Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին տեղեկացրել է լրագրող Սարգիս Քասարջյանը Սիրիայից, գրում է «Արմենպրես»-ը:
VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայոց ցեղասպանությոնը ճանաչող բանաձևը մտել էր Սիրիայի խորհրդարանի օրակարգ: Այս մասին հայտարարություն էր արել Սիրիայի խորհրդարանի խոսնակ Ռամի Սալեհը։
Սալեհը հայտարարել է, որ Օսմանյան կայսրության պատմությունը լեցուն է Սիրիայի ժողովրդի մաս կազմող տարբեր ազգությունների ջարդերով՝ հայեր, ասորիներ և այլք։
Սալեհ «Ուաթան» թերթին հայտնել է, որ խորհրդարանն ավելի վաղ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը և հարգանքի տուրք մատուցել հայ զոհերի հիշատակն, սակայն «անհրաժեշտ էր ցեղասպանությունը դատապարտող որոշում կայացնել»։
«Այս իսկ պատճառով այսօր բանաձևը պիտի քննարկվի և քվեարկի խորհրդարանի նիստի ընթացքին»,- ասել է Սալեհը։
Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադն այն առաջնորդներից է, որոնք այցելել են Երևան, բայց չեն բարձրացել Ծիծեռնակաբերդ։
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին:
ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն իրագործողների ժառանգներն այսօր էլ նույն ոճիրն իրագործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռամբ: «Ճանաչումը կարևոր է, քանի որ արաբական երկրներից միայն Լիբանանն է մինչև այժմ ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է նա:
Խորհրդարանի արաբական եւ արտաքին հարցերի հանձնախմբի նախագահ Պութրոս Մրճենեն շեշտել է,որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որին հաջորդել է նաեւ Սիրիայի հյուսիսային սահմաններին ասորիների և սիրիանիների սպանդը։
«Ժամանակն է ճանաչելու եւ դատապարտելու այս անմարդկային արարքներն ու կանխելու դրանց կրկնությունը, հատկապես որ մեծաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։