Ինչպիսի՞ պետական աջակցություն կստանան մարտին աշխատանք կորցրած քաղաքացիները
ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում քննարկեց և հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հերթական (7-րդ) ծրագիրը, որը վերաբերում է աշխատանքը կորցրած անձանց։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով, այն վերաբերում է ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում կամ այդ ընթացքում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածը:
Աջակցության տրամադրումը ենթադրում է միանվագ աջակցություն՝ ամսական նվազագույն աշխատավարձի չափով։ Այս աջակցությունից չեն կարող օգտվել հետևյալ անձինք՝ ում աշխատանքից ազատելուն նախորդող երկու ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա և 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը դադարեցված չի եղել և ով ՀՀ կառավարության մարտի 26-ի որոշման միջոցառման շահառու է եղել:
«Այս միջոցառումը վերաբերում է մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված և մինչև 14 տարեկան երեխա ունեցող անձանց։ Այս միջոցառման առումով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատվելու հայտի ամսաթիվը»,- պարզաբանեց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ քաղաքացիներն այս աջակցությունը ստանալու համար պետք է էլեկտրոնային տարբերակով դիմեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։