Տեղի է ունենում գազի գնի փոփոխություն, Հայաստանը պետք է քննարկում նախաձեռնի. փոխվարչապետ
Աշխարհում նկատելի է էներգառեսուրսների գների փոփոխություն և գազի գնի փոփոխություն ևս տեղի կունենա աշխարհում: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ընդ որում, պայմանավորված նավթի գնի հետ կապված իրավիճակով, Հայաստանի փոխվարչապետը չի բացառում, որ այդ փոփոխությունը լինի դեպի նվազում: Ըստ այդմ նշեց նա, կլինեն քննարկումներ, Հայաստանն իր դիրքերը պետք է վերագնահատի ու հասկակա։
«Նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ համագործակցությունը լինում է լողացող բանաձևով։ Մեր դեպքում դա բանաձև չի, ֆիքսված գին է սահմանում, որը որոշ դեպքերում տալիս է դրական արդյունք, որոշ դեպքերում՝ ոչ այդքան: Գազի գնի բանաձևային տարբերակը Հայաստանի համար ավելի ընդունելի և մատչելի է: Պետք է վերլուծել», - նշեց Գրիգորյանը՝ չբացառելով, որ հնարավոր է նման քննարկում նախաձեռնվի:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ մինչև 2020-ի ապրիլի 1-ը Հայաստանում սպառողի համար գազի գինը չի բարձրանա և բանակցությունները ցույց կտան, թե ինչ կլինի ապրիլից հետո: