«Անկախ ինչպիսի դիրքորոշում էլ գրավեր պառլամենտը, ինքը հնարավորություն չէր ունենալու այդ օրակարգում տեղավորվելու, և մասնակցելու, դրա համար ինքն ընտրել է մյուս ճանապարհը՝ կուսակցություն է ստեղծել, կուսակցությամբ է մասնակցելու, որը մենք ողջունում ենք։ Պառլամենտական ընտրությունների արդյունքները ոչ պակաս կարևոր են, ինչ-որ տեղ ավելի կարևոր են, քան նախագահականինը, ինքն էլ գիտակցում է այդ ամենը և գնում է պառլամենտում նշանակալի մասնակցություն ունենալու ճանապարհով»։ Խոսելով Սամվել Բաբայանի համար նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում մերժելու մասին հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը դառնում է Արցախի նախագահական ընտրություններում հաղթողի ամենամեծ շանսերն ունեցող քաղաքական գործիչը, քանի որ ընտրապայքարից դուրս է մնում Սամվել Բաբայանը, ով չի կարողանալու մասնակցել ընտրություններին գրանցման հետ կապված խնդիրների պատճառով: Բաբայանը կուսակցություն է ստեղծել և մասնակցելու է 2020թ.-ի Արցախում կայանալիք ԱԺ ընտրություններին և Հարությունյանն այդ քայլն ողջունում է և մեսիջ է հղում Բաբայանին, որ Բաբայանի կուսակցությունը զգալի դերակատարում է ունենալու ապագա խորհրդարանում:
Դա նշանակում է, որ Հարությունյան-Բաբայան մակարդակով առկա է որոշակի պայմանավորվածություն՝Բաբայանը չի լարելու հետընտրական իրավիճակն Արցախում՝ընդունելու է Հարությունյանի հաղթանակը նախագահական ընտրություններում, ինչի դիմաց Բաբայանի կուսակցությունը զգալի տեղեր է վերցնելու ընտրություններում:
Հարությունյանը, սակայն, ի դեմս Բաբայանի ունենալու է լուրջ ընդդիմություն՝լինի դա ԱԺ-ի պատերից ներս, թե արտախորհրդարանական ընդդիմության մակարդակում և այդպիսի կոնֆիգուրացիան ձեռնտու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Արցախում նախագահ է ընտրվելու Փաշինյանին իր լոյալությունը հայտնած գործիչը՝Արայիկ Հարությունյանը, իսկ Սամվել Բաբայանը լինելու է բալանսավորող ուժեղ գործոն:
«Այն բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը, համարելով պարտվողական և դավադիր, դավադիր ուժեր են»,-նշել է Հարությունյանը։
Այս հայտարարությամբ Հարությունյանը ռևերանս է անում Փաշինյանին և այդ կերպ ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանին, որ նա կապ չունի Արցախի և ՀՀ նախկին իշխանությունների հետ և պատրաստ է աշխատել Փաշինյանի հետ նոր քաղաքական իրավիճակում, որը ձևավորվել է թավշյա հեղափոխությունից հետո:
Այդ կերպ Հարությունյանը տարանջատվում է այն ուժերից, որոնք լոյալ են Սերժ Սարգսյանին և ՀՀ նախկին իշխանություններին՝մասնավորապես Արցախում այդպիսի գործիչ է ընկալվում Վիտալի Բալասանյանը, որը լարված հարաբերություններ ունի Փաշինյանի հետ:
Արցախում նախընտրական պայքարը դեռևս չի մտել թեժ փուլ, սակայն Սամվել Բաբայանի չմասնակցելը նախագահական ընտրություններին կրկնապատկում է Արայիկ Հարությունյանի հաղթելու շանսերը, ով ունի թե ֆինանսա-վարչական ռեսուրսներ Արցախում, թե ստացել է երևանյան իշխանությունների կանաչ լույսը՝հաղթելու դեպքում աշխատելու Փաշինյանի թիմի հետ:
Վիտալի Բալասանյանը սուր քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝դա նշանակում է, որ նրա հաղթելու պարագայում բարդ է պատկերացնել նրա և Փաշինյանի շփումներն ու Երևան-Ստեփանակերտ հարաբերությունների հետագա զարգացումը: Արցախում ընտրությունների ելքի վրա իհարկե վերջնական ազդեցությունը թողնելու են Արցախի բնակիչները, որոնք էլ կատարելու են իրենց ընտրությունը, սակայն ընտրողների հաշվի են առնելու Երևանի դիրքորոշումը և թե ինչպիսի դիրքորոշում կունենա Փաշինյանը: Փաշինյան-Բալասանյան լարված հարաբերություններն ազդելու են ընտրությունների ելքի և ընտրողների տրամադրությունների վրա:
Արայիկ Հարությունյանն ընտրություններում հաղթելու պարագայում ունենալու է ընդդիմադիր երկու լուրջ բևեռներ՝բևեռներից մեկը կլինի Սամբել Բաբայանը, իսկ մյուսը՝Վիտալի Բալասանյանը: Հարությունյանը ստիպված է լինելու հաշվի նստելու ռազմական էլիտայի՝Արցախի պատերազմի հերոսների հետ, որոնց թվում Բալասանյանը, Բաբայանը, Սամբել Կարապետյանը՝ Օգանովսկի և այլոք:
Իշխանությունների այդպիսի կոնֆիգուրացիան ստիպելու է Արցախի ընտրված նախագահին կյանքի կոչել բարեփոխումներ թե տնտեսական, սոցիալական, թե քաղաքական ոլորտներում: Արցախում՝ՀՀ-ի տեղի ունեցած համակարգային փոփոխությունների օրինակով կայանալու են լուրջ բարեփոխումներ, որոնք ամրապնդելու են թե դեմոկրատիայի մակարդակն Արցախում, թե առողջացնելու են ներքաղաքական մթնոլորտն Արցախում: