Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան պաշտոնական այցով ժամանել է Անկարա և հանդիպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Էրդողանը նշել է, որ Վրաստանի հետ իրենք զարգացնում են հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ Վրաստանը Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերներից է: Նա նշել է, որ իրենք ցանկանում են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի:
Փաստորեն պանթուրքիզմի գաղափարախոսությունն ակտուալ է նաև այսօր, 21-րդ դարում և այն դարձել է Անկարայի և Բաքվի արտաքին քաղաքականության հիմնասյուններից մեկը՝ ռազմավարություն, որն ուղղված է թե՛ տարածաշրջանի, թե՛ առաջին հերթին Հայաստանի ու Արցախի դեմ:
Նշենք, որ պանթյուրքիզմը մշակութային և դիվանագիտական հոսանք է, գաղափարախոսություն, որը տարածված է թյուրքական ազգերով բնակեցված պետություններում և որի հիմքն է էթնիկ, մշակութային և լեզվային ընդհանրության հիման վրա ստեղծել դիվանագիտական, քաղաքական, գեոպոլիտիկ համախմբում։
Հետազոտական գրականության մեջ «պանթյուրքիզմ» տերմինը օգտագործվում է թուրքալեզու ժողովուրդների քաղաքական, մշակութային եւ էթնիկ միասնության գաղափարները նկարագրելու համար:
Թուրքիան տնտեսական էքսպանսիա է իրականացնում Վրաստանում՝ այդ երկիրը դիտարկելով որպես կամուրջ կամ պլատֆորմ՝ թուրքական ազդեցությունը Կովկասում ամրապանդելու և թուրք-ադրբեջանական տանդեմի կապերը խորացնելու համար:
Էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի առումով Թուրքիան ու Վրաստանը զգում են միմյանց կարիքը` Վրաստանը Թուրքիայի «պատուհանն» է դեպի Կովկաս, Ադրբեջան ու թյուրքախոս Միջին Ասիա, իսկ ի դեմս Թուրքիայի Վրաստանն ունի հզոր տնտեսական գործընկեր, 80 միլիոնանոց շուկայով երկիր, որը ներդրումների առումով առաջատարն է` Ադրբեջանի հետ մեկտեղ, վրացական տնտեսության տարբեր ճյուղերում։
Ջավախքում թյուրքական գործոնի ուժեղացումը, ներդրումային, դեմոգրաֆիկ էքսպանսիան պետք է անհանգստացնի Վրաստանին, քանի որ այդ տարածաշրջանի կրոնական-էթնիկ դեմքի փոփոխությունը Վրաստանի հարավային սահմանների երկայնքով, Բաթումիից մինչև վրաց-ադրբեջանական սահման, թյուրքական-մահմեդական միջանցք է ստեղծելու` դրանից բխող հետևանքներով։
Այդ թյուրքական միջանցքը ձգվելու է Հայաստանի հյուսիսային սահմանների երկայնքով և դա նույնպես պետք է մտահոգի Երևանին` դա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության ու կոմունիկացիաներին, որոնցից հիմնականներն անցնում են ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիով, իսկ մյուսը Ջավախքով, որտեղ աստիճանաբար թյուրքական գործոնը վճռորոշ է դառնում։
Թուրք–մեսխեթցիներն Անկարայի այն դեմոգրաֆիկ «ռումբն» են, որոնց միջոցով Թուրքիան փորձելու է փոխել Ջավախքի դեմոգրաֆիկ, էթնիկ-կրոնական դեմքը: Նրանց վերադարձը հայաբնակ Ջավախք հնարավոր է, եթե հաշվի առնենք թուրք-ադրբեջանական տանդեմի հզոր ազդեցությունն ու լծակները վրացական իշխանությունների վրա` տնտեսական, էներգետիկ, ներդրումային և այլն։
Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, որը Բաքվի կողմից ազդեցության, այդ թվում նաև դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է: Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններում՝ Քվեմո-Քարթլի և այլն, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ. կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է թե՛ տեղի հայերի դեմ, քանզի Քվեմո-Քարթլիում կան նաև հայաբնակ գյուղեր, այնպես էլ ՀՀ-ի դեմ՝ ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին:
Վրաստանի բնակչությունը ծերանում է՝ վրացիների մոտ ժողովրդագրական ճգնաժամ է, որը շուտով աղետի է վերածվելու:
Թուրք-ադրբեջանական տանդեմը Վրաստանում թյուրքական-մահմեդական տարրն օգտագործելու է, որպես լծակ և լոբբինգի միջոց պաշտոնական Թբիլիսիի նկատմամբ: Անկարան և Բաքուն ցանկանում են մեծացնել Վրաստանում թյուրքական, մահմեդական տարրի ազդեցությունն և այդ կերպ երկարաժամկետ ապագայում, ի դեմս Վրաստանում բնակվող մահմեդականների, ունենալ իրենց քաղաքապետերը, գյուղապետերը, նախարարներն ու այլ գործիչներ պետական և ուժային կառույցներում, ինչն ուղղված է լինելու նաև վրացահայության և ՀՀ-ի դեմ: