Արցախում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների աշխատանքը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների կողմից կատարվող աշխատանքը:
Երկրի ղեկավարն ընդգծել է հանրապետությունում համաճարակային վիճակի մշտական դիտարկման, վարակի տարածման դեմ բոլոր կանխարգելիչ և կազմակերպչական միջոցառումների օպերատիվ իրականացման անհրաժեշտությունը:
Բակո Սահակյանը նշել է նաև բնակչության կողմից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոններին հետևելու կարևորությունը, որն իր հերթին հիմք կհանդիսանա համատեղ ջանքերով կանխելու բացասական զարգացումներն Արցախում:
Նախագահը հանձնարարականներ է տվել ներկաներին՝ քննարկված հարցերին համակարգված և արդյունավետ լուծում տալու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք: