Հայաստանը, Իրանը, Վրաստանը և ՌԴ-ն ուժեղացնում են էներգետիկ համագործկացությունը
Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգետիկ ոլորտում համագործակցությունը նոր թափ է ստանում: Դեկտեմբերի 23-ին կայացել է քառակողմ հանդիպում Հայաստանի, Իրանի, Վրաստանի էներգետիկայի նախարարների և «Ռուսական ցանցեր» ԲԲԸ գլխավոր տնօրենի մասնակցությամբ:
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են հուշագիր, որով կբարձրանա էներգիայի փոխհոսքերի կառավարման մակարդակը, էլեկտրաէնեգետիկ համակարգերի աշխատանքի արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը: Բացի այդ` նախապատրաստվում են տարածաշրջանային կարևորության մի շարք ներդրումային ծրագրեր:
«Չորս երկրների էներգետիկ համակարգերում համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրվեց: Այսօր այս չորս երկրների համատեղ աշխատանքի հնարավորություններ չկան, իսկ այս հուշագրով կստեղծվի այդպիսի հնարավորություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նա ներկայացրել է էներգետիկ համակարգի թողունակության և հզորությունների ավելացման նպատակով նախապատրաստվող ներդրումային ծրագրերը:
«Նախատեսվում է մինչև 2018 թվականը շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծը ու հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանը: Դրա արդյունքում կապահովվի Վրաստանի էներգետիկ համակարգի հետ զուգահեռ սինխրոն ռեժիմում աշխատանքի հնարավորություն»,-ասաց նախարարը:
Նա ավելացրել է, որ էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը առաջին փուլում կկազմի 350 Մվտ, մինչև 2021 թվականը հասնելով 700 Մվտ-ի:
Բացի այդ` կրկին 2018-ին նախատեսվում է շահագործման հանձնել Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երկշղթա գիծը: Այն թույլ կտա Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հասցնել մինչև 1200 Մվտ հզորության:
Երվանդ Զախարյանի խոսքով` վթարների, արտակարգ իրավիճակների դեպքում փոխադարձ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություն է ստեղծվում երկրների համար:
«Նախատեսվում է արագ ժամկետներում ձևավորել աշխատանքային խումբ, որ մինչև 2018 թվականը ստեղծի տեխնիկական ու նորմատիվ իրավական դաշտ նշյալ ծրագրերի աշխատանքները կազմակերպելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ հանդիպումն անցկացվի մյուս տարվա ապրիլին»,-ավելացրել է նախարարը:
Երվանդ Զախարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, նկատեց, որ նշյալ նախագծերը երկարաժամկետ հեռանկարի համար են, և ներկայում էլեկտրաէներգիայի սակագների հարց չի քննարկվում:
«Այսօր գների հարց օրակարգում չկա, նոր հզորությունների ստեղծման մասին է խոսքը: Ստաբիլ գներ մենք չենք կարող այսօր ֆիքսել»,-եզրափակեց նախարարը: