլոր նրանց, ովքեր եթե դեմ գնան Վեհափառին, կարող է կարգալույծ լինեն։


Բացի այդ՝ ներսից ինֆորմացիա են փորձում ստանալ ապօրինի գործարքների վերաբերյալ։ Զուհագեռ իրավապահներին է հանձնարարել նյութեր հայթայթելել կաթողիկոսի դեմ։ Փաշինյանը չի հրաժարվել Վեհարանը վեհափառից ազատելու մտքից, եւ վերջերս ԱԺ-ում ասաց, որ ինքը Էջմիածնի կենտրոնական հրապարակում «հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում» են անելու, որը կլինի այդ գործընթացի «կուլմինացիան». «մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը»։ Կա տեսակետ, որ հարձակումը կարող է իրականացվել հաջորդ տարի` ընտրությունների նախաշեմին, որով կամ քաղաքացիական բախում կհրահրեն եւ երկրում արտակարգ դրություն կհայտարարեն ու ընտրությունների ժամկետը կերկարաձգեն, կամ` էլ եկեղեցու դեմ տարած «հաղթանակով» հոգեբանական ճնշում կգործադրեն ընտրողների վրա, որ չմասնակցեն ընտրություններին եւ իրենք վերարտադրվեն։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հրահանգով նախկին աշխատակցին առևանգելու և ծեծի պատմությունը համակարգի մեր աղբյուրների պատմելով ուղիղ արտացոլանքն է Կոմիտեում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի։ Ըստ մեր աղբյուրի՝ Սուրեն Թովմասյանը համակարգում պաշտոնների է կարգել բացառապես իր մտերիմ ու բարեկամ անձանց, որոնք ոլորտից ոչ միայն հեռու են, այլեւ աշխատանքային շփումներում փողոցային լեքսիկոն են օգտագործում, այդ թվում՝ կանայք։ Ասում են՝ Կադաստրի կոմիտեում սովորական աշխատանքային զրույցներն անգամ ռազբորկայի են նմանվում, կառույցի վերադասին հավանաբար հոգեհարազատ է այդ ոճը, հակառակ դեպքում իրեն վիրավորական հաղորդագրություն ուղարկած նախկին աշխատակցի նկատմամբ ոչ թե փողոցի կանոններով տղայական հաշվեհարդար կտեսներ, այլ առնվազն կանտեսեր, կամ կդիմեր իրավապահներին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ եվրոպական ուղղվածությամբ ուժերը արդեն սկսել են դիրքավորվել եւ վերադիրքավորվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Գյումրիում կրած աղմկոտ պարտությունը, երբ «Եվրադաշինքը» երեք կուսակցությունների միասնական մասնակցությամբ չկարողացավ հաղթահարել շեմը եւ ավագանու կազմում մնաց առանց մանդատի, նոր վերադասավորումների դուռ է բացել։ Նոր դերակատարների առաջին շարքում են իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ու Գարեգին Միսկարյանը, ովքեր արդեն հրապարակային կերպով հայտարարել են քաղաքականություն մտնելու մասին։ Նրանց քայլը դիտարկվում է որպես եվրոպական թեւի թարմ ուժի հայտ։


Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով, 2026 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի նաեւ հանրային կյանքում հայտնի եւս մեկ գործիչ։ Խոսքը Հանրային խորհրդի նախկին նախագահ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի մասին է։ Ինքը՝ Ստյոպա Սաֆարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը՝ ասելով. «Նման զրույցներ ու քննարկումներ մեր մեծ թիմի (որի մեջ մտնում են թե՛ ինստիտուտի իմ ընկերները, թե՛ բարեկամները, գործընկերներն ու աջակիցները) ներսում արդեն 4 եւ ավելի տարի է առկա են։ Ավելի ստույգ՝ հենց նույն 2021 թվականի արտախորհրդարանական ընտրություններից հետո։ Ո՛չ կարող ենք բացառել նման նախաձեռնությամբ հանդես գալը, ո՛չ հաստատել, քանի դեռ վերջնական որոշում չկա։ Այս թեմայով որեւէ նորություն լինելու դեպքում, անշուշտ, հանրությունը կտեղեկացվի։ Այս պահին այլ մանրամասներ ու մեկնաբանություններ չեն կարող տրվել»։ Այսպիսով՝ ընտրություններից դեռ ավելի քան մեկուկես տարի առաջ արդեն նկատելի է, որ եվրոպական, Արեւմտյան ուղղվածությամբ ուժերի դաշտը ձեւավորվում է նոր դեմքերով ու նոր հավակնություններով»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը e-draft.am հարթակում շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից կրճատել եւ սահմանել 18 ամիս։ Ընդունվելու դեպքում՝ փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից եւ չի տարածվի այն զինծառայողների վրա, ովքեր այդ պահին արդեն ծառայում են բանակում։


Սակայն այս քայլը դիտարկվում է ոչ միայն որպես բանակային բարեփոխում, այլեւ որպես քաղաքական հաշվարկ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ իշխող կուսակցությունում քննարկման ժամանակ հնչել են մտահոգություններ՝ «Բանակ պահել հնարավո՞ր է ընդամենը 1.5 տարվա ծառայությամբ»։ Քննարկման ժամանակ պատասխանը, սակայն, եղել է բավականին ուղղախոս. «Հիմա պետք է դարձնել 1.5 տարի, հետո, եթե խնդիրներ առաջանան, կբարձրացնենք մինչեւ 2.5 տարի. ի՞նչ խնդիր, իշխանությունն ամբողջությամբ մեր ձեռքում է»։


Նկատենք՝ սա նորություն չէ. նույն ձեռագիրն էր նաեւ տրանսպորտի թանկացման ժամանակ: Սկզբում հայտարարեցին, որ գինը կբարձրանա մինչեւ 300 դրամ, հետո, իբրեւ թե, նահանջեցին, ընդառաջեցին քաղաքացիների պահանջին, բայց, ինչպես տեսանք, այնուամենայնիվ գինը բարձրացվեց՝ դառնալով 150 դրամ։


Այսպիսով՝ զինծառայության ժամկետի կրճատումը մեծ հաշվով կարելի է համարել նախընտրական քարոզչության հերթական գործիք։ Դրան զուգահեռ, իշխանության ներսում քննարկվում է նաեւ թոշակների բարձրացման հարցը, որպեսզի ՔՊ-ն ընտրություններին ընդառաջ ասելիք ունենա իր ընտրողներին։ Ամեն ինչ կառուցվում է նախընտրական տրամաբանության համատեքստում: Ռազմական բյուջեն չի ավելացվում, բայց մնացած ծախսերը, որոնք կարող են ձայն ապահովել, կարվեն առավելագույն ձեւով:


«Ժողովուրդ» օրաթերթը այս ամենի վերաբերյալ հարցեր հղեց եւ մեկնաբանություն խնդրեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանից՝ արդյո՞ք 1.5 տարվա ծառայությունը երկարաժամկետ պլան է, թե՞ հետո կարող է դառնալ 2.5 տարի, եւ արդյոք նախատեսվո՞ւմ է նաեւ նախընտրական տարում թոշակների բարձրացում: Արուսյակ Մանավազյանը, մեր հարցերին ի պատասխան, փոխանցեց. «Նախագծի տակ չպետք է վատ ենթատեքստեր փնտրել: 2026 թվականի հունիսի 1-ից 1.5 տարի է դառնալու զինվորական ծառայությունը, եւ այդ փոփոխությունը լինելու է երկարաժամկետ, այն կարճաժամկետ դարձնելու մտադրություն չկա»»։


 

Փաշինյանը երկիրը վերածում է մանրադրամի
Հաջորդ նորություն next