24.11.2024
Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
prev Նախորդ նորություն

Պապիկյանի անձնական տվյալների հրապարակման գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնատար անձի:


Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը՝ նշելով, որ նրա լիազորությունները քննիչի որոշմամբ դադարեցվել են: Համաձայն ՀՔԾ-ի հաղորդագրության, ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:


Ըստ առաջադրված մեղադրանքի` վերջինս 2020 թվականի հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը: Հիշյալ աշխատակիցն ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել և վերջինիս է փոխանցել Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը: Այն պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի և այլ հանգամանքների վերաբերյալ:


«Այդ կերպ ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել Սուրեն Պապիկյանի իրավունքներին և օրինական շահերին:


Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին», - ասված է հաղորդագրության մեջ:


2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակվեց «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ մի հոդված, ըստ որի՝ զինծառայության ընթացքում Պապիկյանը դանակով վիրավորել է իր հրամանատարին, ինչի համար ազատազրկման է դատապարտված եղել, համաներմամբ՝ ազատ արձակվել: Հաջորդ օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Պապիկյանը հերքեց, որ ինքը դանակով վիրավորել է որեւէ մեկին, սակայն հաստատեց, որ դատապարտված եղել է:


Մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ, որով Սուրեն Պապիկյանը ճանաչվեց տուժող: