Հունվարի 1-ից կավելանա զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող աջակցության չափը
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պետության տրամադրած գումարից բացի հավելյալ գումար կտրամադրի նաեւ 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այս մասին ՀՀ կառավարութան այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա նշեց, որ, օրինակ, եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ կստանա նաև 240 հազար դրամ:
«Կախված կոչումներից ու ընտանիքի անդամներից՝ այդ թվերը փոփոխության են ենթարկվում»,- պարզաբանեց նախարար Տոնոյանը:
Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին որոշում է կայացվել, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաեւ 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Նախորդ տարվա դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո տեղի ունեցած դեպքերը:
Կառավարությունը նաև առաջարկում է զինվորական պատճառական կապով հաշմանդամության կարգ տրամադրել նաև ծառայությունից 5 տարի անց: