Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Հեռանկարի» տաղավարում խոսել է այն աշխատանքների մասին, որոնք ձեռնարկվում են նոր կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար:
«Մենք ժամանող մարդկանց ոչ միայն ջերմությունն ենք ստուգում: Հեռահար ջերմաչափման գործիքներից զատ արտաքին զննություն է անցկացվում: Կարող է ջերմություն չունենա, կամ դիտավորյալ դեղ խմած լինի, որ իջնի, բայց ախտանիշներ լինում են: Ակնհայտ ախտանիշները հնարավոր է ճանաչել»,- ասել է Ավագյանը:
Ըստ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի՝ այլ միջոցառումներ ևս ձեռնարկվում են.
«Մենք համագործակցում ենք ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի հետ, երբ գիտենք, որ վտանգավոր երկրներից ժամանող ուղևորներ ենք ունենալու, նախօրոք իրենց մասով լրացվում են հասցեական քարտեր: Մենք արդեն 1271 հասցեական քարտ ենք լրացրել հունվարի 24-ից, որոնցից 36-ը հոսպիտալացվել են սահմանային հսկիչ կետերից․ մեծ մասը՝ «Զվարթնոց» օդանավակայանից, երկրորդ տեղում Բագրատաշենն է», – հավելել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը:
Ինչ վերաբերում է Մեղրիի անցակետին, ապա այնտեղից հոսպիտալացման ընդամենը մեկ դեպք է գրանցվել: ՀՀ քաղաքացի է, առևտրական է եղել, ԲԿ-ում պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված չէ:
Ավելի վաղ, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հայտարարել էր, որ Հայաստանում հոսպիտալացվել է 83 քաղաքացի, որ ունեցել են գրիպի թեթեւ ախտանշաններ։ Ըստ նրա, բոլորն էլ կորոնովիրուսի դեմ թեսթավորվել են եւ արդյունքները բացասական են եղել:
Նշենք, որ COVID-2019 վիրուսը շարունակում է տարածվել ոչ միայն Չինաստանում, որտեղ գրանցվեց առաջին բռնկումը, այլև երկրի սահմաններից դուրս: Մասնավորապես, հարևան Իրանում արդեն գրանցվել են վարակի դեպքեր: Իրանի առողջապահության նախարարության խոսնակն ավելի վաղ հայտնել է, որ փետրվարի 25-ի դրությամբ, Իրանում վիրուսից մահացել է 12 մարդ: Նա նաև նշել է, որ երկրում հայտնաբերվել է 61 վարակակիր, հետազոտվում է ևս 900 մարդ, որոնք կասկածվում են կորոնավիրուսով վարակվելու մեջ:
Փետրվարի 24-ին Հայաստանի կառավարությունը երկու շաբաթով փակեց Իրանի հետ ցամաքային սահմանը: Օդային երթևեկությունը նույնպես ենթակա է որոշակի սահմանափակումների: Այնուամենայնիվ, Իրանից Հայաստան ժամանած բոլոր քաղաքացիները կկարողանան տուն վերադառնալ, և Իրանում ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան Հայաստան գալ` առանց սահմանափակումների:
Փետրվարի 25-ի տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով զոհերի թիվը հասել է 2663-ի, նրանցից 2043-ը մահացել է Ուհանում (Հուբեյ նահանգ), որտեղ առաջին անգամ գրանցվել է վտանգավոր վարակի բռնկումը: Երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 77.658 մարդու, 9.126 հիվանդ գտնվում է ծանր վիճակում, իսկ ավելի քան 27.000-ը վերականգնվել են: