Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը այսօր հարցաքննվում է Հատուկ քննչական ծառայության կողմից․ հայտնել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։
Սահմանադրական դատարանում ՀՔԾ քննիչները հարցաքննում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Տեղեկություներ են շրջանառվում, որ Թովմասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Նման հայտարարություն Սիվիլնեթի հետ զրույցում արեց փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը՝ չհաստակեցնելով, սակայն, թե ինչ հատկանիշներով է առաջադրվել մեղադրանք և կոնկրետ որ գործի շրջանակում:
Այս պահին ՍԴ-ի դիմաց հավաքվել են Հրայր Թովմասյանի համախոհները։ Նրանք կարծում են, որ Հրայր Թովմասյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում և իրավական գործողությունները՝ նրա վրա ճնշում գործադրելու ձև է:
Տեղում գտնվող ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ այս գործողություներով քաղաքական իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով ազատվել ՍԴ իրենց ոչ հաճո դատավորներից: «Սա պարտադրանք է: Ընդունված վաղ կենսաթոշակի օրենքն էլ դրա մասն է կազմում: Կամավորի քողի տակ հստակ պարտադրանք է, իսկ ՀՔԾ-ի գործողությունները աչք վախեցնելու օպերացիա է, որպեսզի այդ «կամավոր»-ի քողի տակ կյանքի կոչվի պարտադրանքը», - ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ սա կործանարար հետևանք է ունենալու:
«Նպատակն է պարտադրել Թովմասյանի և ՍԴ այլ դատավորների հրաժարականը: Պատահական չէ, որ հայտնի օրենքի ստորագրումից հետո ՀՔԾ-ի քննիչները միանգամից մտնում են Սահմանադրական դատարան և այդպիսով ցույց տալիս, որ իրենք գործի են անցել և ժամանակն է ընդունել վաղ կենսաթոշակի անցնելու որոշում», - ասաց լրատվամիջոցների հետ զրույցում իրավաբան Արսեն Բաբայանը, որը ևս անցնում է նույն գործով:
Նախագահը Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին ստորագրեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը։
Եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված Սահմանադրական դատարանի յոթ անդամները, նրանց թվում՝ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան աշխատավարձի ու հավելավճարների չափով կենսաթոշակ։
Հատուկ քննչական ծառայությունն հաղորդել է, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: Բաբաջանյանը հայտարարել է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։
Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը մերժել էր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը, որի համար դիմել էր Ազգային ժողովը։ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 17-ին հրապպարակել էր իր որոշումն ամբողջությամբ։