17.09.2025
Պատմությունը չի ների անգործությունը, գործելու ժամանակը հիմա է
prev Նախորդ նորություն

Արցախի ինքնորոշման իրավունքը դե յուրե ճանաչված է. քաղաքագետ

Կա «մանտրայի» նման կրկնվող մի բան, թե՝ Լեռննային Ղարաբաղը բոլորը ճանաչում էին Ադրբեջանի կազմում, ոչ ոք չի ունեցել այլ գնահատական:


Ես այս թեմային պարբերաբար եմ անդրադառնում, թե ֆեյսբուքյան, թե տելեգրամյան ձեւաչափերով:


«Մանտրայի» նման կրկնում են՝ հեծանիվ կամ Ամերիկա հայտնաբերողի դեմքի արտահայտությամբ:


Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմումը «ելակետային» տվյալն է, որ ճանաչել են բոլորը: Իսկ հարց չի առաջանու՞մ, բա այդ բոլորից որեւէ մեկն ինչու՞ որեւէ բան չի ասել Ադրբեջանի «կազմում» գտնվող Լեռնային Ղարաբաղ Հայաստանի որեւէ նախագահի այցի կապակցությամբ:


Որովհետեւ ելակետային տվյալից զատ, եղել է նաեւ իրողությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու դրա դե յուրե ճանաչումը:


Ինչու՞ չեն «խախտել» ելակետային տվյալը, այսինքն ինչու՞ չեն դադարել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Որովհետեւ,եթե կա միջազգայնորեն ճանաչված վեճ, որը կարգավորվում է միջազգային մանդատի ներքո, ելակետային տվյալի «ճանաչումը» դադարեցնելը արդեն իսկ նշանակում է խանգարել վեճի կարգավորման միջազգային գործընթացին: Ի վերջո, չէ՞ որ տեսականում որեւէ կերպ բացառելի չէ, որ վիճող կողմերն ի վերջո գան համաձայնության հենց ելակետային տվյալի շուրջ:


Հետեւաբար, դե յուրե որեւէ մեկը չէր հրաժարվի Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, քանի դեռ չի եղել միջազգայնորեն ճանաչվածծ դե յուրե նոր կարգավիճակի վերաբերյալ որոշում: Բայց, դե յուրե ճանաչվել է Արցախի ինքնորոշման իրավունքը:


Թե ինչ է եղել հետագայում քաղաքական տրամաբանության, աշխարհաքաղաքական տրամաբանության հետ, դա այլ հարց է, ոչ պակաս կարեւոր, բայց այլ հարց: Բայց, միջազգայնորեն դե յուրե ճանաչվել է Արցախի ինքնորոշման իրավունքը: Եվ համենայն դեպս չկա որեւէ առնվազն հրապարակային փաստաթուղթ, որը կվկայի, որ այդ իրավունքը ճանաչված է իրացման որեւէ սահմանափակումով:


Մնացյալը, իհարկե դիվանագիտական պայքարի, կողմերի միջեւ ուժերի հարաբերակցության եւ այլնի, ու աշխարհաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր են:


Քաղաքագետ Հակոբ Բադալյան