ՀՀ-ն դատապարտում է Սիրիա Թուրքիայի զորքերի ներխուժման գործողությունը: Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետեւ մեր գնահատմամբ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:
«Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: ՀՀ ԱԳՆ-ն իհարկե արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ ՀՀ-ն դատապարտում է ներխուժման այդ գործողությունը: Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետեւ մեր գնահատմամբ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու եւ Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին՝ այդ թվում ազգային փոքրամասնություններին եւ նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Այս առումով ես ուզում եմ ընդգծել. Ինչպես տեղյակ եք ՀՀ-ն Սիրիայում իրականացնում է մարդասիրական առաքելություն, հաջողությամբ է իրականացնում այդ առաքելությունը եւ մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը: Ես կարծում եմ, որ իմաստ ունի, որ այսօր կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում անենք եւ մտքեր փոխանակենք՝ Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների եւ մեր դիրքորոշումների վերաբերյալ»,- ասաց վարչապետը:
Թուրքիան գնդակոծել է նաեւ Սիրիայի հայաբնակ բնակավայրերը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Ղամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է»,- նշում է Մխիթար Հայրապետյանը: