24.11.2024
Զոհրաբ Մնացականյանն ու ՄԽ համանախագահները կարևորել են սահմանում լարվածության նվազեցումը
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք ստանալու և տալու հերթական դեպքեր

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու հերթական դեպքեր:


Մասնավորապես, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներից մեկի նախագահը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ս.թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բժշկական փորձաքննության դիմած շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներից, հիմքերի բացակայության պայմաններում, հաշմանդամության կարգ տրամադրելու կամ վերահաստատելու համար, պահանջել և ստացել է զգալի չափերի կաշառք-գումարներ:


Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և զուգակցված քննչական գործողությունների իրականացման արդյունքում կաշառք ստանալու պահին նշյալ պաշտոնատար անձը բռնվել և բերման է ենթարկվել։ Անհերքելի ապացույցների ճնշման ներքո բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը տվել է խոստովանական ցուցմունքներ, ինչը հաշվի առնելով, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում այլ հանցադեպերը և կոռուպցիոն շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ: