Պրն. Քաղաքապետ, սպասում ենք Ձեր դուրս գալուն և աշխատելուն. Թեհմինա Վարդանյան
Այսօր ՝ մարտի 14-ին, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքի էջում գրել է.
« Պրն. քաղաքապետ, քանի որ արդեն հայտնեցին, որ Ձեր արձակուրդն ավարտվել է և Դուք էլ բազմաթիվ անգամներ հայտարարել եք, որ Ձեզ համար շաբաթ-կիրակի չկա ու անձնուրաց աշխատում եք, լիահույս եմ, որ անմիջապես, որպես քաղաքացիական պաշտպանության պետ, կանցնեք գործի ու հնարավորինս կվերահսկեք քաղաքում տիրող իրավիճակը` ձեռնարկելով լուրջ միջոցառումներ:
Պոլիկլինիկաները, Շտապ օգնությունը, որոշ թատրոններ, նախակրթարանները, դպրոցները ու էլի շատ ու շատ հաստատություններ քաղաքային իշխանության ենթակայության տակ են: Իհարկե Էլ չեմ խոսում հանրային տրանսպորտի մասին, որը նույնիսկ չի ախտահանվում: Վարչական շրջաններում ևս թիմեր պետք է ձևավորվեն ու կանխարգելիչ աշխատանքներ տարվեն: Վերջապես էն չքնաղ մեքենաներով լվացվեն փողոցներն ու մայթերը: Հանրային վայրերում, ինչպիսին օրինակ Վերնիսաժն է ու այլ տոնավաճառներ, պետք է արգելվի ցանկացած գործողություն: Անելիքները շատ են...
Սպասում ենք Ձեր դուրս գալուն և աշխատելուն»: