24.11.2024
ԱԳՆ-ն հորդորում է խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Իտալիա այցելություններից
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ոչ մի հայ չի դիմել Հայաստան վերադառնալու համար. Սինանյան

Աշխարհում տարածված կորոնավիրուսով պայմանավորված՝ ոչ մի հայ չի դիմել Հայաստան վերադառնալու համար: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:


Նա անդրադարձավ հարցին, թե ինչու է ընդհանրապես բարդ հայրենադարձության գործընթացը։


Ավելի վաղ վարչապետը հրապարակել էր հայրենադարձ կնոջ նամակը, որը մի շարք խնդիրներ էր բարձրացրել, և հանձնարարել պաշտոնյաներին ծառայողական քննություն իրականացնել՝ մեղավորներին ազատելու աշխատանքից։


«Ինչո՞ւ է այդքան բարդ, որովհետև երկակի խնդիր կա, մեկը օրենքի հետ է կապված։ Այն օրենքները, որոնք կարգավորում են այս խնդիրը, արհեստականորեն այնքան են բարդացված, որ քաշքշուկի տեղիք են տալիս։ Եվ, իմ կարծիքով, դա անցյալում ինչ-որ չափով միտումնավոր է արվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն։ Այսինքն՝ քաղաքացիություն ընդունողին որոշ ժամանակ քաշքշելուց հետո, նրանք ավելի հակված կլինեին իրենց նյարդերը խնայելու համար կաշառքի միջոցով հարցը արագ լուծել»,- ասաց Սինանյանը։


Երկրորդ պատճառը, ըստ նրա, աշխատանքի մշակույթով է պայմանավորված։ Մարդիկ վատ են վերաբերվում քաղաքացիներին, այս դեպքում՝ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող մարդկանց։ Սա, ըստ Սինանյանի, գաղտնիք չէ։ «Մեր պետական ծառայողները բյուրոկրատներ են, դա գաղտնի՞ք է ձեզ համար»,- նշեց նա։


Հարցին՝ ինչո՞ւ երկու տարվա ընթացքում այդ խնդիրները չեն լուծվել, օրենքներ չեն փոխվել, որ գործընթացը հեշտանար, նա պատասխանեց. «Ըստ իս, որովհետև պետության ուշադրությունը և ռեսուրսը սևեռված է եղել ավելի հրատապ համարվող խնդիրների վրա»։


Սինանյանը նաև ասաց, որ վարչապետի հանձնարարականից հետո գործընթացի արատավոր բնույթն են ախտորոշում և դրա հիման վրա լուծումներ են առաջարկելու, հետո համապարփակ ծրագիր են ներկայացնելու, որպեսզի նման անհեթեթություններ չլինեն։