«Ameriabank»-ն ու «Մոգո»-ն հետաձգում են վարկերի մարումները
Հայաստանյան որոշ վարկային կազմակերպություններ և բանկեր որոշում են կայացրել հնարավորություն ընձեռել ֆիզիկական և իրավաբանական անձանց առանց տույժերի հետաձգել վարկերի մարումները:
Այդպես, «Ameriabank»-ը հանդես է եկել հայտարարությամբ.
«Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին:
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` Ամերիաբանկը որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ.մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»: Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:
Վարկերի տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կարող եք ստանալ Ձեր կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով»,- ասված է հայտարարության մեջ:
Նման քայլի է դիմել նաև «Մոգո» վարկային կազմակերպությունը: Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կարեւորելով սոցիալական պատասխանատվությունը, ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկվում է անհրաժեշտության դեպքում վերանայել վարկերի գրաֆիկները՝ մարտ ամսվա մարումները տեղափոխելով ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների:
«Ընդ որում, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները՝ վերակառուցումը հնարավոր է իրականացնել հեռախոսազանգի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:
VERELQ-ը հիշեցնում է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր դիմել էր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ առաջարկելով ՀՀ-ում գործող առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող տնտեսվարողների, այդ թվում՝ անհատ ինքնազբաղված քաղաքացիների վարկային պարտավորությունների հաշվարկն ու վճարումը ժամանակավորապես կասեցնելու հարցը: