24.11.2024
Ոստիկանությունը բացահայտել է ապօրինություններ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում
prev Նախորդ նորություն

Վարակակիրների քանակը կարող է գերազանցել երկրի առողջապահական հնարավորությունները

«Տնտեսություն և արժեքներ» կենտրոնը Ֆեյսբուքի իր էջում նշում է, որ եթե խիստ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, ապա կորոնավիրուս կրողների քանակը կարող է գերազանցել երկրի առողջապահական հնարավորությունները։


«Հայաստանում բուժօգնության կարողությունները կազմում են ընդամենը 12 153 հիվանդանոցային մահճակալ՝ 41 մահճակալ 10 000 բնակչի հաշվով, իսկ ինֆեկցիոն ստորաբաժանումներում 2,1 մահճակալ 10 000 բնակչի հաշվով` ընդամենը 624 մահճակալ։ Այդ ստորաբաժանումներում մահճակալների տարեկան զբաղվածությունը 65% է, հետևաբար ազատ մահճակալների առկայությունը միջինը 217 է։


Եթե Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը հասնեն բնակչության թվով ճշգրտված այսօրվա Իտալիայի մակարդակին՝ Հայաստանում կլինի 595 հիվանդ։ Համաձայն առկա վերջին տվյալների՝ Չինաստանում հոսպիտալացման մակարդակը մոտ 15% է, Իտալիայում՝ մոտ 50%: Եթե ենթադրենք Հայաստանում կլինի այս երկու ցուցանիշի միջինին մոտ թիվ, ապա դա նշանակելու է հոսպիտալացման ենթակա է լինելու մոտ 200 անձ։ Սա նշանակում է, որ մենք մոտենալու ենք կրիտիկական կետին, եթե մահճակալների թիվը չավելացվի։ Ավելին, առավել կարևոր է լինելու ինտենսիվ թերապիայի հզորությունների առկայությունը։


Անհրաժեշտ է կտրուկ քայլեր ձեռնարկել այս սցենարից խուսափելու համար։ Բացի կանխարգելիչ միջոցառումներից, այդ քայլերը պետք է ներառեն կորոնավիրուսի բուժման հավելյալ կարողությունների ստեղծումը, մահճակալների ավելացումը, ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ավելացումը, կարանտինային գոտիների ընդլայնումը և այլն»։


Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսի հաստատված 8 դեպք: