Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ, «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեի նախագահ Արամ Սարգսյանը կասկածում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պրոֆեսիոնալիզմին և անգամ լսողության հետ կապված խնդիրներ է նրա մոտ նկատում, քանի որ Մնացականյանը չի լսում, թե ինչ են հայտարարում մեր ախոյանները և ըստ այդմ էլ ինչ է պատասխանում հպարտ Հայաստանի հպարտ արտաքին գործերի նախարարը:
Իսկ նման զայրույթ Հայաստանի քաղաքական դաշտի հնաբնակի մոտ առաջացրել է Բաքվում թուրքալեզու պետությունների ղեկավարների խորհրդի նիստի զարգացումները: VERELQ-ի հետ զրույցում Արամ Սարգսյանը հայտարարեց, որ այդ նիստի ընթացքում Իլհամ Ալիևը, ի թիվս այլ ՀՀ հասցեին ուղղված «մեղադրանքների», հայտարարեց նաև, թե «Զանգեզուրի զիջումը պառակտել է թուրքական աշխարհը».
Սովորական քաղաքացին կարող է չըմբռնել ասվածի խորքային էությունը, բայց ոչ արտգործնախարարը: Ալիևը փաստացի տարածքային պահանջ է ներկայացնում Հայաստանին, իսկ մեր արտգործնախարարը լռում է և ես նույնիսկ կասկածում եմ՝ գուցե չի էլ լսո՞ւմ եք: Ինչո՞ւ նա չի դիմում գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին», - իր վրդովմունքը հայտնեց Դեմկուսի առաջնորդը:
Եվ սա այն դեպքում, շարունակեց մեր զրուցակիցը, որ Էրդողանը երդվում է, թե բոլոր հնարավոր միջոցներով նպաստելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, վերականգնելու համար, մինչդեռ մեր արտաքին գերատեսչության ղեկավարն ընդամենը հայտարարում է, թե դատապարտելի են նրա ասածները:
«Մի քանի օր անց Բաքվում մեկ այլ, ոչ պակաս կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: Չմիացման շարժման երկրների կազմակերության (120 անդամ-երկիր) 18-րդ գագաթաժողովի փաստաթղթում միահամուռ ընդունվում է կետ, որում Շարժման երկրները դատապարտում են ՀՀ զինված ուժերին Ադրբեջանի տարածքները օկուպացիայի ենթարկելու համար: Ավելին, մասնակից երկրներն անհրաժեշտ են համարում կոնֆլիկտի կարգավորումն իրականացնել Ադրբեջանի սուվերենության, տարածքային ամբողջականության և նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիմքի վրա: Չեմ կարծում, թե 120 երկրների կողմից արված հայտարարությունն արժանի էր ԱԳՆ ուշացած արձագանքի, առավել ևս, որ Հայաստանն, ունենալով դիտորդի կարգավիճակ, այդպես էլ չմասնակցեց այդ, իր կազմով երկրորդը ՄԱԿ-ից հետո, միջազգային շատ հեղինակավոր կազմակերպության համաժողովին: Իսկ ինչո՞ւ»,- հարցադրում է հնչեցնում Սարգսյանը և շարունակում.
«Իսկ ինչպես բացատրել այն փաստը, որ 120 երկրից և ոչ մեկը չհրաժարվեց ստորագրել հակահայկական ձևակերպումների տակ կամ հատուկ կարծիք չհայտնեց: Սա, կարծում եմ, հենց ԱԳՆ-ի թերացումն է, քանզի հարց է առաջանում՝ ինչո՞վ էին զբաղված մեր դեսպանությունները, արդյոք դժվար էր կանխատեսելը, որ Ադրբեջանը գնալու է ցանկացած ստորության, որպեսզի ևս մեկ հարված հասցնի Հայաստանին տեղեկատվական պատերազմում»:
Արամ Սարգսյանին վրդովեցրել է նաև այն փաստը, որ BBC-ին տված այդքան աղմուկ հանած հարցազրույցում, երբ լրագրողը հարցնում է՝ Ղարաբաղը ադրբեջանական հո՞ղ է, Հայաստանի արտգործնախարարը, մեղմ ասած, տարօրինակ պատասխան է տալիս, թե՝ «բայց այնտեղ հայեր են ապրում»: Սա մեր զրուցակցին թույլ է տալիս պնդել, որ Զոհրաբ Մնացականյանը չի տիրապետում կամ ձև է անում, որ չգիտի, որ ուրիշ երկրի տարածքում կարելի է կոմպակտ ապրել, բայց ինքնորոշվելու իրավունքն իրականացնել միայն նրա տարածքային ամբողջականությունը չխախտելով: Այսինքն, լավագույնս բարձր ինքնավարություն ստանալով.
«Որովհետև Հայաստանի իշխանություններն առ այսօր այդպես էլ չեն ճանաչել Արցախի օրինական անկախության փաստը Ադրբեջանից: Սրանից ավելի մեծ նվեր Ադրբեջանին կարելի՞ է պատկերացնել: Իհարկե՝ ոչ, քանի որ նախարարի ասածից հետևում է, որ մենք չենք պնդում, որ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին, որ «միացումը» Մայր հայրենիքին ազգային-ազատագրական պայքարի հիմքը չի եղել, որ մենք ոչ թե ազատագրել ենք մեր պատմական տարածքների մի մասը, այլ ընդամենը գրավել մեզ չպատկանող հողը: Եվ որ ամենավտանգավորն է՝ այս հախուռն, իրարամերժ, հապճեպ հռետորաբանությամբ հարցականի տակ է դրվում ամենագլխավորը՝ Արցախի Հանրապետության ձևավորման օրինականությունը»,- շեշտեց նա:
Արամ Սարգսյանը կրկնեց իր կողմից բազմիցս հնչեցրած առաջարկը՝ Արցախի հիմնահարցի կարգավորմանն ուղղված հայկական կողմի ամբողջական հայեցակարգը դիվանագիտական նոտայի տեսքով ներկայացնել ոչ միայն Մինսկի խմբի համանախագահներին, այլև ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, քանզի որևէ մեկը պարտավոր չէ հատուկ ուսումնասիրել հիմնահարցի պատմությունն ու իրավական էությունը: Ըստ այդմ, վստահ է նա, այսօր Չմիացման շարժման գագաթաժողովի Ամփոփիչ հայտարարությունը ևս մեկ հնարավորություն է ոչ թե ելույթով, հարցազրույցով կամ ԱԳՆ հայտարարությամբ, այլ պետության դիրքորոշումն արտահայտող փաստաթղթով դիմելու աշխարհի պետություններին: Բայց, ասաց Դեմկուսի առաջնորդը, ինչպես նախորդ իշխանություններին էին անտարբեր ու խուլ այս առաջարկին, այնպես էլ նոր Հայաստանի կառավարիչներն են «սկզբունքային» լռություն պահպանում:
Եվ այս ամենում, եզրափակեց Սարգսյանը, մեծագույն վտանգը նա է, որ երբ Ադրբեջանին հաջողվի իր սուտը որպես ճշմարտություն վաճառել միջազգային հանրությանը, ապա նա առանց վարանելու կանցնի ռազմական գործողությունների.
«Այդ պարագայում դատափետվողը և դատապարտվողը կլինի հայկական կողմը, որը, իբր թե, տարիներ շարունակ չի կատարել ՄԱԿ-ի չորս բանաձևերի պահանջները»:
Լիա Խոջոյան