Թուրքերը գնդակոծում են Սիրիայի Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա. Հայրապետյան
Թուրքիան գնդակոծել է Սիրիայի հայաբնակ բնակավայրերը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
Թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Ղամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է։
Մեր հյուպատոսին խնդրեցի զորակցությունս փոխանցել հայ համայնքին, և, առհասարակ, աղոթում եմ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների և մեր բարեկամ սիրիացի ժողովրդի համար»,-ասվում է գրառման մեջ:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: