Ազգային ժողովի պատգամավորները միանշանակ չընդունեցին կառավարության ներկայացրած օրենսդարական փոփոխությունների նոր փաթեթը, որով կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով առաջարկվում է վերահսկել մարդկանց տեղաշարժը և հեռախոսազանգերը:
Պատգամավորները մհատոգություներ ունեն քաղաքացիների անձնական տվյալներին պետության միջամտության վերաբերյալ: Կառավարող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն ավելի զգուշավոր էին իրենց ձևակերպումներում ու շեշտադրում էին այդ տվյալների չչարաշահման կարևորության մասին՝ զգուշորեն ընդգծելով նաև հեռախոսազանգերը վերահսկելու աննպատակահարմարությունը:
«Շատերիս համար ընդունելի է, որ տեղորոշման միջոցով կարելի է պարզել հնարավոր վարակակիր մարդկանց կոնտակտները և կանխարգելիչ միջոցառումներ կատարել, սակայն ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ, թե Երևանի մի ծայրամասում գտնվող բաժանորդը երբ և ինչու զանգահարեց քաղաքի մեկ այլ վայրում գտնվող բաժանորդին», - զարմանք հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ առաջարկելով դիտարկել օրենսդրական փաթեթից հեռախոսային զանգերի վերահսկման գործիքը հանելու գաղափարը:
Ընդդիմադիր պատգամավորները կառավարությանը հորդորեցին հետ կանգնել վերահսկողության խստացման գաղափարից և զբաղվել արտակարգ դրության սահմանափակումներից տուժած հազարավոր քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմամբ:
«Նախ՝ սա ուշացած կարգավորում է: Սա իմաստ կունենար, եթե կիրառվեր առաջին հիվանդի նկատմամբ: Հիմա ի՞նչ կաիրք կա բացել բոլորի կոնտակտները, հետ գնալ ժամանակային առումով ու հասկանալ՝ ով ում հետ է շփվել և ինչ հաղորդագրություն ուղարկել, - հարցադրում արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդոն Մարուքյանը՝ հավելելով։ - Խոսքը մեծ քանակությամբ անձնական տվյալների հավաքագրման ու մշակման մասին է, որը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջելու: Սա Պանդորայի արկղն է բացելու: Իսկ մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ»:
Նա առաջարկեց ոչ թե նման գաղափարներով գալ ԱԺ, այլ այնպիսի լուծումներ բերել, որոնք ճգնաժամի հետևանքով վարձով բնակվողների բնակարաններից հանելու հարցը կլուծեն:
«Այդ մարդկանց հարցը լուծելու համար պետությունը որևէ առաջարկ ունի՞: Չլուծված է մնացել մարդկանց վարկերի վճարման հարցը, մարդիկ, որ չգրանցված աշխատող են և պետական աջակցությունից չեն օգտվելու ու սովի են մատնվելու: Մարդիկ կոմունալների վճարման խնդիր ունեն: Այս հարցերը լուծելու փոխարեն, մենք մարդկանց ասում ենք, եկեք ձեզ հեռախոսներով տեղորոշենք», - հայտարարեց Մարուքյանը՝ շեշտադրելով վստահության խնդիրը։
«Դուք ասում եք, որ այս տվյալներն ի չարս չեն օգտավգործվելու: Կառավարության անդամները, պաշտոնյաները, բոլորն ունեն Viber, Whatsapp, Signal և այլ ծրագրեր: Դրանցով են խոսում անգամ երկրի ներսում: Ինչո՞ւ.. Բա դուք չե՞ք վստահում ձեր համակարգերին», - ասաց Մարուքյանը՝ նշելով, որ վստահության հարցն էլ «իր մեջ պրոբլերմներ ունի»: